The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 17 June 2023

ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅ ՄԱՅՐԵՐ ՍԳՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՆՎԱԾ ԻՐԵՆՑ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԱՀԸ



Այս հոդվածը հրապարակվել է «Պրովիդենս» (providence)անունը կրող Քրիստոնեության և ամերիկյան արտաքին քաղաքականության ամսագիրը Հունիսի 16-ին (Հրատարակիչ՝ Կրոնի և ժողովրդավարության ինստիտուտ ): Հեղինակն է Իսրայելում բնակվող թուրք լրագրող Ուզայ Բուլութը: «Նիդերլանդական օրագրի» համար թարգմանել է Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆԸ


Վերջին 3 տարիներին Հարավային Կովկասում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայերը ագրեսիվ պատերազմի են ենթարկվել Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի կողմից։ Ադրբեջանի պետական ​​պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ այս պատերազմի նպատակը Արցախում հայկական ներկայության վերացումն է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օրինակ, բազմիցս հայտարարել է, որ Արցախում հայերը «երկու տարբերակ ունեն՝ կամ կապրեն ադրբեջանական իշխանության տակ, կամ պետք է հեռանան»։Պատերազմը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և տևել 44 օր։ Այն ներառում էր քաղաքների և գյուղերի համատարած ռմբակոծում, խաղաղ բնակչության թիրախավորում, Սիրիայից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրում, ինչպես նաև ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համակարգված իրականացում: Ադրբեջանը պատերազմի ժամանակ օգտագործել է միջազգայնորեն արգելված զենքեր, ռմբակոծել հիվանդանոցները, մանկապարտեզներն ու տները։Այս ագրեսիան հանգեցրել է հազարավոր հայերի մահվան, Արցախի տարածքի զգալի հատվածների բռնի գրավման, տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների բռնի տեղահանման, ինչպես նաև անորոշ թվով հայ ռազմագերիների շարունակվող կալանավորման ու խոշտանգման:
Ադրբեջանում հայ ռազմագերիների ներկայիս պաշտոնական մոտավոր թիվը 35-ն է, սակայն այդ թիվը շարունակում է աճել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը մայիսի 12-ին մամուլի ասուլիսում ասաց, որ ներկայումս 80 գերի կա Ադրբեջանի ձեռքում։
Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը նախատեսում էր կասեցնել պատերազմը, Ադրբեջանը երբեք չի դադարեցրել իր ագրեսիան։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակել են անհիմն հարձակումները Հայաստանի տարածքի վրա, այդ թվում՝ կրակ բացելով Տեղ համայնքում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինվորների վրա 2023 թվականի ապրիլի 11-ին, թշնամական գործողություն, որի հետևանքով զոհվել է չորս հայ զինվոր, վեցը՝ վիրավորվել։ Նմանապես, 2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական զինուժը հարձակվել է Արցախի ոստիկանական մեքենայի վրա՝ սպանելով երեք ոստիկանի։
Նշենք հատկապես, որ 2023 թվականի մայիսի 29-ին ադրբեջանական զինուժի կողմից անդրսահմանային ներխուժման արդյունքում գերի են ընկել երկու հայ զինվոր։ Զինվորներին՝ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին դարանակալել և առևանգել են այն բանից հետո, երբ նրանք ջուր և սնունդ են հասցրել Ադրբեջանի հետ սահմանը պահպանող հայկական բանակի ստորաբաժանումներին։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի պատերազմից սկզբից առ այսօր Ադրբեջանի կողմից սպանվել է շուրջ 5000 հայ զինվոր և հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանական ագրեսիայի պատճառով իրենց երեխաներին կորցրած հայ մայրերի վիշտն ու պայքարը դիտելու համար Արգենտինայում բնակվող իրավապաշտպան Մարիա Լուսիանա Մինասյանն այս տարի երկու անգամ՝ մարտին և մայիսին, այցելեց Հայաստանի մայրաքաղաք Երևան:
