The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 6 November 2026

ՍՓՅՈՒՌՔԻ ՁԱՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ․ Երևանը շարունակում է համահայկական երկխոսությունը

 Օր երկրորդ․ գաղափարներ, քննարկումներ և մարդկանց պատմությունները

Նոյեմբերի 6-ին Երևանը շարունակեց ապրել Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի ռիթմով։ Եթե առաջին օրը հիմնականում նշանավորվեց հանդիպումներով, ծանոթություններով և հանդիսավոր բացման արարողությամբ, ապա երկրորդ օրը գագաթնաժողովն արդեն անցավ լիարժեք աշխատանքային քննարկումների։

«Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում մեկ օրվա ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Սփյուռքի ապագային վերաբերող բազմաթիվ հարցեր՝ ժողովրդավարությունից ու անվտանգությունից մինչև տեխնոլոգիաներ, ներդրումներ, ստեղծարար ոլորտներ, առողջապահություն և բնապահպանություն։

Սակայն գագաթնաժողովի արժեքը միայն բեմից հնչող ելույթների մեջ չէ։ Միջանցքներում, դահլիճներից դուրս և ընդմիջումների ժամանակ շարունակվում էր մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր երկխոսություն․ մարդիկ ծանոթանում էին, պատմում իրենց համայնքների մասին, նոր կապեր ստեղծում և փորձում հասկանալ, թե ինչպես կարելի է Սփյուռքի ներուժը վերածել իրական համագործակցության։

Պաշտոնական բացում․ Հայաստան–Սփյուռք օրակարգը՝ աշխատանքային դաշտում

Երևանի «Մերիդիան» կենտրոնում տեղի ունեցավ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպվող Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստը։

Բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ժամանած մասնակիցներ ու պատվավոր հյուրեր։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, բանախոսներին և պատվավոր հյուրերին՝ Հայաստան–Սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու համահայկական օրակարգի ձևավորմանն ուղղված քննարկումներին իրենց ներգրավվածության համար։

Նա կարևորեց գագաթնաժողովը՝ որպես Հայաստանի և Սփյուռքի միջև երկխոսության ամրապնդման, համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման և համատեղ նախաձեռնությունների խթանման հարթակ։

Նիկոլ Փաշինյան․ «Իրական Հայաստան»

Պաշտոնական բացմանը հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր բանախոսությունը։

Վարչապետը ողջունեց գագաթնաժողովի մասնակիցներին և ներկայացրեց «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը՝ անդրադառնալով Հայաստանի ապագայի վերաբերյալ իր պատկերացումներին։

Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ներկաների հարցերին։

Այս հատվածը ևս մեկ անգամ ցույց տվեց գագաթնաժողովի հիմնական առանձնահատկություններից մեկը․ այստեղ ոչ միայն խոսում են, այլև հնարավորություն են ստեղծում հարցեր ուղղելու և տարբեր տեսակետներ ներկայացնելու համար։

Գագաթնաժողովի հիմնական նպատակներից է քննարկել Հայաստան–Սփյուռք հարաբերությունների օրակարգային առանցքային հարցերը, ընդլայնել Հայաստանի և Սփյուռքի բազմակողմ համագործակցությունը, ներգրավել Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման գործընթացներում և ստեղծել փոխգործակցության նոր հնարավորություններ։

«Առաջիկա քայլերի ուրվագծում»

Երկրորդ օրվա աշխատանքային քննարկումները շարունակվեցին «Առաջիկա քայլերի ուրվագծում» ընդհանուր խորագրի ներքո։

Առաջին կարևոր թեմաներից մեկը «Ժողովրդավար Հայաստան․ առաջընթացի նոր մտածողություն» պանելային քննարկումն էր։

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» տնօրեն Նաիրա Սուլթանյանը, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը, «Ալիք Մեդիա» Հայաստան և Վրաստան կազմակերպության հիմնադիր և գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, ինչպես նաև «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Քննարկումը վարեց լրագրող և հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը։

