The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 27 March 2026

Արա Ֆիդանյանը նշանակվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպա

 


26.03.2026/Նիդ.օրագիր
ՀՀ ներքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նոր պաշտոնի՝ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից կապի ներկայացուցիչ։
Վարչապետի համապատասխան որոշմամբ նա կգործի որպես կապի սպա՝ ապահովելով Հայաստանի իրավապահ մարմինների համագործակցությունը Եվրոպոլ-ի հետ։
Ի՞նչ է նշանակում այս նշանակումը
Կապի սպան միջազգային պրակտիկայում կարևոր դեր ունեցող պաշտոնյա է, որը ներկայացնում է իր երկրի իրավապահ համակարգը արտերկրում կամ միջազգային կառույցում։ Նրա հիմնական առաքելությունն է ապահովել օպերատիվ կապը, տեղեկատվության փոխանակումը և համագործակցության համակարգումը գործընկեր կառույցների հետ։
Եվրոպոլում ՀՀ կապի սպայի գործունեությունը ներառում է՝
տեղեկատվության փոխանակում միջազգային գործընկերների հետ,
մասնակցություն համատեղ օպերատիվ գործողություններին,
աջակցություն քրեական գործերի քննությանը միջազգային համագործակցության շրջանակում,
համակարգում հանցավորության տարբեր տեսակների դեմ պայքարում։
Ինչու է սա կարևոր Հայաստանի համար
Այս նշանակումը կարևոր քայլ է Հայաստանի և Եվրոպական միության իրավապահ համագործակցության զարգացման տեսանկյունից։ Եվրոպոլում մշտական ներկայացուցիչ ունենալը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ արձագանքել անդրազգային հանցագործություններին՝ ներառյալ կիբերհանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և մարդկանց թրաֆիքինգը։
Միաժամանակ, նման ձևաչափը նպաստում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը իրավապահ ոլորտում և բարձրացնում է Հայաստանի ներգրավվածությունը միջազգային անվտանգության համակարգում։

