Սեպտեմբերի 21-ին Նիդերլանդներում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձը։ Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տոնական միջոցառումների մասին իր պաշտոնական հաղորդագրության մեջ ներկայացրել է օրվա ծրագիրը և Հաագայում կայացած ընդունելությունը։
Ըստ դեսպանության հաղորդագրության՝ Անկախության օրվա տոնակատարությունների մեկնարկը տրվել է Մաաստրիխտում։ Սուրբ Սերվատիոս տաճարի զանգերը ժամը 10։00-ին, 12։00-ին և 14։00-ին հնչեցրել են Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։
Նույն օրվա երեկոյան կայացել է Հայաստանի Հանրապետության 35-րդ տարեդարձին նվիրված ընդունելությունը։
Դեսպանության հաղորդմամբ՝ ընդունելությանը ներկա են եղել Նիդերլանդների գործադիր և օրենսդիր մարմինների, Հաագայում տեղակայված միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի, գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը և Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Յոաննեկե Բալֆորտը։
Երեկոյի ընթացքում հայ-նիդերլանդական «Սև կարապ» հնգյակի կատարմամբ հնչել են հայկական ազգային ստեղծագործություններ։ Տոնական ընդունելությունն ավարտվել է հայկական խոհանոցի ներկայացմամբ․ Հայաստանից հրավիրված խոհարարները հյուրերին մատուցել են հայկական ուտեստներ։
Այսպիսին է Անկախության 35-ամյակի միջոցառումը ներկայացնում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Իսկ համայնքային հարթակո՞ւմ
Միևնույն ժամանակ, այս պաշտոնական հաղորդագրության մեջ չի արտացոլվում մեկ այլ հանգամանք, որն արժանի է ուշադրության։
«Նիդերլանդական Օրագիրը» այս միջոցառմանը հրավիրված չի եղել։ Մեր ունեցած տեղեկություններով՝ հրավիրված չեն եղել նաև Նիդերլանդների հայ համայնքի որոշ այլ ներկայացուցիչներ և կառույցներ։
Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է ոչ միայն «Նիդերլանդական Օրագրի» և դեսպանության միջև վերջին տարիներին ձևավորված հաղորդակցության խնդիրների համատեքստում, այլև այն պատճառով, որ խոսքը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա՝ բոլոր հայերի համար նշանակալի ազգային տոնի մասին է։
Անկախության օրվա պաշտոնական ընդունելությունը, իհարկե, դիվանագիտական ձևաչափ ունեցող միջոցառում է, և դեսպանությունն ինքն է որոշում հրավիրյալների շրջանակը։ Սակայն ազգային տոների պարագայում բնական է նաև այն հարցը, թե որքան լայնորեն են ներկայացված տեղի հայկական համայնքի տարբեր հատվածները։
Այս հարցը միայն «Նիդերլանդական Օրագրի» խնդիրը չէ։
Բաց նամակ՝ դեսպանությանը
Անկախության 35-ամյակի առիթով դեսպանությանը բաց նամակով դիմել է Ամստերդամում գործող Made in Armenia/Nina’s Handwork Boutique-ի հիմնադիր-տնօրեն Նարինե Բարսեղյանը։
Նա նախ շնորհավորել է դեսպանությանը և դրականորեն անդրադարձել ինչպես Անկախության օրվա նշմանը, այնպես էլ Մաաստրիխտում պետական օրհներգի հնչեցմանը։ Միաժամանակ նամակում բարձրացրել է ազգային տոների կազմակերպման և համայնքի ավելի լայն մասնակցության հարցը։
Նամակի հիմնական միտքն այն է, որ Հայաստանի Անկախության օրը որևէ առանձին կազմակերպության կամ խմբի տոնը չէ, այլ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդներում ապրող հայության ազգային տոնը։
Նամակագիրը նաև առաջարկում է նման կարևոր տարեդարձերի ժամանակ հնարավորինս լայնորեն ներգրավել հայկական կազմակերպություններին, եկեղեցուն, մշակութային կենտրոններին, գործարարներին և համայնքի տարբեր ներկայացուցիչներին։
Նրա պատկերացմամբ՝ նման միջոցառումը կարող էր կազմակերպվել նաև Ամստերդամում՝ հայկական եկեղեցու միջավայրում, որպես տարբեր համայնքային շրջանակների համատեղ մասնակցության հնարավորություն։
Բաց նամակում, մասնավորապես, նշվում է, որ Անկախության 35-ամյակը կարող էր դառնալ ոչ միայն պետական տոնական միջոցառում, այլև Նիդերլանդների հայության միասնությունն ու ակտիվությունը ներկայացնելու առիթ։
Նամակի հեղինակը միաժամանակ շեշտում է, որ իր խոսքերը չի ցանկանում ընկալել որպես քննադատություն, այլ՝ որպես ցանկություն՝ տեսնելու ավելի միասնական, համագործակցող և իրար լսող հայկական համայնք Նիդերլանդներում։
Հարցը՝ հրավերից ավելի լայն
«Նիդերլանդական Օրագիրը» չի կարծում, որ մեկ միջոցառման հրավիրյալների ցանկը ինքնին կարող է ամբողջությամբ բնորոշել Նիդերլանդների հայ համայնքի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հարաբերությունները։
Սակայն այս տարվա Անկախության օրվա շուրջ ստեղծված իրավիճակը լրացուցիչ հարց է առաջացնում։
Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության ազգային տոների նշումը Նիդերլանդներում կարող է լինել այն հարթակը, որտեղ հնարավորինս լայնորեն ներկայացված կլինեն տեղի հայ համայնքի տարբեր կազմակերպությունները, կառույցներն ու անհատները՝ անկախ նրանց կազմակերպական պատկանելությունից։
Այս հարցը հատկապես արդիական է այն դեպքում, երբ վերջին տարիներին «Նիդերլանդական Օրագրի» և ՀՀ դեսպանության միջև լրագրողական հաղորդակցության շուրջ նույնպես առաջացել են խնդիրներ։
Մեր խմբագրությունը բազմիցս դիմել է դեսպանությանը համայնքին առնչվող հարցերով և, ինչպես արդեն հրապարակայնորեն ներկայացրել ենք, մի շարք հարցումների պատասխաններ չի ստացել։ Անկախության 35-ամյակի միջոցառմանը չհրավիրվելը այդ ավելի երկար պատմության հերթական դրվագն է «Նիդերլանդական Օրագրի» համար։
Սակայն այս հրապարակման նպատակը հերթական անգամ միայն մեր չհրավիրվելու փաստը արձանագրելը չէ։
Ավելի կարևոր է մեկ այլ հարց՝ ինչպիսի՞ համայնքային ներառականություն ենք ցանկանում տեսնել Հայաստանի ազգային տոների ժամանակ Նիդերլանդներում։
Հայաստանի անկախության օրը պետական և ազգային տոն է։ Նիդերլանդների հայ համայնքը տարբեր կազմակերպություններ, եկեղեցական կառույցներ, մշակութային ու հասարակական միություններ, գործարարներ, մասնագետներ, լրատվամիջոցներ և բազմաթիվ անհատներ ունի։ Նրանք կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր կազմակերպական պատկանելություն և տարբեր կարծիքներ, բայց Անկախության օրը նրանց համար ընդհանուր ազգային նշանակություն ունեցող օր է։
Հետևաբար, ազգային տոների կազմակերպման շուրջ ավելի լայն մասնակցության ակնկալիքը կարելի է դիտարկել ոչ թե որպես որևէ մեկի նկատմամբ արտոնյալ վերաբերմունքի պահանջ, այլ որպես համայնքային երկխոսության և փոխադարձ լսելիության հարց։
