--------------------
Մարտի 6-ից 8-ը տեղի ունեցավ Նիդերլանդներում բնակվող Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդ զավակների եռօրյա առանձնացումը։ Այն համախմբեց շուրջ վաթսուն հայ երիտասարդների երկրի տարբեր ծխերից՝ աղոթքի, խորհրդածության և եղբայրական հաղորդակցության պահերի համար՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ։
Հավաքը նախագահում էր Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պասամյանը։ Հոգևոր ծրագիրը համադրում էր Նյու Յորքի Սբ․ Ներսես հոգևոր ճեմարանի տեսուչ Մարտիրոս քահանա Ջևյանը՝ երկու սարկավագ-ճեմարանականների ուղեկցությամբ։ Ներկա էին նաև Նիդերլանդներում ծառայող երեք հոգևորականներ՝ Տ. Տարոն քահանա Թադևոսյանը, Տ. Մաշտոց քահանա Բաղդասարյանը և Տ. Սերովպե քահանա Էյլենջյանը։
Իր բացման խոսքում Սրբազան Հայրը ողջունեց երիտասարդներին՝ հրավիրելով նրանց ապրել այս առանձնացումը որպես իսկական հոգևոր ճանապարհորդություն։ Նա հիշեցրեց, որ Մեծ Պահքը միայն որոշ կանոնների շրջան չէ, այլ «սրբազան հնարավորություն՝ կանգ առնելու, ներանձնանալու և Աստծուն մոտենալու», ինքներս մեզ հարցադրելով, թե ո՞վ ենք Աստծու առաջ և որքանո՞վ ենք իրականում հետևում Քրիստոսի պատգամին։
Սրբազանը բացատրեց, որ այս օրերին երիտասարդները «հոգևորապես քայլելու են Տիրոջ հետ Ավագ շաբաթվա ընթացքին՝ մինչև Խաչն ու Հարությունը»։ Դա տեղի կունենա ոչ միայն Ավետարանը լսելով և միասին աղոթելով, այլև թույլ տալով, որ Քրիստոսը խորապես ներթափանցի նրանց սրտերը։
Նշելով այն իրական և բարդ մարտահրավերները, որոնց այսօր բախվում են երիտասարդները, Սրբազան Հայրը շեշտեց, որ Ավետարանի պատգամը անմիջականորեն ուղղորդում է նրանց դիմագրավելու մարտահրավերներին։ Նա քաջալերեց երիտասարդներին մասնակցել հավաքին արթուն մտքով և բաց սրտով, լինել անկեղծ աղոթքի մեջ, անսան Աստուծո խոսքին, հվւատքի և հոգևոր կյանքի վերափոխման ճանապարհով դառնան Աստուծո սիրելի զավակներ և Հայ եկեղեցու իսկական հավատավորներ։
Առանձնացման ընթացքում երիտասարդները մասնակցեցին թեմատիկ զեկույցների և խմբային քննարկումների, որոնք նպատակ ունեին օգնելու նրանց ավելի խորությամբ ընկալել Ավագ շաբաթվա խորհուրդը, այն առնչելով իրենց սեփական կյանքի հետ։
Քննարկումները անցան հետևյալ թեմանի շուրջ՝
• «Ի՞նչ է Ավագ շաբաթը ինձ համար»
• Ոտնլվան և Վերջին Ընթրիքը
• Դավաճանությունը և հավատարմության պայքարը
• Քրիստոսի վերջին խոսքերը Խաչի վրա
• Հարության սպասումը
• Խաչը և ներումը
Այս հանդիպումները համատեղում էին աստվածաշնչյան խորհրդածությունները ու անկեղծ զրույցները՝ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների շուրջ։ Մասնակիցները խրախուսվում էին փոքր խմբերում կիսվել իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով։
Երիտասարդները իրենց գործուն մասնակցությունը բերեցին թե՛ քննարկումներին, թե՛ հոգեպարար արարողություններին։ Ամեն օր սկսվում և ավարտվում էր ընդհանուր աղոթքով, որի ընթացքում հնչում էին Հայ Եկեղեցու ավանդական շարականներն ու սաղմոսները՝ ստեղծելով միաժամանակ ներամփոփման և միասնության մթնոլորտ։
Առանձնացումը ավարտվեց կիրակնօրյա առավոտյան Սուրբ Պատարագով, որը նախագահեց Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Երիտասարդները մեծ երկյուղածությամբ մասնակցեցին արարողությանը, որը նրանցից շատերի համար դարձավ վերանորոգ հավատքի և Հայ Եկեղեցուն պատկանելիության ու հավատարիմ զավակը զգալու պահեր։
Նիդերլանդներում անցկացված այս երիտասարդական հավաքը Մեծ պահքի ընթացքում ոչ միայն Սուրբ Զատկին նախատօնակ հոգևոր պատրաստություն էր, այլեւ Սփիւռքի մէջ ապրող հայ երիտասարդները իրար կամրջող սրբազան պահեր։
Աղոթքի, խորհրդածության և միասնության միջոցով մասնակիցները կրկին հիշեցին, որ «Տիրոջ հետ քայլել Ավագ շաբաթվա ընթացքում» նշանակում է Քրիստոսի լույսով առաջնորդվել իրենց ուսման, ընկերական հարաբերությունների, ընտանեկան կյանքի և ապագայի իրենց ծրագրերի իրականացման մեջ։





No comments:
Post a Comment