The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday, 6 October 2026

Քաղաքացիությունը՝ արժեք, թե՞ վճարովի կապ, որից դուրս գալն արժե 1,5 միլիոն դրամ



06.10.2026/Նիդ.օրագիր/Քննարկում

250 հազար՝ ներս մտնելու համար։ 1,5 միլիոն՝ դուրս գալու։

Ի՞նչ է առաջարկվում

ՀՀ ներքին գործերի նախարարությունը 2026 թվականի սեպտեմբերին հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է էապես բարձրացնել քաղաքացիության հետ կապված պետական տուրքերը։

Քաղաքացիություն ստանալու տուրքը 50 հազար դրամից նախատեսվում է դարձնել 250 հազար՝ 5 անգամ ավելի, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը՝ 150 հազարից հասցնել 1,5 միլիոն դրամի՝ 10 անգամ ավելի։

Նախատեսվող ուժի մեջ մտնելու ժամկետը՝ 2028 թվականի հունվարի 1-ն է։

Բայց այս պատմության ամենակարևոր թիվը 250 հազարը չէ։ 1,5 միլիոնն է։

Եթե սա ողջամիտ պետական տուրք է, ապա ինչո՞ւ հանրությանը չի ներկայացվում, թե ինչպես է հաշվարկվել հենց այդ գումարը։ Իսկ եթե այն կարող է վերածվել ֆինանսական պատնեշի, ապա ինչո՞ւ այդ պատնեշը պետք է կանգնի քաղաքացիության փոփոխության իրավունքի ճանապարհին։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը պարզապես անձնագիր չէ։ Այն պետության և մարդու միջև իրավական կապ է՝ իրավունքներով, պարտականություններով և պատասխանատվությամբ։

Բայց երբ այդ կապից դուրս գալու համար առաջարկվում է վճարել 1,5 միլիոն դրամ, հարցը միայն քաղաքացիության արժեքի մասին չէ։ Հարցն այն է, թե որքանո՞վ է այդ իրավունքը գործնականում հասանելի քաղաքացուն։

Ինչո՞ւ հենց 1,5 միլիոն

ՆԳՆ-ի հիմնավորմամբ՝ քաղաքացիությունը «առանձնահատուկ և կայուն իրավական կապ» է, ուստի դրա ձեռքբերումն ու դադարեցումը սովորական վարչական գործողություններ չեն։

Մի պահ համաձայնենք։

Բայց եթե քաղաքացիության ձեռքբերումն ու դադարեցումը սովորական վարչական գործողություններ չեն, ապա ինչպե՞ս է հիմնավորվում դրանց համար սահմանվող հստակ ֆինանսական գինը։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ հաշվարկով է ընտրվել հենց 1,5 միլիոն դրամը։

Նախագծի հիմնավորման մեջ չի ներկայացվում 1,5 միլիոն դրամի ձևավորման մանրամասն հաշվարկ՝ վարչական ծախսերի, աշխատաժամանակի կամ մեկ դիմումի իրական արժեքի տեսքով։

Կա քաղաքացիության՝ որպես «առանձնահատուկ և կայուն իրավական կապի» ընդհանուր հիմնավորում։ Բայց քաղաքացիության արժեքը և դրանից հրաժարվելու համար սահմանվող պետական տուրքը նույն բանը չեն։

Ի՞նչ է ասում Սահմանադրական դատարանը

ՀՀ Սահմանադրական դատարանը քաղաքացիությունը փոխելու իրավունքը դիտարկել է որպես քաղաքացիության հիմնարար իրավունքի բաղադրիչ։

Դատարանի ձևակերպմամբ՝ անձն է որոշում, թե որ պետության իրավազորության և պաշտպանության ներքո է ցանկանում լինել։

Այո՛, այդ իրավունքը բացարձակ չէ։ Պետությունը կարող է սահմանել դրա իրականացման ընթացակարգ և պայմաններ։

Բայց այստեղ առաջանում է առանցքային հարցը.

