The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 18 June 2023

Նուբար Ասլանյան-80

Այսօր՝ հունիսի 18-ին, լրանում է հայ կոմպոզիտոր, 1982թ.ից ԽՍՀՄ, ապա Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ՝ Նուբար Աբրահամի Ասլանյանի 80-ամյակը:

Նուբար Ասլանյանը ծնվել է Հունաստանի Աթենք քաղաքում: 1946 թվականին տեղափոխվել են Հայաստան։  Դյուրին չի եղել դեպի երաժշտություն Նուբար Ասլանյանի ուղին: Մանկության երաժշտության գաղտնիքները բացող միակ գործիքը՝ տանը հորից հիշատակ մնացած մանդոլինան է եղել: Հայրը կյանքին հրաժեշտ է տվել վաղ տարիքում: Հունաստանում  նվագել է երաժշտական ​​խմբում՝ կիթառ, մանդոլինա, ակորդեոն, ջութակ։ Վաղամեռիկ Հայրը երաժշտություն շատ է սիրել ու ապրել է նրանով: ​​Հավանաբար Նուբարը նրանից էլ  ժառանգել է երաժշտական ունակությունները։ Բայց դե՝ յոթ տարեկանում չի հաջողվել ընդունվել երաժշտական դպրոց: Այնուամենայնիվ իսկական երաժշտության հետ ծանոթությունը Նուբարի համար պատահական դիպվածով է տեղի ունեցել: Սովորում էր էլեկտրամեխանիկական տեխնիկումում, երբ ընկերը  համոզում է միասին գնալ Պիոներների պալատ՝ որտեղ երաժշտական խումբ ընդունվելու համար պետք է ստուգեր  երաժշտական ​​ունակությունները: Նուբարը միջանցքում նստած հետևում էր թե ինչպես  ընկերը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել՝ չափով ծափ տար, նոտաներն արտաբերեր: Հետո ուսուցչուհին իրեն է խնդրել ստուգվել: Սկզբում Նուբարը մերժել է, հետո ոգևորվել հաջողություններից: Նեղ ֆինանսական վիճակում գտնվող ընտանիքին հաջողվում է ակորդիոն գնել, հետո մանկուց երազած շրթհարմոնը: Այսքանից հետո էլ Նուբար Ասլանյանը կարող էր ճանաչված կոմպոզիտոր չդառնար...

« … Ես 19 տարեկան եմ,-հիշում է Նուբար Ասլանյանը: Այլևս չեմ սովորում, այլ աշխատում եմ Երևանի էլեկտրական սարքավորումների համամիութենական գիտահետազոտական ​​ինստիտուտում։  Ինչ-որ տարօրինակ, միստիկ պատճառով ոտքերս ինձ տանում են այն երաժշտական ​​դպրոցը, որտեղ ինձ չընդունեցին յոթ տարեկանում։ Գնացի դպրոցի տնօրենի մոտ ու ներկայացա. Նա ինձ լավ չհիշեց,  հնարավորություն տվեք, ասում եմ, որ ձեր դպրոցի սաների հետ երաժշտության տեսության դասերին հաճախեմ։ Նա համաձայնեց և ես նստեցի ավագ դասարանի, արդեն ինձնից  փոքր աշակերտների հետ: Ինչ արած…

Սոլֆեջիոյի դասատուս զարմանալի համբերատար ու բարի կին էր՝ Լիլիա Լվովնան։  Նա խմբի ընդունակ աղջիկներից մեկին  հանձնարարեց ինձ օգնել։ Մի երկու ամիս անց գիտելիքներով հասա և անցա  այս աղջկան: Մի ստուգողական աշխատանքից  հետո դասատուս հանդիսավոր դասարանին հայտնեց, որ ամենափայլուն սովորողն եմ։ Այդ ժամանակ իրոք  տարված էի գիտելիքի տենչով»: 

Նուբար Ասլանյանը Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (ղեկ.` Գրիգոր Հախինյան) ուսանելուց հետո ընդունվում, ապա 1973 թվականին ավարտում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Գրիգոր Եղիազարյանի արվեստանոցը): 

Դրանից հետո արդեն սկսվում է Նուբար Ասլանյան երաժիշտ-կոմպոզիտորի մեծ ուղին: 

Նուբար Ասլանյանը Խորհրդային երկրի փլուզումից, ապա Հայաստանում անկայուն վիճակ ստեղծվելուց հետո 1994 թվականից  բնակություն է հաստատել Իսրայելում՝ ոչ մի րոպե չխզելով ամուր կապը մայր Հայրենիքի հետ : Նա այսօր էլ շատ բան է անում իր արվեստով, հրապարակային խոսքով ու անձնական կապերով Հայաստանի հեղինակաության բարձրացման համար: Հենց Իսրայելում մաեստրոն ավելի շատ հայաշունչ գործեր է գրել ու կատարել այնտեղ ու ամենուր:

Կոմպոզիտորն  ամեն բան արել է տարածելու հայ մշակույթն աշխարհով մեկ: Նրա ստեղծագործությունները հնչել ու հնչում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Նուբար Ասլանյանը մեծ ժառանգություն է ստեղծել ոչ միայն Խորհրդային երկրում ու դրանից հետո անկախ Հայաստանում, այլ նաև Իսրայելում: Արժե առանձնացնել նրա կազմած Կոնցերտներ և կոնցերտին մենակատարի և նվագախմբի համար, Վոկալ սիմֆոնիկ, Քայլերգեր և վալս կոնցերտ փողային նվագախմբի համար, Երեք պիես փողային նվագախմբի համար, 10 հայ կոմպոզիտորների 20 մանկական երգերի գործիքավորում և մշակումներ,Երգչախումբ a cappella (առանց նվագակցության), Վոկալ (անսամբլային, կամերային), Վոկալ (երգեր և դաշնամուր),Մանկական երգեր և խմբերգեր դաշնամուրի նվագակցությամբ, Ժող գործիքների նվագախումբ և վոկալ, Կամերային երաժշտություն, Հինգ լարային քառյակներ, անսամբլներ, սոնատներ, Պիեսներ մենանվագ գործիքների համար, Սիմֆոնիկ պիեսներ և այլ գործերը:

«Նիդերլանդական օրագիրը»  ջերմորեն շնորհավորում է մայեստրո Նուբար Ասլանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, ցանկանում` ամուր առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:




No comments:

Post a Comment