Տեխնոլոգիաներ․ Հայաստանը՝ զարգացման նոր հնարավորությունների առաջ

Օրվա հաջորդ կարևոր թեմաներից էր «Հայաստանը՝ տեխնոլոգիական զարգացման ազդեցության առանցքում» պանելային քննարկումը։

Այստեղ քննարկման կենտրոնում տեխնոլոգիական զարգացումն էր և դրա ազդեցությունը Հայաստանի ապագայի վրա։

Բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հակոբ Արշակյանը, «La French Tech Yerevan»-ի և G2IA կազմակերպության նախագահ, Apricot Labs-ի համահիմնադիր և Ֆրանսիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Պեդրոս Ասթուրյանը։

Քննարկումը վարեց Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի՝ BANA-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։

Հայաստանը՝ տարածաշրջանային կապերի հանգույց

Հաջորդ քննարկումը նվիրված էր «Հայաստանը՝ տարածաշրջանային կապակցվածության և գլոբալ հաղորդակցությունների հանգույց» թեմային։

Բանախոսների թվում էին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, PMCG ընկերության ավագ խորհրդական Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ-ում գործող Քուինսիի պատասխանատու պետական կառավարման ինստիտուտի Եվրասիայի ծրագրի հետազոտող Արտին Տեր-Սիմոնյանը։

Քննարկումը վարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գործընկերության և զարգացման ֆինանսավորման խորհրդական Արևիկ Անափիոսյանը։

Խաղաղություն և անվտանգություն

Հայաստանի և տարածաշրջանի ապագայի մասին խոսակցությունը չէր կարող շրջանցել խաղաղության և անվտանգության թեման։

«Խաղաղություն և անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողություններ» խորագրով քննարկմանը մասնակցեցին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, ռազմական փորձագետ և ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը, ինչպես նաև «Հայկական խորհուրդ» հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ, քաղաքագետ և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համահիմնադիր Նարեկ Մինասյանը։

Քննարկումը վարեց «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էլեն Հոխիկյանը։

Գործարարություն և ներդրումներ․ խոսքից դեպի հնարավորություն

Գագաթնաժողովի աշխատանքային օրակարգում առանձնահատուկ տեղ ուներ նաև տնտեսական համագործակցությունը։

«Գործարարության և ներդրումների համագործակցության հարթակ» թեմայով բանախոսության և կլոր սեղան-քննարկման ընթացքում ներկայացվեցին ներդրումային և գործարար համագործակցության հնարավորությունները։

Բանախոսներն էին «Դոմեն Ջաբուրյան» գինեգործարանի հիմնադիր-տնօրեն Անահիտ Ջաբուրիանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Արամ Վարդանյանը, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս, միջազգային շուկաների և թվայնացման ոլորտի մասնագետ, բիզնես ռազմավար Փիրուզա Հարությունյանը։

Երբ մշակույթը դառնում է կամուրջ

Գագաթնաժողովում առանձնահատուկ շունչ ուներ նաև ստեղծարար ոլորտներին նվիրված քննարկումը։

«Ստեղծարար ոլորտների համագործակցության հարթակ» թեմայով պանելային քննարկմանը մասնակցեցին ֆրանսահայ կինոռեժիսոր և իլյուստրատոր Զավեն Նաջարը, ֆրանսահայ անիմացիոն ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Շառլի Սանսոնետին, ինչպես նաև ձայնային պրոդյուսեր, ձայնագրությունների արխիվագետ և «Analog Armenia» նախագծի հիմնադիր Օլիվիա Մելքոնեանը։

Քննարկումը վարեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր ու տնօրեն Վրեժ Քասունին։

Առողջապահություն․ մասնագիտական ներուժը՝ ընդհանուր նպատակին

«Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո անցկացվեց նաև «Առողջապահության ոլորտի համագործակցության հարթակ» շրջանաձև քննարկումը։

Այն մեկ սեղանի շուրջ համախմբեց Հայաստանի, Սփյուռքի և միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչների։