Ի վերջո, դեսպանության կազմակերպած միջոցառումը և համայնքի որոշ ներկայացուցիչների բարձրացրած հարցերը կարող են գոյակցել։ Մեկը չի չեղարկում մյուսը։
Իսկ եթե Անկախության 35-ամյակը նաև հնարավորություն է տալիս մտածելու ապագայի մասին, ապա գուցե հենց այս հարցն է արժանի շարունակական քննարկման՝ կարո՞ղ են Հայաստանի պետական ներկայացուցչությունը և Նիդերլանդների բազմաշերտ հայկական համայնքը ազգային տոների առիթով ավելի լայնորեն հանդիպել, լսել և ներկայացնել միմյանց։
«Նիդերլանդական Օրագիրը» այս հարցի պատասխանը թողնում է դեսպանությանը և, ավելի լայն իմաստով, Նիդերլանդների հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին։
ASV Gladzor-ը նշում է 20-ամյակը և պատրաստվում է իր 21-րդ ուսանողական խորհրդի ձևավորմանը
Նիդերլանդների հայ ուսանողական միությունը՝ ASV Gladzor-ը, այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը՝ 2006–2026 թվականներ։ Երկու տասնամյակ շարունակ այն միավորում է Նիդերլանդների տարբեր քաղաքներում սովորող հայ ուսանողներին՝ ստեղծելով ոչ միայն շփման և ընկերության, այլև հայկական մշակույթին, պատմությանն ու ինքնությանը հաղորդակից լինելու միջավայր։
«Գլաձոր» անվանումը պատահական չէ։ Միությունը կոչվել է 13–14-րդ դարերում Սյունիքում գործող Գլաձորի համալսարանի պատվին՝ այն կրթամշակութային կենտրոնի, որը հայտնի է որպես «Հայկական Աթենք»։ Միջնադարյան Գլաձորի գիտության, արվեստի և կրթության ավանդույթը ժամանակակից միությունը փորձում է շարունակել արդեն 21-րդ դարի ուսանողական միջավայրում։
ASV Gladzor-ը landelijke՝ համազգային բնույթի ուսանողական միություն է, որը միավորում է Ամստերդամում, Ռոտերդամում, Հաագայում, Ուտրեխտում, Բրեդայում և Նիդերլանդների այլ քաղաքներում սովորող հայ երիտասարդներին՝ անկախ նրանց համալսարանից կամ բնակության վայրից։
Երկու տասնամյակ՝ ուսանողական կյանքից մինչև համայնքային հարթակ
20 տարիների ընթացքում «Գլաձորի» գործունեությունը ներառել է մշակութային, կրթական, սոցիալական և համայնքային բազմաթիվ նախաձեռնություններ։ Կազմակերպվել են հայկական պարի դասեր, խոհարարական վարպետության դասեր, մշակութային օրեր, սիմպոզիումներ, էքսկուրսիաներ, դասախոսություններ և բանավեճեր։
Ուսանողական կյանքի անբաժանելի մասն են դարձել նաև գալա երեկոները, ամանորյա borrel-ները, ֆիլմերի երեկոները, բոուլինգը, ճամփորդություններն ու տարբեր սոցիալական միջոցառումները։ Դրանց միջոցով «Գլաձորը» տարիների ընթացքում դարձել է նոր ծանոթությունների, ընկերությունների և սերունդների միջև կապերի ձևավորման վայր։
Միության օրակարգում տեղ են գտել նաև հայկական պատմությանն ու մշակույթին նվիրված ծրագրերը, Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները, հատկապես ապրիլյան օրերին, ինչպես նաև համագործակցությունը Նիդերլանդների հայկական այլ կառույցների, այդ թվում՝ FAON-ի հետ։
Առանձին տեղ ունի «Arax» ամսագիրը, որը ստեղծվում և հրատարակվում է հենց ուսանողների կողմից։ Այն հնարավորություն է տալիս երիտասարդներին գրել հայկական մշակույթի, պատմության, կրոնի, սփյուռքի և սեփական փորձառությունների մասին՝ միաժամանակ դառնալով Գլաձորի ուսանողական կյանքի յուրօրինակ մշակութային արխիվ։
Յուրաքանչյուր տարի՝ նոր խորհուրդ
«Գլաձորի» առանձնահատկություններից մեկը նրա կառավարման շարունակական փոփոխությունն է։ Ամեն տարի ընտրվում է նոր խորհուրդ, որը միության գործունեությանը բերում է նոր գաղափարներ, նախաձեռնություններ և մոտեցումներ։
20-ամյակի տարում միությունը ղեկավարում է Bestuur 20-ը՝ նախագահ Դավիթ Դաշյանի գլխավորությամբ։ Խորհրդի կազմում են նաև քարտուղար Գավրիել Ակմակջյանը, արտաքին կոորդինատոր Միքայել Չաթսատրյանը, փոխնախագահ և գանձապահ Թոմաս Հայրանը, ինչպես նաև ներքին կոորդինատոր և PR-մենեջեր Արինա Արաքելյանը։
Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը «Գլաձորի» հետագա զարգացման մասին՝ սկսած ուսանողների միջև կապերի ամրապնդումից և նոր համագործակցություններից մինչև կրթական ծրագրերի զարգացում և Նիդերլանդներ ժամանող հայ ուսանողների համար աջակցության ավելի կազմակերպված համակարգի ստեղծում։
Այսպիսով, խորհրդի պարբերական փոփոխությունը ոչ թե ընդհատում է «Գլաձորի» պատմությունը, այլ ապահովում է դրա շարունակականությունը՝ փորձը փոխանցելով հաջորդ սերնդին։
20-ամյակը՝ չորրորդ «Լուստրումով»
20-ամյակի առիթով «Գլաձորը» նշում է նաև իր չորրորդ «Լուստրումը»՝ հինգ տարին մեկ կազմակերպվող հոբելյանական շրջանը։
Տոնական ծրագրերում նախատեսվում են հայկական գինիների համտես, հանդիսավոր ընթրիք և փառատոն Ուտրեխտում՝ հենց այն քաղաքում, որտեղ հիմնադրվել է «Գլաձորը» և որտեղ անցկացվել են նախորդ «Լուստրումների» միջոցառումները։ Ծրագրերի վերջնական ծավալը կախված է մասնակցության և գրանցումների հնարավորությունից։
Այս նախաձեռնությունները նախատեսված են ոչ միայն գործող ուսանողների, այլև «Գլաձորի» շրջանավարտների ու նախկին անդամների մասնակցությամբ՝ ընդգծելով միության 20-ամյա պատմության տարբեր սերունդների կապը։
«Գլաձորը»՝ Նիդերլանդների հայ երիտասարդության կյանքում
«Նիդերլանդական Օրագիրը» տարիների ընթացքում բազմիցս անդրադարձել է ASV Gladzor-ի գործունեությանը՝ լուսաբանելով խորհուրդների ընտրությունները, միջոցառումները և միության կյանքը։
Այս տարի «ՕՐԵՐ» եվրոպական ամսագիրն իր Նիդերլանդների հայ համայնքին նվիրված համարում նույնպես անդրադարձել է ASV Gladzor-ին՝ առանձնացնելով նրա երկու տասնամյակների գործունեությունը։
20-ամյակը, սակայն, «Գլաձորի» համար ոչ թե ամփոփիչ կետ է, այլ հերթական հանգրվան։ Շուտով կձևավորվի միության 21-րդ ուսանողական խորհուրդը, և նոր սերունդը կստանձնի կազմակերպության հետագա ընթացքը։
2006-ին սկսված նավարկությունը շարունակվում է։
Արդեն նոր խորհրդով, նոր ուսանողներով, նոր գաղափարներով, բայց նույն անվամբ ու նույն հիմքով՝ Գլաձոր։
Շնորհավոր 20-ամյակ, «Գլաձոր»։ Եվ բարի ճանապարհ՝ դեպի հաջորդ 20-ամյակը։
