The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 16 September 2026

Աիդա Խաչատրյան․ թատրոնից՝ դեպի գույն, գիծ և «անտեսանելին տեսանելի դարձնելու» արվեստ


Աիդա Խաչատրյանի ստեղծագործական ճանապարհը միակողմանի չէ։ Երևանի թատերական կրթությունը, դերասանական աշխատանքը, Եվրոպայում թատրոնի հետ կապը, Բելգիայում արվեստի կրթական ոլորտում գործունեությունը և, ի վերջո, նկարչությունն ու գծանկարչությունը միահյուսվել են նրա ստեղծագործական աշխարհում։

Նկարչությունը նրա կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել հատկապես վերջին տարիներին։ Ինքը՝ Աիդան, համեստորեն ասում է, որ դեռ չի կարող վստահ ասել՝ նկարչությունն իր «կոչումն» է, թե ոչ։ Նրա խոսքով՝ այդ ընդունակությունը նախ նկատել ու գնահատել են իրեն շրջապատող մարդիկ։

Սակայն Բելգիայում նրա նկարչական գործունեությունը պարզապես անձնական զբաղմունք չէ։ Սինտ-Նիկլասի մշակութային միջավայրում նրա անունը տարիներ շարունակ հանդիպում է «Ambachtelijk Weekend»-ի պաշտոնական ծրագրերում։ 2022 թվականին նա ներկայացված էր որպես նկարչության, գծանկարի և կալիգրաֆիայի մասնակից, 2023-ին՝ գծանկարի, նկարչության և քանդակագործության ուղղությամբ, իսկ 2026 թվականի ծրագրում՝ որպես նկարիչ, որի աշխատանքները ներառում են գեղանկարչություն և կերամիկա։

Աիդա Խաչատրյանի ստեղծագործական ձեռագրի մասին հոլանդահայ նկարիչ և արվեստաբան Ալիկ Ասատրյանը նշում է, որ նրա դիմանկարներն առանձնանում են ինքնատիպությամբ, յուրահատուկ գծով և բազմազան կերպարներով՝ տարբեր տրամադրություններով ու հոգեվիճակներով։ Այդ դիտարկումը հետաքրքիր կերպով լրացնում է հենց Աիդայի այն միտքը, որ իր մատիտանկարներով փորձում է տեսանելի դարձնել մարդու միտքը, հոգին, զգացմունքը և այն, ինչ առաջին հայացքից կարող է անտեսանելի մնալ։

Աիդա Խաչատրյանի արվեստի մասին զրույցը, հետևաբար, միայն նկարչության մասին չէ։ Այն նաև թատրոնի, գույնի ու գծի, հայկական մշակութային արմատների, մարդու ներաշխարհի և այն ճանապարհի մասին է, որի ընթացքում արվեստը երբեմն մարդուն գտնում է իրենից առաջ։

Ինքնանկար

«Անտեսանելին՝ տեսանելի»․ այսպես է Աիդա Խաչատրյանը մեկ արտահայտությամբ բնորոշում իր արվեստը։ Իսկ թե ինչ է թաքնված այդ կարճ, բայց տարողունակ ձևակերպման հետևում՝ ներկայացնում է ինքը՝ մեր զրույցում։


– Աիդա, մի փոքր ներկայացրեք Ձեզ․ ո՞վ է Աիդա Խաչատրյանը։

– Ծնվել եմ Երևանում՝ 1959 թվականին։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը և սովորել Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական ակադեմիական թատրոնի ղեկավար Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանի կուրսում։

Կարճ ժամանակ աշխատել եմ տարբեր թատրոններում, այդ թվում՝ Երևանի Խամաճիկների պետական թատրոնում։ Մասնակցել եմ «Փարաջանով» ներկայացմանը՝ Մնաց Փիլոյանի բեմադրությամբ։ Հյուրախաղերով շրջագայել եմ նաև Եվրոպայում՝ Ֆրանսիայում և Գերմանիայում։

