The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday 21 December 2018

Ճի՞շտ է լուծարել սփյուռքի նախարարությունը


Նիդերլանդահայերը կողմ են կառույցի պահպանմանը և նորացմանը




Հայաստանյան մամուլից տեղեկանում ենք, որ կառավարության համակարգում առաջիկայում տեղի են ունենալու  լուրջ փոփոխություններ` 17 նախարարություններից մնալու է 12-ը։  Խոսքը նաև սփյուռքի նախարարության լուծարմանն է վերաբերվում, որն ստեղծվել է 2008թ. հոկտեմբերի 1-ից և փաստացի գործում է  տասը տարի։  Սա շատ բարդ ու ոչ խրթին հարց է:  Նախարարությունը լավ թե  վատ  աշխատանք է կատարել, դրվել է հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հիմքերը, լավ տեղեկատվական ու աշխատանքները համակարգելու բազա է ստեղծվել, արտասահմանյան բազմաթիվ հայկական կառույցներ ինտեգրվել ու նախարարության  միջոցով կապվել են ինչպես մեկը մյուսի, այնպես էլ մայր հայրենիքի  հետ: Հիմա եկել է այդ կապերն ավելի խորացնելու ու նորովի գործելու ժամանակը,  ուստի  վաղաժամկետ է այս նախարարության լուծարումը: Հարկ չկա այս դաշտը  վերափորձարկելը` փնտրտուքների ու վերաձևությունների մեջ մտնելը: Չասենք` թե քանի միլիոն  հայություն  կա դրսում և ով, եթե ոչ հավաքական մի գերատեսչություն  պետք է ներկայացնի uպասարկի նրանց:
Այս առնչությամբ ահա թե ինչպիսի կարծիքներ հայտնեցին նիդերլանդահայ համայնքի որոշ գործիչներ.


ՍՎԵՏԼԱՆԱ ԱՆԴՐԵՍՅԱՆ.  Հայաստանի Առևտրի և Արդյունաբերական պալատի գործարար կանանց միության ներկայացուցիչ, Հոլլանդ-Արմենիա բարեգործական միության հիմնադիր նախագահ, թարգմանչուհի, Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն.
«Հասկանում ենք, որ երկրում  այնքան շատ կարիքներ կան, որ նոր կառավարությունը ստիպված է գնալու կադրային կրճատումների: Վատ չէր լինի, որ  նախարարությունը պահպաներ իր անունն ու գոյությունը, բայց թեկուզ  փոքրաթիվ թիմով  հասներ  արմատական փոփոխությունների, գործեր կենսունակ ու նպատակասլաց:

ՎԱՀԱՆ ԱՎԱԳՅԱՆ. Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ:
«Չեմ կարծում, որ  պետք է փակել. ուղղակի արժե ձևաչափային փոփոխություններ կատարել` վերափոխել այլ կառույցի/ծառայության, որի առջև  հստակ կենտրոնացված ու նպատակասլաց խնդիրներ ու պահանջներ դրվեն կատարելու: Գործող ֆորմատում գերակշիռ է  անորոշի ու ձևականի բախկացուցիչը` նախարարությունը դարձնելով ավանդական հրչակագրերի պարբերական հրապարակման  մարմին,  առանց որևէ լուրջ նվաճումների: Մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական փոփոխություններից հետո համարում եմ, որ Հայաստանի հասարակական կյանքի մեջ այդպիսի կառույցը պիտի առաջին հերթին կենտրոնանա սփյուռքի ներկայացուցիչերի, առավելապե’ս երիտասարդության ակտիվ ներգրավման վրա, որ  «մեկ երկիր` մեկ ազգ» հասկացությունը դառնա համահայկական մի հայեցակարգ:

ՄԱՐՈ ԿԱՐՅԱՆ. Դեն Բոս քաղաքի Կոմիտաս հայ համայնքի ղեկավար.
«Կողմ եմ նախարարության պահպանմանը և արմատական բարեփոխումներին: Կուզեի յուրաքանչյուր հայ համայնք տեղում իր ներկայացուցիչն ունենար ու հաշվետու լիներ կառույցին»:

