Օր երրորդ․ համայնքներ, համախմբված ներուժ և Սփյուռքի ձայնը՝ մարդկանց պատմություններում
7 նոյեմբերի 2026
Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի երրորդ օրն արդեն հասավ իր միջնամասին։ Մնում է ևս մեկ օր, և գագաթնաժողովը կանցնի իր եզրափակիչ փուլին։ Բայց դեռ վաղ է ամփոփումներ անել․ քննարկումները շարունակվում են, հնչում են նոր տեսակետներ, ձևավորվում են նոր կապեր, իսկ Սփյուռքի տարբեր անկյուններից Հայաստան եկած մարդկանց պատմություններն ու մտքերը շարունակում են մեկ ընդհանուր հարթակում հանդիպել միմյանց։
«Նիդերլանդական Օրագիրը» շարունակում է գագաթնաժողովից փոխանցել ոչ միայն օրվա իրադարձությունները, այլև այն մարդկանց ձայնը, ովքեր Սփյուռքի տարբեր համայնքներում ապրում, աշխատում ու իրենց ամենօրյա գործունեությամբ պահում են հայկական կապը։
Օրը մեկնարկեց «Սփյուռքի համայնքների և Հայաստանի միջև կապերի ամրապնդում և ընդլայնում» թեմայով լիագումար նիստով։
Լիագումար նիստի բանախոսներն էին թուրքահայ ճարտարապետ և շինարար-ինժեներ Նազար Բինաթլին, ՀԲԸՄ Ուրուգվայի կրթական հարցերով տնօրեն, Ուրուգվայում սփյուռքի գործերի հանձնակատար Խավիեր Փոլադյանը, ամերիկահայ իրավապաշտպան, փաստաբան, Ամերիկայի հայկական համագումարի (AAA) համանախագահ Թալին Եագուպեանը, Արաբական Ծոցի Աստվածաշնչի Ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճէպէճեանը, «Լատվիայի Հայ միասնություն» ՀԿ-ի անդամ և Ռիգայի տեխնիկական համալսարանի ու Կիրառական գիտությունների համալսարանի դասախոս, Լատվիայում Սփյուռքի երիտասարդ դեսպան Ռուզաննա Գրիգորյանը, ինչպես նաև ֆրանսահայ քաղաքական գործիչ, «Միսաք Մանուշյան» շարժման գլխավոր քարտուղար և ԺԱՖ խորհրդի անդամ Պասկալ Շամասյանը։
Քննարկումը վարել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչ, Ռուսաստանում Սփյուռքի երիտասարդ դեսպան, «իԳործ» ծրագրի մասնակից Մանե Հովակիմյանը։
Նիստից հետո գագաթնաժողովի մասնակիցները այցելեցին Համաշխարհային հայկական էքսպո ցուցահանդես։
Էքսպոն ամբողջ օրվա ընթացքում դարձավ մի յուրօրինակ հանդիպման վայր, որտեղ մեկ հարթակում ներկայացված էին Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 70 կազմակերպություններ, համայնքային կառույցներ և նախաձեռնություններ։
Այստեղ կարելի էր ոչ միայն ծանոթանալ հայկական տարբեր կառույցների աշխատանքին, այլև տեսնել, թե որքան բազմազան է այսօր հայկական ներուժը՝ գաղափարներից ու ծրագրերից մինչև արտադրանք, ծառայություններ և համայնքային նախաձեռնություններ։
Էքսպոյի նպատակն է ներկայացնել Հայաստանում և Սփյուռքում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, հայկական արտադրանքն ու ապրանքանիշերը, կազմակերպությունների գործունեությունն ու մատուցվող ծառայությունները, ինչպես նաև նպաստել համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։
Մասնակիցների համար այն նաև փորձի ու գիտելիքի փոխանակման, մասնագիտական և գործարար նոր կապերի հաստատման, համատեղ նախաձեռնությունների հեռանկարները քննարկելու հնարավորություն է։
Էքսպոն ներառում է երեք հիմնական ուղղություն՝ «Ռեսուրսներ և հնարավորություններ», «Արտադրանք և բրենդներ», «Համայնքներ և նախաձեռնություններ»։
Գագաթնաժողովի օրվա ծրագրում շարունակվեցին նաև «Սփյուռքի ներուժի համախմբում» խորագրով քննարկումները։
Դրանցից մեկը՝ «Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման համատեքստում․ բարեգործությունից դեպի երկարաժամկետ ազդեցություն» թեմայով պանելային քննարկումն էր։
