The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 24 December 2018

Ամատունիների շառավիղները

Դեկտեմբերի 25-ը ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է:«Սուրբ Տրդատ Մեծի ասպետական միաբանություն» կազմակերպության տոնացույցով 424 թվականի այդ օրը` Սահակ Պարթևը Պարսկական թագավորական դիվանում հայտնաբերվել է Հայոց Արքունական Գահնամակի բնօրինակը:

«Նիդերլանդական օրագրի» նախագծի շրջանակներում շարունակում ենք պատմել Ամատունիների մասին
 Նախորդ հոդվածը`
Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին
_________________

Ամատունիների նախարարական տոհմի
 նշանակը՝ հաստատված՝ Վրաց Հերակլ Բ
թագավորի կողմից՝ 1784 թ-ին հունվար 1-ի
հրովարտակով ևշնորհված իշխան
 Պետրոս ԱզարյանԱմատունուն
 (Զինանշանի հեղինակ՝ Սուրբ
Տրդատ Մեծի ասպետական
միաբանություն, 2016 թիվ):
 Ամատունիների շառավիղները 

Հայոց պատմության մութ ու լուսավոր խորշերից առանձնակի պայծառությամբ ու շեշտադրությամբ փայլատակում ու առանձնանում է ազնվական ծագում ունեցող ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐԻ տոհմը:
Ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են հասնում նրանց շառավիղները...
ԱՄԱՏՈՒՆԻՆԵՐ: Որքան էլ պատմական տվյալները ժլատ լինեն, այնուամենայնիվ Ամատունիների մասին մեզ հասած տեղեկությունները խորհելու, վերլուծելու և հետագա եզրահանգումների տեղիք են տալիս, Այս տոհմը ներկայացնողներն աչքի են ընկնում իրենց բացառիկ ընդունակություններով, կողմնորոշվելու ու խելացի որոշումներ ընդունելու ունակաությամբ:Ովքե՞ր են Ամատունիները Նրանց մասին հայկական սովետական , Վիքիպեդիա ինտերնետային և այլ հանրագիտարաններում կարող ենք կարդալ հետևյալը՝ արիական ծագում ունեցող հայ նախարարական հնագույն տոհմ. ԱՐՏԱԶ գավառը Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթներից է:  Հայոց արքունիքում ունեցել են ազդեցիկ դիրք , վարել են հազարապետության պաշտոնը։ Զորանամակում Ամատունիների զորաբաժինը չի հիշատակվում։ Ըստ Մովսես խորենացու՝ «Հայոց Ամատունի նախարարությունը դրանք բնիկ հրեաներ են, որ եկել են արյաց երկրից, մի ոմն Մանուից, որը մի ուժեղ մեծահասակ որդի ուներ, Սամսոն անունով, ինչպես հրեաների մեջ սովորություն կա՝ նախնիների անունները դնել ըստ հույսի: Եվ այս ճշմարիտ է, ինչպես այժմ էլ նկատվում է Ամատունիների սերնդի մեջ, որ նրանք հաղթանդամ, վայելչակազմ և ուժեղ մարդիկ են, պատշաճ ամեն բանում: Սրանք տարածված են եղել Արշակի ձեռքով, որ պարթևական ցեղից առաջինը թագավոր դարձավ, և առաջադիմելով Պարսկաստանում է՛լ առավել պատվի հասան: Իսկ թե ինչ պատճառով նրանք մեր երկիրը եկան՝ չգիտեմ, միայն թե Արտաշեսից պատիվներ են գտնում գյուղերով ու դաստակերտներով և կոչվում են Ամատունիներ, այսինքն՝ եկվորներ»։  (Պատմություն Հայոց, Վենետիկ, 1881, էջ 288-289)
Թովմա Արծրունին գրում է՝ «Իսկ զանուն քաղաքին կոչեցին Արտամատ, որ թարգմանեալ ստուգաբանի Արտաշէսի ձեռակերտ կամ թէ Արտաշէսի եկք, զի ըտ պարսիկ ձայնի Մատ եկք թարգմանի»: (Պատմություն Արծրունեաց, Կ.Պ., 1852, էջ 57)
Զարմանալին այն է, որ Խորենացին ԱՀՄԱՏԱՆ-ի նմանությունից չի ստուգաբանում նրանց անվան ծագումը, որը Ղուկաս Ինճիճյանի (1758-1833) համաձայն հնարավոր է (Հնախօսութիւն, Բ., էջ 164, ծն. 1): Կամ նույնիսկ չի բխեցնում ՄԱՆ բառից:
Ըստ Բարսեղ Սարգիսյանի (1852-1921), Մովսես Խորենացու «հնարագիտութիւնն» է Ամատունիների հրեական ծագումը: Այն միտված է ընդունելու թե «ի ժամանակս Տիգրանայ հանդիպեցաւ նոցա մուտքն ի Հայս ...» (Ագաթանգեղոս եւ իր բազմադարեան գաղտնիքը, Վենետիկ, 1890, էջ 89):
Գրիգոր Ղափանցյանը (1887-1957) գրում է՝ «Խոռից Խորենացին կազմում է Խոռխոռունի նախարարությունը, այսինքն պիտի ընունենք, որ այդ ազդեցիկ իշխանությունը խուռիական ծագում ունի, ինչպես Մանդակունիները Manda ցեղից, Սլկունիները Sale ցեղից (Salak և Malak անուններից), Ամատունիները Mada (Մեդացի) ցեղից և այլն» (Պատմութիւն Ուրարտուի, Երևան, 1940, էջ 34-35):
Ամատունիները կարող են նաև «ուրարտական» սերունդ լինել: Բասմաջյանը Ամատունին նույնացնում է Ամադանի հետ, իսկ ուրիշները Շամատուանի հետ (Նիկոլսկի):
Ն. Ադոնցը նրանց անվան ծագումը կապում է Հերոդոտոսի հիշատակած մատիեններ ցեղանվան հետ։ Բազմաթիվ հետազոտողներ Ամատունի ազգանվան ծագումնաբանությունը հետևյալ կերպ են ներկայացնում՝ Ամո - վերածնունդ և տուն (ծուխ, տուն , օջախ): Այսպիսով ազգանվան հիմքում կա բարձր տան ներկայացուցիչ, նախարար, ազնվական բացատրությունը:

3-րդ, 4-րդ դարերից հայտնի է Օտա Ամատունի իշխանի անունը: Նրա ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են: Տրդատ Գ թագավորի բացակայության ժամանակ պաշտպանել է Անի բերդը, ինչպես նաև արքունի բոլոր գանձերը, Անահիտի և Արամազդի ոսկյա արձանները։ Խոսրով Բ Մեծի սպանությունից հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը, Պարսից կոտարծից փախցրել և խնամել է Խոսրով Բ-ի դստերը՝ Խոսրովիդուխտին: Իսկ երբ Տրդատ Գ-ն հաստատվել է գահին, Օտա Ամատունին նշանակվել է նախարարապետի պաշտոնին։ Ըստ Ագաթանգեղոսի` «...Թագավորի վախեցած քույրը եւ մյուս մերձավորները վերջ ի վերջո խորհրդակցում են եւ որոշում Օտա անունով ավագ նախարարին ուղարկել Արտաշատ` Գրիգորիսին բանտից հանել-բերել»: Խոսքը Գրիգոր լուսավորիչի մասին է, երբ քրիստոնեա ապստամբները ճնշում են գործադրել Տրդատ Գ Մեծ թագավորի վրա:
Վարկած կա, և դա մասնավորապես հաստատում են Օտյան առանձնահատուկ ազգանվան կրողները, որ իրենց գերդաստանի ակունքները գալիս են Օտա Ամատունուց: Այս ընտանիքից են սերում Գրիգոր Օտյանը, երկիծաբան Երվանդ Օտյանը և էլի շատ ուրիշ անվանի մարդիկ:

Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» գրքից տեղեկանում ենք. Սանեսան թագավորի զորքերի դեմ (336թ) Օշականի ճակատամարտում Ցլու գլուխ կոչվող բլրի մոտ տարած հաղթանակի առթիվ Հայաստանի Խոսրով Գ Կոտակ թագավորը, որն ստիպված հեռացել էր Կոգովիտ գավառի Դարույնք բերդը, փայլուն հաղթանակից հետո Ամատունի իշխան Վահանին է նվիրում Օշականը, որն այնուհետև Ամատունիների ավանդական նստավայրը դարձավ: Եվ ընդհանրապես Օշականը Ամատունիների համար այն բնակավայրն է, որ համեմատաբար անապական է մնացել, չի ասպատակվել օտար նվաճողների ավերվածություններից, հետևաբար հանդիսացել Ամատունիների շառավիղների մի ճյուղի պահպանման լավագույն նախապայմանը, ինչին դեռ կանրադառնանք:
Օշականը Դիդի կոնդ կոչվող բարձրունքից:Այստեղ է
 թաղված վարդապետ Սահակ Ամատունին

IV դ. վերջերին հիշատակվում է Պարգև Ամատունի իշխանի անունը, որը համագործակցելով Շավարշ Կամսարականի հետ, փորձում էր պարսից գերությունից ազատել Հայաստանի  Խոսրով Դ.  թագավորին: փորձը ձախողվում է Սասանյան պարսից Արտաշիր թագավորը Ամատունուն և Կամսարականներին հայրենական գահից իջեցրեց կրտսեր նախարարների կարգը։
Վահան Ամատունու շառավիղից, հաւանաբար` թոռը, Վահան Բ. Ամատունի իշխանը, որ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր , հայտնի իր իմաստութեամբ, խոհեմութեամբ եւ արժանիքներով իր ուսուցիչ Սեսրոպ Սաշտոցի դին էջմիածնից տեղափոխում է Օշական՝ նրա գերեզմանի վրա կառուցում կենտրոնագմբեթ եկեղեցի-դամբարան։ 439-ին Մաշտոցի վախճանվելուց հետո Վէճ ծագեց թէ ո՞ւր պիտի հանգչի վարդապետի մարմինը: Մեծ հեղինակություն վայելող Վահան իշխան Ամատունին կարողացավ բոլորին համոզել , որ Մաշտոցին տեղափոխեն իր նստավայր Օշական: 442-ին իշխանը նրա գերեզմանին կառուցում է գմբեթաւոր կլոր եկեղեցի: Ինքը' Վահան Ամատունին, Օշականում բնակվող իր հարազատներին կտակում է իրեն թաղել Մաշտոցի շիրիմից 40 բազուկ հեռավորությամբ:
Իշխան Վահան Ամատունու գերեզմանը(5-րդ դար, հուշակոթողը տեղադրվել է 1880թ.)


Ավարայրի պատերազմից առաջ, երբ պարսից Հազկերտ շահը փորձեց հայ ժողովրդի վզին փաթաթել զրադաշտականությունը , Տիզբոն գնացող նախարարների մէջ էր Վահան Ամատունի Հայոց Հազարապետը, որը մերժեց պարսից շահի ստորացուցիչ առաջարկը: Արտաշատում հրավիրված հատուկ ժողովովում Վահան Ամատունին վերհաստատվում է , որպես հազարապետ: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք

Հայերեն տառերի հուշարձան Օշականում
հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով, հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը: Պարսիկները ներխուժեցին Հայկական տարածք իշխան Առանձար Ամատունին հետախուզեց հակառակորդի տեղաշարժերը, զորքերի քանակը, կազմը և դիրքավորումը, ապա 2000 մարտիկով դարանակալեց և ոչնչացրեց շրջակա հայկական բնակավայրերն ասպատակող պարսկական զորամասը, իսկ մնացածներին հալածեց մինչև նրանց զորաճամբարը:

Առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու
 քանդակը

VI-ից – VII դարերի Պտղնի գյուղում գտնվող վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական անզուգական ու եզակի` Պտղավանք հուշարձանից,  հայտնի է դառնում, որ այն կառուցել է իշխան Մանուել Ամատունին, պատկերաքանդակներից  մեկը փորագրված է «ՄԱՆՈԻԵԼ ԱՄԱՏՈԻՆԵԱՑ ՏԵՐ» մակագրությամբ։
Մի կողմ թողնելով կիսավեր այս կառույցի եզակի ու վեհաշուք ճարտարապետական ոճին անդրադառնալը, նշենք, որ այն հարուստ է  բարձրարվեստ զարդաքանդակներով ու

Նիզակով մենամարտող Սահակ Ամատունին
պատկերաքանդակներով: Եզակի են  հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասում, առյուծին նետահարող, ձի հեծած Մանուել Ամատունու քանդակը, իսկ զարդակամարի աջ  մասում`առյուծի հետ նիզակով մենամարտող Սահակ Ամատունին ՝  Մանուելի որդին: Ուշագրավ է  նաև հարավային շքամուտքի կամարի կենտրոնում, մեդալիոնի մեջ Աստվածածնի պատկերաքանդակը` երկու կողքերին հրեշտակներով, սափորների քանդակաշարը և արմավենու ծառի տակ նստած առյուծի քանդակը: Շատերն այն նույնացնում են  Աստվածաշնչի Դանիելի` գբում պահվող առյուծներին: Այստեղ մեկ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել, որ ամատունիների իշխանական նշանակում (գերբում) առկա են թե արմավենին և թե խոցվող առյուծը, որ հզոր, բայց պարտվող թշնամու  խորհրդանիշ է: Այս տեսանկյունով Պտղավանքի հիշյալ խորհրդանիշերը տարբերվում են մյուս վայրերի հին հուշարձանների զարդաքանդակներում պատկերվածներից:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ Գարեգին Հովսեփյանը մանրամասն վերլուծել է այս արձանագրությունը և  իմի բերել Պտղնավանքի և Ամատունյաց տոհմի մասին եղած տեղեկությունները  գրել է.