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Շահանե Մնացականյանը, իրանահայ բժիշկ, Իրանի հայ բժշկական միության վարչության քարտուղար Ռուբիկ Սարդարյանը, Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայում Մոնտեվիդեոյի դեպարտամենտը ներկայացնող «Ազգային կուսակցության» ներկայացուցիչ Խոսե Լուիս Սաջյանը, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի նախագահ և հիմնադիր Սալփի Ակարագեանը և «Վիվա» հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը։

Քննարկումը վարեց Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը։

Օրվա վերջում՝ բնապահպանական օրակարգ

Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքային օրը եզրափակվեց հատուկ բանախոսությամբ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդես եկավ «COP17. Հայաստանը՝ գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոնում» թեմայով հատուկ բանախոսությամբ։

Քննարկվեց Հայաստանի դերակատարությունը գլոբալ բնապահպանական օրակարգում և COP17-ի նշանակությունը։

Այսպիսով, երկրորդ օրվա օրակարգը մեկ ընդհանուր պատկեր էր ձևավորում՝ ժողովրդավարություն, անվտանգություն, տեխնոլոգիաներ, տնտեսական զարգացում, մշակույթ, առողջապահություն և բնապահպանություն։

Բայց այդ մեծ թեմաների կողքին շարունակվում էր մեկ այլ՝ մարդկային մակարդակի Հայաստան–Սփյուռք երկխոսությունը։

Դահլիճներից դուրս՝ Սփյուռքի իրական ձայնը

Մեր Հայաստանյան թղթակից Նաիրա Գասպարյանը երկրորդ օրը ևս շարունակեց իր հանդիպումները գագաթնաժողովի մասնակիցների հետ։

Եվ այստեղ արդեն պաշտոնական օրակարգի կողքին հայտնվեցին մարդկանց անձնական պատմությունները, համայնքային աշխատանքի փորձը և հայրենիքի մասին նրանց պատկերացումները։


Կիպրոսից Երան Կույումջյանը «Նոր խոսք» ամսագրի խմբագրի իր երկարամյա աշխատանքով դարձել է Կիպրոսի հայության ազգային-մշակութային կյանքի յուրօրինակ տարեգիրը։

Նրա գործունեության հիմքում հայեցի կրթության, հայկական դպրանոցների և մշակութային ժառանգության պահպանման մտահոգությունն է։ Տիկին Կույումջյանի համոզմամբ՝ Սփյուռքում հայության առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել անկեղծ միասնականության, վերկուսակցական մոտեցումների և համազգային շահերի շուրջ համախմբվելու միջոցով։

Նույն գաղափարի մեկ այլ դրսևորում էր Քյոլնից իրաքահայ Արա Վարտանեանի խոսքը։

Նա ամբողջ սրտով հայրենիքի հետ է և համոզված է, որ նման գագաթնաժողովների կարևոր արդյունքներից մեկը մարդկանց միմյանց ճանաչելու հնարավորությունն է՝ հետագայում միասին հայրենիքի բարօրության համար գործելու նպատակով։

Նրա համոզմամբ՝ հայը գիտության և կրթության ձգտող ժողովուրդ է, և եթե մարդը կարողանա հույսը առաջին հերթին իր աշխատանքի ու սեփական կարողությունների վրա դնել, անպայման կարող է հասնել արդյունքի։

Բելգիայից Ալեք Քայլաջեանը ավելի զուսպ, բայց հետաքրքիր դիտարկում արեց․ այս պահին գուցե դժվար է գնահատել գագաթնաժողովի արդյունքները, սակայն, նրա համոզմամբ, որոշ ժամանակ անց դրանք պետք է դառնան շոշափելի։

Երբ երաժշտությունը նույնպես դառնում է հայրենիք

Գագաթնաժողովի մարդկային հանդիպումների շարքում առանձնահատուկ էր նաև Իլտա Սիմոնյանի հետ զրույցը։

Երգչուհին ուրախ է այն հնարավորության համար, որը գագաթնաժողովը տալիս է իր ստեղծագործական գործունեության մասին հայրենիքում պատմելու համար։