Այդ շրջագայությունների ընթացքում նա եղել է ԲՈւՀ-երում, պետական ​​կառույցներում, ինչպես նաև Եռաբլուր զինվորական գերեզմանատանը, որտեղ ամփոփված են հայրենիքի պաշտպանության համար զոհված հայ զինծառայողները։ Մինասյանն այցելել է նաև Հաքարի կամրջի վրա գտնվող Լաչինի անցակետը, որը վերջերս գործարկվել է Ադրբեջանի կողմից, ինչպես նաև հայկական մարտական ​​դիրքեր։
«Դա փաստահավաք առաքելություն էր, որն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալու Ադրբեջանի կողմից իրականացված տարածքային փոփոխություններին»,-հոդվածի հեղինակին տված հարցազրույցում ասել է Մինասյանը։
«Ես շատ էի անհանգստանում, որ մեր զինվորները գտնվում են ադրբեջանական մարտական ​​դիրքերից ընդամենը 400 մետր հեռավորության վրա։ 2020 թվականի Արցախյան պատերազմից ի վեր իմ՝ որպես իրավաբանի աշխատանքի շնորհիվ ես գիտեմ, թե ինչ վտանգներ են սպառնում այդ զինվորներին։ Ես չափազանց տխուր էի բարբարոս թշնամուն նրանց այդքան մոտ թողնելու համար: Ես գիտեմ, որ մեր ցանկացած զինվոր, ով գերևարվում է ադրբեջանական ուժերի կողմից, ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների։ Ես հրաժեշտ տվեցի նրանց ու մինչ մեքենա կնստեի, արդեն արցունքների մեջ էի, սրտիս մեջ խոր ցավ կար»։
Լուսիանան ասում է, որ Ադրբեջանի կողմից սպանված հայ զինվորների թիվը հստակ չէ:
«Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրություններում արցախյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների թիվը գերազանցում է 2900-ը. բայց մենք սովորաբար խոսում ենք 5000 զոհի մասին»։
Ցավոք, պատերազմի ավարտից հետո այս թիվն ավելացել է։ 2022 թվականի սեպտեմբերին, օրինակ, Ադրբեջանը հերթական չհիմնավորված հարձակումն իրականացրեց ինքնիշխան Հայաստանի տարածքի վրա՝ օգտագործելով մարտական ​​անօդաչու թռչող սարքեր, հրետանի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչի հետևանքով զոհվեցին տասնյակ զինվորներ:
«Մենք պետք է նկատի ունենանք նաև 2022 թվականի սեպտեմբերյան Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ագրեսիայի շուրջ 95 զոհերին։ Պետք է հաշվի առնենք նաև նույնականացման ընթացակարգերը, որոնք դեռևս մշակվում են ԴՆԹ-ի հիման վրա: Շատ դեպքերում մենք միայն ոսկոր ունենք՝ որպես հայ մարտիկի մնացորդ, և պետք է հետաքննություն կատարվի զոհին հայտնաբերելու և նույնականացնելու համար։
«Եռաբլուր գերեզմանատանը շատ մայրերի հետ եմ խոսել։ Նրանք շատ բարի էին և նաև չափազանց թևաթափ: Գերեզմանատունը բոլորի տունն է, ով պատերազմում որդի է կորցրել։ Զրուցեցի նաև մահացած մարտիկի եղբոր հետ։ Նա ամեն օր և ամեն գիշեր այցելում է եղբոր գերեզմանին։ Նա տաքսու վարորդ է, մեքենան վարելիս, երբ սիրտը նրան ուղղորդում է դեպի եղբոր մոտ, կանգ է առնում և օրվա մնացած մասն անցկացնում Եռաբլուրում։ Ես նրան հրավիրեցի ճաշի, քանի որ նա այնքան բարի էր, որ առաջարկեց ինձ հետ բերել քաղաք։ Նա անչափ տխուր էր ճաշի ժամանակ, բայց նաև զարմացել էր, որ իրենց հետ պատահածը իմ ուշադրությանն էր արժանացել։