Բանախոսներն էին ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի խորհրդի խորհրդական Գևորգ Խրիմյանը, AMAA Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը և «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Քննարկումը վարել է կառավարման և բարեփոխումների խորհրդատու Սառա Անջարգոլյանը։
Նույն խորագրի շրջանակում անցկացվեցին նաև «Սփյուռքի հայկական համայնքներ․ տարածաշրջանային երկխոսության հարթակ» թեմայով կլոր-սեղան քննարկումներ։
Այստեղ խոսքը համայնքների մասին էր՝ իրենց առանձնահատկություններով, խնդիրներով, օրակարգերով և, ամենակարևորը, միմյանց հետ համագործակցելու հնարավորություններով։
Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց տարբեր երկրներում հայկական համայնքների առանձնահատկություններին, առկա մարտահրավերներին և օրակարգային հարցերին։ Խոսվեց համայնքային կառույցների միջև կապերի ամրապնդման, տարածաշրջանային փորձի փոխանակման և Հայաստանի հետ համագործակցության խորացման մասին։
Կրկին ընդգծվեց մի պարզ, բայց կարևոր միտք․ հայկական համայնքների ներուժն առավել արդյունավետ է դառնում այն ժամանակ, երբ այն կարողանում է միավորվել և վերածվել համատեղ նախաձեռնությունների։
Օրվա մյուս կարևոր քննարկումներից էր «Միջազգային համագործակցություն․ Սփյուռքի համընդհանուր օրակարգի զարգացում» թեմայով պանելային հանդիպումը։
Այն նվիրված էր Սփյուռքի հետ աշխատանքի արդյունավետ մոտեցումներին և միջազգային համագործակցության հնարավորություններին։
Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «The Diaspora Institute»-ի համահիմնադիր Մարտին Ռասելը և Քենիայի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարության Սփյուռքի գործերի պետական դեպարտամենտի գլխավոր քարտուղար Ռոզելին Քաթուրե Նջոգունը։
Քննարկումը վարել է հաղորդավար, լրագրող Աստղիկ Սարգսյանը։
Գագաթնաժողովի մեկ այլ կարևոր թեմա դարձավ այն միջավայրը, որտեղ հենց այսօր ձևավորվում են Սփյուռքի ձայները՝ մեդիան։
«Հայաստան–Սփյուռք․ բազմոլորտ համագործակցություններ, ներուժի համադրում և հնարավորություններ» խորագրի ներքո կայացավ «Մեդիա և հանրային վստահություն․ ժամանակակից հաղորդակցային միջավայրի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով շրջանաձև քննարկումը։
Բանախոսներն էին Ֆրանսիայում գործող «Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքեանը, Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը, փաստաբան, գրող և «ԶԱԿՈՆԻԱ» էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ռուբեն Մարգարյանը, Ստամբուլում լույս տեսնող հայկական «Նոր Մարմարա» օրաթերթի խմբագիր Նաիրա Մկրտչյանը և լիբանանահայ կին պատգամավոր, Փոլա Եագուպեանի հայկական գրասենյակի պատասխանատու, հրապարակագիր, լրագրող, խմբագիր Պայծիկ Գալայճեանը։
Քննարկումը վարել է Արամ Ոսկանյանը։
Մեդիայի մասին խոսակցությունը «Նիդերլանդական Օրագրի» համար, բնականաբար, առանձնահատուկ նշանակություն ունի։ Չէ՞ որ Սփյուռքի տարբեր համայնքների միջև կապը շատ հաճախ հենց մամուլի, լրագրության և տեղեկատվության միջոցով է պահպանվում։
Այդ պատճառով մեզ համար կարևոր էր ոչ միայն լսել քննարկումը, այլև շարունակել մեր սեփական փոքրիկ աշխատանքը՝ տարբեր երկրներից մարդկանց ձայները բերել Հայաստանի ընթերցողին։
Օրվա ծրագրում տեղ գտան նաև «Հայագիտություն և համայնքային կրթություն» թեմայով հատուկ բանախոսություններ և կլոր-սեղան քննարկումներ։
Բանախոսներն էին Համահայկական ուսանողական ասոցիացիայի (All-Armenian Student Association) գործադիր տնօրեն Նորայր Խալաֆյանը, Արևմտյան թեմի Կրթական խորհրդի նախագահ, Միացյալ Նահանգների Արևմուտքի դպրոցների և քոլեջների ասոցիացիայի գործող անդամ Էլլի Անդրէասեանը, Սան Պաուլոյի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկան, հայկական ամբիոնի պրոֆեսոր Լուսինե Եղիազարյանը, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կրթահամալիրի ուսուցչուհի Սօսի Հաճեանը և «405» կրթական դաշինքի գլխավոր գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը։
