The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday, 23 November 2024

Գագիկ Անտոնյան. «Արքան» (հատված կատակերգական ֆարսից)

Մեր «Գրական չորեքշաբթի» էջում ներկայացրել ենք մի հատված Գագիկ Անտոնյանի «Արքան» կատակերգական ֆարսից


Գագիկ Արամայիսի Անտոնյանը հանրապետությունում հայտնի լրագրող է: Ծնվել է 1954թ. ապրիլի 1-ին, Երևանում:Միջնակարգ կրթությունն ստացել է Վանաձորի Սունդուկյանի անվան թիվ 8 դպրոցում: Վանաձորի մանկավարժական ինստիտուտն ավարտելով 1974թ-ին` հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Թումանյան քաղաքի միջն. դպրոցում: 1978թ.-ից մինչև 1984թ. տեսուչ է աշխատել Թումանյանի շրջժողկրթբաժնում, ապա` տեսուչ և հայոց լեզվի,
գրականության ուսուցիչ Վանաձորի առևտրատնտեսագիտական տեխնիկումում: Հրավիրվել է քաղաքային «Կայծ» թերթի խմբագրություն /հետագայում` «Վերածնունդ»/, նշանակվել նամակների բաժնի վարիչ: Գրչակից ընկերների հետ ստեղծել է կոոպերատիվների միության «Այգ» թերթը /1989-90թթ./ , եղել է «Արփի» անկախ թերթի խմբագիր/ 1999թ./: Նույն 1999թ. աշխատանքի է անցել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, եղել Լոռու մարզի սեփական թղթակիցը մինչև 2023թ. հուլիսի 1-ը, երբ ՀՀ վարչապետի հրահանգով փակվեց Ազգային Ժողովի և ՀՀ կառավարության հիշյալ պաշտոնական օրաթերթը:
2012թ. ստեղծել է «Կանաչ Լոռի» բնապահպանական, բնագիտական ամսագիրը, խմբագրել 17 համար: 1992թ. լույս է տեսել նրա երգիծական պատմվածքների առաջին`«Ընկեր-պարոններ» խորագրով ժողովածուն, 2010թ.-ին «Հրատապ
երգիծանք» երգիծական պատմվածքների, նովելների, դրամաների ժողովածուն, 2011թ.-ին` «Եվ մի բույլ երախտավորներ» հրապարակախոսական հոդվածների, անվանի լոռեցիների դիմանկարների ժողովածուն:
Անտոնյանը նաև դրամատուրգ է: Նրա «Քաջ Նազար հազարերորդի 2000-րդ այցը» կատակերգությունը 1996թ. բեմադրել է Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը, իսկ «Ձեր տղային մեր աղջկան տվեք»կատակերգությունը` 2010թ. բեմադրեց ռեժիսոր Ջանիկ Ավետիսյանը` Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում, Վանաձորի Շարլ Ազնաուրի անվան մշակույթի պալատում, Ստեփանավանում: Եվս 15 դրամաներ, կատակերգություններ սպասում են իրենց բեմադրողին:  Գագիկ Անտոնյանի գրչին հատուկ են խոսքի դիպուկությունը, պարզությունը, հումորի նուրբ զգացողությունն ու ժողովրդական բառ ու բանի բույրով համեմված ասելիքի գունագեղ պատկերավորումը:
Գրող, երգիծաբան, դրամատուրգ Գագիկ Անտոնյանի «Ընտիր երկեր» և «Դրամաներ» ժողովածուները ներկայացնում են հեղինակի 50-ից ավելի տարիների ստեղծագործությունների ընտրանին:

