The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 4 March 2026

Իրանի շուրջ պատերազմը, ռուսական փորձը և Հայաստանի համար կենսական դասերը

 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ


04.03.2026/Նիդ.օրագիր/ Gagik Antonyan
Իսրայելա-ամերիկյան հարձակման և իրանյան նոր պատերազմի շուրջ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք, ցավոք, մնում են ստվերում։
Դրանք հանիրավի անտեսվում են ոչ միայն մեր երկրի բարձրագույն իշխանությունների և դիվանագետների կողմից (ինչը, թերևս, կարելի է ինչ-որ չափով հասկանալ), այլև միջազգայնագետների ու վերլուծաբանների շրջանում։ Այդ հարցերի մասին չխոսելն ու դրանք հաշվի չառնելը առնվազն անհեռատեսություն է, առավել ևս՝ վտանգավոր կարճատեսություն։
Անակնկալ հարձակմամբ ամերիկացիներն ու իսրայելցիները՝ ի դեմս նրանց առաջնորդներ համարվող Դոնալդ Թրամփի և Նաթանյահուի, բացահայտեցին քաղաքական նենգության մի ոճ, որը դժվար է համադրել միջազգային հարաբերությունների ընդունված կանոնների հետ։
Բանակցությունների գործընթացը ընթացքի մեջ էր, ներկայացվում էր որպես ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղի։ Իրանի ղեկավարությունը, արձագանքելով ամերիկյան առաջարկին, մասնակցում էր բազմափուլ բանակցություններին։ Վերջին փուլում, կողմերի հավաստմամբ, արձանագրվել էին որոշակի ձեռքբերումներ, և պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման շուրջ, որը կարող էր դառնալ վերջնական ու արդյունավետ։ Հենց դրանից էլ նենգաբար օգտվեց ԱՄՆ-ը։ Եվ դա՝ երկրորդ անգամ։
Նրա ծրագրած դիվային զարգացումները գնացին հետևյալ ուղղությամբ։
Իրանի բարձրագույն ղեկավարությունը, գտնվելով կառավարական նստավայրում (որքան միամիտ էին, ինչպես հավատացին Տրամփի խոսքերին ու չթաքնվեցին) և քննարկելով ձեռքբերված պայմանավորվածությունները, պատրաստվում էր ամերիկյան կողմին ներկայացնել վերջնական առաջարկներն ու համաձայնությունները։ Հենց այդ փուլում էլ տեղի ունեցան աղետալի ռմբահարումները։ Հարվածը հասցվեց այն պահին, երբ աշխարհիկ ղեկավարները ավարտել էին խորհրդակցությունը երկրի հոգևոր առաջնորդի հետ, և քննարկմանը ներգրավված էին բարձրաստիճան զինվորականները։ Ժամանակի ընտրությունը խոսուն էր։ Այն ոչ միայն ռազմական, այլև քաղաքական ուղերձ էր։ Եթե ռազմական գործողությունը իրականացվել է այն պահին, երբ կողմերը բանակցային փուլում էին և հրապարակայնորեն խոսում էին առաջընթացի մասին, ապա դա դիվանագիտական վստահության կոպիտ խախտում է և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների ոտնահարում։ Փաստը խոսում է այն մասին, թե որքանով է իրատեսական հավատալ հզոր երկրի առաջնորդի խոսքերին ու խաղաղասիրական հավաստիացումներին։
Դժվար չէ նկատել, որ նման սցենարը նոր չէ։ Պատմությունը բազմիցս արձանագրել է դեպքեր, երբ բանակցությունների սեղանի շուրջ ձեռքսեղմումներին հաջորդել են «գոտկատեղից ներքև» հարվածներ։ Իրանը նախկինում ևս առերեսվել է նման գործելաոճի հետ և, թերևս, չափազանց մեծ վստահություն է ցուցաբերել ամերիկյան խոստումների նկատմամբ։ Մինչդեռ միջազգային քաղաքականությունը բազմիցս ապացուցել է, որ մեծ տերությունների շահերն առավել հաճախ վեր են հռչակված սկզբունքներից։
Ակնկալվում էր, որ արագ ու գլխատող հարվածով հնարավոր կլինի կազմալուծել Իրանի ղեկավարությունը, սասանել պետական կառույցները, խթանել ներքին ցնցումներ և ճանապարհ հարթել արտաքին վերահսկողության համար։ Հաշվարկը պարզ էր՝ փոխել իշխանությունը, վերահսկելի վարչակարգ ձևավորել և դրանով ապահովել էներգակիրների ու ռազմավարական տարածքների հասանելիությունը։ Սակայն հաշվարկը չարդարացավ։ Իրանը՝ հազարամյակների պատմություն ու քաղաքակրթական ինքնագիտակցություն ունեցող պետություն, չընկրկեց։ Պատասխան հարվածները եղան կոշտ և շարունակական, ցույց տալով, որ խոսքը գոյամարտի մասին է։
Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Իրանը հարվածներ հասցնում նաև հարևան արաբական երկրներին։ Պատասխանը պարզ է․ այդ երկրներում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ, որոնք դիտարկվում են որպես անմիջական սպառնալիք։ Ռազմական ենթակառուցվածքները՝ զինամթերքով, տեխնիկայով և անձնակազմով, ընկալվում են ոչ թե որպես չեզոք օբյեկտներ, այլ որպես գործող ուժեր հակամարտության տրամաբանության մեջ։ Նավթային ենթակառուցվածքների և լոգիստիկ հանգույցների թիրախավորումը ևս դիտարկվում է որպես ռազմավարական քայլ։ Նույն տրամաբանության շրջանակում է նաև Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի սրացումը, որը համաշխարհային էներգետիկ շուկայի առանցքային ուղիներից է։
Իսկ ինչու Իրանը չի հարվածում Թուրքիային կամ Ադրբեջանին։ Թեև նման հարցադրումները շրջանառվում են, ակնհայտ է, որ Իրանը գործում է հաշվարկված ռազմավարությամբ՝ փորձելով խուսափել հակամարտության անվերահսկելի ընդլայնումից։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տարածաշրջանային ցանկացած երկիր, որը իր տարածքը կտրամադրի հակաիրանական ռազմական գործողությունների համար, ինքնաբերաբար կդառնա հավանական թիրախ։
Այս համատեքստում չի կարելի անտեսել նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է ագրեսիայի մեջ, սակայն Ռուսաստանի դիրքորոշման հիմքում դրված է անվտանգության գոտիների և ազդեցության ոլորտների նույն հարցը։ Երբ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները մոտենում էին Ռուսաստանի սահմաններին, Մոսկվան դա դիտարկեց որպես գոյաբանական սպառնալիք։ Նմանատիպ տրամաբանություն է գործում նաև Իրանի պարագայում։ Ահա ինչու է հարվածում։ Անվտանգության ընկալումը մեծ տերությունների համար հաճախ գերակա է իրավական կամ բարոյական հարթություններից։
Հայաստանի համար այս զարգացումները ունեն անմիջական նշանակություն։ Մեր տարածաշրջանը մեծ տերությունների շահերի խաչմերուկում է։ Հայաստանի հարավային հատվածը՝ Սյունիքը, Իրանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ որպես կապի և հավասարակշռության առանցք։ «Անխոչընդոտ ճանապարհների» և «միջանցքների» գաղափարները պետք է դիտարկվեն ոչ թե զուտ տնտեսական, այլ նաև անվտանգային հարթությունում։ Ցանկացած որոշում, որը կարող է փոխել տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, ենթադրում է երկարաժամկետ հետևանքներ։
Եթե Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր, ստանում է ուղիղ վերահսկող կամ ազդեցիկ դեր այդ ճանապարհների նկատմամբ, ապա դա չի կարող ընկալվել որպես չեզոք տնտեսական նախագիծ։ Դա անվտանգության հարց է։ Իսկ անվտանգությունը մեծ պետությունների համար երբեք երկրորդական չէ։ Իրանի համար հարցը ուղղակի առաջնային է։
Այս պատերազմը ցույց է տալիս, որ «խաղաղություն» կոչվածը երբեմն կարող է դառնալ քաղաքական գործիք՝ ժամանակ շահելու կամ հարմար պահ ընտրելու համար։ Ուստի Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պարտավոր է սթափ գնահատել իրադրությունը, հասկանալ ուժերի իրական դասավորությունը և առաջնորդվել բացառապես ազգային շահերով։ Մեծ տերությունների միջև հակամարտությունները երբեք չեն մնում տեղային․ դրանք վերաձևում են ամբողջ տարածաշրջանները։
Հայաստանի հարավը՝ Սյունիքը, այո, ունի բացառիկ ռազմավարական նշանակություն թե՛ Իրանի, թե՛ այլ դերակատարների համար։ Ցանկացած «միջանցքային» լուծում կամ արտաքին ուժերի ռազմական ներգրավվածություն կարող է փոխել տարածաշրջանային հավասարակշռությունը։ Իսկ մեծ տերությունների հակամարտության պայմաններում հավասարակշռության խախտումը հազվադեպ է լինում առանց ծանր հետևանքների։
Իրանը, լինելով այս հակամարտության անմիջական մասնակից, իր գործողությունները ներկայացնում է որպես ինքնապաշտպանություն և գոյամարտ։ Անկախ գնահատականներից, մի բան ակնհայտ է՝ Մերձավոր Արևելքում ձևավորվում է նոր ուժային հավասարակշռություն, և յուրաքանչյուր պետություն, այդ թվում՝ Հայաստանը, պարտավոր է այդ իրողությունից բխող դասերը քաղել։