Հետագայում տեղափոխվեցինք Եվրոպա։ Գերմանիայում աշխատեցի պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Բայց, ինչպես ասում են, մենք որոշում ենք, Աստված՝ տնօրինում։ Կարճ ժամանակ անց ամուսնուս և որդուս ցանկությամբ տեղափոխվեցինք Բելգիա՝ ծնողներիս հարազատների մոտ։

Բելգիայում ուսուցանեցի Սինտ-Նիկլաս քաղաքի Արվեստի պետական ակադեմիայի երկու բաժիններում՝ Տեքստիլ արվեստի և Ֆիլմի ու ռեժիսուրայի։

Այսքանը՝ շատ համառոտ իմ կենսագրության մասին։

– Ե՞րբ հասկացաք, որ նկարչությունը Ձեր կոչումն է։

– Անկեղծ ասած՝ ես դեռ չգիտեմ՝ նկարչությունն իմ կոչումն է, թե ոչ։ Ինքս դեռ փորձում եմ դա հասկանալ։

Ավելի ճիշտ կլինի ասել, որ ինձ շրջապատող մարդիկ ինձ վերագրեցին նկարչի այդ կոչումը։ Ստացվում է՝ ես չհասցրեցի գիտակցել իմ նկարչական ընդունակությունները, մարդիկ դա հասկացան ու ընկալեցին։

– Այս համատեքստում ի՞նչ է արվեստը Ձեզ համար։

– Կարճ ասած՝ արվեստը նրանով ապրելու և արարելու միջոց է։ Գեղեցիկը տեսնելու և փոխանցելու, անտեսանելին տեսանելի դարձնելու միջոց։

Հոգին, զգացմունքը տեսանելի դարձնելու միջոց է։ Մի խոսքով՝ արվեստն ամեն ինչ է։

– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում նկարել։

– Առաջին հերթին՝ գույնը։ Գույնն ինձ անմիջապես իր մոտ է հրավիրում, այնուհետև կլանում ու տեղափոխում նկարչության աշխարհ։

Ինձ ոգեշնչում է նաև տաղանդավոր նկարիչների աշխատանքները դիտելը։ Ես, իհարկե, պրոֆեսիոնալ նկարիչ չեմ․ գույներով նկարելը ինձ համար հոբբի է։

Իսկ մատիտով նկարելն ինձ համար մի երևույթ է։ Կարծում եմ՝ դա վերից տրված շնորհ է, որի համար շնորհակալ եմ Բարձրյալին։

Իմ նկարներով փորձում եմ մարդկանց փոխանցել անտեսանելին։ Մատիտի միջոցով տեսանելի եմ դարձնում մարդու միտքը, հոգին, զգացմունքը և, ամենակարևորը՝ թերևս, զարմանքը, հասկանալու և ըմբռնելու զգացողությունը։

Այսպես՝ թեթևակի բացատրություն։ (Ժպտում է։)


– Ինչո՞ւ ընտրեցիք ապրել և ստեղծագործել Բելգիայում։

– Բելգիայում ստեղծագործել սկսեցի կորոնավիրուսի դաժան ամիսներին։ Դժվարին ժամանակներ էին։ Շատերը փակված էին տներում, հարազատը հարազատին չէր կարող այցելել։ Մարդկային տրամաբանությունից դուրս օրենքներ էին գործում։

Ու մարդու գիտակցությունը սկսեց տարբեր միջոցներով պաշտպանվել այդ երևույթից։ Եվ օգնության հասավ ամենազոր արվեստը։

Ահա ևս մեկ փաստ՝ ի՞նչ է արվեստը։ Շատերի նման ես էլ գտա մի միջոց՝ չխենթանալու համար։

– Ձեր ամենասիրելի ստեղծագործությունը ո՞րն է և ինչո՞ւ։

– Իմ սիրելի ստեղծագործությո՞ւնը… Կա՞ն այդպիսինները։

Մինաս Ավետիսյանի դիմանկարը իմ առաջին աշխատանքն է և ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Հավանում եմ նաև իմ կերտած Վան Գոգի դիմանկարը և այն գործերը, որոնք հավանում է թոռնիկս։