Ռուսական գազը տարբեր երկրներում սպառողին հասնում է էապես տարբեր գնով։ Հայաստանի համար Ռուսաստանի կողմից սահմանին մատակարարվող գազի պայմանագրային գինը կազմում է մոտ 165 դոլար՝ 1000 մ³-ի դիմաց, մինչդեռ Հայաստանի սովորական տնային սպառողի գործող սակագինը, դոլարային հաշվարկով, մոտ 396 դոլար/1000 մ³ է։ Թուրքիայի Ստամբուլում 2026 թվականի առաջին սպառման աստիճանի տնային սակագինը մոտավորապես 337 դոլար/1000 մ³ է, թեև ավելի բարձր սպառման դեպքում գինը զգալիորեն աճում է։ Նիդերլանդներում 2026 թվականի օգոստոսի տվյալներով միայն գազի մատակարարման գինը և էներգետիկ հարկը միասին կազմում են մոտ 1,38 եվրո/մ³, որը դոլարային հաշվարկով մոտ 1,585 դոլար/1000 մ³ է՝ առանց տարեկան ֆիքսված վճարների։ Այսպիսով, նույն 1000 մ³-ի դիմաց Նիդերլանդների տնային սպառողը վճարում է մոտ չորս անգամ ավելի, քան Հայաստանի սպառողը, իսկ Հայաստանի և Թուրքիայի տնային սակագները նույն կարգի են՝ որոշակի տարբերությամբ։ Միաժամանակ Հայաստանի 165 դոլար ներմուծման գինը և 396 դոլար սպառողական սակագինը նույն ցուցանիշները չեն, քանի որ վերջնական սակագնի մեջ ներառված են գազի փոխադրման, բաշխման, համակարգի շահագործման, հարկերի և այլ կարգավորվող բաղադրիչներ։
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Անկախության 35-ամյակին նվիրված համերգին և իր ֆեյսբուքյան էջում հրապարակել տոնական երեկոյի լուսանկարները։
Դեսպանը լուսանկարներին կից գրել է. «Երեկոն շատ տպավորիչ էր և հիշարժան։ Ուրախ էի կիսել այս տոնական մթնոլորտը հայ ժողովրդի հետ»։
Լուսանկարներում՝ Հանրապետության հրապարակը, տոնական Հայաստանը և Անկախության օրվա համերգային մթնոլորտը՝ դիվանագետի դիտակետից։
Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները տարիների ընթացքում զարգացել են քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական տարբեր ուղղություններով։ Անկախության 35-ամյակի միջոցառմանը Նիդերլանդների դեսպանի մասնակցությունը ևս մեկ դրվագ է երկու երկրների հարաբերությունների ներկա օրակարգում։
Նիդերլանդական Օրագիրը ներկայացնում է դեսպանի հրապարակած լուսանկարներից մի քանիսը։
Marieke Monroy-Winter, the Ambassador of the Netherlands to Armenia
Անկախությունը բացարձակ արժեք է, որի պահպանումն ու հզորացումը յուրաքանչյուր հայի գլխավոր առաքելությունն է
21.09.2026/Կալկաթա/Նիդ.օրագիր
Հայաստանում և սփյուռքում սեպտեմբերի 21-ը տոնախմբվում է ՀՀ պետական և ազգային ամենակարևոր տոներից մեկը` Հայաստանի անկախության տոնը։ Այն խորհրդանշում է հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացումն ու անկախ պետականության վերականգնումը։ Տոնը համախմբում է աշխարհասփյուռ հայությանը։
Այդ առիթով, տարվույս` սեպտեմբերի 21-ին , Կալկաթայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք Հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի կողմից։ Այնուհետև ճեմարանի բակում թմբկահարների ելույթից հետո հանդիսավոր կերպով բարձրացվեց ՀՀ եռագույնը, հնչեցին Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերն ու ճեմարանի հիմնը։ Միջոցառման գեղարվեստական մասը տեղի ունեցավ ճեմարանի հանդիսությունների դահլիճում։ Ամենուր թևածում էր հայկյան հայրենասիրական ոգին։
Տոնական օրը շարունակվեց Կալկաթայի հայտնի Վիկտորիա Մեմորիալում, որտեղ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել էր գեղեցիկ համերգային միջոցառում, որով էլ տրվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգային շրջագայության մեկնարկը։ Համերգաշարի գեղարվեստական ղեկավարն էր Մաեստրո Սիփան Օլահը( Մեծ Բրիտանիա)։ Միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և Արևմտյան Բենգալիայի բարեկեցության վարչության քարտուղար Սանջայ Բանսալը։ Երեկոյի ընթացքում հնչեցին հայ և արտասահմանցի հայտնի կոմպոզիտորների գործեր` Կոմիտաս, Ա. Խաչատրյան,Ալ. Սպենդիարյան, Ա. Բաբաջանյան, Շ. Ազնավուր, Էդ. Միրզոյան, Լ. Արդիտի, Էդ. Գրիգ, Ս. Բիքսիո։
Իրենց կատարողական արվեստով փայլեցին և հանդիսատեսին դյութեցին Աստղիկ Վարդանյանը( ջութակ), Կատարինե Հովսեփյանը ( դաշնամուր), Շողիկ Թորոսյանը( սոպրանո), Սիփան Օլահը( տենոր)։
Տոնական համերգին ներկա էին նաև Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի աշակերտությունն ու ուսուցչական ողջ կազմը` տեսուչ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանի անմիջական ղեկավարությամբ։
Համերգը հիշարժան էր ու արժանացավ հայ և հնդիկ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու չդադարող ծափողջյուններին։
2026 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակչությունը հանրաքվեով պատասխանեց Խորհրդային Միությունից անկախանալու հարցին։ Քվեարկողների շուրջ 99 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությանը, և սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։ Դրան նախորդել էր 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության մասին հռչակագիրը։
35 տարի անց այդ օրը կարելի է դիտարկել ոչ միայն որպես պետական տոն, այլև որպես առիթ՝ փաստերով վերադառնալու անցած ճանապարհին։
Ի՞նչ պետություն ստեղծվեց 1991-ից հետո։ Ինչպե՞ս փոխվեց Հայաստանի քաղաքական համակարգը։ Ի՞նչ գին ունեցավ անկախությունը պատերազմի և անվտանգության տարիներին։ Ինչպե՞ս փոխվեց երկրի բնակչությունն ու տնտեսությունը։ Եվ, վերջապես, ինչպիսի՞ տեղ ունի Հայաստանը 2026 թվականին միջազգային հարաբերություններում՝ մասնավորապես Եվրոպական միության և Նիդերլանդների հետ։
Անկախության առաջին տարիները․ պետականության ձևավորում և պատերազմ
1991 թվականի հանրաքվեից հետո Հայաստանը սկսեց ձևավորել անկախ պետական կառավարման ամբողջական համակարգ։ Հանրապետության առաջին նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։
Առաջին տարիներին պետության առջև միաժամանակ կանգնած էին պետական կառույցների ձևավորման, սեփական դրամավարկային համակարգի ստեղծման, արտաքին հարաբերությունների հաստատման, բանակի կազմակերպման, տնտեսական համակարգի վերափոխման և պատերազմի պայմաններում երկրի անվտանգության ապահովման խնդիրները։
1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Նույն թվականին Հայաստանի և Նիդերլանդների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։
Անկախության առաջին տարիները նաև տնտեսական ծանրագույն ճգնաժամի ժամանակաշրջան էին։ Խորհրդային տնտեսական համակարգի փլուզումը, արտադրական կապերի խզումը, էներգետիկ ճգնաժամը, շրջափակումը և պատերազմը խորացրին սոցիալ-տնտեսական դժվարությունները։
1994 թվականին Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված հրադադարից հետո սկսվեց երկարատև բանակցային գործընթաց։