Կարո՞ղ է ընթացակարգի գինը այնքան բարձր լինել, որ իրավունքը գործնականում անհասանելի դառնա քաղաքացիների մի մասի համար։

1,5 միլիոն դրամը՝ գրեթե 32 ամսվա կենսաթոշակ

Թվերը երբեմն ավելի խոսուն են, քան իրավական ձևակերպումները։

2027 թվականի հունվարից նվազագույն կենսաթոշակը կհասնի 47 հազար դրամի։

Քաղաքացիությունից հրաժարվելու առաջարկվող վճարը՝ 1,5 միլիոն դրամ է։

Հաշվարկը պարզ է.

1,500,000 ÷ 47,000 ≈ 32 ամիս։

Այսինքն՝ մոտ երկու տարի և ութ ամիս նվազագույն կենսաթոշակ։

Պատկերացնենք տարեց քաղաքացու, որը ստանում է նվազագույն կենսաթոշակ և որոշել է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը՝ մեկ այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով։

1,5 միլիոն դրամը նրա համար պարզապես բարձր պետական տուրք չէ։ Այդ գումարը համարժեք է մոտ 32 ամսվա ամբողջ կենսաթոշակին՝ այն պայմանով, որ այդ ընթացքում նա իր կենսաթոշակից ոչինչ չծախսի։

Ուստի հարցն այն չէ միայն, թե մարդը կկարողանա՞ հավաքել այդ գումարը։

Հարցն այն է, թե որքանո՞վ է իրականում հասանելի քաղաքացիությունը փոխելու իրավունքը, եթե դրա իրականացման համար նվազագույն կենսաթոշակ ստացող քաղաքացուց պահանջվում է գրեթե երեք տարվա կենսաթոշակ։

Նոր ու հին քաղաքացիների համար կա՞ն տարբերություններ

Այստեղ կա ևս մեկ կարևոր հանգամանք։

Պատկերացնենք երկու տարբեր իրավիճակ։

Առաջին դեպքում օտարերկրյա քաղաքացին կամ սփյուռքահայը վերջերս է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և որոշ ժամանակ անց որոշել է հրաժարվել դրանից։

Երկրորդ դեպքում մարդը ծնվել է ՀՀ քաղաքացի, տասնամյակներ շարունակ ունեցել է այդ կարգավիճակը, իսկ հետագայում այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու պատճառով ցանկանում է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը։

Երկրորդ դեպքում մարդը որևէ նոր կարգավիճակ չի «վերադարձնում»։ Նա իրականացնում է իր իրավունքը։

Պետությունը կարող է ցանկանալ, որ քաղաքացիությունը չդիտարկվի որպես ժամանակավոր կարգավիճակ։ Դա հասկանալի նպատակ է։ Բայց այս երկու իրավիճակների նկատմամբ նույն՝ 1,5 միլիոն դրամանոց ֆինանսական պատնեշի կիրառումը առնվազն լրացուցիչ հիմնավորում է պահանջում։

Ի՞նչ են անում այլ երկրները

Միջազգային համեմատությունը ևս կարևոր է։

Հանրային քննարկման նյութերում որպես օրինակներ ներկայացվել են տարբեր երկրների քաղաքացիությունից հրաժարվելու վճարները.

ԵրկիրՔաղաքացիությունից հրաժարվելու վճար
Գերմանիա                  . €0.
Կիպրոս                   .€30.
Էստոնիա                . €150.
Միացյալ Թագավորություն                 .£513.
Ֆինլանդիա                .€650.
Սլովակիա              .€1,000.

ՀՀ-ում առաջարկվող 1,5 միլիոն դրամը մոտավորապես €3,500–€3,800 է՝ կախված փոխարժեքից։

Իհարկե, տարբեր երկրների իրավական համակարգերը նույնը չեն, և միայն թվերի համեմատությունը բավարար չէ իրավական եզրակացության համար։

Բայց այս համեմատությունը մեկ պարզ հարց է առաջացնում.