Այս պայմաններում Հայաստանի իշխանությունների յուրաքանչյուր քայլ պետք է չափված լինի ոչ թե կարճաժամկետ քաղաքական շահերով, այլ երկարաժամկետ գոյաբանական հաշվարկով։ Պատմությունը ցույց է տվել՝ փոքր պետությունները ամենամեծ գինը վճարում են այն ժամանակ, երբ չեն հասկանում մեծ խաղի կանոնները։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ ԿՈՂՆԻՑ-Մարտի 4-ի դրությամբ (2026 թ.) Իրանի շուրջ հակամարտության իրավիճակը շարունակում է սրվել և մտել է հինգերորդ օրը (հաշվի առնելով, որ հիմնական հարձակումները սկսվել են փետրվարի 28-ին)։ Ահա հիմնական թարմացումները՝ հիմնված վերջին հասանելի տեղեկատվության վրա (մարտի 4-ի կեսօրի դրությամբ)։
Հիմնական զարգացումներ
ԱՄՆ-Իսրայելյան հարձակումները շարունակվում են ինտենսիվորեն։ Իսրայելը հայտարարել է «լայնածավալ հարվածների ալիքի» մասին Իրանի ենթակառուցվածքների, հրամանատարական կենտրոնների և միջուկային օբյեկտների դեմ (ներառյալ Թեհրանի շրջակայքում գտնվող գաղտնի միջուկային կայաններ)։ ԱՄՆ-ը հայտնել է, որ ոչնչացրել է Իրանի օդուժի և նավատորմի մեծ մասը, ինչպես նաև գրեթե 2000 թիրախներ (ներառյալ հրթիռային կայաններ և օդային պաշտպանության համակարգեր)։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) շարունակում է «24/7» հարվածներ՝ օդից, ծովից, տիեզերքից և կիբեր տիրույթից։
Իրանի պատասխան գործողությունները։ Իրանը շարունակում է հրթիռային և դրոնային հարձակումներ Իսրայելի, ԱՄՆ-ի ռազմաբազաների և դաշնակիցների (Քաթար, Բահրեյն, ԱՄԷ, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա) վրա։ Հարվածներ են եղել ԱՄՆ դեսպանատանը Դուբայում, Ռիադում և այլ վայրերում։ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը (որը համաշխարհային նավթի 20%-ի անցումային ուղի է) և հայտարարել է, որ «ամբողջությամբ վերահսկում է» այն՝ սպառնալով հարվածել ցանկացած նավի։ Սա հանգեցրել է նավթի գների կտրուկ բարձրացման և համաշխարհային էներգետիկ շուկայի խափանումների։
Զոհեր և վնասներ (մոտավոր տվյալներ)։
Իրանում՝ առնվազն 787 զոհ (ներառյալ Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին և բարձրաստիճան պաշտոնյաներ), հարյուրավոր վիրավորներ (Իրանի Կարմիր Խաչի տվյալներով)։
Իսրայելում՝ առնվազն 11 զոհ, հարյուրավոր վիրավորներ (հրթիռային հարվածների հետևանքով)։
ԱՄՆ-ում՝ 6 զինծառայող զոհված, 18 վիրավոր (հիմնականում դրոնային հարվածներից Պարսկական ծոցի երկրներում)։
Այլ երկրներում (Պարսկական ծոցի պետություններ)՝ առնվազն 8 զոհ։
Լրացուցիչ՝ Լիբանանում Իսրայելը շարունակում է հարվածել Հեզբոլլահի դիրքերին, ինչը սրում է իրավիճակը։ 
Խամենեիի մահից հետո Իրանը շտապում է նոր Գերագույն առաջնորդ ընտրել (հնարավոր թեկնածուներից է նրա որդին՝ Մոջտաբա Խամենեին)։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է, որ ցանկացած նոր առաջնորդ կդառնա «թիրախ»։
ԱՄՆ-ում։ Թրամփը հայտարարել է, որ հարվածները կշարունակվեն մինչև նպատակների իրագործումը (Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերի ոչնչացում, նավատորմի ոչնչացում) և չի բացառել ցամաքային գործողություններ (թեև փորձագետները կարծում են, որ դա կլինի սահմանափակ հատուկ գործողություններ, ոչ լայնածավալ ներխուժում)։ Սենատում քննարկվում է War Powers Act-ը՝ Թրամփի գործողությունները սահմանափակելու համար։ Դեմոկրատները քննադատում են՝ պնդելով, որ չկան հստակ նպատակներ և ռիսկ կա երկարատև պատերազմի։
Միջազգային արձագանք։ Ռուսաստանը դատապարտել է հարձակումները որպես «ագրեսիա»։ ՄԱԿ-ը կոչ է անում զսպվածության։ Նավթի գները բարձրացել են, օդային տարածքը փակ է Մերձավոր Արևելքում, իսկ Հորմուզի նեղուցի փակումը սպառնում է համաշխարհային էներգետիկ ճգնաժամով։
Իրավիճակը շատ դինամիկ է, և հնարավոր է հետագա սրացումներ (հատկապես եթե Իրանը շարունակի հարվածել դաշնակիցների վրա կամ եթե ԱՄՆ-ը սկսի նավեր ուղեկցել նեղուցով)։ Հայաստանի համար այս զարգացումները շարունակում են մնալ կարևոր՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական դերը և տարածաշրջանային հավասարակշռության փոփոխությունները։



No comments:

Post a Comment