Գնահատել կարողանալու մշակույթը ու դրա անհրաժեշտությունը


 ՏԵՍԱԿԵՏ


26.03.2026/Նիդ. օրագիր/ Գրիգոր Հովսեփյան
Վերջին տարիներին մեր հանրային դաշտում հաճախ կարելի է նկատել մի հակասական պատկեր․ մի կողմից իրականացվում են լայնածավալ սոցիալական ծրագրեր, մյուս կողմից՝ դրանց նկատմամբ արձագանքը մնում է զուսպ, երբեմն նույնիսկ՝ բացասական ու չգնահատված։ Սա արդեն մտորելոի տեղիք է տալիս ու պատահական չէ․ մենք գործ ունենք ոչ միայն քաղաքական կամ տնտեսական, այլև խորապես հոգեբանական ու մշակութային երևույթի հետ։Այս համատեքստում հաճախ հիշատակվում են առանձին բարեգործական նախաձեռնություններ, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված օգնությունները, որոնք ակտիվորեն լուսաբանվել են Կենտրոն հեռուստաալիքի եթերներում։ Ասենք Ռոզա Ծառուկյանը օգնել է մի ընտանիքի` կլոր տարին այդ մասին է խոսվում։ Այդպիսի պատմությունները հուզական են, անմիջական, հեշտ ընկալվող։ Դրանք ունեն կոնկրետ հերոս և կոնկրետ արդյունք՝ փրկված կյանք, լուծված խնդիր։ Սակայն այստեղ է առաջանում հիմնական հարցը․ արդյո՞ք հասարակությունը նույն չափով գնահատում է այն, ինչ արվում է համակարգային մակարդակում։
Պետության իրականացրած սոցիալական ծրագրերը, ի տարբերություն անհատական բարեգործության, ուղղված են ոչ թե մեկ կամ մի քանի մարդու, այլ հազարավորների և անգամ հարյուր հազարավորների կյանքի բարելավմանը։ Հայաստանում վերջին տարիներին իրականացվել են մի շարք կարևոր նախաձեռնություններ՝ սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնում,
կենսաթոշակների բարձրացում,
բժշկական ծառայությունների հասանելիության մեծացում, ենթակառուցվածքների զարգացում՝ ճանապարհներ, բանակ, դպրոցներ, մանկապարտեզներ։
Սրանք լուռ, բայց խորքային փոփոխություններ են։ Դրանք չեն ուղեկցվում ամենօրյա աղմուկով, չեն դառնում սենսացիոն վերնագրեր, սակայն դրանց ազդեցությունը երկարաժամկետ է և համակարգային։ Անկախության տարիներից ի վեր այսչափ բարենորոգումներ չեն եղել։
Հասարակության մի հատված, սակայն, հակված է այս ամենը ընկալել որպես «պարտադիր» կամ «ինքնըստինքյան» կատարվող գործընթաց։ Այստեղ է խնդիրը․ երբ լավը չի գնահատվում, այն սկսում է արժեզրկվել։ Իսկ երբ արժեզրկվում է, կորում է նաև առաջընթացի զգացողությունը։ Շատերը մատնանշում են պետական "ահռելի" պարքերը, երբ դա ընդամենը անհայտ ճանապարհներով հարստացած օլիգարխների կարողությունից էլ քիչ է։
Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել քննադատության դերը։ Առողջ հասարակությունը պետք է կարողանա մատնանշել թերությունները, պահանջել ավելի լավ կառավարում, ավելի արդյունավետ ծրագրեր։ Սակայն քննադատությունը պետք է լինի կառուցողական, ոչ թե վերածվի մշտական ժխտման։ Այս հարցերը քննարկելու փոխարեն խորհրդարանի ընդիմության աթոռները թափուր են։
Այսօր մեզ անհրաժեշտ է նոր մշակույթ՝ գնահատելու նոր իրողությունները։ Անկախության երեք տասնամյակից հետո էլ կախյալ վիճակում ենք, պատճառները տարբեր են, ոմանք դա անում են զուտ պահպանելու կուտակած հարստությունը։
Այսօր պետական ծրագրերը քան երբևէ տեսանելի են դառնում ոչ թե քարոզչությամբ, այլ արդյունքներով, իսկ քաղաքացին իրեն զգում է ոչ թե դիտորդ, այլ մասնակից։
Պետք է հստակ հասկանալ՝ պետությունը վերացական միավոր չէ։ Դա մեր համատեղ ջանքերի արդյունքն է։ Երբ իրականացվում են սոցիալական ծրագրեր, կառուցվում են ճանապարհներ, բարելավվում է առողջապահական համակարգը, դա կատարվում է մեր իսկ ստեղծած ռեսուրսներով և մեր ապագայի համար։
Հետևաբար, նեցուկ լինել պետությանը չի նշանակում անտեսել խնդիրները։ Դա նշանակում է՝ տեսնել ամբողջ պատկերը։ Գնահատել արվածը, միաժամանակ պահանջել ավելին։
Որովհետև միայն այն հասարակությունն է առաջ գնում, որը ոչ միայն քննադատում է, այլ նաև կարողանում է արժևորել արվածը ու շարժվել առաջ։
Գ.ՀՈՎՍԵՓՅԱՆ

Thursday, 19 March 2026

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

1921 Թ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ ԵՎ 1920 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃՌԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԸ


Հայաստանյան լրատվական դաշտում հազվադեպ են հայտնվում նյութեր, որոնք վերաբերում են ոչ միայն պատմությանը, այլև այդ պատմության իրավական վերանայման փորձերին։ Այս հրապարակումը հենց այդպիսի նախաձեռնության մասին է։

Խոսքը վերաբերում է մեկ դար առաջ կնքված փաստաթղթերին՝ 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, որոնք ձևավորել են Թուրքիայի և Հարավային Կովկասի ներկայիս սահմանների հիմքը։

Այս թեման երկար տարիներ քննարկվել է հիմնականում պատմական և քաղաքական հարթակներում։ Սակայն առաջին անգամ փորձ է արվում այն տեղափոխել նաև իրավական դաշտ։

