The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 28 August 2021

Հոլանդահայ նկարչուհու աշխատանքների ցուցադությունը Երևանում

 


28.08.2021 Երևան/Նաիրա Գասպարյան/Նիդերլանդական օրագիր

Անիռոզ Նահապետյանի աշխատանքների ցուցադրությունը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահում երկու օրով  երկարաձգվել է։ Աշխատանքները շատ ինքնատիպ են՝ սկսած Եվայի կանացի հուզառատությունից, կնոջ կերպարի անհատական ընկալումից, կին, ում համար գորշ առօրյայի գույները կարող են փոխվել, եթե նա գտել է իր հոգուն մեղմություն բերող շրթներկի գույնը,... Նկարչուհուն հարազատ է կնոջը երջանկացնող մայրության և լիարժեք ընտանիքի թեման, որտեղ իր տեղն ունի առնական տղամարդը, սակայն ընտանիքի երջանկությունը  չի կարող լիակատար լինել առանց թռչնակների ծլվլոցի։ Խորքային առումով հետաքրքիր բացահայտում ունենք՝ Անիռոզի ընկալմամբ այդ երջանկության  խորհրդանիշն է թռչնի վանդակը. Գուցե կինն իր երջանկությունը լիարժեք է համարում ընտանեկան կյանքին, գուցեև սեփական ցանկությամբ, անմնացորդ  նվիրվելով ընտանիքին՝ ինքն իրեն սիրո վանդակի մեջ դնելով, երևույթ, որ միայն հատուկ է ամենահմայիճ խելացի ու խելամիտ կնոջը, ով երբեք տղամարդու հետ հավասարություն չի փնտրում, քանի որ իր կանացի հմայքով ավելի վեր է կանգնած։ Պատերազմի թեման վատ երազն է , որ խաթարում է առօրյան։ Ասես , ընկալելով հայությանը հասած արհավիրքը , նկարչուհին փորձում է վանել այն միտքը, որ այս ամենը կարող է կրկնվել․․․ Նրա ընկալմամբ մղձավանջը մնացել է վատ երազների մեջ՝ հեռվում․․․Երազկոտ, ռոմանտիկ, բայց միևնույն ժամանակ իրատես՝ նկարչուհին փորձում է գեղեցիկի միջոցով ընկալել աշխարհը և խուսափել կյանքի բերած սուր անկյուններից։ Անիռոզը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Նիդեռլանդներում , Հայաստանում ու աշխարհի այլ քաղաքներում, մասնակցել է տարբեր հետաքրքիր ցուցահանդեսների՝ հավատարիմ մնալով իր մանկության հիշողություններին և այն երկրին՝ Նիդեռլանդներին,  որի երկնքի ներքո այսօր ստեղծագործում է ամենահմայիչ կինն ու նկարչուհին։ Նրա աշխատանքներում առկա են հայի տխուր աչքերն ու տառապած դեմքը, պարսկական զարդանախշերից մինչև հյութեղ, սեփական արժանիքները գիտակցող կնոջ կերպարը։ Շնորհակալություն սիրելի նկարչուհուն իր հոգու գաղտնիքներին ու անկեղծ հույզերին մեզ մասնակից դարձնելու համար։ Տաղանդաշատ նկարչուհու աշխատանքներին կարելի է ծանոթանալ նրա բազմաթիվ էջերում, ինստագրամում, համացանցում։ 

Ցուցահանդեսի մեկնարկը տրվել է օգոստոսի 13 ից, այդ ընթացքում  Նիդեռլանդները ներկայացնող հայուհու աշխատանքների երկրպագուները բազմաթիվ ու տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են։ Այցելուների շարքում  ոչ միայն Անիռոզի արվեստով հետաքրքրվող հայերն են, այլև օտարերկրա հյուրեր, ովքեր պաշտոնավարում են  կամ զբոսաշրջիկի կարգավիճակով այս պահին Հայաստանում են գտնվում, նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անտարբեր չեն կարողացել մնալ նկարչուհու հուզառատ գործերի նկատմամբ։ Ցուցահանդես է այցելել ու նկարչուհուն ջերմ խոսքեր է շռայլել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան  Նիկո Սխերմերսը։













No comments:

Post a Comment