1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունվեց Հայաստանի առաջին Սահմանադրությունը՝ ձևավորելով անկախ պետության իրավական և սահմանադրական հիմքերը։
1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նախագահի պաշտոնը ստանձնեց Ռոբերտ Քոչարյանը։
1998–2008․ տնտեսական աճ և քաղաքական ցնցումներ
Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ ընտրվեց 1998 թվականին և վերընտրվեց 2003-ին։
Այս տարիներին Հայաստանը մտավ տնտեսական աճի փուլ։ Շուկայական տնտեսության համակարգը աստիճանաբար ամրապնդվեց, աճեց մասնավոր հատվածը, զարգացավ բանկային համակարգը և ավելացավ արտասահմանյան ներդրումների ծավալը։
Սակայն տնտեսական աճին զուգահեռ պահպանվեցին աղքատության, արտագաղթի, սոցիալական անհավասարության և իշխանության կենտրոնացման վերաբերյալ հասարակական քննարկումները։
1999 թվականի հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովի ահաբեկչությունը դարձավ անկախ Հայաստանի պատմության ամենածանր քաղաքական հարվածներից մեկը․ սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և ևս վեց մարդ։
2001 թվականին Հայաստանը նշվեց որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակը։
2005 թվականին սահմանադրական փոփոխություններով փոխվեցին պետական կառավարման և իշխանությունների փոխհարաբերությունների մի շարք մեխանիզմներ։
2008–2018․ քաղաքական ճգնաժամից մինչև իշխանության փոփոխություն
2008 թվականին Հայաստանի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։
Նույն տարվա նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերը վերածվեցին բախումների։ Մարտի 1-ի իրադարձությունները և դրանց հետևանքները երկար ժամանակ մնացին Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից։
2008–2018 թվականներին երկիրը շարունակեց տնտեսական զարգացումը, սակայն հասարակության մեջ պահպանվեցին քաղաքական և սոցիալական լարվածության հարցերը։
2015 թվականի սահմանադրական հանրաքվեով Հայաստանը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի։
2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, սակայն նրա պաշտոնավարման դեմ սկսված զանգվածային բողոքի շարժումը վերաճեց լայն հասարակական շարժման։ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ 2018 թվականի մայիսին վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։
2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ խորհրդարանական մեծամասնություն։
Նոր իշխանության օրակարգում հայտնվեցին կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի բարեփոխումը, պետական կառավարման փոփոխությունը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը և տնտեսական նոր քաղաքականությունը։
2020․ պատերազմ և նոր անվտանգային իրականություն
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց Լեռնային Ղարաբաղի պատերազմի ամենածանր փուլերից մեկը։
44 օր տևած պատերազմը ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով Հայաստան տեղափոխվեց մոտ 90 հազար մարդ։
Պատերազմը փոխեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգը։ Երկիրը կանգնեց նոր անվտանգության, սոցիալական և քաղաքական խնդիրների առաջ։
2021 թվականին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ խորհրդարանական մեծամասնություն։
2022 և 2023 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ու տարածաշրջանային զարգացումները շարունակեցին մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից։
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո ավելի քան 100 հազար հայեր տեղափոխվեցին Հայաստան։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ավելի քան 100 հազար մարդ մեկ շաբաթվա ընթացքում հասավ Հայաստան։ 2024 թվականի տվյալներով՝ այդ հոսքի ընդհանուր թիվը գնահատվել է մոտ 115 հազար։
Սա անկախ Հայաստանի պատմության մեջ դարձավ ոչ միայն արտաքին և անվտանգային, այլև ժողովրդագրական ու սոցիալական խոշորագույն մարտահրավերներից մեկը։
Ժողովրդագրություն․ անկախության ամենածանր մարտահրավերներից մեկը
Անկախության 35 տարիների ամենանշանակալի փոփոխություններից մեկը Հայաստանի բնակչության թվաքանակի փոփոխությունն է։
Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը 1990 թվականին կազմել է շուրջ 3,55 միլիոն մարդ, մինչդեռ 2025 թվականի գնահատականը՝ մոտ 3,09 միլիոն։
Անկախության առաջին տասնամյակներում բնակչության նվազման հիմնական գործոններից են եղել արտագաղթը, բնական աճի նվազումը և ժողովրդագրական կառուցվածքի փոփոխությունները։
Միևնույն ժամանակ վերջին տարիներին բնակչության ցուցանիշը որոշ չափով աճել է։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը 2023 թվականին կազմել է մոտ 2,964 միլիոն, 2024-ին՝ 3,033 միլիոն, իսկ 2025-ին՝ մոտ 3,087 միլիոն։
Այս փոփոխությունը պետք է դիտարկել նաև 2022–2023 թվականների տարածաշրջանային միգրացիոն գործընթացների և Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բնակչության համատեքստում։
Հետևաբար բնակչության վերջին տարիների աճը ինքնին չի նշանակում, որ Հայաստանի երկարաժամկետ ժողովրդագրական խնդիրները լուծված են։
Տնտեսություն․ ճգնաժամից դեպի վերականգնում
1991 թվականի Հայաստանի տնտեսությունը և 2026 թվականի տնտեսությունը չափերով ու կառուցվածքով էապես տարբեր են։
Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 1990 թվականին կազմել է մոտ 2,26 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ 2025 թվականին՝ մոտ 29,24 միլիարդ դոլար։
Այս թվերի համեմատությունը պետք է զգուշությամբ կատարել․ դրանք ընթացիկ դոլարով հաշվարկված անվանական ցուցանիշներ են և չեն արտացոլում գնաճի, փոխարժեքների ու գնողունակության փոփոխությունները։
Տնտեսական պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի 2000-ականների բարձր աճի շրջանը։
2020 թվականին COVID-19 համավարակի և պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսությունը գրանցեց 7,2 տոկոս անկում։ Հաջորդ տարիներին տնտեսությունը վերականգնվեց․ 2021-ին աճը կազմեց 5,8 տոկոս, 2022-ին՝ 12,6 տոկոս, 2023-ին՝ 8,3 տոկոս, 2024-ին՝ 5,9 տոկոս, իսկ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2025-ին՝ 7,2 տոկոս։
Այսպիսով, 35 տարվա տնտեսական ճանապարհը ներառում է խոր ճգնաժամ, շուկայական տնտեսության ձևավորում, բարձր աճի փուլեր, համաշխարհային և ներքին ցնցումներ և նոր տնտեսական վերականգնում։