Ռուսաստանի քաղաքացի, հասարակական գործիչ Գեորգի Անտոնով-Միրզախանյանը մի քանի տարի առաջ դիմել է Ռուսաստանի իշխանությունների բարձրագույն ատյաններին, իսկ պատասխաններ ստանալուց հետո՝ նաև դատարաններին՝ վիճարկելու այդ պայմանագրերի իրավական հիմքերը։ Գործը անցել է մի շարք դատական ատյաններով՝ հասնելով մինչև բարձրագույն մակարդակներ։

Չնայած հայցերի մերժմանը՝ Անտոնով-Միրզախանյանը համոզված է, որ այդ որոշումները փակուղի չեն ստեղծել։ Ընդհակառակը՝ դրանք հնարավորություն են տվել անցնելու հաջորդ փուլ՝ դիմելու միջազգային իրավական հարթակներ։ Այսօր նա արդեն հարցը բարձրացրել է միջազգային կառույցներում, իսկ Հայաստանում հիմնադրել է նոր հասարակական նախաձեռնություն՝ «Վիլսոնյան Հայաստան» անվամբ։

Ստորև ներկայացնում ենք մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ Գեորգի Անտոնով-Միրզախանյանի թիմակիցների պարզաբանումները։


– Ինչպե՞ս առաջացավ գաղափարը՝ վիճարկել 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։

– Տարիներ շարունակ ուսումնասիրել ենք այդ պայմանագրերի պատմափաստագրական և իրավական հիմքերը։ Ժամանակի ընթացքում համոզվել ենք, որ դրանց շուրջ կան բազմաթիվ հարցեր, որոնք երբեք չեն քննվել իրավական դաշտում։ Այդտեղից էլ ծնվեց գաղափարը՝ փորձել խնդիրը տեղափոխել իրավական հարթություն։

Որպես որոշակի նախադրյալ կարելի է դիտարկել նաև 1995 թ. ՌԴ Պետդումայի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։

Հաշվի առնելով նաև Թուրքիայի ներկայիս հակահայ քաղաքականությունը Հարավային Կովկասում, Արցախում իրականացված գործողությունները, վարձկանների և արգելված միջոցների կիրառման վերաբերյալ մեղադրանքները, ինչպես նաև Արցախի հայաթափումը՝ անհրաժեշտություն առաջացավ հետևողական լինել և փորձել հասնել հայ ժողովրդի շահերը խախտող, ըստ մեզ՝ ոչ լեգիտիմ պայմանագրերի չեղարկմանը։


– Ինչո՞ւ որոշեցիք սկսել հենց Ռուսաստանի դատարաններից։

– Քանի որ այդ պայմանագրերի տակ առկա են բոլշևիկյան Ռուսաստանի ղեկավարների ստորագրությունները, դիմեցինք ՌԴ իշխանություններին՝ հաշվի առնելով, որ ներկայիս Ռուսաստանը հանդիսանում է այդ պետության իրավահաջորդը։ Նրանց պատասխաններից հետո դիմեցինք դատարաններ։

ՌԴ ԱԳՆ-ն իր պատասխանում նշել է, որ նման հարցերը պետք է դիտարկվեն պատմական համատեքստում, ինչպես նաև հետագա պայմանագրային պրակտիկայի և ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված իրավիճակի շրջանակում։ Ընդգծվել է նաև, որ խաղաղության և սահմանների մասին պայմանագրերը չեն կարող միակողմանիորեն դադարեցվել՝ առանց լուրջ իրավական հետևանքների։


– Ինչպե՞ս արձագանքեցին դատարանները ձեր հայցերին։

– Դատարանները հիմնականում նույն հիմնավորմամբ մերժեցին հայցերը՝ նշելով, որ իրավասու չեն քննարկելու 1921 թվականին կնքված միջազգային պայմանագրերի վերանայման հարցը։ Բացի այդ, նշվեց, որ ներկայացված հայցը չի ապացուցում անձնական իրավունքների անմիջական խախտում։