Ամստերդամում գործող Grung Foundation-ի միջոցով իրականացվող իր աշխատանքում նա հայկական երաժշտությունը դիտում է ոչ միայն որպես արվեստ, այլև որպես երիտասարդ սերնդի հայեցի ինքնության պահպանման միջոց։

Նրա համար երաժշտությունը ևս մի կամուրջ է՝ Սփյուռքից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Սփյուռք։

Լևոն Էսքենիանն է Իլտա Սիմոնեանի հետ

Գյուրջիևի երաժշտությունից մինչև հայկական մշակույթի համաշխարհային բեմ

Երկրորդ օրվա հանդիպումներից առանձնացավ նաև աշխարհահռչակ երաժիշտ և դիրիժոր Լևոն Էսքենյանի ներկայությունը։

Նրա անունը համաշխարհային մշակութային դաշտում առաջին հերթին կապվում է փիլիսոփա, կոմպոզիտոր և հոգևոր ուսուցիչ Գեորգի Գյուրջիևի երաժշտական ու գաղափարական ժառանգության ուսումնասիրության և ներկայացման հետ։

Էսքենյանի ղեկավարած «Գյուրջիև» համույթը Գյուրջիևի երաժշտությունը ներկայացնում է միջազգային ամենահեղինակավոր բեմերում, իսկ նրա աշխատանքը միավորում է երաժշտությունը, ավանդական գործիքների հնչողությունը, պատմամշակութային համատեքստը և ժամանակակից բեմական ներկայացումը։

Նրա գործունեության կարևոր ուղղություններից է Գյուրջիևի երաժշտական ժառանգության վերականգնումը՝ այն վերադարձնելով հայկական, կովկասյան և Մերձավոր Արևելքի ավանդական երաժշտական հնչողություններին։

Այսպիսի մարդկանց ներկայությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Սփյուռքի ներուժը միայն քաղաքական կամ տնտեսական չէ։

Այն նաև մշակույթ է, երաժշտություն, գիտություն, ստեղծագործություն և աշխարհին հայկական արժեքները ներկայացնելու կարողություն։

Իռլանդիայից՝ ևս մեկ մշակութային կամուրջ

Երկրորդ օրվա հանդիպումների շարքում ուշագրավ էր նաև Արտյոմ Ղարաջյանի գործունեության մասին զրույցը։

Իռլանդիայում նրա նախաձեռնությունները դուրս են սովորական համայնքային աշխատանքի շրջանակներից և վերածվում մշակութային երկխոսության։

Նրա կարևոր նախագծերից է հայ-իռլանդական երկլեզու պարբերականը, որը միաժամանակ նպաստում է Սփյուռքում ապրող հայ երիտասարդների մայրենի լեզվի պահպանմանը և իռլանդական հասարակությանը Հայաստանի ու հայ մշակույթի ներկայացմանը։

Հայկական և իռլանդական պատմական ու մշակութային զուգահեռները, երկու ժողովուրդների ինքնության պահպանման փորձը և տարբեր մշակույթների միջև երկխոսությունը պարբերականին տալիս են առանձնահատուկ նշանակություն։

Այստեղ ևս նույն գաղափարն է՝ Սփյուռքը ոչ միայն պահպանվող ինքնություն է, այլև ստեղծվող կամուրջ։

Երկրորդ օրվա ավարտին

Նոյեմբերի 6-ը ցույց տվեց, թե որքան լայն է Հայաստան–Սփյուռք համագործակցության հնարավոր դաշտը։

Ժողովրդավարություն, տեխնոլոգիաներ, անվտանգություն, տարածաշրջանային կապեր, ներդրումներ, ստեղծարար ոլորտներ, առողջապահություն, բնապահպանություն։

Բայց այս ամենի հիմքում, ի վերջո, մարդն է։

Այն մարդը, ով գալիս է Հայաստանից, կամ ապրում է Կիպրոսում, Նիդերլանդներում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում և աշխարհի այլ երկրներում, բայց շարունակում է իրեն տեսնել հայության ընդհանուր պատմության ու ապագայի մի մաս։

«Նիդերլանդական Օրագիրն» իր Հայաստանյան թղթակցի միջոցով շարունակում է հենց այդ մարդկանց ձայնը բերել ընթերցողին։


