The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 1 December 2018

Հայ ընտանիքը ապաստանել է Հաագայի բողոքական եկեղեցու ձեղնահարկում

ՄԱՄՈՒԼ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ



Ավելի քան մեկ ամիս է՝ Հաագայի բողոքական եկեղեցին զօր ու գիշեր, շաբաթվա մեջ յոթ օր՝ առանց դադարի, կրոնական ծես ու պատարագ է մատուցում հանուն փախստական մի հայ ընտանիքի, որ կանգնած է արտաքսման վտանգի առաջ:
Հոկտեմբերի վերջից Թամրազյանները՝ երեք երեխաների հետ, եկեղեցու ձեղնահարկում են պատսպարվել՝ ստիպված, քանի որ դատարանը մերժել է երկրում օրինական բնակվելու նրանց դիմումը: Տեղական լրատվամիջոցները գրում են՝ ոստիկանները արտաքսման օրդերը ձեռքին հերթապահում են եկեղեցու դռների մոտ, սակայն, չեն կարող ներս մտնել, քանի որ օրենքն արգելում է նրանց աղոթքի ու պատարագի ժամանակ ձերբակալություններ անցկացնել:
Ընտանիքի ամենափոքրը՝15-ամյա Սեյրանը, մեկ ամիս է՝ դպրոց չի գնացել: - «Լինելով եկեղեցում մտածում եմ` ի՞նչ գործ ունեմ այստեղ: Բայց եթե այստեղից դուրս գանք, ամեն պահ կարող են մեզ ձերբակալել», - ասում է նա:
Իրավապահների մուտքը կանխելու և շուրջօրյա ծեսեր կազմակերպելու համար բողոքական փոքրիկ եկեղեցին դիմել է Նիդեռլանդների ու ողջ աշխարհի քրիստոնյաներին:
«Ի՞նչ կաներ Քրիստոսը մեր փոխարեն», «Ո՞վ, եթե ոչ մենք», - Թվիթերում գրել է եկեղեցու առաջնորդ- սպասավորը:
Արձագանքը չի ուշացել. Հաագա են եկել հոգևորականներ Նիդեռլանդների տարբեր շրջաններից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից: Ու հիմա նրանք կամավորության սկզբունքով՝ երկու ժամը մեկ փոխարինում են իրար եկեղեցու խորանի մոտ, որպեսզի պատարագը ոչ մի վայրկյան չդադարի:
«Շատ հուզիչ է տեսնել՝ ինչ են անում մեզ համար այս օտար մարդիկ: Ու շատ հաճելի է զգալ, թե որքան մարդ է մեզ աջակցում: Գիշերը նույնպես պատարագ ու ծես են մատուցում: Երբ չեմ կարողանում քնել, իջնում եմ ներքև, որ նրանց աղոթքները լսեմ», - ասում է Սերյրանը:
Ընտանիքի հայրը՝ Սասունը, կնոջ և երեք երեխաների հետ Նիդեռլանդներ է տեղափոխվել ինը տարի առաջ՝ մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո: Պնդում է, թե այդ տարիներին Հայաստանում հետապնդման է ենթարկվել իր քաղաքական հայացքների համար:
Նիդեռլանդների իշխանությունը փաստարկում է՝ Հայաստանը հիմա անվտանգ երկիր է, ընտանիքը կարող է անարգել հայրենիք վերադառնալ: 15-ամյա Սեյրանը, սակայն, որ ծննդավայր Հայաստանից գրեթե ոչինչ չի հիշում, խոստովանում է՝ Նիդեռլանդները դարձել է իր երկրորդ հայրենիքը, որից դուրս կյանքը դժվար է պատկերացնում:
