The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 8 March 2026

Ինգա Դրոստ՝ Նիդերլանդահայ համայնքի գույնն ու ոգեշնչման աղբյուրը

Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, ամեն տարի մեզ հիշեցնում է այն անխոնջ կանանց մասին, ովքեր իրենց նվիրվածությամբ ու պայքարով փոխում են կյանքը՝ դարձնելով այն ավելի արդար, ջերմ և հույսով լի։ 2026 թվականի այս օրվա շեմին, երբ մենք տոնում ենք կանանց ուժն ու նվաճումները, երկար փնտրտուքների կարիք չեղավ։ Այդ մարդը բոլորիս կողմից սիրված և հարգված Ինգա Դրոստն է։

Արդեն վաղուց պետք էր գրել Ինգա Դրոստի մասին։ Սակայն գրել մեկի մասին, ով իր գիտակցական կյանքի մեծ մասը նվիրել է Նիդերլանդների հայկական համայնքին, հեշտ գործ չէ։ Հանկարծակի հենց այս տոնական օրը հնարավորություն ընձեռեց ստանձնելու այդ պատասխանատվությունը՝ որքան էլ այն դժվար լինի։

Հատկապես հուզիչ է խոսել Ինգա Դրոստի (հոլանդերեն՝ Inge Drost) մասին՝ Նիդերլանդներում հայկական համայնքի սիրելի առաջնորդի, իրավաբանի և ակտիվիստի մասին, ով երկար տարիներ ոգեշնչման աղբյուր է եղել հազարավոր հայերի համար։ Նրա կյանքը լի է անձնվեր նվիրվածությամբ և մի պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է մեկ կին, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, միավորել ոչ միշտ միատար հայկական համայնքը, պաշտպանել արդարությունը և հույս ու հավատ սերմանել Նիդերլանդների հայերի մեջ։

Ինգայի ճանապարհը սկսվել է Նիդերլանդներում։ Նրա առաջին ոգևորողն ու ուսուցիչը մայրը՝ Իլզա Հովհաննիսյանն (Ilse Johannes) է եղել, որի ծնողները հայեր էին Ինդոնեզիայից։ Հայրը հոլանդացի էր։ Դա չի խանգարել տիկին Իլզային դստերը դաստիարակել հայկական ոգով։ Ինգան դեռ դպրոցական տարիներից տեղեկացավ Հայոց ցեղասպանության մասին, և այդ թեման խոր հետք թողեց նրա սրտում։ Այդ տարիներից մինչ օրս նա տարբեր առիթներով բարձրաձայնում է այդ մասին։

Տիկին Իլզան անցած դարի 60-ական թվականներին եղել է Նիդերլանդների հայկական համայնքի ակտիվ անդամներից՝ լինելով համայնքային կառույցի քարտուղար և ակտիվիստ։ Նրանք պարբերաբար հրատարակել են հոլանդերեն լեզվով բյուլետեն։ Ինգան սովորել է հայերեն, կարդում և հասկանում է, սակայն դժվարանում է վարժ խոսել։ Իլզա Հովհաննիսյանը մինչև իր մահը (28.11.2024) հավատարիմ մնաց հայկական արմատներին, շարունակեց հետևել հայկական իրադարձություններին։ Նա «Աբովյան» միության անդամ էր և մշտապես աջակցում էր Ինգային։

Ինգան բարձրագույն կրթություն է ստացել Լեյդենի համալսարանում՝ դառնալով որակավորված իրավաբան (jurist)։ Այս հեղինակավոր համալսարանը, որը հայտնի է իր բարձր ակադեմիական չափանիշներով և միջազգային հեղինակությամբ, Ինգային տվել է խորքային իրավաբանական գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նա հետագայում կիրառել է ինչպես պետական ծառայության մեջ, այնպես էլ հասարակական գործունեությունում։

Ուսանողական տարիներից մինչև այսօր Ինգան հոլանդական մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ հայկականությանը հուզող հարցերի վերաբերյալ։

Նրա մասին որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով իմ վստահորդի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ հենց այդ պահին Ինգան Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի հետ բանակցություններ էր վարում նույն Լեյդենի համալսարանի պատասխանատուների հետ՝ նպատակ ունենալով վերաբացել հայագիտական ամբիոնը։ Այդպիսին է նրա անհանգիստ ու մշտապես պրպտող բնավորությունը։

