ՆԱՄԱԿԱՆԻ
14.03.2026/Արամ Բաբայան/Նիդ.օրագիր
Քաղաքական գործիչ Tigran Davudyan-ը հետևյալն էր գրել.
«Երեկ առավոտյան ժամը ութին նկատեցի, որ հինգ ոստիկան և երկու քաղաքացիական հագուստով անձ Սամվել Կարապետյանի ազատությունը պահանջող պաստառը «Հովսեփ Էմին» փողոցի կամուրջի վրայից պոկեցին։ Ով կարող է ասել՝ արդյո՞ք ոստիկանության քայլը օրինաչափ էր։ Կա՞ օրենք նման պաստառները չթույլատրելու կապակցությամբ։ Կարո՞ղ է պաստառը սահմանված տեղում փակցված չի եղել»։
Իմ բնակության երկրի օրինակով խոսեմ։
Նիդերլանդներում հաճախ ասում են՝ այստեղ օրենքն ու կարգը բարձր արժեք են։ Բայց երբեմն այդ կարգը հասնում է այնտեղ, որտեղ շատերը սկսում են հարց տալ․ արդյո՞ք ամեն ինչ պետք է կարգավորվի թույլտվություններով։
Այստեղ նույնիսկ սեփական խանութի ցուցանակը համարվում է գովազդ և ընկնում «գովազդային հարկի» տակ։ Քաղաքապետարանները վերահսկում են, թե ինչ պաստառ, ինչ չափի գրություն կամ ինչ դրոշ կարող է հայտնվել փողոցում, շենքի վրա կամ կամրջի մոտ։
Այս կանոնները սահմանում են տեղական իշխանությունները՝ օրինակ համայնքները, ինչպես Gemeente Terneuzen-ը և մյուս քաղաքապետարանները։ Պաշտոնական բացատրությունը պարզ է՝ պահպանել քաղաքային տեսքը, խուսափել գովազդային քաոսից և ապահովել անվտանգությունը։
Բայց այստեղ առաջանում է ավելի սուր հարց։
Ի՞նչ կլինի, եթե պաստառը գովազդ չէ, այլ բողոք կամ կոչ։
Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը կախի պաստառ՝ «Ազատություն Սամվելին» գրությամբ՝ պաշտպանելով ազատությունից զրկված մարդու։
Թղթի վրա Նիդերլանդները խոսքի ազատության երկիր է։ Բայց իրական կյանքում, եթե նման պաստառը հայտնվում է հանրային տարածքում կամ շենքի արտաքին մասում, հաճախ կարող է պահանջվել թույլտվություն։ Որոշ դեպքերում նույնիսկ կարող է առաջանալ վարչական տուգանքի կամ վճարի հարց։
Ստացվում է հետաքրքիր հակասություն․
խոսքի ազատությունը կա, բայց երբեմն այն պետք է տեղավորվի քաղաքային կանոնակարգերի շրջանակում։
Արամ ԲԱԲԱՅԱՆ
Նիդերլանդներ

No comments:
Post a Comment