2025 թվականի օգոստոսին կլրանա Հայաստանի ամենավաստակաշատ հասարակական կազմակերպություններից մեկի՝ «ԻՆՏԵՐԿԱՊ» Բարեգործական Կենտրոնի հիմնադրման 35-ամյակը:
Կազմավորման սկիզբն ու նպատակները
«ԻՆՏԵՐԿԱՊ»-ը հիմնադրվել է 1990 թվականին Վանաձորում՝ որպես առաջին հայաստանյան ՀԿ-ն, որն առանց պետական միջոցների կամ միջազգային դրամաշնորհների ստեղծեց բարեգործության լայն ցանց Եվրոպայի և աշխարհի շուրջ 30 երկրներում: Կազմակերպության հիմնադիր-նախագահն է Նորայր Զուլոյանը, ով իր թիմի և համախոհների հետ քայլ առ քայլ վերածեց գաղափարը կայուն և բազմակողմանի գործուն կառույցի:
Մարդասիրական օգնություն՝ Հայաստանի, Արցախի և հարևան երկրների համար
1990-ականներից ԻՆՏԵՐԿԱՊ-ը սեփական միջոցներով և բեռնատարներով մարդասիրական օգնություն է տեղափոխել Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հոլանդիայից, և անհատույց բաշխել Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Երևանում, Դիլիջանում, Ստեփանավանում, Արցախում (Մարտունի, Ստեփանակերտ, Հորադիզ), ինչպես նաև Վրաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում:
Օգնության շրջանակը ներառել է`
- դեղորայք և բժշկական սարքավորումներ
- հաշմանդամի սայլակներ
- հիվանդանոցային հագեցում
- սնունդ, հագուստ, դպրոցական ու մարզական պարագաներ
- համակարգիչներ և գրասենյակային տեխնիկա
Ուսումնական, մշակութային և հոգևոր նախաձեռնություններ
1991-ին Իտալիայի Մխիթարյան Միաբանության հետ կնքված պայմանագրով 10 պատանի (9-ը Վանաձորից, 1-ը Սպիտակից) անվճար ուսանել են Վենետիկում, որոնցից չորսը հետագայում ստացել են եվրոպական բուհական կրթություն:
Խաչքարերի ծրագիրը՝ Հայաստանից Եվրոպա
ԻՆՏԵՐԿԱՊ-ը (խաչքարագործ վարպետների՝ Սերգեյ Դանիելյան, Հայկ Զալյան, Գրիգոր Կիրակոսյան աշխատանքներով) կազմակերպել է 11 խաչքար-հուշարձանի տեղափոխում Վանաձորից Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Ռումինիա՝ բարեկամության, երախտագիտության և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մեդիա և մշակութային հարթակներ
ԻՆՏԵՐԿԱՊ-ի նախաձեռնությամբ ստեղծվել են.
- «ԻՆՏԵՐԿԱՊ» անկախ հեռուստաստուդիան (1991)
- «Լոռի-Ինտերկապ» հեռուստաընկերությունը
ՀԿ-ն աջակցել է «Հորովել», «Տաթև», «Կոմիտասի անվան լարային քառյակ» համույթների հյուրախաղերին Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում և Ստամբուլում (1990-2008), ինչպես նաև նկարիչներ Ֆերդինանդ Գյումրեցու և Նիկոլ Աղաբաբյանի բենեֆիս ցուցահանդեսներին Եվրոպայում:
Սպորտային համաժողովրդական դեսպանություն
«ԼՈՌԻ», «ՍՊԻՏԱԿ», «ՇԻՐԱԿ», «ԱՐԱՐԱՏ» ակումբները և Վանաձորի պատանեկան թիմերը մասնակցել են միջազգային մրցաշարերի Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իրանում, Տանզանիայում, Ուգանդայում, Թունիսում և Հունաստանում (1990-2017):
«Լոռվա ասպետ» և հայրենասիրական նախաձեռնություններ
1999-ին ստեղծվեց «ԼՈՌՎԱ ԱՍՊԵՏ» պատվավոր կոչումը, որով պարգևատրվում են մարզի լավագույն մշակութային, սպորտային և հասարակական գործիչները՝ արծաթե շքանշանով:
ԻՆՏԵՐԿԱՊ-ի նախաձեռնությամբ Վանաձորում կառուցվեց Մեծն Զորավար Անդրանիկ Օզանյանի առաջին բրոնզաձույլ հուշարձանը (2017-2019):
Գիտական-գեղարվեստական միջոցառումներ
Կազմակերպվել են «Հայոց պատմություն և պոեզիա» խորագրով հանդիպումներ Եվրոպայի և Ռուսաստանի 22 համայնքներում՝ պատմաբան Կարո Վարդանյանի և դերասան Ջիվան Սարգսյանի մասնակցությամբ:
Շնորհակալություն նվիրումի, աջակցության և հավատքի համար
Նորայր Զուլոյանը երախտագիտություն է հայտնում ԻՆՏԵՐԿԱՊ-ի կամավորներին, վարորդներին, գործընկերներին ու բարերարներին, ում անմնացորդ աջակցությամբ հնարավոր դարձավ այս ճանապարհը:
«ԻՆՏԵՐԿԱՊ»-ի 35 տարիները վկայում են. բարի գործը երբեք չի մարում, այլ շարունակվում է սերունդներով՝ երկրի սահմաններից դուրս ամրապնդելով ազգի ինքնությունն ու համամարդկային արժեքները»:












No comments:
Post a Comment