Ինչո՞ւ պետք է Հայաստանում քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը լինի այդքան բարձր, և հատկապես՝ ինչո՞ւ հենց 1,5 միլիոն դրամ։

«Ողջամիտ վճարի» հարցը

Եվրոպական քաղաքացիության մասին կոնվենցիայի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ քաղաքացիության հետ կապված վճարները պետք է լինեն ողջամիտ։

Կոնվենցիայի բացատրական նյութերը նաև շեշտում են, որ վճարները չպետք է օգտագործվեն մարդկանց քաղաքացիության հետ կապված իրենց իրավունքներն իրականացնելուց հետ պահելու նպատակով։

Այս չափանիշի պայմաններում 1,5 միլիոն դրամը հատուկ և համոզիչ հիմնավորում է պահանջում։

Հանրային քննարկման ընթացքում հենց այս խնդիրը բարձրացվել է։ Ներկայացված դիտողություններից մեկում առաջարկվել է 1,5 միլիոն դրամը նվազեցնել մինչև 500 հազար՝ այն ավելի համաչափ դարձնելու նպատակով։

Այդ առաջարկը հաշվի կառնվի՞։

Հիմա է պետք հստակ պատասխան պահանջել

1,5 միլիոն դրամը դեռ գործող պետական տուրք չէ։ Այն ՆԳՆ-ի ներկայացրած օրենսդրական նախագծի առաջարկն է, որը պետք է անցնի օրենքով նախատեսված ընթացակարգերը և ընդունվի Ազգային ժողովի կողմից։ Նախատեսվող ուժի մեջ մտնելու ժամկետը՝ 2028 թվականի հունվարի 1-ն է։

Այսինքն՝ հարցը դեռ բաց է։

Եվ հենց հիմա է անհրաժեշտ հանրային քննարկումը ոչ թե շրջանցել, այլ ընդլայնել։

Պետությունը պետք է հանրությանը ներկայացնի 1,5 միլիոն դրամի հստակ հաշվարկը։

Որքա՞ն են քաղաքացիությունից հրաժարվելու իրական վարչական ծախսերը։
Ինչո՞ւ է ընտրվել հենց այս չափը։
Ի՞նչ հաշվարկով է այն որոշվել։
Եվ ինչո՞վ է հիմնավորվում դրա համաչափությունը։

Այս հարցերին անհրաժեշտ են ոչ թե ընդհանուր ձևակերպումներ, այլ թվերով, փաստաթղթերով և հանրությանը հասկանալի հիմնավորմամբ պատասխաններ։

Հանրային քննարկման մասնակիցները, իրավաբանները, իրավապաշտպան կազմակերպությունները, սփյուռքի կառույցները և ՀՀ քաղաքացիները նույնպես կարող են իրենց դիրքորոշումը ներկայացնել մինչև նախագծի վերջնականացումը։

Որովհետև այստեղ խոսքը միայն 1,5 միլիոն դրամի մասին չէ։

Խոսքը քաղաքացու՝ իր իրավական կարգավիճակը փոխելու հնարավորության մասին է։

Եթե քաղաքացիությունը փոխելու իրավունքը հիմնարար իրավունք է, ապա հանրությունն իրավունք ունի ստանալու մեկ պարզ պատասխան.

Ինչո՞ւ հենց 1,5 միլիոն դրամ։

Օրենքի հեղինակներից պետք է պահանջել ոչ թե քաղաքացիության արժեքի մասին ընդհանուր բացատրություն, այլ այդ կոնկրետ գումարի ամբողջական և հաշվարկված հիմնավորումը։

Մինչև այդ հիմնավորումը ներկայացված չէ, 1,5 միլիոն դրամի ողջամտության հարցը մնում է բաց։

Քաղաքացիությունը արժեք է։ Բայց քաղաքացու իրավունքը նույնպես պետք է ունենա իրական, ոչ միայն ձևական արժեք։

Արտազ ՎԱՐԴԱՆՅԱՆ



No comments:

Post a Comment