«Երբ Եռաբլուրում էի, հասկացա, որ ուր որ է զինվորական թաղման արարողություն է լինելու։ Հուղարկավորության արարողությունը էր լինելու մի զինվորի, ում ճանաչել են միայն ոսկորի կտորով։ Այսպիսով, զինվորի մոր համար դա վիճելի դեպք էր, և տեղեկություն ստանալու համար որոշ ժամանակ էր պահանջվել:
«Ինչ-որ իմաստով այն ընտանիքների ցավն ու ողբը, որոնք պատերազմի ժամանակ իրենց սիրելիին կորցրին, նոր է սկսվել. ծնողներին պետք է լսել. նրանք իրենց ամենաթանկ գանձը՝ իրենց որդիներին են նվիրել հայոց հայրենիքին։ Իսկ այժմ նրանք միայնակ, մեկուսացած կյանքով են ապրում. նրանցից շատերը չեն աշխատում (նրանք դրա հնարավորությունը չունեն): Եռաբլուրում ականատես եղա նաև զոհված որդիների ծննդյան տոնակատարությունների։ Տեսա մարդկանց՝ զոհված զինվորի նկարով շապիկներով, գերեզմանի մոտ, փուչիկներով և գեղեցիկ տորթով։ Այս տեսարանը իսկապես տխուր է, քաղցր հիշողությամբ ու սիրով լի: Դա ձեզ ստիպում է զգալ նրանց սերը, և նաև տխրությունը:
«Մայրերը միայն մի բան են ուզում. նրանք ուզում են, որ ճանաչվի թե ինչ զոհաբերության են գնացել իրենց որդիները, քանի որ նրանց կյանքը դադարել է այն տարածքներում, որտեղ հնարավոր է թույլ չտրվի այցելել որոշ ժամանակ, կամ գուցե ողջ կյանքի ընթացքում: Այս զինվորների կյանքն ու նրանց քաջարի ջանքերը հարգելու համար նրանց մայրերը միայն խնդրում են մեզ չհանձնվել: Նրանք ցանկանում են, որ մենք շարունակենք ազատության պայքարը 120.000 էթնիկ հայերի համար, ովքեր շարունակում են մնալ ադրբեջանական շրջափակման մեջ և չեն կարող ազատորեն օգտվել իրենց պապենական հողերում ապրելու իրենց իրավունքից։ Ես կավելացնեմ, որ նրանք նաև պահանջում են այն, ինչ Արգենտինայում անվանում են «ճշմարտությունն իմանալու իրավունք»: Այսինքն՝ նրանք իրավունք ունեն տեղեկանալու զոհվելու պահին իրենց սիրելիների գտնվելու վայրի և հանգամանքների մասին։
«Երբ մտածում եմ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի մասին, մտածում եմ նաև բոլոր այն մայրերի մասին, ովքեր այս պահին իրենց որդիներն ունեն առաջնագծում, սահմաններում։ Նրանք տեղյակ են ադրբեջանական ուժերի կողմից առևանգված հայերի նկատմամբ անմարդկային, վայրագությունների մասին»:
Ադրբեջանի կողմից բռնության թիրախը միայն հայ տղամարդիկ չեն: Հայ կին զինվորները նույնպես դարձել են ադրբեջանական ռազմական հանցագործությունների թիրախ։ Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ամենասարսափելի վայրագություններից մեկը վերաբերում է հայկական ուժերում ծառայած կնոջ բռնաբարությանը, գազանաբարո անդամահատմանը և սպանությանը։ Զինծառայողի ինքնությունը հաստատված է՝ 36-ամյա կինը (անունը չենք նշում)՝ երեք երեխաների մայր։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ կինը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին՝ ադրբեջանական հարձակումների ժամանակ։
Լրագրող Ռայմոնդ Իբրահիմը հայտնել է կնոջ դաժան սպանության և խոշտանգումների մասին.
«Այդ վայրագությունների տեսագրությունը, որը, ըստ երևույթին, արվել է հենց ադրբեջանցի զինվորների կողմից, որը ուղարկվել է ինձ էլեկտրոնային փոստով, ցույց է տալիս անդամահատված և գլխատված հայ զինվորների կույտեր, այդ թվում՝ տվյալ կինը: Նա հայտնվում է մերկ՝ երկու ձեռքերն ու ոտքերը կտրված։ Նրա մի աչքն ակնհայտորեն դուրս է հանվել։ Կտրված մատը կարծես դուրս է գալիս նրա բերանից, իսկ մյուսը կարծես դուրս է գալիս նրա ինտիմ մասերից»։
Մինասյանն ասում է.
