ՀԵՏԱՔՐՔԻՐ
03.03.2036
Աննա Մարտիրոսյան / Նիդերլանդական օրագիր
Այսօր Լսողության միջազգային օրն է։ Օր, որը հիշեցնում է, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ ապրում են լսողության տարբեր աստիճանի խնդիրներով՝ բնածին, ժառանգական կամ ձեռքբերովի։ Այդ միլիոնավոր մարդկանցից մեկը ես եմ։
Իմ ծանրալսությունը ձեռքբերովի է։ Մանկուց կրում եմ զույգ լսողական ապարատներ։ Բայց եթե այսօր կարողանում եմ ազատ արտահայտվել, մտածել ու գրել մայրենի լեզվով, դա իմ լուսահոգի մայրիկի անսահման նվիրումի, նրա համառ պայքարի, սուրդոմանկավարժի հետևողական աշխատանքի և բժիշկ-սուրդոլոգի հետ համատեղ ջանքերի արդյունքն է։ Լռության հետ իմ պայքարը երբեք միայն իմը չի եղել․ այն եղել է ընտանիքիս հավատքի ու սիրո պատմությունը։
Հայաստանում անցած ճանապարհս շատերին է հայտնի։ Սակայն կյանքի մի կարևոր փուլ սկսվեց ամուսնությունից հետո, երբ տեղափոխվեցի Նիդերլանդներ՝ սկսելու նոր կյանք՝ բառիս բուն իմաստով զրոյից։ Դա համընկավ կորոնավիրուսի ամենաթեժ շրջանի հետ․ փակ սահմաններ, սոցիալական սահմանափակումներ, անորոշություն։ Նոր երկիր, նոր լեզու, նոր օրենքներ, նոր պատասխանատվություն։
Այս հինգ տարիները (2020–2025) դարձան իմ կյանքի ամենահագեցած և փոխակերպող շրջանը։
Առաջին ձեռքբերումս՝ ներքին հաղթանակն էր․ չվախենալ նորից սկսելուց։ Երբ ամեն ինչ անծանոթ է, ամեն քայլը դառնում է փոքրիկ հաղթահարում։
Երկրորդը՝ հոլանդերենի ուսումնասիրությունը։ Լեզու, որն իրավամբ համարվում է բարդերից մեկը։ A1-ից մինչև B2 մակարդակ հասնելը միայն լեզվի ուսուցում չէր․ դա հասարակության կառուցվածքը, իրավական համակարգը, մշակույթը հասկանալու գործընթաց էր։
Երրորդը՝ նոր բնակարանի ձեռքբերումն ու լիարժեք տեղավորվելը։ Տունը միայն պատեր չեն․ այն ապահովության և կայունության զգացողություն է օտար երկրում։
Չորրորդը՝ պետական քննությունների հաջող հանձնումը և քաղաքացիության ձեռքբերումը։ Նիդերլանդներում քաղաքացիություն ստանալը պահանջում է բարձր պատրաստվածություն, ինտեգրում և պատասխանատվություն։ Այդ ճանապարհը երկար էր, երբեմն՝ հոգնեցուցիչ, բայց արժանի։
Հինգերորդը և ամենակարևորը՝ մեր առաջնեկի՝ Կարոյի ծնունդը։ Նա լույս բերեց մեր կյանք, նոր իմաստ և նոր ուժ՝ շարունակելու առաջ գնալ։
Սակայն 2025 թվականը նաև իմ կյանքի ամենածանր էջերից մեկն էր։ Երկնային լույս դարձավ մայրս։ Տարեվերջին՝ նաև ամուսնուս մայրը։ Այդ տարին դարձավ հիշողությունների, կարոտի և ներքին մեծ լռության տարի։ Երբեմն կյանքի ամենամեծ փորձությունները գալիս են ձեռքբերումների կողքին՝ հիշեցնելու, որ ուժեղ լինելը նաև ցավը արժանապատվորեն կրելն է։
Նիդերլանդները հաճախ բնութագրվում է որպես խիստ օրենքներով, բարդ, բայց կայուն համակարգ ունեցող երկիր։ Այստեղ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ հասարակության լիարժեք մասն են։ Նրանք անկաշկանդ կրում են լսողական ապարատներ՝ առանց բարդույթների ու թաքցնելու փորձերի։ Շատ երեխաներ օգտվում են նաև հոլանդական ժեստերի լեզվից, և դա ընկալվում է որպես բնական հաղորդակցման ձև։ Հասարակության ընդունողականությունն այստեղ տեսանելի և գործնական է։
Լսողության միջազգային օրը ինձ համար ոչ միայն հիշեցում է դժվարությունների մասին, այլև ապացույց, որ սահմանափակումը կարող է դառնալ ուժի աղբյուր։ Լռությունը կարող է դառնալ լսելու նոր ձև։ Իսկ փորձությունը՝ ինքնաճանաչման ճանապարհ։
Թող յուրաքանչյուր մարդ, ով ապրում է լսողության խնդրով, երբեք չզգա իրեն միայնակ։ Թող ընտանիքների հավատը, հասարակության աջակցությունն ու անձնական հաստատակամությունը շարունակեն փոխել ճակատագրեր։
Բոլորիս առողջություն և համբերություն։
Լույս՝ մեր հիշողություններին, ուժ՝ մեր ապագային։
Նիդերլանդներ

No comments:
Post a Comment