Ոչ միայն պաշտոնական ամբիոններից հնչող խոսքերը, այլև այն մտքերը, որոնք ծնվում են հանդիպումների ժամանակ։

Ոչ միայն որոշումների մասին տեղեկությունը, այլև մարդկանց սպասումները։

Ոչ միայն գագաթնաժողովի օրակարգը, այլև այն, թե ինչ է մտածում, ինչ է ուզում և ինչի է պատրաստ Սփյուռքի հայը։

Երևանը դեռ շարունակում է մնալ համահայկական երկխոսության կենտրոն։

Առջևում գագաթնաժողովի աշխատանքային օրակարգի նոր քննարկումներ են, նոր հանդիպումներ և նոր պատմություններ։

«Նիդերլանդական Օրագիրը» շարունակում է հետևել դրանց։

Սփյուռքի ձայնը Հայաստանից։
Եվ Հայաստանի ձայնը՝ դեպի Սփյուռք։



Կարինե Քլյան․ իմ ուղերձը Հայաստան–Սփյուռք հարաբերությունների մասին

«Նիդերլանդական Օրագրի» 5 հարցերը՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի մասնակցին

Զրուցակիցը

Կարինե Քլյան — Նիդերլանդներ

Ես Կարինե Քլյանն եմ՝ կլինիկական նուտրիցիոլոգ (սննդաբան)։ Կրթությունս ստացել եմ Նիդերլանդներում։ Մասնագիտական ուղիս սկսել եմ որպես դատական թարգմանչուհի Նիդերլանդներում, այնուհետև ավարտել եմ սոցիալ-իրավաբանական ծառայությունների բաժինը և աշխատել քաղաքապետարանում։

Միշտ ակտիվ եմ եղել հասարակական և քաղաքական կյանքում։ Ընտրվել եմ Նիդերլանդների Դե Բիլթ քաղաքի ավագանու անդամ՝ VVD լիբերալ կուսակցությունից։ Հինգ տարի զբաղվել եմ միջազգային կապերով և միջոցառումների կազմակերպմամբ։

Կազմակերպել եմ տարբեր մշակութային միջոցառումներ, որոնց մասնակցել են հայ արտիստներ և թատերախմբեր, այդ թվում՝ Նարեկ Դուրյանն իր խմբով։ Ակտիվորեն համագործակցել և աջակցել եմ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությանը։

1. Ի՞նչ ակնկալիքներով եք մասնակցում այս գագաթնաժողովին, և ի՞նչ կցանկանայիք, որ փոխվեր դրա արդյունքում։

Գագաթնաժողովին մասնակցելու իմ հիմնական նպատակներից էր ավելի լավ ճանաչել այսօրվա Հայաստանը՝ հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում, ինչ կարիքներ ու առաջնահերթություններ ունի երկիրը, և ինչ կարող է Հայաստանն առաջարկել Սփյուռքին ու Նիդերլանդների Թագավորությանը։

Ինձ հետաքրքրում է նաև, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության համար։

Ինձ համար կարևոր էր հանդիպել նոր մարդկանց, լսել նրանց փորձն ու գաղափարները և գտնել համագործակցության ուղիներ։ Միաժամանակ հույս ունեմ, որ Հայաստանը տարեցտարի կզորանա և կզարգանա՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որ Սփյուռքի ավելի շատ հայեր ցանկանան վերադառնալ և իրենց գիտելիքներով, փորձով ու աշխատանքով մասնակցել երկրի ապագայի կերտմանը։

Կցանկանայի, որ գագաթնաժողովի ընթացքում հաստատված կապերը շարունակվեին նաև հետագայում և վերածվեին գործնական, երկարաժամկետ նախաձեռնությունների։

2. Ձեր կարծիքով՝ այսօր ո՞րն է Հայաստան–Սփյուռք հարաբերությունների ամենակարևոր խնդիրը։

Կարծում եմ՝ կարևոր խնդիրներից մեկը փոխադարձ վստահության և շարունակական, գործնական համագործակցության պակասն է։