Նրա մասնագիտական գործունեությունը Նիդերլանդների կառավարությունում տևել է գրեթե 40 տարի՝ հիմնականում Սոցիալական գործերի և զբաղվածության նախարարությունում (Ministerie van Sociale Zaken en Werkgelegenheid)։ Այստեղ Ինգան աշխատել է որպես օրենսդրական իրավաբան, նախագծերի ղեկավար և խորհրդատու՝ կարևոր ներդրում ունենալով երկրի սոցիալական քաղաքականության զարգացման մեջ։ Նրա աշխատանքային ուղին լի է օրինակներով, երբ նա ոչ միայն օրենքներ է մշակել, այլև օգնել բազմաթիվ մարդկանց՝ դառնալով նրանց հույսի աղբյուրը։

Հասարակական և կամավոր գործունեություն՝ սրտի կոչով

Ինգայի կյանքի առանցքային հատվածը նրա կամավոր գործունեությունն է հայկական համայնքում։ Նա տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին, ինչը հնարավորություն է տվել նրան կապեր հաստատել տարբեր երկրների հետ և մասնակցել համաժողովների Հայաստանում և եվրոպական մի շարք երկրներում՝ Բելգիայում, Ֆրանսիայում և Իտալիայում։ Տարիներ շարունակ նա անմիջական կապեր է պահպանել Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորների և կառավարության անդամների հետ՝ ներկայացնելով հայկական համայնքի խնդիրներն ու շահերը։

1985–1990 թվականներին, ինչպես նաև 2000 թվականից մինչև այսօր, նա եղել է հայկական մշակութային «Աբովյան» միության քարտուղարը՝ ավելի քան 40 տարի նվիրվածությամբ ծառայելով այդ կազմակերպությանը։ Այս միությունը դարձել է Նիդերլանդների հայերի համար մի տեսակ տուն, որտեղ կազմակերպվող միջոցառումները նպաստում են հայկական մշակույթի պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև միավորում են տարբեր սերունդների։

2004 թվականից մինչև այսօր նա նաև Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) քարտուղարն է՝ ավելի քան երկու տասնամյակ ակտիվորեն պաշտպանելով հայկական շահերը։

Նրա ամուսինը՝ Մաթո Հախվերդյանը, ով «Աբովյան» միության տնօրենն է և FAON-ի նախագահը, Ինգայի անբաժան գործընկերն է եղել այս գործունեության ընթացքում։ Միասին նրանք ստեղծել են ամուր և համերաշխ համայնքային կառույց, որը շատերի համար դարձել է օրինակելի։ Պարոն Մաթոյի գնահատմամբ՝ Ինգային հատուկ են կարգապահությունը, հետևողականությունը, աշխատասիրությունը և հոգատարությունը։

Ինգան նաև քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալել՝ լինելով PvdA կուսակցության Վորբուրգի բաժանմունքի նախագահ (1986–1990), կուսակցության ազգային խորհրդի անդամ (1989–1990) և երկու անգամ առաջադրվել է Նիդերլանդների խորհրդարանի Երկրորդ պալատի ընտրություններում։

2000–2015 թվականներին նա նաև սեռական ոտնձգությունների վերաբերյալ բողոքների հանձնաժողովի անդամ էր՝ ակտիվորեն պայքարելով կանանց իրավունքների պաշտպանության համար։

Նվաճումներ և գործունեություն

Ինգա Դրոստի գործունեությունը հարուստ է կարևոր նախաձեռնություններով և ձեռքբերումներով։ Նա ակտիվորեն ներգրավված է եղել Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում՝ ներկայացնելով պետիցիաներ խորհրդարանին, մասնակցելով լսումների և հարցազրույցների։

2020 թվականին NPO Radio1-ի եթերում նրա հարցազրույցը՝ նվիրված ցեղասպանության 105-րդ տարելիցին, մեծ արձագանք գտավ՝ դառնալով արդարության պահանջի հզոր ձայն։

Նա նաև հրապարակումներ է ունեցել հեղինակավոր Clingendael Spectator պարբերականում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ։ Այս հոդվածները, որոնք գրվել են Դիրք Ռուդզանտի հետ համատեղ, կարևոր ներդրում են թեմայի միջազգային քննարկման մեջ։

Ինգան հոլանդական մամուլում տարբեր հոդվածներ է հրապարակել Հայոց ցեղասպանության, Արցախի և հայերին վերաբերող այլ հարցերի մասին։

Նա մասնակցել է նաև Ղարաբաղյան հարցին նվիրված խորհրդարանական քննարկումներին։ 2015 թվականին Պիտեր Օմցիգտի նախաձեռնած լսումների ընթացքում նա ներկայացրել է Ղարաբաղի պատմական և քաղաքական իրողությունները՝ կոչ անելով խաղաղության և արդարության։