Հայաստան–Եվրոպական միություն․ հարաբերությունների ընդլայնվող շրջանակ
Հայաստանի եվրոպական ուղղությունը նույնպես անցել է մի քանի փուլ։
Եվրոպական համայնքների և Հայաստանի միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 1996 թվականին և ուժի մեջ մտել 1999 թվականի հուլիսի 1-ին։
2004 թվականին Հայաստանը ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում, իսկ 2009 թվականին՝ Արևելյան գործընկերության նախաձեռնության մեջ։
2017 թվականի նոյեմբերին ստորագրվեց Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն։ Այն ամբողջությամբ ուժի մեջ մտավ 2021 թվականի մարտի 1-ին։
Համաձայնագիրը ներառում է ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության, առևտրի, կրթության, շրջակա միջավայրի և այլ ոլորտներ։
2024 թվականին մեկնարկեց Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը, իսկ 2025 թվականի նոյեմբերին ԵՄ-ն Հայաստանին ներկայացրեց Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։
2025 թվականի մարտին Հայաստանի Ազգային ժողովը ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Եվրոպական խորհրդարանի փաստաթուղթը հստակ արձանագրում է, որ այդ օրենքը ինքնին ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ չէ, սակայն արտահայտում է Հայաստանի եվրոպական ուղղության վերաբերյալ քաղաքական որոշումը։
2025 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն և Հայաստանը ընդունեցին նոր ռազմավարական օրակարգ։
2026 թվականի մայիսի 4–5-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Քննարկվեցին տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, թվային, անվտանգային և այլ ուղղություններով համագործակցության խորացման հարցերը։
Այսպիսով, 35-րդ տարեդարձի պահին Հայաստան–ԵՄ հարաբերությունները 1990-ականների սկզբի նորաստեղծ դիվանագիտական կապերից հասել են բազմաոլորտ համագործակցության մակարդակի։
Հայաստան–Նիդերլանդներ․ հարաբերություններ անկախության առաջին տարիներից
Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։
Առաջին տասնամյակներին Նիդերլանդների դեսպանությունը Հայաստանի հարցերը ներկայացնում էր Թբիլիսիում գտնվող դեսպանության միջոցով։ 2020 թվականին Նիդերլանդները Երևանում բացեց իր դեսպանությունը և նշանակեց Հայաստանում առաջին մշտական դեսպանին։
Այսօր երկու երկրների համագործակցությունը ներառում է տնտեսական, քաղաքական, հասարակական և մշակութային ուղղություններ։
Նիդերլանդների դեսպանատունը Հայաստանում առանձնացնում է մասնավորապես գյուղատնտեսությունը, ՏՏ ոլորտը և զբոսաշրջությունը՝ որպես տնտեսական համագործակցության ուղղություններ։ Այն նաև աջակցում է քաղաքացիական հասարակության ծրագրերին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավական պետության և լավ կառավարման ոլորտներում։
2025 թվականի մարտին Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը Երևանում պաշտոնապես բացեց Նիդերլանդների նոր դեսպանության շենքը։
Հայաստան–Նիդերլանդներ հարաբերություններում առանձնահատուկ դեր ունի նաև Նիդերլանդների հայկական համայնքը։ Նիդերլանդների կառավարության պաշտոնական հրապարակման համաձայն՝ Ամստերդամի հայկական եկեղեցին հիմնադրվել է դեռևս 1713 թվականին։
2026․ նոր քաղաքական փուլ
2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի հերթական ընտրությունները։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական տվյալների համաձայն՝ քվեարկելու իրավունք ուներ 2,505,228 քաղաքացի, մասնակցությունը կազմել է 58,94 տոկոս։ Երեք քաղաքական ուժ հաղթահարեց խորհրդարան անցնելու շեմը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ խորհրդարանական մեծամասնություն։
Այսպիսով, 2026 թվականի սեպտեմբերին Հայաստանը մտել է նոր խորհրդարանական փուլ։
Եվրոպական միության պաշտոնական հաղորդագրություններում 2026 թվականի ընտրությունները դիտարկվում են նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում։
Հայաստանի քաղաքական ղեկավարները՝ 35 տարվա ընթացքում
Անկախ Հայաստանի քաղաքական պատմությունը կարելի է դիտարկել նաև նախագահների և կառավարման համակարգի փոփոխությունների միջոցով։
Լևոն Տեր-Պետրոսյան — 1991–1998 Հայաստանի առաջին նախագահը։ Նրա նախագահության տարիներին ձևավորվեցին անկախ պետականության հիմնական կառույցները։
Ռոբերտ Քոչարյան — 1998–2008 Երկրորդ նախագահը։ Նրա նախագահության տարիներին Հայաստանը անցավ տնտեսական բարձր աճի և պետական համակարգի զարգացման փուլերով։
Սերժ Սարգսյան — 2008–2018 Երրորդ նախագահը։ Նրա նախագահության ընթացքում Հայաստանը 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո անցավ խորհրդարանական կառավարման համակարգի։
Արմեն Սարգսյան — 2018–2022 Առաջին նախագահը, որն ընտրվեց արդեն խորհրդարանական համակարգի պայմաններում։
Վահագն Խաչատուրյան — 2022-ից Հայաստանի գործող նախագահը։
2018 թվականից հետո վարչապետի պաշտոնը դարձավ գործադիր իշխանության հիմնական կենտրոնը։
Նիկոլ Փաշինյան — վարչապետ 2018-ից 2018 թվականի իշխանափոխությունից հետո ղեկավարում է Հայաստանի կառավարությունը։ 2021 և 2026 թվականների խորհրդարանական ընտրություններից հետո նրա գլխավորած քաղաքական ուժը պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը։
35 տարին՝ առանցքային թվականներով
1991 — անկախության հանրաքվե։
1992 — ՄԱԿ-ին անդամակցություն և Նիդերլանդների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
1994 — հրադադար Ղարաբաղյան պատերազմի առաջին փուլից հետո։
1995 — Հայաստանի առաջին Սահմանադրություն։
1998 — իշխանության փոփոխություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո։
1999 — ԵՄ–Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելը։
2008 — նախագահական ընտրություններից հետո մարտյան բախումներ։
2009 — Հայաստանի ընդգրկումը ԵՄ Արևելյան գործընկերության մեջ։
2015 — սահմանադրական փոփոխություն և անցում խորհրդարանական կառավարման։
2018 — համաժողովրդական շարժում և իշխանության փոփոխություն։
2020 — պատերազմ և մոտ 90 հազար տեղահանված անձի տեղափոխում Հայաստան։
2021 — CEPA-ի ամբողջական ուժի մեջ մտնելը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
2023 — ավելի քան 100 հազար հայերի տեղափոխում Լեռնային Ղարաբաղից Հայաստան։
2025 — ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի օրենք և Հայաստան–ԵՄ նոր ռազմավարական օրակարգ։