«Նրանց ապաստան տալը ծանր, բայց՝ ճիշտ որոշում էր», - իր հերթին փաստում է բողոքական եկեղեցու առաջնորդ Թեո Հեթթեման: - «Մենք դժվարին երկընտրանքի առաջ էինք: Մի կողմից՝ հարգանքն է մարդու արժանապատվության ու քրիստոնեական արժեքների հանդեպ, մյուս կողմից՝ կառավարության որոշումը: Ի վերջո, սակայն, ես մեր եկեղեցու հետևորդներին ասացի՝ պետք է բացենք դռները այս ընտանիքի առջև, որպեսզի հավատարիմ մնանք եկեղեցու մարդասիրության ու հյուրընկալության սկզբունքին», - հավելում է նա:
Կառավարությանը դեմ գնալով մարդկանց օգնելու՝ եկեղեցու այդ որոշումը հարյուրավոր մարդկանց է համախմբել: Հաագայից հեռու և մոտիկ քաղաքներից տասնյակ ընտանիքներ ամեն օր օգնություն են ուղարկում Թամրազյաններին՝ սնունդ, խաղալիքներ, ծաղիկներ ու ջերմ խոսքեր: Տեղում էլ մոտակա թաղամասերի կամավորներն են եկեղեցու սպասավորների հետ շուրջօրյա հերթապահություն անցկացնում:
«Քրիստոնյա համայնքը բառացիորեն մի տուն է կառուցել Թամրազյանների համար, որ հիմնված է աղոթքի ու հավատքի վրա», - գրել է բողոքական հոգևորականներից մեկը Թվիթերում՝ հավելելով՝ օգնության նամակներ ու աջակցության զանգեր են ստանում ողջ աշխարհից:
Ամենասպասված զանգը, սակայն, դեռ չի հնչել:
«Մենք ամեն օր ակնկալում ենք լսել կառավարության արձագանքը», - խոստովանում է ընտանիքի ամենափոքրը: - «Թվում է, թե բանտում ենք նստած ու սպասում ենք դատավճռին, որպեսզի ազատություն ստանանք: Խոսքը եկեղեցու մասին չէ, այլ՝ պետության որոշման: Չգիտեմ՝ այս ակցիան որքան կշարունակվի, ու լավ է, որ չիմանամ: Պատկերացրեք՝ եթե ասեն, որ դեռ ամիսներ պիտի մնանք այստեղ: Այդպես օրերն ավելի դժվար կանցնեն»:
Ապագայի վերաբերյալ կանխատեսումներ չի անում նաև բողոքական եկեղեցու առաջնորդը. այստեղ դեռ չեն որոշել անգամ՝ ինչպես են դիմավորելու Սուրբ Ծնունդը:
«Քրիստոնյաների ու մեր եկեղեցու համար այդ տոնը կարևորագույն նշանակություն ունի: Փրկիչը ծնվեց սովորական ախոռում, և նրան դրեցին խոտով լի մսուրի մեջ, քանի որ նա այլ տեղ չէր կարող գնալ: Սա մեր ժամանակներին բնորոշ ու իրական՝ փախստականների մասին պատմություն է, և այս համեմատությունը հրաշալիորեն ստիպում է մեզ մտածել՝ ինչ պիտի մենք անենք նման դեպքերում: Մենք՝ որպես եկեղեցի, որոշեցինք փախստականներին պատսպարել», - ասում է Թեո Հեթթեման:
Վերջին տարիներին՝ հատկապես աջ ծայրահեղականների իշխանության գալուց հետո, Նիդեռլանդների կառավարությունը հաճախ է քննադատության թիրախում հայտնվում փախստականների հանդեպ իր կոշտ քաղաքականության համար:
Ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել հայազգի Լիլիի ու Հովիկի պատմությունը, որոնց դեպքում ևս դատարանը արտաքսման որոշում էր կայացրել: Լրատվամիջոցների ու իրավապաշտպանների շարունակական քննադատությունից հետո, սակայն, պաշտոնյաները ստիպված էին վերանայել վտարման որոշումն ու օրինական բնակության իրավունք տալ ոչ միայն երեխաներին, այլև՝ նրանց մորը:

No comments:

Post a Comment