2019 թվականին նա մասնակցել է Հաագայում հայկական ասացվածքով «Հին կենտրոնի գորգի» բացմանը՝ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ միասին։ Գորգի վրա փորագրված «Ջուրը կգտնի իր ճանապարհը» ասացվածքը խորհրդանշում է հայ ժողովրդի դիմացկունությունն ու տոկունությունը։ Ինգան կարևոր է համարում կոլեկտիվ աշխատանքը և հայերի հետ սերտ համագործակցությունը։

Պարգևներ և գնահատական

Ինգա Դրոստը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով և ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվոգրով՝ հայ-հոլանդական հարաբերությունների զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար։

Նրա գործունեությունը ներառում է Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը, Ղարաբաղյան հարցի քննարկումները և կանանց իրավունքների պաշտպանության նախաձեռնությունները։

Ինգա Դրոստը Նիդերլանդների հայկական սփյուռքի կարևոր դեմքերից է՝ համատեղելով մասնագիտական իրավաբանական փորձը և հայկական մշակութային ու հասարակական գործունեությունը։ Նա շարունակում է ակտիվորեն աշխատել համայնքի համար՝ կենտրոնանալով արդարության, մշակութային ինքնության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության վրա։

Նրա օրինակն ապացուցում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ փոփոխությունների շարժիչ ուժ՝ ոգեշնչելով նոր սերունդներին պահպանել իրենց ժառանգությունն ու կառուցել ավելի լուսավոր ապագա։

Շնորհավոր Մարտի 8-ը, Ինգա, և շնորհակալություն քո սրտանց նվիրվածության համար։

Կներես, եթե այս հոդվածում քո կենսագրության որոշ կարևոր դրվագներ չնշված լինեն։ Դու ոգեշնչման լույս ես մեզ բոլորիս համար։

Աշոտ Կնիազյան
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր-խմբագիր

Օգտվելով առիթից՝ «Նիդերլանդական օրագիրը» ջերմորեն շնորհավորում է աշխարհի բոլոր հայ կանանց Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Ձեր նվիրումը, ուժն ու ստեղծարար ոգին մշտապես եղել են ընտանիքների և համայնքների ամուր հենարանը։ Թող ձեր կյանքը լցված լինի խաղաղությամբ, սիրով և նոր հաջողություններով, իսկ ձեր ներկայությունը միշտ լինի սիրո, հույսի և ստեղծարար ուժի աղբյուր։

1987 թ. հանդիպում Նիդերլանդների խորհրդարանի նախագահ Դիկ Դոլմանի հետ (Dick Dolman, voorzitter Tweede Kamer van 1979 tot 1989), հայոց ցեղասպանության ճանաչման հարցով։ Դոլմանը 1990-2003 թթ. Հոլանդիայի գերագույն խորհրդի (Raad van State) անդամ էր։ Նկարում`(աջից) Ինգա Դրոստը,Մաթո Հախվերդյանը, Նուբար Սեփոյանը, Դիկ Դոլմանը, Հարութ Սիմոնյանը և դերասան Արա Հալիչիի մայրը` Արուսյակը:



Ինգա Դրոստը: Վենետիկ 7/06/2003, Եվրոպայի հայերի ֆորումի ժողովի մասնակից։



 Ինգա Դրոստը Նիդերլանդների խորհրդարան մտած առաջին հայազգի պատգամավորի` Անի Զալինյանի հետ  13.11.2025թ.:


Ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ 2013թ. Ալմելո

Ինգա Դրոստը «Հոլանդացի Հայաստանի բարեկամներ» խմբի հանդիպումներից մեկում, որի անդամներն են խորհրդարանի նախկին ու ներկա, կառավարության , գործարար ու այլ ոլորտի ներկայացուցիչներ



2025 թ. ապրիլի 15- խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովին (Commissie voor Buitenlandse Zaken) ներկայացվեց պետիցիան (հանրագիրը), որը շարունակությունն է 1987 թ. առաջին հանդիպումից սկսված հետևողական աշխատանքի։ Նիստին ներկա էին հանձնաժողովի բազմաթիվ անդամներ։ Ինգան միշտ կարևորել է կոլեկտիվ աշխատանքը և հայերի հետ սերտ համագործակցությունը:

Aanbieding brief aan Rutte, aan algemene zaken van de regering. 17 april 2018, delegatie van de SAO


No comments:

Post a Comment