2026 — Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողով և Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններ։
35 տարի անց
1991 թվականին անկախությունը Հայաստանի համար պետականություն ձեռք բերելու պատմական քայլ էր։ Հաջորդ 35 տարիները այդ պետականության ձևավորման և փոփոխությունների պատմությունն են՝ պատերազմներով ու անվտանգության խնդիրներով, տնտեսական ճգնաժամերով ու աճի փուլերով, ժողովրդագրական փոփոխություններով, իշխանությունների փոփոխությամբ և միջազգային հարաբերությունների ընդլայնմամբ։
2026 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է ոչ միայն անկախության տարեդարձը, այլև իր անկախ պետականության 35 տարվա պատմությունը։
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը՝ Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ
Ինչպես Սիրիուսի մասին մի զրույց դարձավ Թումանյանի վերջին բանաստեղծական էջերից մեկը
1922 թվականի ամառն էր։ Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի տուն է մտնում 14-ամյա մի տղա։ Նա դեռևս հայտնի գիտնական չէ։ Չունի գիտական կոչումներ, ակադեմիական տիտղոսներ և աշխարհահռչակ աստղագետի անուն։ Բայց ունի մի բան, որը երբեմն ավելի կարևոր է, քան բոլոր կոչումները՝ անսահման հետաքրքրություն տիեզերքի հանդեպ։ Այդ տղան Վիկտոր Համբարձումյանն էր։ Եվ այդ հանդիպման մասին տարիներ անց պատմելիս դժվար է չզարմանալ մի պարզ փաստի վրա. ապագա մեծ աստղագետը դեռ պատանի էր, իսկ դիմացը նստած էր արդեն հայ գրականության ամենամեծ անուններից մեկը՝ Հովհաննես Թումանյանը։ Նրանք խոսում են աստղերի մասին։ Մասնավորապես՝ Սիրիուսի։ Այդ ժամանակ Համբարձումյանը Թումանյանին պատմում է երկնքի այդ պայծառ աստղի մասին։ Գիտական տեղեկությունը հայտնվում է բանաստեղծի երևակայության մեջ ուվերածվում պոեզիայի։
Երբ գիտությունը մտնում է բանաստեղծի տուն
Այս պատմության ամենահետաքրքիր կողմն այն չէ միայն, որ 14-ամյա տղան կարողացել է հետաքրքրել Թումանյանին։ Ավելի կարևոր է՝ ինչ արեց Թումանյանը այդ գիտելիքի հետ։ Նա Սիրիուսը չդարձրեց պարզապես աստղագիտական բացատրության նյութ։ Նա այն դարձրեց մարդու և տիեզերքի երկխոսություն։ 1922 թվականին ծնվում է «Սիրիուսի հրաժեշտը»՝ Թումանյանի ստեղծագործական կյանքի վերջին շրջանի նշանավոր գործերից մեկը։ Թումանյանի թանգարանը ևս նշում է, որ «Սիրիուսի հրաժեշտը» նրա վերջին ստեղծագործական շրջանի՝ 1922 թվականի կեսերի աշխատանքներից է։ Բանաստեղծության մեջ Սիրիուսը այլևս պարզապես երկնային մարմին չէ։ Այն դառնում է ժամանակի խորհրդանիշ։ Մարդիկ գալիս են ու հեռանում։ Սերունդները ծնվում են ու անհետանում։ Իսկ աստղը շարունակում է իր ճանապարհը։ Եվ այստեղ է, որ պատանու գիտական հետաքրքրությունը հանդիպում է մեծ բանաստեղծի փիլիսոփայական մտածողությանը։
14-ամյա Համբարձումյանը՝ Թումանյանի տան շեմքին
Այս դրվագը հատկապես ուշագրավ է, եթե հիշենք, թե ով էր այդ պատանին դառնալու։
Վիկտոր Համբարձումյանը հետագայում դարձավ համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրներից մեկը և հայ գիտության ամենանշանավոր դեմքերից։
Բայց այս պատմության մեջ նրան հետաքրքիր է տեսնել ոչ թե որպես մեծ գիտնականի, այլ 14-ամյա Վիկտորի։
Տղայի, որը գիտեր մի բան, ինչով կարող էր հետաքրքրել Թումանյանին։
Գիտական գրականության մեջ այս դրվագը հենց այդպես էլ ներկայացվում է․ 1922 թվականի հունիսին 14-ամյա Վիկտոր Համբարձումյանը այցելել է Թումանյանին և պատմել Սիրիուսի մասին, իսկ այդ պատմությունը դարձել է «Սիրիուսի հրաժեշտը» ստեղծագործության նախապատմությունը։
Սա մի սովորական հանդիպում չէր։
Այնտեղ ոչ միայն երկու սերունդ էին հանդիպում։
Այնտեղ հանդիպեցին երկու աշխարհներ՝ գիտությունն ու արվեստը։
Թումանյանի վերջին տարիների տիեզերքը
Այս պատմությունն ավելի խոր իմաստ է ստանում, երբ այն դիտում ենք Թումանյանի կյանքի վերջին շրջանի համատեքստում։ Թումանյանի վերջին ստեղծագործական տարիներին տիեզերքը նրա համար պարզապես հեռավոր երկինք չէր։ Նրա պոեզիայում մարդը հաճախ հայտնվում է բնության, ժամանակի, մահվան և հավերժության հարաբերության մեջ։ Թումանյանի թանգարանի ուսումնասիրությունը նույնպես ընդգծում է, որ նրա վերջին շրջանի պոեզիայում ձևավորվում է մարդու և անսահման տիեզերքի կապի խոր ընկալում։ Եվ ահա՝ մի պատանի գիտնականի պատմած Սիրիուսը մտնում է այդ աշխարհ։ Բանաստեղծը նայում է աստղին, բայց իրականում խոսում է մարդու մասին։ Մարդու, որը գալիս է այս աշխարհ և մի օր հեռանում։ Մարդու, որի կյանքը կարող է թվալ երկար, բայց տիեզերքի ժամանակի չափանիշով ընդամենը մի ակնթարթ է։
«Մարդու քանի՞ սերունդ...»
Թումանյանի ստեղծագործության ամենահզոր հարցերից մեկը հենց այստեղ է ծնվում։ Ոչ թե՝ որքան հեռու է աստղը։ Ոչ թե՝ ինչ չափ ունի այն։ Ոչ թե՝ ինչ արագությամբ է շարժվում։ Այլ՝ ինչ է նշանակում մարդու կյանքը այդ անսահմանության մեջ։ Բանաստեղծության ավարտին Սիրիուսը դառնում է ժամանակի վկան, իսկ մարդը՝ անցողիկ ճամփորդ։ Այս պատճառով «Սիրիուսի հրաժեշտը» միայն աստղի մասին բանաստեղծություն չէ։ Այն մարդու մասին է։ Մեր բոլորի։ Եվ գուցե հենց այդ պատճառով էլ այն շարունակում է հնչել այսօր՝ ավելի քան մեկ դար անց։
Մի փոքրիկ հանդիպում, որը մնաց մեծ պատմության մեջ
1922 թվականի այդ հանդիպման ժամանակ ոչ ոք չէր կարող իմանալ, թե ինչ ճանապարհ է անցնելու այդ 14-ամյա տղան։ Թումանյանին էլ չէր տրված իմանալ, որ իր դիմաց նստած պատանին տարիներ անց դառնալու է համաշխարհային աստղաֆիզիկայի նշանավոր դեմքերից մեկը։ Բայց պատմությունը երբեմն հենց այդպես է ստեղծվում։ Մեծ իրադարձությունները միշտ չէ, որ սկսվում են մեծ դահլիճներում։ Երբեմն դրանք սկսվում են մի տան մեջ՝ մի պարզ զրույցից։ Մի մեծ բանաստեղծ լսում է մի պատանու։ Պատանին պատմում է մի աստղի մասին։ Եվ այդ խոսակցությունից ծնվում է բանաստեղծություն։ Գիտությունը տալիս է փաստը։ Բանաստեղծությունը՝ իմաստը։ Իսկ Սիրիուսը շարունակում է փայլել։ Թումանյանը վաղուց չկա։ Համբարձումյանը նույնպես հեռացել է այս աշխարհից։ Բայց երկուսի հանդիպման պատմությունը մնացել է։ Եվ ամեն անգամ, երբ մենք նայում ենք գիշերային երկնքին, այդ պատմությունը հիշեցնում է մի պարզ, բայց մեծ ճշմարտություն.մարդը կարճ է ապրում, բայց նրա հարցերը կարող են հասնել աստղերին։
«Նիդերլանդական օրագրի» արխիվից