Մի հատված «Արքան» կատակերգական ֆարսից: Ընթերցողին հասկանալի լինելու համար հեղինակը հարկ է համարում հայտնել.
«Արքան» վերնագրով կատակերգական ֆարսը գրվել է 2024թ.-ին: Այն խնդիրները, որ իր առջև դրել է հեղինակը՝ ներկայացնել հակաժողովրդական տիրանների, հակամարդկային տիրակալների «ծննդաբանությունը», նրանց գոյության և չարիք գործելու անսահմանափակ հնարավորությունը, նրանցից ազատվելու պատճառաբանված գերանհրաժեշտությունը և առաջնահերթությունը, մեղմ ասած՝ բոլորի ուշադրության կենտրոնում է և «հարցերի հարցն» է: Երգիծական դրամայում արքային հատնի է դառնում, որ տարվա վերջում գահընկեց է լինելու ինչ-որ «տիեզերական հղումով»: Գահը պահպանելու համար ստորագույն մարդիկ դաշինքի մեջ կարող են մտնել անգամ սատանաների, դևերի, չարքերի և ստորագույն այլ ուժերի հետ, ինչը և անում է դրամայի «հերոս» նեռ արքան: Նա պատրաստ է պատերազմել նաև Հրեշտակապետաց դասի հետ, նույնիսկ տիեզերքի և իր արարիչ Աստծո հետ: Հատվածում ներկայացվում է նազարակերպ արքայի և կեղծ աստծո հանդիպումն ու նրանց դրամատիկ ու շատ բան բացահայտող խոսակցությունը:
Ափյուռքի որևէ թատերական հանրույթ, որևէ բեմադրիչ, եթե ցանկություն կունենա կարդալ պիեսն ամբողջությամբ և բեմադրելու ցանկություն կունենա, առաջին իսկ պահանջով պիեսն ամբողջությամբ նրանց կառաքվի սիրելի «Ինտերկապ»-ի նախագահ Նորայր Զուլոյանի աջակցությամբ: Իսկ ավելի «լայն» ցանկության դեպքում, հեղինակը սիրով կտրամադրի նաև իր պիեսների առաջին ժողովածուն՝ «Դրամաներ» խորագրով առայժմ էլեկտրոնային եղանակով:

Հեղինակ՝ Գագիկ Անտոնյան
Գրող, լրագրող, դրամատուրգ, երգիծաբան


Աստված ժամանում է պալատ: Լսվում է տիեզերանավի հռնդյուն: Դահլիճը լցվում է ծխով, էլի ուժգին քամու ձայն է լսվում, հեռվից երևում են կրակե լեզվակներ: Մի պահ դահլիճը հայտնվում է մթի մեջ:

Արքա.-Մի տեսեք՝ էս ի՞նչ զադ է: Այ քեզ հրոզմունք՝ տարի՞ն պտտեց:
Արքունապետը դուրս է գալիս, քիչ անց վերադառնում:
Արքունապետ.-Կայծակնացայտ արքա, վերին տերն ինքն է հաճել պալատն ի մերո...
Արքա /դեռ սարսափի մեջ է/.-Բան ասա՝ հասկանանք, չաչանակ:
Արքունապետ.-Ասելս էն է՝ Աստված յուր անձով եկել է այցի, երևի եկել է, որ քեզնից ներումն հայցի...Հիմա խոնջացած նստած է թախտին և սպասում է իր այցի բախտին:
Արքա.- Ասա՝ թող գա:

Որոտաց ամպրոպ, փայլատակեցին կայծակներ, դահլիճն անհայտացավ ծխի քուլաների մեջ, շեփորներ հնչեցին: Արքունապետի ուղեկցությամբ դահլիճ է մտնում ամբողջովին սևեր հագած, երկարահասակ, չորուկ, մազ-մորուքով մի ծերուկ: Նա զննում է ներկաներին, մի կարճ ընթացք կանգնում է գահին կծկված, թագը ձեռքում պինդ պահած արքայի առջև, համարձակ բռնում է նրա ձեռքը, պոկում գահից ու նստում նրա տեղը:

Սենեկապետ.- /աչքերը չռած, զարմացած հյուրին նայելով/.-Էս հո մեր տիրացու Մարուքեն է, որ կա...

Աստված.-Ինչպե՞ս ես համարձակվում ճառել Տիրոջդ առջև, որդյակդ իմ փերեզակ...
Ի՞նչ տիրացու, ի՞նչ Մարուքե: Իսկ դուք՝ պալատական խավարասերներ, մի՞թե իմ մեջ չեք տեսնում Աստծուն ձեր ամենկալ:
Բոլորը.-Տեսնում ենք, ամենակալ, տեսնում ենք /բոլորը ծունկ են չոքում, խաչակնքում/:
Արքա.-/կամաց-կամաց ուշքի գալով, գզուզ մազերն ավեի գզգզված, զկրտալով/Տեր Աստված, եկել ես ոտս հաշիվ տալո՞ւ: Մենք անհյուընկալ չենք, որ ամպերի մեջ մենակ թողնենք: Ամենայն պատկառանքով մեծապատիվ հյուր կսիրաշահենք: Արքունապետ...
Արքունապետ.-Հրամանք ի կատար, արքա: Հիմա աճապարանոք սազանդարներ կկանչենք ու կաքավողներ կզորակոչենք: Թող ողջ գիշեր փչի զուռնեն անուշ, մեր տեր աստված հարբած մնա մինչև լույս...