«Հինգերորդ դարի վերջում և 6-ի սկզբում Ամատունեաց նահապետն էր Մանդեն,որ մասնակից էր   Բաբկեն  կաթողիկոսի ժողովին, 505 թվին։ Այնուհետև Ամատունի իշխանի հիշատակություն չունենք մինչև 6-րդ դարի վերջը, երբ հանդես է գալիս Կոտիտ Ամատունեաց տէրը, որը պետք է ապրեր 590- 600 թթ  հետո։  Պատկերաքանդակին հիշատակված Մանուել Ամատունեաց տերը պետք է ապրեր 510—590 թվերի մեջ»: 
Պտղավանքի պատերից մեկի վրա քանդակած  ամատունիների իշխանական նշանակի (գերբի) առկա
արմավենին և խոցվող առյուծը
Գիրք թղթոցի  552-53 թվականի մի այլ վավերականում  Ներսես Բ-ի միաբանական թղթին  ստորագրում են մի շարք իշխաններ, ոմանք իրենց տոհմական, և ոմանք միայն հայրանունով։  Դրացանից մեկը` «Սահակ   Մանուելյան», որին պիտի համարել տաճարի հիմնադրի որդին։ 
Այս հավանական ենթադրությունների և տվյալների վրա Պտղավանքի շինության ժամանակր ենթադրվում է 6-րդ դարի երկրորդ քառորդը` Մանուել Ամատունեացին համարելով Մանդենի որդին, իսկ Կոտիտին  Սահակ   Մանուելի Ամատունու որդին:
Մեր ժամանակների համշենյան պատկեր
Ըստ հայ պատմիչ Ղեւոնդի տեղեկության` 789-ին, արաբական հալածանքներից խույս տալով, 12 հազար հայ` տղամարդ, կին եւ երեխա, Ամատունեաց տոհմի նախարար Շապուհի եւ նրա որդի Համամի գլխաւորութեամբ` այլ հայ նախարարների եւ իշխանների, նաև` նրանց հեծելազորի հետ թողնում են Հայաստանի կենտրոնական շրջաններ` մասնավորապես Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից) և ուղեւորւում հունաց աշխարհ, այսինքն` Բիուզանդիա Խաղտիք (Խալդիա)  : Արաբական զորքերը հետապնդում են երկրից հեռացող հայերին, որոնք Կոխ գավառում նրանց պարտության մատնեցին, իսկ իրենք, անցնելով Ակամսիս կամ Ճորոխ գետը, Եգերների երկրով մտան Պոնտոս: Բիուզանդական կայսր Կոնստանտինը նրանց ընդունեց բարեհոգաբար, հաստատեց նրանց նախարարական իրավունքները և նրանց բնակեցրեց բարեբեր երկրամասում: Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը:
Ահա այսպեսի ճակատագրով հայ իշխանական տները կորցրել ու վերականգնել են իրենց իրավունքներն ու կոչումները: Այդ արտագաղթի առիթով հիշատակվում են ոչ միայն Շապուհ եւ Համամ իշխանները, այլև` հայոց կաթողիկոս Եղիպատրուշեցին (775-788): Համշենի հայկական իշխանութեան ստեղծումը կարելի է թվագրել 789 կամ 790 տարեթվերով` Նրանց բնակավայրը կոչվեց Համամշեն (Համամ իշխանի անունով), իսկ իրենք՝ համշենցիներ:  Քաջքար լեռան հյուսիսային լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Համշենի կիսանկախ իշխանության կորիզը։ Համշեն կամ Համամշեն, հայկական կիսանկախ իշխանություն, ապա՝ հայաբնակ գավառակ Սև ծովի հարավարևելյան ափին, VIII դարի վերջից-XX դարի սկզբին։ Ներկայումս քաղաք Թուրքիայում։  Ցավոք վերջին դարերում, սկսած 1690-1700 թվականներից համշենահայությունը ենթարկվել է բռնի իսլամացման: Հր. Աճառեանի տվյալներով մինչև հայոց ցեղասպանությունը Թուրքիայում բնակւում էր 20 հազար քրիստոնյա համշենցի եւ մոտ նոյնքան էլ մուսուլման  համշենցի:

Քրիստոնյա համշենահայությունը հայոց ցեղասպանության ժամանակ դարձավ թուրք վանդալների զոհը: Բացառված չէ, որ նրա մի մասը ընդունել է իսլամը և առ այսօր բնակվում է Թուրքիայի տարբեր վայրերում` պահպանելով իր բարբառն ու սովորույթները: Սկսած 19-րդ դարի 60-ական թթ., բայց առավել զանգվածաբար` 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո համշենահայերն սկսեցին վերաբնակվել Սև ծովի հյուսիսարևելյան ափերում և հաստատվեցին Սուխումում, Սոչիում, Մացեստայում, Մծարայում, Ծեբելդայում, Ադլերում, Շապշուղում, Նոր Աֆոնում և այլ բնակավայրերում: Հետագայում նրանք տարածվեցին Կուբանի եւ Եկատերինոդարի ուղղութիւններով` հիմնելով նոր բնակավայրեր: Այսպիսով Ամատունիների մի ճյուղից ձևավորվում է համշենահայությունը, որի մասին հպանցիկ հակիրճ անրադարձ կատարեցինք:
Այսօրվա համշենահայուհի


Դժբախտաբար պատմական անցյալից Ամատունիների մասին ամբողջական ու մանրամասն տեղեկություններ անհնար է հավաքել, քանզի հայոց պատմության ողբերգական էջերում, միշտ էլ թշնամու հետապնդման թիրախում հայտնվել են հայոց արքայական ու նախարարական տոհմերը ու նրանց ժառանգների մասին ժամանակագրությյան տրամադրած տվյալներն ընդհատվում են: Հայ միջնադարյան իշխանությունները բազմաթիվ հարվածներ են կրել, նաև մոնղոլ-թաթարական հորդաներից։ Հայ իշխանությունների զգալի մասը (այդ թվում Վահրամյանները, Դոփյանները, Իվանյաները, Խաղբակյան-Պռոշյանները) կործանվեցին. միայն մի քանի իշխանական տներին հաջողվեց պահպանել իրենց իշխանությունները. մասնավորապես Խաչենի Հասան-Ջալալյաններին, Սյունիքի Օրբելյաններին։ Հայ իշխանական տոհմերից ոմանք փրկվեցին Վրաց Թագավորությունում և ընդրկվեցին վրաց իշխանական դասի մեջ (այդ թվում Թումանյանները, Ամատունիները, Արղությանները և այլք)։ Այդ իսկ պատճառով Հայոց պետականության կորստի պայմաններում հայ ազնվական շատ գերդաստաններ հանգրվան են գտել օտարության մեջ: Վրաստանի և Ռուսաստանի արքունիքներում ըստ արժանվույն իրենց դրսևորել են Ամատունիները:

Գրիգորը (Գեորգի) , Վահանը ծառայել են իրանական շահին և եղել են Նախիջևանի մելիքները, հենց նրանց հետնորդներն էլ, որոնց հետ կապ ենք գտել Օշականում ապրող Ամատունիների հետ, տեղափոխվել են Վրաստան: 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորը հատուկ հրովարտակով Սարգիս (Սերգեյ)Ազարյան Ամատունուն շնորհեց վրաց արքունիքի ազնվական-իշխանի տիտղոս,հաստատելով Ամատունիների գերբը: Վրացական թագավորների կողմից նման կարգի վավերացում պատմության մեջ աննախադեպ է և հայտնի չէ: իսկ 1826 թ. Նիկոլայ Առաջինը Գերասիմ Սերգեյի Ամատունուն և նրա որդիներ Ռաֆայելին և Միխաիլին, ինչպես նաև եղբորորդի Իվան Գեորգիի Ամատունուն շնորհում է ռուսական արքունիքի ազնվականական տիտղոս: 1850թ. նոյեմբերի 30-ի, 1858թ.դեկտեմբերի 17-ի և 1859թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ էլ իշխանական տոհմի շնորհին է արժանանում նրանց որդիները' Պետրոս, Միխայիլ, Նապոլիոն Հովհաննեսի (Իվանի) , Գեորգի Միխայիլի և Նիկոլայ Ռաֆայելի Ամատունիները: Հիշյալ տվյալները, ինչպես նայև Ամատունիների այս տոհմածառը, ձեզ ենք ներկայացնում 1996թ Մոսկվայում հրատարակված «Дворянские роды российское империй» գրքի 4-րդ հատորից, որը հետագա հիմք հանդիսացավ մեր լրացուցիչ ուսումնասիրությունների:
Ցարական Ռուսաստանում
 բարձր պաշտոն զբաղեցրած
 իսկական պետական
 խորհրդական, իշխան
 Նիկոդիմոս Ամատունին