Սփյուռքի ներուժը մեծ է, բայց այն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ են հստակ նպատակներ, բաց երկխոսություն և տեսանելի արդյունք ունեցող ծրագրեր։

3. Ի՞նչ կարող է անել Սփյուռքն այսօր Հայաստանի համար, և ի՞նչ եք ակնկալում Հայաստանից՝ Սփյուռքի ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու համար։

Սփյուռքը կարող է Հայաստանին աջակցել իր մասնագիտական գիտելիքներով, միջազգային կապերով, ներդրումներով ու մշակութային գործունեությամբ, ինչպես նաև Հայաստանի մասին տեղեկությունը տարածելով տարբեր երկրներում։

Ակնկալում եմ, որ Հայաստանը հստակ կներկայացնի իր կարիքներն ու առաջնահերթությունները, կստեղծի Սփյուռքի մասնագետների հետ համագործակցելու կայուն ուղիներ և կաջակցի այն նախաձեռնություններին, որոնք կարող են երկարաժամկետ արդյունք տալ։

4. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի արտերկրում ծնված ու մեծացած հայ երիտասարդները պահպանեն իրենց կապը Հայաստանի, հայոց լեզվի և ազգային ինքնության հետ։

Այդ կապը պետք է պահպանել ընտանիքի, համայնքի և կրթության միջոցով։

Կարևոր են հայերենի մատչելի դասընթացները, մշակութային ու կրթական միջոցառումները, երիտասարդական փոխանակման ծրագրերը և Հայաստան այցելելու հնարավորությունները։

Երիտասարդներին պետք է հնարավորություն տալ անձամբ ճանաչելու Հայաստանը, շփվելու հասակակիցների հետ և մասնակցելու համայնքային կյանքին։ Այդ կապը պետք է լինի բնական, ջերմ և նրանց համար իմաստալից։

5. Եթե Հայաստանի իշխանություններին և Սփյուռքի կառույցներին մեկ ուղերձ փոխանցելու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կասեիք նրանց։

Իմ ուղերձն է՝ լսել միմյանց, գործել վստահությամբ և համագործակցությունը կառուցել երկարաժամկետ նպատակների շուրջ։

Սփյուռքը պետք է դիտարկել որպես Հայաստանի հետ ընդհանուր ապագա կերտող գործընկեր։

Միասին կարող ենք ստեղծել ավելի ուժեղ Հայաստան և այնպիսի ապագա, որին Սփյուռքի ավելի շատ հայեր կցանկանան վերադառնալ։

«Նիդերլանդական Օրագրի» արձագանքը
Նաիրա Գասպարյան, «Նիդերլանդական Օրագրի» թղթակից

Հրաշալի է, սիրելի՛ Կարինե։ Դուք նշեցիք ամենակարևոր պայմաններից մեկը՝ առանց փոխադարձ վստահության հնարավոր չէ իրական համագործակցություն։

Եթե Հայաստանը կարողանա ամուր կանգնել սեփական ոտքերի վրա և ստեղծել զարգացման ու արժանապատիվ կյանքի կայուն պայմաններ, ապա հայության վերադարձի ցանկությունն, անկասկած, ավելի մեծ հնարավորություն կունենա իրականություն դառնալու։

Ինձ հատկապես հիացնում է այն հանգամանքը, որ Սփյուռքի մասնագետներն այսօր ակտիվորեն փնտրում են գիտելիքների, փորձի և հնարավորությունների փոխանակման նոր ուղիներ։

Կարծում եմ՝ Սփյուռքը և Հայաստանը պետք է դիտարկվեն որպես մեկ ընդհանուր ապագա կերտող ամբողջություն, որտեղ յուրաքանչյուր մասն իր գործառույթն ու պատասխանատվությունն ունի։

Շնորհակալություն Ձեզ՝ այս կառուցողական դիրքորոշման և Հայաստան–Սփյուռք համագործակցության նկատմամբ Ձեր վերաբերմունքի համար։

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր արդյունավետ նախաձեռնություններ։













No comments:

Post a Comment