Այս պատմությունն «Նիդերլանդական օրագիրը» առաջին անգամ ներկայացրել է 2025 թվականի հունիսի 20-ին՝ «ՄԻ ՏԵՍԱԵՐԻԶԻ ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» վերնագրով։ Նոր հրապարակմամբ մենք վերադառնում ենք այդ պատմությանը՝ այն դիտարկելով ավելի լայն՝ գրական, գիտական և փիլիսոփայական համատեքստում։ Հին նյութերը երբեմն պետք չէ պարզապես կրկնել։ Պետք է նորից կարդալ դրանք՝ ժամանակի անցնելուց հետո նոր իմաստներ տեսնելու համար։ Այս պատմությունը հենց այդպիսին է։
Հայաստանում սեպտեմբերի 15–17-ը անցկացվել է «Participate and Promote Democracy» միջազգային երիտասարդական ծրագրի հերթական փուլը, որի շրջանակում Հայաստանի և Նիդերլանդների երիտասարդները հնարավորություն են ունեցել միասին քննարկելու ժողովրդավարական մասնակցության, քաղաքացիական ներգրավվածության և հասարակության զարգացմանն առնչվող հարցեր։
Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունն իրականացվում է նիդերլանդական Bright Future Foundation-ի և հայաստանյան Promising Youth կազմակերպության համագործակցությամբ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և այլ գործընկերների ներգրավմամբ։ Bright Future-ը Նիդերլանդներում գործող երիտասարդական կազմակերպություն է, որը միջազգային ոչ ֆորմալ կրթական և երիտասարդական ծրագրերի միջոցով խթանում է երիտասարդների մասնակցությունն ու ներգրավվածությունը հասարակական կյանքում։
Ծրագրի հիմնական նպատակներից է երիտասարդների մասնակցության խթանումը ժողովրդավարական գործընթացներին, երկխոսության և հաղորդակցության հմտությունների զարգացումը, ինչպես նաև երիտասարդների ու քաղաքականություն մշակողների միջև բաց և կառուցողական երկխոսության հնարավորությունների ստեղծումը։
Ծրագրի հայաստանյան օրերից մեկը՝ սեպտեմբերի 16-ը, անցկացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Միջոցառմանը մասնակցել են ՀՊՏՀ ուսանողներ և աշխատակիցներ, Հայաստանի տարբեր բուհերից շուրջ 20 երիտասարդներ, ինչպես նաև Նիդերլանդներից ժամանած և տարբեր կազմակերպություններ ներկայացնող մասնակիցներ։
Միջազգային և միջբուհական ձևաչափով անցկացված հանդիպումը հնարավորություն է տվել մասնակիցներին ոչ միայն ծանոթանալ միմյանց, այլև փոխանակել փորձ ու տեսակետներ, քննարկել ժողովրդավարության, երիտասարդների մասնակցության և քաղաքացիական ներգրավվածության թեմաները։
Մասնակիցներին ողջունել են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը և Bright Future Foundation-ի տնօրեն Մարիամ Կիրկոսյանը։ Ողջույնի խոսքում կարևորվել է միջազգային համագործակցությունը, երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը և տարբեր բուհերի ու կազմակերպությունների միջև երկխոսության զարգացումը։
Օրվա ընթացքում անցկացվել են թիմային և ինտերակտիվ աշխատանքներ, որոնք նպատակ ունեին ձևավորելու միմյանց լսելու, սեփական տեսակետը ներկայացնելու և տարբեր կարծիքների շուրջ հարգալից երկխոսություն վարելու հմտություններ։ Մասնակիցները ներգրավվել են մի շարք գործնական վարժություններում, այդ թվում՝ «Two Truths & a Wish», «Brave Spaces Agreement», «The Fishbowl» և «My Issue in 60 Seconds»։
Վարժությունների միջոցով երիտասարդները հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց տեսակետները, լսելու այլ մասնակիցների կարծիքները, աշխատելու թիմերով և զարգացնելու քննարկումների ու հանրային խոսքի հմտությունները։
Ծրագրի կարևոր հատվածներից մեկը սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանատուն այցելությունն էր։ Հայկական և նիդերլանդական թիմերի երիտասարդներին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Ն.Գ. Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
Դեսպանատանը հանդիպումն անցել է բաց և ոչ պաշտոնական մթնոլորտում։ Երիտասարդները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, կիսվելու գաղափարներով և քննարկելու Հայաստանում և Նիդերլանդներում ժողովրդավարության ամրապնդմանը վերաբերող թեմաներ։ Դեսպան Մոնրոյ-Վինթերը անձամբ մասնակցել է հանդիպմանը՝ ժամանակ տրամադրելով երիտասարդներին և լսելով նրանց տեսակետները։ Bright Future Foundation-ն իր հրապարակման մեջ հանդիպումը ևս բնութագրել է որպես ջերմ և բաց երկխոսություն։
Ծրագրի հաջորդ կարևոր փուլը սեպտեմբերի 17-ին անցկացված «Youth–Policymaker Dialogue Initiative» միջոցառումն էր, որը տեղի է ունեցել «Լուսե» հիմնադրամում։ Այստեղ արդեն երկխոսության հարթակում հանդիպել են երիտասարդներն ու քաղաքականություն մշակողները՝ քննարկելու երիտասարդներին հետաքրքրող հարցեր և նրանց ձայնի ու փորձի հնարավոր ազդեցությունը ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացների վրա։
Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը և Bright Future Foundation-ի տնօրեն Մարիամ Կիրկոսյանը։ Պատվավոր հյուրն էր Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
ԵՄ պատվիրակությունը, անդրադառնալով նախաձեռնությանը, ընդգծել է Հայաստանի և Նիդերլանդների երիտասարդների միջև ժողովրդավարական մասնակցությանը, համագործակցությանը և երիտասարդների դերին նվիրված բաց ու ոչ պաշտոնական երկխոսության կարևորությունը։ ԵՄ-ի ներկայացմամբ՝ նախաձեռնության շրջանակը ներառում է նաև լրագրողների, մեդիայի ներկայացուցիչների, երիտասարդական կազմակերպությունների և քաղաքականություն մշակողների միջև կայուն կապերի ձևավորումը։
Այսպիսով, «Participate and Promote Democracy»-ի հայաստանյան փուլը դուրս է եկել միայն երիտասարդական փոխանակման դասական ձևաչափից։ Այն միավորել է բուհերի, երիտասարդական կազմակերպությունների, միջազգային կառույցների, դիվանագիտական ներկայացուցչության և քաղաքականություն մշակողների ներկայացուցիչների՝ ստեղծելով փորձի փոխանակման և անմիջական երկխոսության հնարավորություն։
Ծրագրի շրջանակում նման հանդիպումները միայն Հայաստանի և Նիդերլանդների երիտասարդների միջև կապերի ամրապնդման հնարավորություն չեն։ Դրանք նաև երիտասարդներին հնարավորություն են տալիս ծանոթանալու ժողովրդավարական մասնակցության տարբեր փորձերին, սեփական հարցերն ու տեսակետները ներկայացնելու և հասկանալու, թե ինչպես կարող է քաղաքացիական մասնակցությունը վերածվել հասարակական և քաղաքական գործընթացների մեջ ավելի ակտիվ ներգրավվածության։