Գործը անցել է բոլոր ատյաններով՝ շրջանային, վերաքննիչ, վճռաբեկ, Գերագույն և Սահմանադրական դատարաններ, որոնք փաստացի արձանագրել են, որ ՌԴ դատական համակարգը իրավասու չէ նման հարցեր քննարկել և առաջարկել են դիմել միջազգային ատյաններ։


– Այդ որոշումները հիասթափեցրե՞ցին ձեզ։

– Ոչ։ Դրանք սպասելի էին, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն տվեցին անցնելու հաջորդ փուլին՝ միջազգային կառույցներին դիմելուն։


– Ձեր գործունեության ընթացքում ի՞նչ դժվարությունների եք բախվել։

– Բախվել ենք տարբեր խոչընդոտների՝ ներառյալ կազմակերպչական խնդիրներ, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու որոշում, որը ներկայումս ևս վիճարկվում է դատարաններում։


– Ի՞նչ նպատակներ է հետապնդում «Վիլսոնյան Հայաստան» կազմակերպությունը։

– Մեր հիմնական նպատակը մնում է նույնը՝ հասնել Վիլսոնի իրավարար վճռի կիրառմանը։


– Ինչո՞ւ ստեղծվեց «Վիլսոնյան Հայաստան» նախաձեռնությունը։

– Երբ հասկացանք, որ հարցը պետք է տեղափոխվի միջազգային հարթակ, անհրաժեշտ դարձավ կազմակերպչական հիմք ստեղծել։ Այդպես էլ հիմնադրվեց նախաձեռնությունը, որը հիմնվում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար որոշման վրա և նպատակ ունի պահանջել այդ իրավական ժառանգության ճանաչումն ու կիրառումը։

Մենք քաղաքական նպատակներ չենք հետապնդում և չենք գործում որևէ պետության կամ ժողովրդի դեմ։ Մեր նպատակը բացառապես հայ ժողովրդի իրավական շահերի պաշտպանությունն է։


– Այսօր որտե՞ղ է գտնվում գործընթացը։

– Հայցադիմումներ են ներկայացվել միջազգային կառույցներին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե։ Վերջինս արդեն ընդունել է դիմումը վարույթ, ինչը կարևոր առաջընթաց է։


– Ի՞նչ արդյունք եք ակնկալում։

– Գործընթացը դեռ ընթացքի մեջ է, և այս փուլում չենք ցանկանում մանրամասներ հրապարակել։ Կարող ենք միայն նշել, որ այս հարցը վաղ թե ուշ պետք է ստանա իրավական գնահատական։


– Ի՞նչպիսի՞ աջակցություն եք ակնկալում։

– Առաջին հերթին՝ տեղեկացվածություն։ Կարևոր է, որ թեման լայնորեն քննարկվի։


– Արդյոք այս պայքարը դարձել է անձնական առաքելություն։

– Այո՝ որոշ չափով։ Ունենք նաև բազմաթիվ համակիրներ Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Սա միայն իրավական հարց չէ, այլ նաև պատմական հիշողության և արդարության խնդիր։


– Ինչպե՞ս կավարտվի այս գործընթացը։

– Դա ցույց կտա ժամանակը։ Սակայն համոզված ենք, որ պատմական արդարության հարցերը չեն անհետանում․ դրանք կարող են ժամանակավորապես լռել, բայց անպայման վերադառնում են միջազգային օրակարգ։


Գեորգի Անտոնով-Միրզախանյանի թիմակիցները նշում են նաև, որ գործընթացը դեռ սկզբնական փուլում է, և առաջիկայում հնարավոր է հրապարակվեն նոր փաստաթղթեր ու իրավական նյութեր, որոնք ավելի ամբողջական պատկեր կստեղծեն։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ



Պատմական ներկայացվածություն․ հայերը Նիդերլանդների համայնքային խորհուրդներում

 ԹԱՐՄԱՑՎՈՂ









🇦🇲
Պատմական ներկայացվածություն․ հայերը Նիդերլանդների համայնքային խորհուրդներում
Ուժեղ համայնքը ներկայանում է այնտեղ, որտեղ որոշումներ են կայացվում՝ առաջնորդության, ներգրավվածության և պատասխանատվության միջոցով։
Հպարտությամբ շնորհավորում ենք մարտի 18-ին տեղի ունեցած տեղական մարմինների ընտրություններում հայ համայնքի այն ներկայացուցիչներին, ովքեր ընտրվել են Նիդերլանդների տարբեր համայնքների ավագանիներում։ (Նախնական տվյալներով) այս անգամ ընտրվել է 7 թեկնածու՝ ինչը վկայում է աճող մասնակցության և վստահության մասին։
👏 Շնորհավորում ենք՝
▪️ Արշակ Մազլումյան – Էնկհաուզեն
▪️ Գոհարիկ Սարյան – Բաարն

▪️ Դավիթ Սարգսյան – Դելֆտ
▪️ Լուսինե Բախշյան – Հեմստեդե
▪️ Արտակ Գրիգորյան – Ռոսենդալ
▪️ Լիլիթ Զելցբուրգ – Զաանստադ
Սակայն սա վերջնակետը չէ։
FAON: Federation of Armenian Organisations in The Netherlands-ի քարտուղար Ինգա Դրոստի (Inge Drost )մեկնաբանությամբ՝
🔹 Նրանք, ովքեր դեռևս անմիջապես չեն ընտրվել, հնարավորություն ունեն անցնելու նախապատվության ձայների հաշվարկից հետո։
🔹 Բացի այդ, որոշ թեկնածուներ կարող են միանալ ավագանուն, եթե իրենց կուսակցությունները ներգրավվեն համայնքային գործադիր մարմնում (B&W)։
👉 Այսինքն՝ ներկայացվածությունը դեռ կարող է աճել։
Այս զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է․
Նիդերլանդների հայ համայնքը ոչ միայն տեսանելի է, այլև ազդեցիկ և ակտիվորեն ներգրավված է հասարակության զարգացման գործընթացում։
Մաղթում ենք բոլոր ընտրված և ապագա ավագանու անդամներին հաջողություն, իմաստություն և հաստատակամություն իրենց պատասխանատու առաքելության մեջ։
Միասին կառուցում ենք կամուրջներ։ Միասին կերտում ենք ապագա։ 🇳🇱🤝🇦🇲
🇳🇱 Historische vertegenwoordiging: Armeniërs in Nederlandse gemeenteraden
Een sterke gemeenschap laat zich zien waar beslissingen worden genomen — door leiderschap, betrokkenheid en verantwoordelijkheid.
Met trots feliciteren wij de vertegenwoordigers van de Armeense gemeenschap die zijn verkozen tijdens de gemeenteraadsverkiezingen van 18 maart in verschillende gemeenten in Nederland. (Onder voorbehoud) zijn er dit keer 7 gekozen kandidaten - een duidelijk teken van groeiende participatie en vertrouwen.
👏 Gefeliciteerd aan:
▪️ Arshak Mazloumian – Enkhuizen
▪️ Goharik Sarian – Baarn

▪️ David Sarkisian – Delft
▪️ Lusine Bakhshyan – Heemstede
▪️ Artak Grigoryan – Roosendaal
▪️ Lilit Zeltzburg – Zaanstad
Maar dit is nog niet het eindpunt.
Volgens FAON-secretaris Inga Drost:
🔹 Kandidaten die nog niet direct gekozen zijn, maken nog kans via de voorkeursstemmen.
🔹 Daarnaast kunnen sommigen alsnog toetreden tot de gemeenteraad als hun partij deelneemt aan het college van B&W.
👉 Dit betekent dat de vertegenwoordiging nog verder kan groeien.
Deze ontwikkeling onderstreept opnieuw:
de Armeense gemeenschap in Nederland is niet alleen zichtbaar, maar ook invloedrijk en actief betrokken bij de samenleving.
Wij wensen alle gekozen en toekomstige raadsleden veel succes, wijsheid en doorzettingsvermogen in hun belangrijke werk.
Samen bouwen we bruggen. Samen bouwen we aan de toekomst. 🇳🇱🤝🇦🇲