Մատիտանկարներիցս շատերն եմ հավանում։ Հատկապես՝ «Հայուհին», «Հարսիկս» և էլի շատերը։ Յուրաքանչյուր գործ յուրովի եմ սիրում։

– Հայկական մշակույթը տեղ ունի՞ Ձեր արվեստում։

– Գիտեք՝ առաջին հայացքից գուցե այդպես չի երևում։ Բայց ինչ էլ լինի, մենք սնվել ենք հայկական մշակույթից։

Հիշում եմ երջանկահիշատակ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի կարծիքը։ Երբ նա դիտում էր եղբորս և իմ աշխատանքները, որոնք մենք համարում էինք «ոչ հայկական» մշակույթ կրող, նա հաստատում էր, որ դրանք գալիս են «շատ խոր հայկական արմատներից»։

Հիմա ես էլ եմ այդպես կարծում։ Մեր մշակույթը խորքից է գալիս, և մեր աշխատանքները չեն կարող չկրել հայկական կնիքը։

– Ի՞նչ երազանք ունեք որպես նկարիչ։

– Որպես նկարիչ՝ փորձում եմ կատարելագործվել, նկարել այնպես, որ ինձ դուր գա։ Եթե ինձ դուր գա, համոզված եմ՝ բոլորին էլ դուր կգա։

Ուզում եմ, որ մարդկանց դուր գան իմ աշխատանքները, բայց ոչ միայն իմը․ ուզում եմ, որ ընդհանրապես գնահատեն արվեստի գործերը։

Շատ հաճելի է նաև, երբ աշխատանքդ մարդուն այնքան է դուր գալիս, որ նա ցանկանում է այն գնել։ Ինչո՞ւ ոչ։ Երբ գնում են քո աշխատանքը, նշանակում է՝ այն հավանել են և պատրաստ են վճարել՝ այն ունենալու համար։

Այսօր մարդիկ ավելի շատ գումար են ծախսում հաճույքների, խնջույքների և անցողիկ բաների վրա։ Իսկ արվեստի գործերը մնայուն են։ Ցավոք, մարդիկ համեմատաբար հազվադեպ են գնում արվեստի գործեր։

Երազում եմ այն գործընթացի մասին, երբ մարդիկ կսկսեն ավելի շատ գնահատել և գնել արվեստի գործեր։

Անձամբ ես թուլություն ունեմ լավ նկարիչների աշխատանքների հանդեպ։ Հենց հնարավորություն եմ ունենում, նկարներ եմ գնում։ Այժմ ժամանակակից շատ նկարիչների գործեր ունեմ։ Տանս պատերը, կարելի է ասել, ծածկված են այդ աշխատանքներով։

Բլից հարցեր

– Գույն, որը սիրում եք։

– Կարմիր։

– Նկարել՝ առավոտյա՞ն, թե՞ երեկոյան։

– Նայած տրամադրության։

– Սիրելի նկարիչ։

– Մինաս Ավետիսյան, Կլիմտ, Վան Գոգ և էլի լիքը նկարիչներ։ Շատ են։

– Սիրելի վայր Բելգիայում։

– Բրյուգե, Գենտ և Դինանտ։

– Եթե Ձեր արվեստը մեկ բառով նկարագրեք, ո՞րն է այդ բառը։

Անտեսանելին՝ տեսանելի։

– Մի խորհուրդ երիտասարդ նկարիչներին։

– Ես ինքս եմ խորհրդի կարիք զգում… Այնուամենայնիվ կասեի՝

ՆԿԱՐԵ՛Ք, ԱՐԱՐԵ՛Ք։

Հարցազրույցը վարեց Բելգիայում «Նիդերլանդական օրագրի» թղթակից
Լիանա Բալյանը















No comments:

Post a Comment