Նախաձեռնության ավարտին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհվել է շնորհակալագիր՝ ծրագրի իրականացմանն ու միջոցառման կազմակերպմանը ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։
«Participate and Promote Democracy» ծրագրի շրջանակում Bright Future Foundation-ը և Promising Youth-ը Հայաստանում արդեն իրականացրել են նաև քաղաքականություն մշակողների հետ մի շարք քննարկումներ՝ անդրադառնալով խոսքի ազատությանը, մարդու իրավունքներին, միգրացիային, էներգետիկ անցմանը, քաղաքաշինությանը և երիտասարդներին առնչվող այլ հարցերի։ Bright Future-ի հրապարակումներից երևում է, որ ծրագրի նպատակներից մեկը երիտասարդների և որոշումներ կայացնողների միջև անմիջական շփման հնարավորությունների ընդլայնումն է։
Հայաստան–Նիդերլանդներ այս համագործակցության առանձնահատկությունն այն է, որ երիտասարդները հանդես են գալիս ոչ միայն որպես ծրագրի մասնակիցներ, այլև որպես քննարկումների և գաղափարների ձևավորման ակտիվ կողմ։ Իսկ նման երկխոսության հարթակների ստեղծումը հնարավորություն է տալիս երկու երկրների երիտասարդներին միմյանց փորձից սովորելու, նոր կապեր ստեղծելու և ժողովրդավարական գործընթացներում սեփական մասնակցության հնարավորությունները ավելի լավ պատկերացնելու։
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում՝ Նիդերլանդների ԵՄ ազգային գործակալության ֆինանսավորմամբ։
«Նիդերլանդական օրագիր»
Լուսանկարները տրամադրել է` Bright Future Foundation-ը
Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության կայքը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այցի առանցքային իրադարձությունը Վիսբադենում կայանալիք հանդիսավոր արարողությունն է, որի ընթացքում նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։
Հեսսեյան Խաղաղության մրցանակը հիմնադրվել է 1993 թվականին և առաջին անգամ հանձնվել 1994-ին։ Այն շնորհվում է այն անձանց, որոնք նշանակալի ներդրում են ունեցել խաղաղության, հակամարտությունների կարգավորման և ժողովուրդների փոխըմբռնման գործում։ Մրցանակի դրամական արժեքը 25 հազար եվրո է։
Մրցանակի ընտրության գործընթացում կարևոր դեր ունի Հեսսեյան Խաղաղության մրցանակի հանձնաժողովը, որի գիտական և փորձագիտական գործընկերն է Ֆրանկֆուրտում գործող Խաղաղության և հակամարտությունների հետազոտությունների ինստիտուտը՝ PRIF-ը։
PRIF-ը 2026 թվականի օգոստոսին պաշտոնապես հայտարարեց, որ 2025 թվականի մրցանակը շնորհվում է Նիկոլ Փաշինյանին։ Հանձնաժողովի հիմնավորման համաձայն՝ որոշման հիմքում նրա գործունեությունն է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Առանձնացվում է դիվանագիտական բանակցությունների և քաղաքական գործընթացների միջոցով հակամարտությունների կարգավորմանն ուղղված մոտեցումը։
Հեսսեյան մրցանակի դափնեկիրների թվում նախկինում եղել են տարբեր երկրների քաղաքական և հասարակական գործիչներ ու խաղաղության ակտիվիստներ։ Մրցանակը կապված է ոչ թե տվյալ անձի պաշտոնի, այլ խաղաղության և ժողովուրդների միջև փոխըմբռնման գործում նրա ներդրման հետ։
Նիկոլ Փաշինյանի դեպքում մրցանակի պաշտոնական հիմնավորումը վերաբերում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությանը։
Վիսբադենում մրցանակի հանձնման արարողությունից հետո վարչապետի այցը կշարունակվի Ֆրանկֆուրտում, որտեղ նա հանդիպում կունենա տեղի գործարարների հետ։ Քննարկվելու են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական համագործակցության, ներդրումների և գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։
Այսպիսով, Գերմանիա Նիկոլ Փաշինյանի այցի օրակարգում ընդգրկված են ինչպես տարածաշրջանային խաղաղության, այնպես էլ հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը։
Հիշո՞ւմ եք Տաթևիկ Ռևազյանին՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի այն երիտասարդ ղեկավարին, որի անունը մի քանի տարի շարունակ հաճախ էր հնչում Հայաստանի ավիացիային վերաբերող հրապարակումներում։
Այսօր նրա մասին կրկին առիթ կա խոսելու, սակայն այս անգամ՝ ոչ թե Հայաստանի, այլ Սկանդինավիայի ավիացիոն պատմության հետ կապված։
Scandinavian Airlines-ը՝ SAS-ը, նշում է իր 80-ամյակը։ Եվ այս հոբելյանը Տաթևիկ Ռևազյանի համար սովորական ավիացիոն տարեդարձ չէ։ SAS-ի հետ է կապված նրա մասնագիտական ճանապարհի ամենասկզբի մի կարևոր էջը։
Ռևազյանը օրերս հրապարակել է լուսանկար, որի առիթով պատմել է, թե ինչպես է ընդամենը 19 տարեկանում մուտք գործել ավիացիայի աշխարհ՝ աշխատանքի անցնելով SAS Ground Services-ում։
Այսօր, տարիների հեռավորությունից, այդ առաջին աշխատանքը կարող է սովորական թվալ, սակայն հենց այնտեղ՝ Կոպենհագենի օդանավակայանում, սկսվեց մի մասնագիտական ճանապարհ, որը հետագայում նրան պետք է հասցներ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կառավարման համակարգ։
19-ամյա Տաթևիկը զբաղվում էր ուղևորների գրանցմամբ և ինքնաթիռ նստեցմամբ, ուղեկցում էր առանց ուղեկցողի ճանապարհորդող անչափահասներին, ինչպես նաև թարգմանում ռուսերեն փաստաթղթեր։
Այսինքն՝ ավիացիան նրա համար սկսվեց ոչ թե ղեկավարի աշխատասենյակից, այլ օդանավակայանի ամենօրյա աշխատանքից՝ ուղևորների սպասարկումից և գործնական փորձից։
Տարիներ անց այդ փորձը շարունակվեց արդեն ավելի բարձր մակարդակում։ 2018 թվականին Տաթևիկ Ռևազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ՝ ղեկավարելով երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտի պետական կարգավորման համար պատասխանատու մարմինը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2022 թվականը։
Հետաքրքիր է նաև նրա մասնագիտական կրթության և ավիացիայի նկատմամբ վաղ ձևավորված հետաքրքրության կապը։ Կոպենհագենի օդանավակայանում աշխատելու տարիներին Ռևազյանը ուսումնասիրել է օդանավակայանների կառավարման և պետական կառույցների փոխհարաբերությունների թեմաները՝ իր ակադեմիական աշխատանքում համեմատության մեջ դիտարկելով Կոպենհագենի և Երևանի «Զվարթնոց» օդանավակայանները։
«Այս լուսանկարին նայելով և մտածելով, թե ուր է ինձ հասցրել ավիացիան, հատկապես երախտապարտ եմ այն վայրի համար, որտեղ ամեն ինչ սկսվեց»,– գրել է նա՝ շնորհավորելով SAS-ի նախկին և ներկա աշխատակիցներին։
SAS-ի պատմությունն այս տարի նշում է ութ տասնամյակ՝ Սկանդինավիան աշխարհի տարբեր ուղղությունների հետ կապելու ճանապարհին։ Իսկ Տաթևիկ Ռևազյանի անձնական պատմության մեջ այդ ճանապարհը սկսվել է 19 տարեկանում, Կոպենհագենի օդանավակայանում։