Աստված.- Դրա հավեսը բոլորովին չունեմ: Առաքելությամբ եմ սույն պալատն ժամանել: Գրասենյակիս լրտեսակազմը մեզ տեղեկություն հաղորդեց, որ արքայական պալատը յուր Տիրոջը, այսինքն Աստծուն, պատերազմ է հայտարարել: Եկա հաստատելու և վերահաստատելու՝ տարին անցնի՝ Նազար արքայի թագավորությունն էլ կանցնի գիրկն գրողաց:
Արքա.-Ախր, ինչի՞:
Աստված.-Հազար մեղք ունես, ո՞րը թվեմ:
Նազար.-Թվիր հերթով:
Աստված.-Հերթով՝ հերթով: Ժողովրդի համբերությունն սպառված է, ժողովուրդն իմ լիովին ցամաքած է ու սմքած է:
Նազար.- Հազար ներողություն, փաստը զրո արժեք ունի: Ժողովուրդն ո՞վ է: Մենք, արքանե՞րս ենք ժողովրդի համար, թե՞ ՝ ժողովուրդը՝ արքաների:Ժողովրդի երջանկությունն աղի պես բան է, չափն անցավ՝ դժբախտ է: Էսպես է կարգն աշխարհի՝ ժողովուրդները պիտի աշխատեն, արքաները ուտեն: Էս կարգը հենց դու ես օրինել ու տնօրինել, տեր
աստված: Այլապես այլ աշխարհ կստեղծեիր: Էլի՞ բան կա ասելու:
Աստված.- Կա, բա չկա՞:Անաստվածի մեկն ես:
Արքա.-Աստված է ինձ իրենից հեռացրել: Հիմա ես եմ իմ աստվածը:
Աստված.-Չարագործ ես ու հանցագործ:
Արքա.- Մունդառ բերանս բացել ես տալիս: Չար աշխարհում ապրողը բարի կլինի՞: Երբ ես աշխարհ եկա, ոչ արդարություն, ոչ հավասարություն կար: Իսկ ո՞վ է աշխարհն այսքան չար, անարդար ստեղծել...Տեր մեր Աստված, չալարեիր, մի քանի օր ավել տքնեիր, գուցե աշխարհն ավելի կատարյալ ստեղծեիր: Յոթ օրում շուլալած / հասկանալ՝ կառուցած/ աշխարհն էս չէ՞ր լինելու:
Աստված.- Դա քո իմանալու բանը չէ: Էսպես ստեղծել եմ, որ աշխարհն ինքը կատարելագործվի, մաքրվի: Ով աստվածային օրենքներին չի հետևում, մի օր ահեղ դատաստանի առջև է կանգնում:
Արքա.-Բայց իմ առիթով ինչու՞ շտապում ես: Ինձ ինչու՞ մուրազախաբ ես անում: Չէ՞ որ իմ արքա դառնալու գործում քո աստվածային աջակցությունն էլ եղել է:
Աստված.-Ես ոչ մեկին չեմ աջակցում: Կարգ եմ սահմանել՝ թողնել, որ մարդիկ սխալվեն, իրենք էլ շտկեն սխալները: Այժմ Ժողովրդի համբերությունն սպառվել է: Ժողովուրդն ուզում է շտկել իր սխալը:
Արքա.-Ուզու՜մ է: Բայց ժողովուրդը կղկղանքի արժեք չունի: Տապալում է տականքին, ընտրում է մի այլ տականքի: Ինձնից առաջ քանի՜ արքաներ են եղել: Ամեն նորը նախորդից կրկնակի վատն է դառնում, թեև եռակի շատ խոստումներ է տալիս: Աստված ես, կույր չես, չե՞ս տեսնում՝ մարդկանց արդար, մարդասեր արքաներ հարկավոր չեն, մարդկանց հարկավոր են սուտուփուչ խոստումներ: Ու հիմա ես, քանի որ Նազար հազարերորդն եմ, ստիպված եմ հազարապատիկ վատը լինել, որ գահս չթռցնեն: Ով էլ նստի իշխանության ղեկին՝ կկառավարի նույնկերպ, ինչպես ես: Քանզի ուրիշ ընթացք չի լինի քո ստեղծած աշխարհում:
Աստված.- Ես՝ արարիչս աշխարհի, ձեզ նվիրել եմ ամենաբարձր բարիքն աշխարհի՝ բանականություն: Եվ ազատություն եմ տվել, որ ապրեք ձեր հասկացողությամբ: Ինչպես օգտվում եք այդ բարիքներից, այդպիսին էլ ձեր կյանքն ու պատմությունն է լինում: Ուղղակի բախտդ բերել է՝ արքա ես դառել:
Նազար.-Հա, ճիշտ է: Բախտս բերել է: Շատ է բերել: Քո ստեղծած մարդկանց մեծագույն մասը իմ նմանակներն են: Հենց դրանով է իմ բախտը բերել: Ես իմ նմաններին գերազանցել եմ իմացությամբ, մարդկային բնույթի իմ գիտությամբ ու պերճախոս խոստումներով: Եվ ես եմ արքա կարգվել, ես՝ մրցապայքարում արդար հաղթանակողը: Հիմա կարող եմ իմ ամբողջ խելքը էս բոռաճանճերին բաժանել /ցույց է տալիս պալատականներին/ ու էլի ամենախելացին մնալ: Արյուն քրտինք եմ թափել այս արդյունքին հասելու համար, արյուն-քրտինք էլ թափում եմ՝արդյունքը պահպանելու: Այնպես, որ՝ ես հանճար եմ, դրա համար էլ արքա եմ:
Աստված.-Մարդիկ խելքի են եկել: Փուչ խոստումների էլ չեն հավատում:
Արքա.-Բայց մի նոր փուչ խոստումներ տվողի էլի կբերեն իրենց գլխին տեր, որն արդեն միլիոնապատիկ վատը կլինի, քան ես: Այնպես որ՝ աստված, հինը կործանելով՝ կստեղծես էլի այն, ինչ այժմ կա: Իսկական արքայի դերն էլ այն է, որ օգտվի խառնաշփոթից և ոչ թե ուղղի այն: Էսօրվա ձուն ավելի կարևոր է՝ քան վաղվա հավը: Դա՝ նաև ժողովրդի համար: Ահա ես քո առաջ՝ էս եմ՝ ես եմ:
Աստված.- Չի կարող մեկը քեզնից վատը լինել: Դու ամենաանարդարն ես անարդար ինքնակալների մեջ:
Նազար.-Աշխարհիս հիմքի շաղախում զրկանքներն են, արցունքները, ցավն ու վիշտը: Մարդիկ ավելի շատ պարտականություններ ունեն, քան իրավունք ու ազատություն: Եվ այս տառապյալների համար հավելյալ դժոխք ես ստեղծել: Քո պատվերով մարդիկ դժոխքում այրվում են, զգում են կյանքի դառնությունը, ինչպես էշը մահակ տեսնելիս: Տեր աստված, եթե անկեղծ ուզում էիր ինձ արդար տեսնել, արդար կստեղծեիր, էլի՜, ինչո՞ւ ես էսպես ինձ կիսատ-պռատ ստեղծել, ոնց որ աշխարհը: Ձեռքդ բռնող կա՞ր, խանգարող կա՞ր:
Աստված.-Լավ մարդիկ չեն շեղվում ճշմարիտ ճանապարհից ինչ էլ որ անես, իսկ վատերը տրվելով ցանկասիրություններին՝ մեղքի մեջ թաղվում են:
Նազար.- Լավ մարդիկ չեն շեղվում, նրանց շեղում են քո գիտությամբ: Որպեսզի քո հնարած դժոխքում հրի մեջ լափլիզվողների պակաս չզգացվի: Քո թույլտվությամբ չէ՞ անարգել գործում մեր լավ աղբեր սատանան: Նա պարբերաբար համապատասխան թվով մեղքեր գործողներ է առաքում ահեղ դատաստանի համար: Տեր աստված, սիրում ես իշխանություն բանեցնել, ահեղ դատաստանով ուզում ես ապացուցել, որ հզոր ես: Ես էլ ներքևում եմ հզոր, ներքևի աստվածն եմ: Լավ գիտես՝ ինչպես աշխարհի, այնպես էլ պետության գործերն անհնար է կարգավորել միայն բարությամբ: Կքանդվի պետությունն էլ, աշխարհն էլ: Բարու հետ հավասար չարը պիտի լինի, որ ամեն ինչ հավասարակշռի: Վերևներում այդ գործը սատանան է կարգավորում, ներքևում՝ արքաները: Բայց արքաները մենակ չեն գործում: Նրանց օգնում է պալատականների ամենահաս ոհմակը: Թե չէ մենակ և ասեղով՝ հոր չես փորի...
Աստված.- Քո երկրում ազատությունը երազանք է, ազատ խոսքը բռնադատված է, այլախոհները, ընդիմադիրները տեղ չունեն:
Արքա.-Էդ հարցիդ ներքին գործոց նախարարը կպատասխանի:
Ն.Գ.նախարար.-Հենց ընդիմադիրները տեղ ունեն: Բանտերում են: Եվ նրանց թիվն օրեցօր պակասում է, երբ վզներին դեմ է առնում մեր դահճի սուր կացինը: Ընդհանրապես, մեր երկրում բոլորն ազատ են՝ կարող են խոսել, կարող են չխոսել: Որ ոմանք գերադասում են լռել, մե՞ր մեղքն է:
Աստված.- Դուք դաժանագույն բռնաճնշումներ եք գործադրում, մարդասեր պետություն չեք:
Արքա.-Էդ հարցին մեր խեղկատակն էլ կարող է պատասխանել: Իմ խեղկատակ, քեզ ենք լսում:
Խեղկատակ.- Այդ մեղադրանքն էլ կդառնա չիք, թե որ լսեք խոսքն իմ հուշիկ: Քանի դեռ խոսքն այնքան էլ բանի տեղ չեն դնում, ապա ապտակն ու աքացին են օգնության հասնում: Ո՞վ ասավ, է՜, թե մարդասեր չենք: Մեր երկրում այլևս գոյություն չունեն քառատրոփ քառատելը, զոհի զույգ ոտքերը կռացրած բարդիներից կապելն ու բրախելը,/թե ապրեց՝ Աստծո խեր է/ և այլ զարմանահրաշ պատիժներ, որ կային երեկ չէ առաջին օրը: Հիմա մենք պարզապես պարզերես գլխատում ենք, լեշերը շների առաջ լցնում: Հիմա մենք սպանության ավելի քաղաքակիրթ մեթոդներ ենք կիրառում: Կառավարման մեր օրերում առաջ խաչում էինք, նոր՝ կախում, հիմա կախում ենք՝ նոր խաչում:Էլեկտրական աթոռին նստեցրածը եթե առաջին իսկ հուժկու լարումից չի քնանում, մարդասիրությունից ելնելով՝ արագ քնեցնում ենք ատրճանակի մի հատիկ կրակոցով: Եվ վերջ անմարդկային տանջանքները: Էլ որն ասեմ, էլ որը, էսպես հագեցած է մեր օրը...Էն արմավենիներն էլ որ տեսնում եք բակում, որպես պարգև արդարության ջատագովներիս՝ մեզ ուղարկել են Բաբելոնի տիրակալները, Եգիպտոսի փարավոնները, իսկ կարտոֆիլի սերմերը՝ Ամերիկան նվաճած իսպանացի կոնկիստադորները:
Աստված.-Իսկ ինչո՞ւ անմեղներին նույն դատաստանին եք ենթարկում, ինչպես մեղավորներին:
Խեղկատակ.-Անմեղներին մենք դաստիարակում ենք...
Մեր արքան լավ գիտի, որ մարդ մեղավոր լինի, չլինի, մարդ սպանի, չսպանի, մեղավոր է, քանզի այս աշխարհը մեղավորների աշխարհ է հենց ձեր՝ մեր աստծո, ստեղծած առաջին օրից:
Արքա.-Լսեցի՞ր, տեր աստված: Հիմա ի՞նչ: Գահից զրկում ես, որ ու՞մ բերես: Էս էշ կրտողներից որի՞ն ես գահին զետեղելու: Սրանք երկու իշի գարի չեն բաժանի, երկիր ո՞նց կկառավարեն: Սրանց ես եմ գոմերից, սարուչոլից հավաքել, պալատ լցրել, որ խեղճ չլինեն, որ ուտեն-խմեն, մարդ դառնան: Հումանիզմ ես ուզում: Բա դա հումանիզմ չէ՞: Դու հումանի՞ստ ես, հարգելի աստված: Դե մարդասիրաբար վերաշինիր քո ստեղծած աշխարհը: Ինչու՞ չես անում: Որովհետև ամեն ինչով հարթ, դուզ աշխարհ չի կարող լինել:
Աստված.-Ի՞նչ օրի է քո խեղճ ժողովուրդը՝ տկար, վշտահար, անուժ, անոթի: Այնպես եք բզկտում, մինչև անգամ քարերն են մղկտում:
Արքա.-Այծը որ կշտացավ ՝ գայլ որսալու մասին կմտածի: Եթե մարդուն չես ուզում վնասել, չպիտի կշտացնես: Արքան պիտի ժողովրդին ձգած պահի թառի լարերի պես, որ չթուլանա, ուժասպառ չլինի: Ուժասպառը աշխատանքի պիտք չէ: Իսկ առանց աշխատանք առողջություն չի լինի: Անառողջությունն էլ հասցնում է վաղաժամ մահվան: Ահա այս ամենի մասին եմ մտածում և շան պես հոգնում: Ես եմ մեղք, ոչ թե ժողովուրդը: Եկել եմ այն մտքին, որ մարդկանց երջանկության համար մի բան է պետք՝ սով: Եթե ապրուստը հեշտ վաստակի, կփչանա: Իսկ սովի դեպքում մի կտոր հաց գտնելն արդեն մեծ երջանկություն է: Մյուս կարևորը վախն է: Իսկական վախը իսկական սեր է արթնացնում: Իմ ժողովուրդը տխրում է այն բանի վրա, հենց որ տխրության նոր առիթ չկա: Մեր գործն էն է, որ տխրության նորանոր առիթ տանք: Լավությու՞ն: Լավությունը չհասկացվող արարմունք է: Մենք միայն մի լավություն ենք անում՝ մորթում ենք քաղաքավարի ձևերով:

Աստված.- Նորեն պնդում եմ՝ սուտ երդումներ տալով եկար իշխանության և ոչ մի երդում չկատարեցիր: Դա անբարոյականություն է:
Նազար.-Սուտ խոսելն անբարոյականություն է, եթե մի մարդու ես խաբում: Երբ հաջողվում է ժողովրդին խաբել, արդեն արվեստ է, խելացիություն: Ես ի՞նչ անեմ, որ ժողովուրդը թորած ջրի նման անգույն ու անհամ է: Ինչպես թատրոնում, այնպես էլ կյանքում՝ ժողովուրդը զվարճանք ու գործողություն է սիրում: Պալատականներս հարստության մեջ լողալ են ուզում, մարդիկ՝ ծամելու հաց, զորականներս՝ նոր հողեր, պատերազմներ: Բոլորն ինձ են նայում, բոլորի պատասխանատուն ես եմ: Ես էլ անելիքս գիտեմ:Վաղվա և գալիք 1000-ամյակի ծրագրերը գլխումս պատրաստ ունեմ: Բութ մատիս մեջ ավելի խելք կա, քան քո թույլտվությամբ գործող հազար ու հազար խուրջինավոր արքաների գլխուղեղում:
Աստված.-Դրա համա՞ր են մարդիկ հազարներով խռով հեռանում երկրից:
Արքա /Դեմքը կատաղի դարձավ, ծամածռեց շուրթերը, աչքերը չարությունից պսպղացին, ունքերը փոքրացան/ .-Ասիր կտավ, իմ խելքն էլ մտա՞վ:Ի՞նչ կհրամայես, տեր աստված: Կուզես մնան, որ հեղափոխությու՞ն անեն: Թե դուք վերևներում ինչ եք սիրում, մենք էստեղ խառնակչություն չենք սիրում: Մենք մեր ժողովրդի երջանկության մասին հիմնովին էլ մտածում ենք, թեև համոզված ենք, որ երջանիկ ժողովուրդներն ապագա չունեն:
Աստված.-Բայց դուք ձեր ճառերում ասում եք՝ կա, ապագա կա:
Արքա.- Կա, ապագա կա: Մենք մարդկանց ամենակարևորն ենք տալիս, մենք մարդկանց հույս ենք տալիս: Որ հույսից բոցավառվում են, դա հենց հրեղեն ապագան է: Մենք չենք ասում, թե մարդիկ հրե լեզուների մեջ կայրվեն,կխորովվեն՝ ինչպես քո հովանավորյալ սևավորներն են ասում: Մենք ընդամենն ասում ենք՝ գնացեք, կռվեք, նոր հողեր, հարստություն նվաճեք, եթե մեռնեք էլ, ոչինչ՝ ոչ ոք այս աշխարհում հավերժ չի ապրում՝ կամոքն ասսու: Այսինքն՝ կամոքն քո: Իսկ գիտե՞ս ուր է էս սհաթին մեր զորքը: Կռվում է Չինմաչինաց կողմերը:
Աստված.-Ինչո՞ւ է կռվում Չինմաչինաց կողմերը:
Արքա.-Ինքը չի կռվում: Չինմաչինաց կողմն է կռվում: Հիմա էլ կհարցնես՝ Չինմաչինաց կողմն ինչու՞ է կռվում: Էստեղ էլ սկսվում է տնաքանդությունը...
Չինմաչինաց կողմերն իրենց հողերը խաթրով մեզ տալիս չեն: Դրանց տեսնու՞մ ես: Ուրիշ մեկն իմ տեղը լինի, խելապակաս կդառնա, բայց ես գիտեմ, որ առանց չար ու չարիքի աշխարհը կանգուն չի մնա: Չարիքն ուզի-չուզի ինչ-որ տեղից էնպես կծնվի, ոնց որ ճիճուները՝ արնձրևաջրերում: Բայց ես հանգիստ եմ, ամեն ինչ շտկելու պահը ճիշտ եմ որսում:
Աստված.- Մլարապատել են ձեր հոգու աչքերը մլարապատիր մտքերը: Քո թագավոր դառնալը դարիս ամենամեծ անարդարությունն է, ամենախայտառակ սխալը: Դու չարիքի արմատն ես: Դու պետք է հեռանաս:
Արքա.- Առը հա՜, թե կհեռանամ /ձեռքի մատների հայտնի կոմբինացիա/ Ամեն մարդ իր ճամփան պիտի փորի որդի պես: Ես փորել եմ: Քանի բախտը մեզ հետ է, քանի մարդիկ կատարյալ չեն, նազարներն անմահ են ու հավերժ: Հիմարների երկրում խելոքը արքա չի դառնա: Աշխարհը միշտ ուժեղներն ու խելապակասներն են ղեկավարել և նրանց իրավունքից բացի այլ իրավունք չկա: Դա հաստատուն գործընթաց է, ինչպես աստղերի շողալը երկնքում , ինչպես թրքահոտի տարածումը թարմ թրիքից: Որովհետև խաբեությունն ու կեղծիքն են աշխարհի հիմնասյուները: Ինչու՞ դրախտի հետ դժոխք ես ստեղծել, ինչու՞ գոյության իրավունք տվել ես հոգեորս սատանային: Տեսնում ենք՝ չես կարող ղեկավարել մաքրամաքուր ու ջինջ տիեզերքը: Մինչդեռ մենք ղեկավարում ենք ծայրեծայր ապականված, արատավորված աշխարհը: Ուրեմն՝ իջիր քո գահից, գահը մեզ հանձնիր, ձեռքի հետ տիեզերքն էլ կղեկավարենք: Էն ժամանակ ոչ դժոխք կլինի, ոչ որևէ սատանա: Իմացա՛ր: Դու, աստված, էլ երկնքում թագավոր չես: Պաշտոնազրկեցի: Իմ գործը աշխարհի հետ է, ծրտի-պրտի բաների հետ գործ չունեմ: Գյադեք, մի պճեղ սխտոր բերեք, ականջներս խոթեք, չար ոգին հեռու փախչի: Իսկ քեզ, մեր չաստված, բարի ճանապարհ:
Աստված.-Հեռանում եմ: Տիեզերաց գագաթնաժողովում վճռված է՝ Հին տարու հետ արքան հեռանալու է նոր տարու գալով: Էդ հասարակ բանը դու չես հասկանում: Քիչ էլ մնամ՝ ինձ կաթողիկոս կկարգես... /ապա հեռանալիս լսելի փնթփնթում է/ Երբ մարդ իր կարծիքով ունենում է ամեն ինչի իրավունք, նրա գործն անպայման ավարտվում է՝ էլ չունենալով ոչ մի իրավունք:

Աստված / հետագա գործողությունում պարզվում է, որ հեռացողը Աստված չէ, այլ տիրացու Մարուքեն/շորորալով դուրս է գալիս: Նրան ուղեկցում է արքունապետը:

Արքա.-Դրա հետևից ջուր չշաղեք: Ոնց ուզում է ՝ տեղ հասնի:Կաթողիկո՜ս: Չէ մի չէ, բրդած մածոն: Տես ի՜նչ թոթոշ պաշտոնի է աչք գցում: Գյադեք, տեսաք,աստծո դեմ կռիվը թեժանում է: Կենաց ու մահու պայքար է սպասվում: Հիմի անցնենք մեր բանին, թե էլ ինչ անենք, որ խրթմունքը մեզնից հեռի մնա: Սարերում տեսադիտարկումներ կազմակերպեք: Մտեք մարդկանց տները, կաշառք խոստացեք, բայց մի տվեք, քշեք՝ գնան սարերում հերթապահեն: Կաշառքով չեն գնա, կարկաժները ճղեք: Սա մեկ: Երկրորդ՝ հմայաջրերով ցողեք մեր երկրի ամբողջ սահմանը, որ խափան լինի չարը: Հմայաջուրը պետք է սարքել տատիս գաղտնի դեղատոմսով: Այն կգտնեք նրա տաճարապատկան սուրբ գրքում: Գիրքը, որի վրա բորբոս կա, կգտնեք մեր սուրբ գոմում: Ագռավի լեղիից կվերցնեք մի պուտ արյուն, կույսի ձեռքով խեղդամահ արված նորածին կատվի ձագից փորոտիքը, իսկ առյուծից կխլեք կորյունին, նրանից կհանեք լյարդը , կգտնեք երեք որձ մրջյուն, երեք էգ մեղու, կաղաք, կմանրացնեք ու կխառնեք իրար, չմոռանալով ավելացնել մի պտղունց փոշի, որ կբերեք լուսնից, ու աքլորի ածած երեք նեխած ձու ...
Իշխան Սաքո.-Բայց...Բայց...
Արքա.-Ի՞նչ բայց, իշխան Սաքո:
Իշխան Սաքո.-Ամեն ինչ կարվի, ինչպես ասում է տատիկի տաճարապատկան գիրքը, բորբոսը վրան: Միայն թե՝ մենք որտեղի՞ց կգտնենք կույս աղջիկ մեր օրերում:

Արքա.-Դժար բան չի: Փողոցից բռնեք ցանկացած կնոջ, անգամ պառավների, ծամերից քաշելով տարեք տատիս ոսկորների մոտ, համբուրեց՝ արդեն կույս է: Անպայման արեք: Եվ հետո՝մեզ շուտափույթ հաղթանակներ են պետք: Մի հաղթանակը հաստատ կանի մեր դիրքը: Զորքին պատվիրեք՝կռվեք և մեռեք արքայի խաթրու, և մեռեք, քանզի արքան է հրամայում: Էսօրվանից պալատիս մեջ սահմանվում է պետական նոր նախարություն՝ Թալանիր թալանածը: Պաշտոնը կհանվի աճուրդի: Հաղթողը բարով մաշի: Թատրոնները, մշակույթի տները, դպրոց-մանկապարտեզները էսօրվանից փակվում են, վաղվանից սկսեք մերումանուկի սովորեցնել ՝ ինչպես կով կթեն, հավին թուխս նստեցնեն, էշ ու ցուլ կրտեն, ծերերին փողոցն անցկացնեն ու բանջարով ապուր պատրաստեն:

Գրագիր, էս հրամանն էլ թխիր.« Սահմանվում են նոր հարկեր. ի փառս հայրենյաց, ի փառս ժողովրդի՝ հարկատու են փողոց անցնողները, փողոցից-փողոց անցնողները, մայթից-մայթ անցնողները, անցնողներ չկան՝ հարկ պիտի վճարեն չանցնողները»: Մյուսը.« Երկրիս մեջ բոլոր դավադրությունները բացահայտել ավելի վաղ, քան թթված գինով լցված ընդդիմադիրների գլուխներում կպճպճա հեղափոխություն անելու ցանկությունը»: Հաջորդ հրամանը. «Այսուհետ սուրբ են համարվում որոճացող կովերը, նրանք կաթ են տալիս: Ամեն օր, օրը երկու անգամ, զբոսանքի պիտի տարվեն սուրբ կենդանիները»: Մյուսը.«Երկրի ողջ բնակչությունը պիտի թրիքից աթար սարքի ու պալատ բերի որպես հարկ»: Աթարի հոտը քաղցր մանկություն է հիշեցնում: Ժողովրդիս մեջ տարածեք հետևյալ կարգախոսները՝ «Մեր երկրում կյանքն ամենօրյա տոնակատարություն է»: Սա մեկ: «Պետության հարցերը կարգավորվում են ինքնիրեն, իսկ երկիրը առաջադիմում է սաստկորեն»: Սա էլ երկու: Երրորդ՝ «Արքայի լի ստամոքսը հուշում է, որ երկրում ամեն ինչ լավ է»: Հաջորդը՝ «Ժողովրդի տնքտնքոցը, երեխաների լացը, պառավների ողբը դաշտերի բերքատվությունը ավելացնում են»: Եվ ևս մի երկու խորհուրդ. « Հողը պիտի պարարտացնել կենդանական աղբով» ,«Մլակների դեմ համաժողովրդական պայքարի ընթացքում աթար վառել բնակավայրերի տարածքներում»: Օ՜ֆ, է՜, էնքան մտածեցի՝ աշխարհը գլխիս պտույտ է տալիս:
Իշխան. Սաքո.-Մի մտածիր,արքա, թե ինչ կլինի վաղը, թե մտածես՝ ինչ կլինելի վաղը, կգժվես, կընկնես պեչենու բաղը...
Արքա.-Հալբաթ որ... Դե, իմ քրչա-փրչախումբ, թե չեք ուզում ձեր կարկաժներից խաշ սարքեմ, վաղվանից հրամանները սրբորեն կատարեք: Այլապես՝ պորտներդ բաց կապրեք: Թե չէ ճարպոտել եք կերկոխ եղած գոճիների պես:Մինչդեռ հայտնի է՝ աշխատասեր աքլորը չի գիրանում:
Արքունապետ.-Արքա, կկատարենք վաղվանից: Իսկ այսօր հարկ է շարունակել Մեծն Նահատակուհի սուրբ տատիկին նվիրված տոնակատարությունը:
Արքա.-Շարունակենք: Միայն թողեք մի քիչ թեք ընկնեմ գահին,դինջանամ:
Իշխան Սաքո.- Գյադեք, շարքո՜վ մա՜րշ, արքան թեք է ընկնում:
Բոլորը-Արքան թեք է ընկնում:
Խեղկատակ.-Ես էլ սազանդարներին կանչեմ... Էլ ի՞նչ տոն՝ առանց երգ,առանց պար, նույնն է, թե՝ երկրում չկա քաջ Նազար...






No comments:

Post a Comment