Հուլիսի 21-ից օգոստոսի 1-ը անցկացվեց Լեյդենի միջազգային լեզվաբանական ամառային դպրոցը, որն աշխարհով մեկ հայտնի է իր մասնագիտական բարձր մակարդակով։ Ամեն տարի աշխարհի տարբեր համալսարաններից հրավիրված մասնագետները երկու շաբաթ շարունակ դասավանդում են հնդեվրոպական և ոչ հնդեվրոպական լեզուների վերաբերյալ։ 2012 թվականից ի վեր հայոց լեզվի պատմության դասընթացով հանդես է գալիս լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը։
Այս տարի ևս նա հրավիրված էր մասնակցելու՝ դասավանդելով դասընթաց, որը սկսվում է վաղնջական հայերենի և հնդեվրոպական արմատների ուսումնասիրությամբ։ Դասընթացին մասնակցեցին ուսանողներ Ամերիկայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Ավստրիայից և այլ երկրներից։ Մասնակիցներից մի մասը միացել էր առցանց։ Ըստ Մարտիրոսյանի՝ հանդիպումները անցել են բովանդակալից և հետաքրքիր քննարկումներով։
Լեյդենի դպրոցում սա նրա յոթերորդ դասավանդումն էր։ Բացի այդ՝ իր գիտական գործունեության ընթացքում նա դասավանդել և հետազոտություններ է իրականացրել Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Պավիայի, Վիեննայի, Հոկայդոյի, Բեռլինի և այլ նշանավոր գիտակրթական կենտրոններում։
Մարտիրոսյանը հատուկ նշում է, որ իր ակադեմիական կարիերայի ընթացքում որևէ սահմանափակում կամ գրաքննություն չի տեսել՝ կապված հայոց լեզվի, մշակույթի կամ պատմության վերաբերյալ իր դիտարկումների ու ուսումնասիրությունների հետ։ Նրա խոսքով՝ երբեք որևէ մեկը չի ասել իրեն չուսումնասիրել հայկական բնիկ բառապաշարը, չհիշատակել Մեծ Հայքի աշխարհագրական տարածքը, չնշել Մասիս–Արագած առանցքը՝ որպես հայկական աշխարհի պատմական կենտրոն, կամ չխոսել հայոց լեզվից այլ լեզուներին փոխանցված բառերի մասին։ Նա շեշտում է նաև, որ իր տեսակետները միշտ կարող է հիմնավորել ակադեմիական հղումներով։
Թեև երբեմն արձանագրվել են առանձին դեպքեր, երբ տարբեր հարթակներում փորձ է արվել խոչընդոտել հայագիտական ներկայացումները, Մարտիրոսյանը պարզաբանում է, որ դրանք եղել են բացառիկ դրվագներ՝ պայմանավորված քաղաքական դրդապատճառներով։ Դրանք, ըստ նրա, չեն ներկայացնում միջազգային գիտական հանրության ողջ տրամադրությունները։
Նրա նախաձեռնությամբ լուծում է ստացել նաև Լեյդենի թանգարանի քարտեզի վրա Հայաստանի անվան բացակայության խնդիրը, որն առաջին հերթին բարձրացվել էր հենց նրա կողմից։
Հրաչ Մարտիրոսյանը կարևորում է հայագիտական ոլորտում ազատ, ճշգրիտ և միջազգային մակարդակով գիտական աշխատանք իրականացնելու հնարավորությունը։ Նա շարունակում է իր գործունեությունը՝ հրապարակելով և դասավանդելով այն, ինչի ճշմարտացիության մեջ գիտականորեն համոզված է։
06.08.2025/Nid.oragir
Լուսանկարները` Հրաչ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից.





No comments:
Post a Comment