ՏԵՍԱԿԵՏ
26.03.2026/Նիդ. օրագիր/ Գրիգոր Հովսեփյան
Վերջին տարիներին մեր հանրային դաշտում հաճախ կարելի է նկատել մի հակասական պատկեր․ մի կողմից իրականացվում են լայնածավալ սոցիալական ծրագրեր, մյուս կողմից՝ դրանց նկատմամբ արձագանքը մնում է զուսպ, երբեմն նույնիսկ՝ բացասական ու չգնահատված։ Սա արդեն մտորելոի տեղիք է տալիս ու պատահական չէ․ մենք գործ ունենք ոչ միայն քաղաքական կամ տնտեսական, այլև խորապես հոգեբանական ու մշակութային երևույթի հետ։Այս համատեքստում հաճախ հիշատակվում են առանձին բարեգործական նախաձեռնություններ, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված օգնությունները, որոնք ակտիվորեն լուսաբանվել են Կենտրոն հեռուստաալիքի եթերներում։ Ասենք Ռոզա Ծառուկյանը օգնել է մի ընտանիքի` կլոր տարին այդ մասին է խոսվում։ Այդպիսի պատմությունները հուզական են, անմիջական, հեշտ ընկալվող։ Դրանք ունեն կոնկրետ հերոս և կոնկրետ արդյունք՝ փրկված կյանք, լուծված խնդիր։ Սակայն այստեղ է առաջանում հիմնական հարցը․ արդյո՞ք հասարակությունը նույն չափով գնահատում է այն, ինչ արվում է համակարգային մակարդակում։
Պետության իրականացրած սոցիալական ծրագրերը, ի տարբերություն անհատական բարեգործության, ուղղված են ոչ թե մեկ կամ մի քանի մարդու, այլ հազարավորների և անգամ հարյուր հազարավորների կյանքի բարելավմանը։ Հայաստանում վերջին տարիներին իրականացվել են մի շարք կարևոր նախաձեռնություններ՝ սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնում,
կենսաթոշակների բարձրացում,
բժշկական ծառայությունների հասանելիության մեծացում, ենթակառուցվածքների զարգացում՝ ճանապարհներ, բանակ, դպրոցներ, մանկապարտեզներ։
Սրանք լուռ, բայց խորքային փոփոխություններ են։ Դրանք չեն ուղեկցվում ամենօրյա աղմուկով, չեն դառնում սենսացիոն վերնագրեր, սակայն դրանց ազդեցությունը երկարաժամկետ է և համակարգային։ Անկախության տարիներից ի վեր այսչափ բարենորոգումներ չեն եղել։
Հասարակության մի հատված, սակայն, հակված է այս ամենը ընկալել որպես «պարտադիր» կամ «ինքնըստինքյան» կատարվող գործընթաց։ Այստեղ է խնդիրը․ երբ լավը չի գնահատվում, այն սկսում է արժեզրկվել։ Իսկ երբ արժեզրկվում է, կորում է նաև առաջընթացի զգացողությունը։ Շատերը մատնանշում են պետական "ահռելի" պարքերը, երբ դա ընդամենը անհայտ ճանապարհներով հարստացած օլիգարխների կարողությունից էլ քիչ է։
Միևնույն ժամանակ, չի կարելի անտեսել քննադատության դերը։ Առողջ հասարակությունը պետք է կարողանա մատնանշել թերությունները, պահանջել ավելի լավ կառավարում, ավելի արդյունավետ ծրագրեր։ Սակայն քննադատությունը պետք է լինի կառուցողական, ոչ թե վերածվի մշտական ժխտման։ Այս հարցերը քննարկելու փոխարեն խորհրդարանի ընդիմության աթոռները թափուր են։
Այսօր մեզ անհրաժեշտ է նոր մշակույթ՝ գնահատելու նոր իրողությունները։ Անկախության երեք տասնամյակից հետո էլ կախյալ վիճակում ենք, պատճառները տարբեր են, ոմանք դա անում են զուտ պահպանելու կուտակած հարստությունը։
Այսօր պետական ծրագրերը քան երբևէ տեսանելի են դառնում ոչ թե քարոզչությամբ, այլ արդյունքներով, իսկ քաղաքացին իրեն զգում է ոչ թե դիտորդ, այլ մասնակից։
Պետք է հստակ հասկանալ՝ պետությունը վերացական միավոր չէ։ Դա մեր համատեղ ջանքերի արդյունքն է։ Երբ իրականացվում են սոցիալական ծրագրեր, կառուցվում են ճանապարհներ, բարելավվում է առողջապահական համակարգը, դա կատարվում է մեր իսկ ստեղծած ռեսուրսներով և մեր ապագայի համար։
Հետևաբար, նեցուկ լինել պետությանը չի նշանակում անտեսել խնդիրները։ Դա նշանակում է՝ տեսնել ամբողջ պատկերը։ Գնահատել արվածը, միաժամանակ պահանջել ավելին։
Որովհետև միայն այն հասարակությունն է առաջ գնում, որը ոչ միայն քննադատում է, այլ նաև կարողանում է արժևորել արվածը ու շարժվել առաջ։
Գ.ՀՈՎՍԵՓՅԱՆ

No comments:
Post a Comment