Եթե ուշադիր նայենք «Дворянские роды российское империй» գրքում հրապարակված այս տոհմածառին, ապա հստակ է, որ այն ամբողջական չէ: Ազարբեկի որդի Պետրոսը (Պյոտր) ունեցել է երեք որդի' Իվանը (Հովհաննես), Սերգեյը (Սարգիս) և Գասպարը: Թերևս այս տոհմածառում ընդգրկված են Սերգեյի (Սարգիսի) ժառանգորդները, ովքեր ազդեցիկ գործունեություն են ունեցել Ռուսաստանի ու Վրաստանի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում, զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ:
Թերևս այստեղ ամբողջական չեն Ազարբեկի որդի Պետրոսի մյուս որդիների' Իվանի (Հովհաննես) և Գասպարի ժառանգների մասին տեղեկությունները:
Ամատունի Իվանի (Հովհաննեսի) մասին հետևյալը պարզեցինք, կրկին Վրաստանում ապրած ամատունիներից` խոշոր մեծահարուստ-բարերար է եղել, , ծնվել է Նունիս գյուղում, Պետրոս Ամատունի Ազարյանի որդին է: 1777-84 թթ. իր որդու հետ վերանորոգել է Ջգրաշենի եկեղեցին ու զանգակատունը, որի վերաբերյալ պահպանվել է համապատասխան վիմագիր: Բնակվել է Թիֆլիսին Չուղուրեթի պետական կալվածք-գյուղում, որը նրանց տոհմական սեփականությունն է եղել: Այս բնակավայրը հետագայում միացվել է Թիֆլիս քաղաքին՝ որպես արվարձանային թաղամաս: Նրա որդիներն են՝ Սարգիս, Կարապետ և Հակոբջան (Յակով),Ամատունիները:
Վերջինս' Հակոբջանը (Յակով) ևս բարերար-մեծահարուստ է եղել և շարունակել է հոր գործը:
Թբիլիսիի Ջիգրաշենի եկեղեցին Իրակլին թագավոր հրամանով 1795թ. մշտապես հանձնվում է Ամատունիներին:Ոչնչացվել է Բերիայի հրամանով 1937-38 թթ.
Ի դեպ Թբիլիսիի Ջիգրաշենի եկեղեցին վրաստանի թագավոր Իրակլին 1795թ. մշտական վերահսկողության է հանձնել Ամատունիների տոհմաճյուղին, որի նախնիները, ինչպես արդեն նշեցինք եղել են Նախիջևանի մելիքներ:Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցի հայկական եկեղեցի էր Հին Թբիլիսիում, Վրաստանում։ Ոչնչացվել է 1937-38 թթ. ընթացքում Լավրենտի Բերիայի հրամանով` այլ 10 հայկական եկեղեցիների հետ միասին։
Կրկին խնդրում ենք ուշադրություն դարձնել «Дворянские роды российское империй» 1998. том 4. գրքում զետեղված ամատունիների տոհմածառին:
Ազարբեկի որդի Պետրոսի 3-րդ որդին Գասպարն է, այս ճյուղը Ղազարից (Լազար) ու Եսայուց (Իսայի) հետո հասնում է Նիկոդիմոս Ամատունուն: Նույնպես հստակ է, որ գրքում ներկայացված Գասպարի տոհմածառի ճյուղը լրիվ չէ, նրա 3 որդիներից նշված է Ղազարի (լազար), իսկ վերջինիս 5 որդիներից միայն Եսայու (Իսայի) անունը: Այս տոհմածառը սահմանափակվում է Եսայու 3 որդիներից ավագի` Նիկոդիմոս Ամատունու
անունով: Թեև Նիկոդիմոս Ամատունին գործունեություն է ծավալել Վրաստանում, ապա և Ռուսաստանում, անվերապահորեն ճշտվեց այն կապը, որ նա ունեցել է Օշականի Ամատունիների հետ` հետևաբար Թբիլիսիի Ամատունիների հետ Օշականի Ամատունիների ազգակցական սերտ կապը:

Թիֆլիսի Ամատունիների  տոհմածառը



Дворянские роды Российской империи. Том 4 գրքում զետեղված ամատունիների
 տոհմածառը
Օշականի Ամատունիների  տոհմածառը


Ինչպես տեսանելի է Նիկոդիմոս Ամատունու միջոցով հայտնի է դառնում Թբիլիսիի և Օշականի ամատունիների ազգակցական կապը


Այս կապն ամբողջությամբ բացահայտվեց, երբ Ամատունիներին նվիրյալ Օշական գյուղում Արամ Հայրապետյանը մեզ տրամադրեց Ամատունիների մեկ այլ տոհմածառ: ՈՒրախալին նա էր , որ այն համընկավ մեզ մոտ եղած  «Дворянские роды российское империй». 1998. том 4 գրքի տոհմածառի սխեմայի ձախ հատվածում նշված ճյուղին: Ազարյայի որդի Գասպարի ճյուղն այստեղ արդեն ամբողջական լրացված տեսքով էր, կային Գասպարի որդի Լազարի (Ղազարի) արդեն հինգ զավակների անունները' Թաթոսի, Գևորգի, Վարդանի, Ավագի և մեզ արդեն հայտնի' Նիկոդիմոսի հոր Եսայու անունները: Սա արդեն իսկական հայտնագործություն էր: Մեզ մնում էր բացահայտել և փնտրել Օշականում ծնված Նիկոդիմոսի հոր` Եսայի քահանայի, նրա եղբայրների ու հետնորդների մասին տեղեկությունները:

Եսայի Ղազարի (ռուս.Լազար) Ամատունին
Ինքը` Օշականի ավագ քահանա Եսայի Ղազարի Ամատունին, թաղված է Օշականի եկեղեցու բակում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի և Վահան Ամատունու գերեզմանի ճիշտ միջնամասում: Նա մեծ նպաստ է ունեցել 1879 թվականի Օշականի եկեղեցու նորոգման, նոր դպրոցի կառուցման ու 1884 թվականի եկեղեցու զանգակատան շինարարության աշխատանքներին: Միջնակ որդին` Գարեգինը եղել է դպրոցի հոգեբարձուների խորհուրդի նախագահը, գյուղի տանուտեր, այսպես ասած՝ Գլավնի, որն իր մեջ ներառում է ևս մի քանի գյուղերի վարչական ղեկավարումը: Մյուս որդին` Վահանը, Օշական գյուղի բանկի վարչության անդամն էր ու բանկի հաշվապահը: ՀՀԴ անդամ էր, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Եսայու եղբայրներից մեկի` Գևորգի որդին, հայ գիտնական, բանասեր, հոգևորական, ձայնագրագետ, շարականագետ, մանկավարժ և բառարանագիր վարդապետ Սահակ Ամատունին է:
Դժբախտաբար, ինչպես վիքիպեդիայի հանրագիտարանում է նշված, Օշականում ապրող Ամատունիների մեծամասնությունը հեռացել են կյանքից, մյուսները տեղափոխվել են բնակության այլ վայրեր ու հայտնի այս գյուղում իրական Ամատունիների շառավիղից
Գարեգին Ամատունի(Օշական գ.տանուտեր)  
քիչ մարդ է մնացել , Մի մասն էլ այս ազգանունը փոխակերպել է պապական անուներով` ինչպես Ալավերդյանները (Ալավերդիենց), Կուրղինյաններ (Կուրղինենց), կամ հենց Ամատունիների տոհմածառը մեզ տրամադրած Արամի նախնիներն իրենց Ամատունի ազգանունը դարձրել են Հայրապետյաններ : Մինչդեռ այս մարդիկ մեզ հայտնի Գասպար Ամատունու ճյուղից են: Ազգանունների ձևափոխությունները ստալինյան դարաշրջանի հետևանք է, երբ մարդկանց ստիպել են կրել իրենց պապի անունը` ավելացնելով յան ածանցը:


Նիկոդիմոս Ամատունու հոր` Օշականի
 ավագ քահանա Տեր Եսայու գերեզմանը
Հիմա կարելի է հակառակ դրսևորումների էլ հանդիպել : Ոմանց դուր է գալիս իշխանական այս ազգանունը և նորաձևության պատյանի քողի տակ պարզապես իրենց համարում են Ամատունի :
Օշականում մենք հանդիպեցինք Գարեգին Ամատունուն, ում պապի հայրը` վերևում հիշատակված Եսայի քահանայի տղա Գարեգինն է եղել, գյուղի տանուտերն ու Նիկոդիմոսի եղբայրը: Այս փաստն էլ մեզ հարուստ տեղեկություններ հավաքելու հնարավորություն տվեց պարզելու և ուսումնասիրելու Օշականի Ամատունիների մասին մի քանի անհայտ ու հանրությանը հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: Մենք Գարեգինից ստացանք արժեքավոր լուսանկարներ, որ մինչև օրս հրատարակված չեն եղել որևէ տեղ և հրապարակման հեղինակային իրավունքը Նիդերլանդական Օրագրին է պատկանում:
Հույս ունենք, որ մի օր Գարեգինին կհաջողվի իրականացնել իր երազանքը և հայրենի Օշական գյուղում իշխանական ծագում ունեցող իր նախնիների մասին պատմող թանգարան կհիմնադրի:

Հավաքեց, պատրաստեց Վ.Ամատունին, Hay Azian-ը
«Նիդերլանդական օրագիր»




Վահան Ամատունու գերեզմանը համաձայն իր կտակի, նույն գծով` 40 բազուկ հեռավորությամբ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի շիրիմից հեռու, մեկ այլ կտակի համաձայն Օշականի ավագ քահանա Տեր Եսայի Ամատունու գերեզմանը գտնվում է  միջնամասում, եկեղեցու բակում: Լուսանկարում տեսանելի է:

Հ.Գ-Նիկոդիմոս Ամատունու մասին արդեն որոշ բացահայտումներով հանդես ենք եկել «Նիդերլանդական օրագիրի»` Ամատունիների իշխանական տոհմը նախագծի շրջանակներում:
Ըստ էության մենք նոր սկսում ենք նախագծի ընթացքը: Ամատունիների մասին պատմող հետաքրքիր նյութեր և լուսանկարներ կարող եք ուղարկել մեր էլ.փոստին.
dear.press@yandex.com  կամ կապվել մեր ֆեյսբուքյան էջին:
Այս նախագծով շարունակելու ենք նորանոր տեղեկություններ հայտնել իշխանական այս տոհմի հետնորդների մասին:

Օշականին վերաբերվող լուսանկարները` Վ.Ամատունու
Պտղավանքին վերաբերվող լուսանկարները և Ամատունիների գերբը տրամադրել է  Րաֆֆի Գևորգյանը
________________

ՈՒշադրություն

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին: Գերեզմանը անմխիթար վիճակում է և լավ կլիներ այն փրկելու համար գտնվեին հովանավորներ... Պետք է շնորհակալություն հայտնենք սփյուռքի նախարարությանը, քանի, որ «Նիդերլանդական օրագրին» որպես մրցանակ հանձնված 220 հազ դրամը ևս օգտագործվել է այդ նպատակին: Հիմնական ծախսերն իրականացվում է մեր սեփական միջոցներով: Երախտապարտ կլինենք նրանց, ովքեր տարբեր միջոցներով (նյութերը տարածելով) օգտակար կլինեն մեզ: 

«Նիդերլանդական օրագիր»
Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 
https://www.nidoragir.com/2024/08/blog-post.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)

Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր, թատերագետ, պրոֆ. Հովհաննես Փիլիկյանը

Տխուր լուր

Դեկտեմբերի 22-ի առավոտյան Լոնդոնում իր մահկանացուն է կնքել ռեժիսոր, թատերագետ, բանաստեղծ, թարգմանիչ, լեզվաբան, պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը: Այս մասին տեղեկացնում են Աթենքի «Հայկական Ժողովրդային Շարժում» կազմակերպության Կենտրոնական Խորհուրդը և Շվեդիայում գործող Եվրոպայի Հայերի Համագումարը: Վերջինիս ցավակցական հրապարակման մեջ կարդում ենք.

«Հովհաննես Փիլիկյանը ծնվել է 1942 թ. Ապրիլի 15-ին Իրաքի Մոսուլ քաղաքում: Նա ոչ միայն զբաղվել է գիտությամբ եւ արվեստով, այլ նաեւ ծավալել է ազգային հասարակական լայն գործունեություն՝ միջազգային շրջանակներում օտարներին ծանոթացնելով հայ մշակույթն ու հայկական քաղաքակրթությունը: Հայկական Սովետական Հանրագիտարանում նրա մասին կարդում ենք.«1963-ին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, ապա հետեւել Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին: Եվրիպիդիսի «Էլեկտրա» (1971, Գրինվիչի թատրոն) եւ այլ բեմադրություններով ճանաչվել է որպես հունական դասական ողբերգության ինքնատիպ մեկնաբան: Բեմադրել է նաեւ Ռասինի «Ֆեդրա», Սոֆոկլեսի «Էդիպ արքա» (ՀԱՖՀ), Շեքսպիրի«Լիր արքա» (Իսլանդիա), Շիլլերի «Ավազակներ» (ՔՖՀ), Էսքիլեսի «Ագամենոն» եւ այլ (շուրջ 40) պիեսներ: Փիլիկյանի ջանքերով Անգլիայում (1981), վենետիկում(1983) եւ ֆրանսիայում(1986) անց է կացվել հակական ֆիլմերի տասնօրյակ նպաստելով հայ կինոյի միջազգային ճանաչմանը»: Հ. Փիլիկյանը Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարության «Պետրոս Ադամյան» մրցանակի դափնեկիր է (1985): Եվրոպայի Հայերի Համագումարը խոր վշտով է հայտնում նրա մահվան ցավալի լուրը, քանի, որ նա սերտ համագործակցում էր Եվրոպայի Հայերի Համագումարի հետ եւ նրա գիտական, հասարակական վերջին ուսումնասիրություններն ուգրությունները հրատարակված են համագումարի կայքէջում (www.aaeurop.com ). 2011-ին Եվրոպայի Հայերի Համագումարի հրատարակությամբ լույս ընծայվեց նրա «հայ» բառի ծագմանը եւ զարգացմանը նվիրված հայերեն-անգլերեն երկլեզու
«ՀԱՅ»-ԵՐԸ, ԱՌԱՋԻՆ «ՄԱՐԴ»ԵՐԸ ”A study of the origins of the HAI the First people” գիրքը: 2012-ին Երեւանում Արծվի Բախչինյանի խմբագրությամբ հրատարակվեց Հ. Փիլիկյանի ”THE SEA SCENE ON MY MOTHER’S DAY” «ԾՈՎԱՆԿԱՐ ԻՄ ՄՕՐ ՕՐՈՒԱՅ ՄԱՍԻՆ» անգլերեն բնագիր պոեմը 19 լեզուների թարգմանությամբ:
Թող հանգչի խաղաղությամբ»:

Անգնահատելի կորստի առիթով հիշյալ կազմակերպություններն իրենց խորին ցավակցությունն են հայտնել հանգուցյալի տիկնոջը, հարազատներին ու ընկերներին:

Sunday, 23 December 2018

Հին տարուն հրաժեշտ ենք տալիս` նորը դիմավորելու բացահայտ լավատեսությամբ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Happy New Year 2019



Մոտենում է 2018 թվականին հրաժեշտ տալու պահը: Վաղվանից Նիդերլանդներում կսկսվեն Սուրբ Ծննդյան տոնական արարողությունները: Հայ Առաքելական եկեղեցին այն կնշի քիչ ավելի ուշ, երբ դիմավորած կլինենք Նոր Տարին: Աննկարագրելի է հուզումնառատ այն Ժամանակաշրջանը, որ ապրեցինք միասին` հեղափոխական շրջադարձային իրադարձություններով ու բովանդակային արմատական փոփոխություններով լեցուն կյանքի մի հատվածը : 

Տարվան  հրաժեշտ ենք տալիս Հայաստան աշխարհում ունենալով ժողովրդի կամքն ու տրամադրություններն արտացոլող ու կազմավորվող նոր խորհրդարան ու երկրի ղեկավար: Հետևաբար  հին տարուն հրաժեշտ ենք տալիս` նորը  դիմավորելու բացահայտ լավատեսությամբ:

 Գիտակցում ենք, որ առջևում  բավական քրտնաջան աշխատանք  կա կատարելու, նաև  հասկանում ենք, որ անհնար է կարճ ժամանակամիջոցում վերացնել այն  բացը, որ կուտակվել է տասնամյակներով: ՈՒստի մեծ համբերություն ու  համառություն է պահանջվում  յուրաքանչյուրիցս`   քայլ առ քայլ  նվաճելու հաջողությունը: Համբերատար` թեկուզև դանդաղ, բայց վստահորեն ամենքս մեր քայլը պետք է կատարենք` հեղափոխության հետ համընթացս ընթանալու համար, հարթելով մեր  կանաչ ճանապարհը: Կարևորը հավատն է ապագայի նկատմամբ ու այն գիտակցությունը, որ ժամանակի մեջ ամենքս  պետք է փոխի հին ու  կարծրացած մտածելակերպը ու  պատրաստվի նորը արարելուն,  նաև պատրաստ լինի  տնտեսական բարեփոխումներին:

«Նիդերլանդական Օրագրի» բազմահազար ընթերցողներ, նիդերլանդահայ կառույցների հայ անդամներ, սիրելի բարեկամներ, անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադրությունից` Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպությունները միշտ էլ հավատարմորեն  կանգնած են  եղել մեր անսահման թանկ ու նվիրական պետության կողքին`   փաստել են իրենց անսահման  սերն ու նվիրվածությունը  հայրենիքի հանդեպ, նպաստել  Հայաստան-Արցախ-սփյուռք ամրապնդվող կապին: Այսպիսով վաղվա հզոր Հայաստանի գիտակցությունն է, որ մեզ  ոգևորում, նեցուկ է դարձնում լինել  նրա հետ: 

Նոր՝  2019 թվականից մեզ բաժանում է  ևս մի քանի օր:  Օգտվելով պատեհ առիթից՝  նախօրոք շնորհավորում ենք բոլորիդ Նոր Տարին և  Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը,  մաղթում ենք՝   բարեկեցություն, ամուր առողջություն, անսահման սեր և անսպառ լավատեսություն, որի հիմքերն այլևս դրված են: Եկեք բոլորս ազգանվեր  գործերով իմաստավորենք և բովանդակալից դարձնենք կյանք կոչվող  այս հատվածը` շենացնելով ու հզորացնելով  Հայաստան աշխարհը:

Մեր հպարտ ժողովուրդն  արժանավայել ու արժանապատիվ ապրելու  իրավունք է վաստակել՝   ապագայի հանդեպ ունեցած հավատի նոր ու հիմնավոր սպասելիքներով, Թող  խաղաղությունն ու կարմիր գինին անսպառ լինեն  ու զինվորը  բարիությամբ տուն վերադառնա` որ մայրն արտասվի միայն երջանկությունից: 

2019 թվականը բոլորիս համար հաջողությունների, բարօրության և նոր ձեռքբերումների տարի լինի:
Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի տոնական օրեր:

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:

«Նիդերլանդական Օրագիր»


«Նիդերլանդական Օրագիրն»  առանձնացրել է 2018 թվականի նիդերլանդահայ կյանքի որոշ  հիշարժան օրեր.


Նիդերլանդական Օրագիր
*«Նիդերլանդական Օրագիրը»  դարձավ 5(Ընդհանուր`9 ) տարեկան:
https://www.nidoragir.com/p/5-2018-2017-4-dear-angel-5.html

*Մեկնարկեց «Նիդերլանդական Օրագրի»  հայ ազնվական տոհմերին (Ամատունի) նվիրված նախագիծը` Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին:
https://niderlandakan.livejournal.com/288232.html

*Համագործակցության սկիզբ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (РАЕН) ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր,Մոսկվայի կադրերի վերապատրաստման Կենտրոնական ինստիտուտի ռեկտոր, հասարակական-քաղաքական գործիչ Աբգար Հայրապետյանի հետ
https://niderlandakan.livejournal.com/294339.html


Նիդերլանդահայ կազմակերպություններ

*Փետրվարի 20-ին Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունների պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Ադրբեջանի ներկա ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ  ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ են հանձնել Նիդերլանդների խորհրդարանին (Tweede Kamer) :
https://niderlandakan.livejournal.com/243531.html


*Փետրվարի 22-ին Նիդերլանդների խորհրդարանը մեկ անգամ ևս ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
https://niderlandakan.livejournal.com/244820.html

*Մարտի 21-ին տեղական մարմինների ընտրություններում 13 հայազգի թեկնածուներից երեքը հաղթեցին և դարձան ավագանի:
 https://niderlandakan.livejournal.com/253534.html

*Ապրիլի 21-ին Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեկեղեցու պատին խաչքար և համապատասխան ցուցատախտակ է տեղադրում ի հիշատակ 1915թ. ցեղասպանության զոհերի (Գրիգոր Նարեկացի հիմնադրամ) :
https://niderlandakan.livejournal.com/260315.html

*23-ը ապրիլի: Հոլանդահայերի բողոքի նախաձեռնություն Հաագայում: Սերժ Սարգսյանը այդ օրը հրաժարական տվեց:
https://niderlandakan.livejournal.com/260387.html

*3-ը հունիսի: Նիդերլանդներում և Բելգիայում հայազգի Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումներ:
https://niderlandakan.livejournal.com/267020.html

*Նիդերլանդահայերը օգոստոսի 23-ին Գամփռ շան հուշարձան են նվիրել Երևանին  (Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամ` Վահան Ավագյան)::
https://niderlandakan.livejournal.com/288659.html
*Նույն` Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամի օժանդակությամբ,  լույս է տեսել Գրիգոր Նարեկացու գրքի հոլանդերեն թարգմանությունը:
https://niderlandakan.livejournal.com/295960.html


*Հոկտեմբերին Եվրամիության նախագծով Հոլանդական «BRIGHT FUTURE» կազմակերպության հերթական յոթնօրյա հաջող միջոցառումը Հայաստանում:
https://niderlandakan.livejournal.com/293091.html

*Նոյեմբերի 14-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
https://niderlandakan.livejournal.com/297069.html

*Նոր դեսպան Նիդերլանդներում: Նոյեմբերի 28-ին իրեն  լիազորված պարտականությունների կատարմանն է անցել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ.  Տիգրան Բալայանը
https://niderlandakan.livejournal.com/300615.html