«Պետք է հիշենք նաև Հայաստանին ծառայած և հայության հայրենիքի համար իրենց կյանքը տված կանանց, նրանցից ոմանք ևս թաղված են Եռաբլուրում, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքի վրա հարձակումների ժամանակ զոհվածներին: Երբ ես այնտեղ էի, հարգանքի տուրք մատուցեցի նրանց։ Ես կարողացա խոսել նաև սպանված հայ կին զինվորի դուստրերից մեկի հետ, և նա ասաց, որ հաջորդ անգամ Հայաստան այցելելիս ինձ կհյուրընկալի իր տանը։ Ինձ համար մեծ պատիվ կլինի հանդիպել խիզախ կին մարտիկի հարազատի հետ։ Այս հերոսները հավերժ կմնան մեր սրտերում»։
Չնայած իրավիճակի խաղաղ կարգավորման միջազգային բոլոր կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն ոտնահարել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքը, արցախահայության քաղաքական կամքն ու ինքնիշխանության իրավունքը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը 2020 թվականի Արցախյան պատերազմը ավարտելու մասին: Թվում է, որ Ադրբեջանի կողմից հայերի սպանություններն ու խոշտանգումները կասեցնելու միակ ճանապարհը քաղաքակիրթ աշխարհի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։
Մարդու իրավունքների իրավապաշտպան միջազգային իրավունքի փորձագետ Կարո Ղազարյանը հարցազրույցում հոդվածի հեղինակին ասել է.
«Ժողովրդի համար իրենց ինքնորոշման իրավունքն իրացնելու չափանիշն այն է, երբ նրանք կամ (ա) ստեղծել են ինքնիշխան և անկախ պետություն, կամ (բ) նրանք ազատորեն կապվել են մեկ այլ պետության հետ, կամ (գ) նրանք ինտեգրվել են մեկ այլ պետության՝ իրենց կամքն ազատորեն արտահայտելուց հետո։
«Թեև այս գործողություններից մեկը բավարար է ինքնորոշման իրավունքը խթանելու համար, Արցախի բնիկ հայ բնակչությունը երեքն էլ իրականացրել է։
«Ուստի, եթե իսկապես կա միջազգային հանրություն, ապա այն չպետք է աչք փակի արցախահայության կողմից վերջին երեք տասնամյակների ընթացքում ձեռնարկված և կիրառված այս հիմնարար քայլերի իրականացման վրա։
«Եվ, պարզ ասենք, բոլոր ազգերին Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է առաջնորդեն այս հարցում:
«Ի վերջո, հենց ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առաջ մղում ինքնորոշման հայեցակարգը, ըստ որի՝ ազգը, որը բաղկացած է համանման քաղաքական հավակնություններ ունեցող մարդկանց խմբից, կարող է իսկապես ձգտել ստեղծել իր անկախ կառավարությունն և պետությունը:
«Արդյոք կարո՞ղ է որևէ մեկը լրջորեն կասկածի տակ առնել մարդու իրավունքներից զրկելու արդարացում չունեցող իրողությունը, արցախահայության այսօրվա ծանր վիճակը: Կարծում եմ՝ ոչ.
Վաղուց ժամանակն է, որ Ազատ աշխարհի առաջնորդ Միացյալ Նահանգները կոնկրետ քայլեր ձեռնարկեն հայերի դեմ շարունակվող այս ցեղասպանությունը կասեցնելու համար։ ԱՄՆ-ի բոլոր արտաքին և ռազմական օգնությունը Ադրբեջանին պետք է անհապաղ դադարեցվի, և Ադրբեջանի կառավարությունը պետք է պատժամիջոցների ենթարկվի, քանի դեռ չի դադարեցրել իր հարձակումները Հայաստանի և Արցախի վրա։ Իսկ Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար ԱՄՆ կառավարությունը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Բնագիր հոդվածն այստեղ.

No comments:

Post a Comment