ԼԵՎՈՆ ՍԱՐԳԻՍ.  Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու  ծխական խորհրդի և «Անի» Հայ Համայնքի  ատենապետ.
«Սփյուռքի նախարարությունը լուծարելը ծայրահեղ քայլ է, այլ բան է նախարարության կառուցվացքը վերազինելը և նրան համայնքների թիկունքում կանգնած տեսնելը: Սա լուրջ  կառույց է, որ միշտ բարոյական ու նյութական առումներով աջակից է եղել սփյուռքին ու հայրենիքին: Ընդհակառակը` լուծման կարոտ շատ հարցեր կան, որ պետք է համատեղ մշակվեին, առաջ քաշվեին  ու օրակարգային դառնային»:


ՍՎԵՏԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «Միացյալ հայերը հոլանդիայում» միության նախագահ, Նիդերլանդների կիրակնօրյա դպրոցների հարթակի հիմնադիր, Նայմեխենի ՎԱՆ հայկական դպրոցի տնօրեն.
«Համամիտ լինելով նոր կառավարության բարեփոխումների ծրագրերին, այնուհանդերձ կուզեի, որ սփյուռքի նախարարությունը պահպանվեր: Հրաշալի հուշեր կան: Մի քանի նախարարություններ ունեն սփյուռքին վերաբերվող բաժիններ, կարելի է դրանք միացնել ու արդիականացնել սփյուռքի նախարարության աշխատանքը: Հակառակ պարագայում, մի քանի նախարարությունների հետ դժվար  կլինի կենտրոնացնել ու համատեղել ջանքերը»:

ՄԱԹՈ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի և Հաագայի ԱԲՈՎՅԱՆ մշակութային միության նախագահ.
«Իմ կարծիքով, նախարարությունների կազմը և ձևաչափը որոշում է տվյալ երկրի կառավարությունը, ելնելով կառավարության կազմի արդյունավետությունից։ Նիդերլանդներում ամեն մի կառավարություն կատարում է նախարարությունների նոր վերակազմավորում։ Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, հապա դա կարող է լինել ԱԳՆ-ի կազմում որպես գերատեսչություն կամ մի այլ ստատուսով։ Վերջիվերջո սփյուռքի հետ կապը պահպանվում է ՀՀ դեսպանությունների միջոցով և ՀՀ դեսպանները անմիջական կապի մեջ են տվյալ երկների հայկական կառույցների և հայերի հետ։ Սփյուռքի նախարարությունը համատեղելով ԱԳՆ-ի կազմում չի խանգարելու համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ և կրճատելու է կառավարության ծախսերը, ինչը ներկա իշխանությունների առաջնային նպատակներից է»։


Կարծիքներից ակնառու է, որ սփյուռքին կենտրոնական կառույցն անհրաժեշտ է:  Թե ինչ ձևաչափով այն կգործի` դա  կառավարության որոշելիքն է:
Նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, երբ չէր խրախուսվում արտասահմանի հետ ունեցած ներանձնային  ու պետական կապերը` Խորհրդային Հայաստանը, կառավարությանը կից ունեցել է սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե: ՈՒնեցել ենք արտասահմանի հայությանն սպասարկող ռադիոհաղորդումներ, գործել է  «Հայրենիքի ձայն» թերթը: Ինֆորմացիոն այս լրատվամիջոցները  սփյուռքահայ ընթերցողին հաղորդակից են դարձրել Հայաստանի տնտեսական և մշակութային նվաճումներին, լուսաբանել են  պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

Հիմա ավելի, քան արդիական ու ստրատեգիական նշանակություն ունի ուժեղ սփյուռքի կենտրոնացված գերատեսչություն ունենալը:  Սա ավելի շատ  պետք է լինի գաղափարական, քարոզչական կառույց, նպաստի հայապահպանության  հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը, հայկական դպրոցների օժանդակմանը: Այժմ այլ մարտահրավերներ են նետված, սփյուռքն ավելի է ստվարացել, մեծացել է նրանց համախմբման խնդիրը, Հայոց Ցեղասպանության ճանաչման, թուրքական ժխտողականության ու ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ պայքարում պետք է հանդես բերենք կենտրոնացված մոտեցում  ու դիրքորոշում,  բռունցքվենք ու գործենք միասնական  ճակատով:

Իհարկե, մենք վստահում ենք կառավարության բարեփոխումներին և վերջնական որոշումը նրանցն է, այնուհանդերձ սա լուրջ, շատ լուրջ հարց է, որ  պետք է դրվի կշեռքի նժարին:

«Նիդերլանդական օրագիր»

No comments:

Post a Comment