*) Անշուշտ, մեր առանձնացրած հիշարժան օրերից բացի էլի շատ, գուցեև ավելի կարևոր օրեր են եղել նիդերլանդահայ կյանքում: Նրանցից  յուրաքանչյուրի աշխատանքն արժեքավոր  ու կարևոր է բոլորիս: Արժե հիշատակել Հաագայի, Ամստերդամի, , Էյնդհովենի, Ասենի Պուրմերենդի, Ռոտերդամի, Ալմելոյի, Առնեմի, Դեն Բոսի, ՈՒտրեխտի, Նայմեխենի, Մաստրիխտի և շատ ու շատ այլ քաղաքների ու բնակավայրերի անունները, որտեղ  հայ  համայնքները լավ գործեր են արել:






Saturday, 22 December 2018

ԵԹԵ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՔ


Al enkele jaren liep ik rond met de gedachte zelf een stichting op te richten. Om op basis van iemands persoonlijke kwaliteiten naar werkelijke resultaten te kunnen streven. Ik ben ervan overtuigd, op die manier is iedereen in beweging te zetten. Tijdens de jarenlange ervaring is gebleken dat deze aanpak op alle niveaus succesvol is.Variërend van een professor, een pedagoog in bijstand tot een analfabeet.
Susanna Karapetjan richt stichting ExpertusDico op -Տարիներ շարունակ մտովի ծրագրում էի հիմնել Բարեգործական միություն, հիմքում ունենալով մարդկային լավագույն հատկանիշերի օգտագործումը: Միության նպատակն է ունենալ իրական արդյունքներ, համոզված լինելով, շարժել մարդկային առավելագույն հնարավորություններն ու ունակությունները: Տարիների իմ աշխատանքային փորձը ցույց տվեց , որ այս մոտեցումը հնարավոր է իրականացնել կրթական տարբեր աստիճան ունեցող մարդկանց հետ համատեղ, լինի պրոֆեսոր , թե' մանկավարժ ...
Սուսաննա Կարապետյան ExpertusDico Բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ Կայք էջ www.expertusdico.com Ֆեյսբուքյան էջ https://www.facebook.com/StichtingED/




Friday, 21 December 2018

Ճի՞շտ է լուծարել սփյուռքի նախարարությունը


Նիդերլանդահայերը կողմ են կառույցի պահպանմանը և նորացմանը




Հայաստանյան մամուլից տեղեկանում ենք, որ կառավարության համակարգում առաջիկայում տեղի են ունենալու  լուրջ փոփոխություններ` 17 նախարարություններից մնալու է 12-ը։  Խոսքը նաև սփյուռքի նախարարության լուծարմանն է վերաբերվում, որն ստեղծվել է 2008թ. հոկտեմբերի 1-ից և փաստացի գործում է  տասը տարի։  Սա շատ բարդ ու ոչ խրթին հարց է:  Նախարարությունը լավ թե  վատ  աշխատանք է կատարել, դրվել է հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հիմքերը, լավ տեղեկատվական ու աշխատանքները համակարգելու բազա է ստեղծվել, արտասահմանյան բազմաթիվ հայկական կառույցներ ինտեգրվել ու նախարարության  միջոցով կապվել են ինչպես մեկը մյուսի, այնպես էլ մայր հայրենիքի  հետ: Հիմա եկել է այդ կապերն ավելի խորացնելու ու նորովի գործելու ժամանակը,  ուստի  վաղաժամկետ է այս նախարարության լուծարումը: Հարկ չկա այս դաշտը  վերափորձարկելը` փնտրտուքների ու վերաձևությունների մեջ մտնելը: Չասենք` թե քանի միլիոն  հայություն  կա դրսում և ով, եթե ոչ հավաքական մի գերատեսչություն  պետք է ներկայացնի uպասարկի նրանց:
Այս առնչությամբ ահա թե ինչպիսի կարծիքներ հայտնեցին նիդերլանդահայ համայնքի որոշ գործիչներ.


ՍՎԵՏԼԱՆԱ ԱՆԴՐԵՍՅԱՆ.  Հայաստանի Առևտրի և Արդյունաբերական պալատի գործարար կանանց միության ներկայացուցիչ, Հոլլանդ-Արմենիա բարեգործական միության հիմնադիր նախագահ, թարգմանչուհի, Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն.
«Հասկանում ենք, որ երկրում  այնքան շատ կարիքներ կան, որ նոր կառավարությունը ստիպված է գնալու կադրային կրճատումների: Վատ չէր լինի, որ  նախարարությունը պահպաներ իր անունն ու գոյությունը, բայց թեկուզ  փոքրաթիվ թիմով  հասներ  արմատական փոփոխությունների, գործեր կենսունակ ու նպատակասլաց:

ՎԱՀԱՆ ԱՎԱԳՅԱՆ. Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ:
«Չեմ կարծում, որ  պետք է փակել. ուղղակի արժե ձևաչափային փոփոխություններ կատարել` վերափոխել այլ կառույցի/ծառայության, որի առջև  հստակ կենտրոնացված ու նպատակասլաց խնդիրներ ու պահանջներ դրվեն կատարելու: Գործող ֆորմատում գերակշիռ է  անորոշի ու ձևականի բախկացուցիչը` նախարարությունը դարձնելով ավանդական հրչակագրերի պարբերական հրապարակման  մարմին,  առանց որևէ լուրջ նվաճումների: Մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական փոփոխություններից հետո համարում եմ, որ Հայաստանի հասարակական կյանքի մեջ այդպիսի կառույցը պիտի առաջին հերթին կենտրոնանա սփյուռքի ներկայացուցիչերի, առավելապե’ս երիտասարդության ակտիվ ներգրավման վրա, որ  «մեկ երկիր` մեկ ազգ» հասկացությունը դառնա համահայկական մի հայեցակարգ:

ՄԱՐՈ ԿԱՐՅԱՆ. Դեն Բոս քաղաքի Կոմիտաս հայ համայնքի ղեկավար.
«Կողմ եմ նախարարության պահպանմանը և արմատական բարեփոխումներին: Կուզեի յուրաքանչյուր հայ համայնք տեղում իր ներկայացուցիչն ունենար ու հաշվետու լիներ կառույցին»:

ԼԵՎՈՆ ՍԱՐԳԻՍ.  Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու  ծխական խորհրդի և «Անի» Հայ Համայնքի  ատենապետ.
«Սփյուռքի նախարարությունը լուծարելը ծայրահեղ քայլ է, այլ բան է նախարարության կառուցվացքը վերազինելը և նրան համայնքների թիկունքում կանգնած տեսնելը: Սա լուրջ  կառույց է, որ միշտ բարոյական ու նյութական առումներով աջակից է եղել սփյուռքին ու հայրենիքին: Ընդհակառակը` լուծման կարոտ շատ հարցեր կան, որ պետք է համատեղ մշակվեին, առաջ քաշվեին  ու օրակարգային դառնային»:


ՍՎԵՏԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «Միացյալ հայերը հոլանդիայում» միության նախագահ, Նիդերլանդների կիրակնօրյա դպրոցների հարթակի հիմնադիր, Նայմեխենի ՎԱՆ հայկական դպրոցի տնօրեն.
«Համամիտ լինելով նոր կառավարության բարեփոխումների ծրագրերին, այնուհանդերձ կուզեի, որ սփյուռքի նախարարությունը պահպանվեր: Հրաշալի հուշեր կան: Մի քանի նախարարություններ ունեն սփյուռքին վերաբերվող բաժիններ, կարելի է դրանք միացնել ու արդիականացնել սփյուռքի նախարարության աշխատանքը: Հակառակ պարագայում, մի քանի նախարարությունների հետ դժվար  կլինի կենտրոնացնել ու համատեղել ջանքերը»:

ՄԱԹՈ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի և Հաագայի ԱԲՈՎՅԱՆ մշակութային միության նախագահ.
«Իմ կարծիքով, նախարարությունների կազմը և ձևաչափը որոշում է տվյալ երկրի կառավարությունը, ելնելով կառավարության կազմի արդյունավետությունից։ Նիդերլանդներում ամեն մի կառավարություն կատարում է նախարարությունների նոր վերակազմավորում։ Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, հապա դա կարող է լինել ԱԳՆ-ի կազմում որպես գերատեսչություն կամ մի այլ ստատուսով։ Վերջիվերջո սփյուռքի հետ կապը պահպանվում է ՀՀ դեսպանությունների միջոցով և ՀՀ դեսպանները անմիջական կապի մեջ են տվյալ երկների հայկական կառույցների և հայերի հետ։ Սփյուռքի նախարարությունը համատեղելով ԱԳՆ-ի կազմում չի խանգարելու համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ և կրճատելու է կառավարության ծախսերը, ինչը ներկա իշխանությունների առաջնային նպատակներից է»։


Կարծիքներից ակնառու է, որ սփյուռքին կենտրոնական կառույցն անհրաժեշտ է:  Թե ինչ ձևաչափով այն կգործի` դա  կառավարության որոշելիքն է:
Նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, երբ չէր խրախուսվում արտասահմանի հետ ունեցած ներանձնային  ու պետական կապերը` Խորհրդային Հայաստանը, կառավարությանը կից ունեցել է սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե: ՈՒնեցել ենք արտասահմանի հայությանն սպասարկող ռադիոհաղորդումներ, գործել է  «Հայրենիքի ձայն» թերթը: Ինֆորմացիոն այս լրատվամիջոցները  սփյուռքահայ ընթերցողին հաղորդակից են դարձրել Հայաստանի տնտեսական և մշակութային նվաճումներին, լուսաբանել են  պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

Հիմա ավելի, քան արդիական ու ստրատեգիական նշանակություն ունի ուժեղ սփյուռքի կենտրոնացված գերատեսչություն ունենալը:  Սա ավելի շատ  պետք է լինի գաղափարական, քարոզչական կառույց, նպաստի հայապահպանության  հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը, հայկական դպրոցների օժանդակմանը: Այժմ այլ մարտահրավերներ են նետված, սփյուռքն ավելի է ստվարացել, մեծացել է նրանց համախմբման խնդիրը, Հայոց Ցեղասպանության ճանաչման, թուրքական ժխտողականության ու ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ պայքարում պետք է հանդես բերենք կենտրոնացված մոտեցում  ու դիրքորոշում,  բռունցքվենք ու գործենք միասնական  ճակատով:

Իհարկե, մենք վստահում ենք կառավարության բարեփոխումներին և վերջնական որոշումը նրանցն է, այնուհանդերձ սա լուրջ, շատ լուրջ հարց է, որ  պետք է դրվի կշեռքի նժարին:

«Նիդերլանդական օրագիր»

Thursday, 20 December 2018

ՍԱ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՆ Է. 2019թ. Նիդերլանդներում ավտովարորդները կտուգանվեն, եթե...


Եվրոպայում ամենախիստ  երկիրը, որտեղ  չեն «սիրում» ավտովարորդներին, դա  Նիդերլանդներն է: 2019 թվականից ավելի են խստացվել որոշ պատժամիջոցներ, իսկ ասենք արագության գերազանցման  համար տուգանքները փոքր ինչ նվազել են: Նիդերլանդներում ավտովարորդները կտուգանվեն, եթե...




Վարում են մեքենան (հեծանիվը) և խոսում  հեռախոսով - 240 եվրո
Երթևեկում են առանց անվտանգության ամրագոտու, յուրաքանչյուրը` - 140 եվրո
Անցել են կարմիր լույսի տակով - 240 եվրո
Կանգնել են կանաչ լուսաֆորի տակ - 140եվրո
Կանգնել են կամրջին, կամ երկաթգծի հատվածում - 240 եվրո
Ավտոմեքենան չնախատեսված ձայն է հանում - 380 եվրո
Աջից վազանցում է կատարում - 240 եվրո
Անհարկի աջով երթևեկում է - 140 եվրո
Խաչմերուկում խցանում է առաջ բերում - 240 եվրո
Առանց թարթիչի միացման թեքվում է - 95 եվրո
Կրկնակի կայանատեղի է օգտագործում - 95 եվրո
Անհարկի հաշմանդամի նախատեսված տեղում է կայանում- 380 եվրո
Անհարկի պահեստային երթևեկության ճանապարհն  է օգտագործում - 240 եվրո
Չի զիջում առաջնահերթությունից ճանապարհը օգտվողին- 240 եվրո
Համարանիշը չի երևում - 140եվրո

Եթե գերազանցել ես նախատեսված արագությունը, ապա  պատրաստ եղիր վճարել նաև յուրաքանչյուր գերազանցած կմ / ժ արագության  համար: Ի դեպ Նիդերլանդները ավտովարորդների նկատմամբ ամենախիստ օրենքներ կիրառող երկրներից է: Համեմատության  համար ասենք, որ  հարևան Գերմանիան կիրառում է այս պատիժների կես չափ գումարը, Բելգիան` ավելի քիչ:

4 կմ / ժ - 27 եվրո
5 կմ / ժ - 34 եվրո
6 կմ / ժ - 40 եվրո
7 կմ / ժ - 48եվրո
8 կմ / ժ - 54 եվրո
9 կմ / ժ - 63 եվրո
10 կմ / ժ - 72 եվրո
11 կմ / ժ - 95 եվրո
12 կմ / ժ - 105եվրո
13 կմ / ժ - 115եվրո
14 կմ / ժ - 123 եվրո
15 կմ / ժ - 133 եվրո
16 կմ / ժ - 144 եվրո
17 կմ / ժ - 153եվրո
18 կմ / ժ - 165 եվրո
19 կմ / ժ - 176 եվրո
20 կմ / ժ - 191 եվրո
21 կմ / ժ - 203 եվրո
22 կմ / ժ - 215 եվրո
23 կմ / ժ - 229 եվրո
24 կմ / ժ - 241 եվրո
25 կմ / ժ - 256 եվրո
26 կմ / ժ - 270 եվրո
27 կմ / ժ - 287 եվրո
28 կմ / ժ - 304 եվրո
29 կմ / ժ-ով `317 եվրո
30 կմ / ժ - 334 եվրո

Սրան ավելացնենք, որ Նիդերլանդներում վարորդները մեկ լիտր բենզինի դիմաց  վճարում են 1,50-ից մինչև 1,80 ևրո: Ամսական միջին չափսի մեքանայի համար վճարում է մոտ 100 ևրո մաքսատուրք և ապահովագրության գումար:
Մնում է մեզ, որ ձեզ անփորձանք երթ մաղթել ու շնորհավորել բոլորիդ ՆՈՐ ՏԱՐԻՆ


2017թ. տարբեր երկրներում վարորդների հեռախոս օգտագործելու տուգանքների չափերը: Ինչպես տեսնում եք Նիդերլանդներում գալիք տարի այն ավելանալու է 10 ևրոյով և 230-ից դառնալու է 240 ևրո:

«Նիդերլանդական օրագիր»