Կրթության և հայագիտության թեմաները գագաթնաժողովում առանձնահատուկ հնչեղություն ունեն, քանի որ Սփյուռքի ապագայի մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել հայոց լեզվի, պատմության, մշակույթի և ինքնության փոխանցման խնդիրը։
Օրվա ընթացքում անդրադարձ եղավ նաև կանանց առաջնորդության թեմային։
«Հայ առաջնորդ կանայք․ համաշխարհային ազդեցություն և ապագայի տեսլական» թեմայով պանելային քննարկմանը մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, քաղաքական գործիչ, Բրազիլիայի Տրես Ռիուս քաղաքի ավագանու անդամ Բիա (Բեատրիս) Պողոսյանը, «Yeprem» ոսկերչական ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Վիրնա Եփրեմը, ինչպես նաև Նիդերլանդներից մեր պատվիրակներից՝ կոմերցիոն օդաչու, ակրոբատիկ թռիչքների մասնագետ և կոմպոզիտոր Նարինե Մելքումյանը։
Քննարկումը վարել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով Հայաստանի գրասենյակի ծրագրերի ղեկավար Օլգա Ազատյանը։
Նիդերլանդների հայկական պատվիրակության մասնակցությունը այս քննարկմանը ևս մեկ հնարավորություն էր ներկայացնելու այն մարդկանց, ովքեր իրենց մասնագիտական ճանապարհով ու ստեղծագործ աշխատանքով կապում են Նիդերլանդներն ու Հայաստանը։
Գագաթնաժողովի շրջանակում անցկացվեց նաև «MEDam.com․ Հայաստանի առողջապահությունն աշխարհին կապող հարթակ» խորագրով հատուկ բանախոսություն։
Բանախոսությամբ հանդես եկավ MEDam.com-ի գործադիր տնօրեն Կնյազ Սարոյանը՝ ներկայացնելով հարթակի գործունեությունը, Հայաստանի առողջապահական համակարգի միջազգային ճանաչելիության բարձրացման և համաշխարհային բժշկական համայնքի հետ կապերի ընդլայնման հնարավորությունները։
Օրվա ընթացքում ուշադրության կենտրոնում էր նաև գիտելիքի և մասնագիտական կապերի համախմբումը։
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը և խորհրդի հիմնադիր անդամ Հայկ Կարապետյանը մասնակցեցին «Առաջատար համալսարանների հայ շրջանավարտների ցանց» զրույց-քննարկմանը։
Ներկայացվեց Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի նախաձեռնությամբ ստեղծված Առաջատար համալսարանների հայ շրջանավարտների ցանցը։ Անդրադարձ կատարվեց աշխարհասփյուռ հայ մասնագետների գիտելիքի, փորձի և միջազգային կապերի համախմբման հնարավորություններին՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ զարգացման։
Քննարկումը վարել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի անդամ Վիկտորյա Այդինյանը։
Օրվա ծրագրում հատուկ բանախոսությամբ հանդես եկավ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը։
Ներկայացվեց հիմնադրամի «Մեր միջև Հայաստան» խորագրով 2027-2029 թվականների ռազմավարական ծրագիրը՝ անդրադառնալով Հայաստան–Սփյուռք համագործակցության ընդլայնման և համահայկական ներուժի համախմբման ուղղություններին։
Բայց գագաթնաժողովը միայն պաշտոնական նիստերի, պանելների ու քննարկումների մասին չէ։
Այստեղ կարևոր են նաև այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում դրանց կողքին՝ երբ մարդիկ նստում են նույն սեղանի շուրջ, զրուցում, ճանաչում միմյանց և երբեմն ընդամենը մեկ հարցից սկսում են երկար ու հետաքրքիր պատմություններ։
Այս անգամ էլ «Նիդերլանդական Օրագրի» թղթակից Նաիրա Գասպարյանը զրուցեց Բոստոնի «Պայքար» (Baikar Weekly) շաբաթաթերթի ներկա խմբագիրներից մեկի՝ Բայծիկ Քալայճյանի (Baydzig Kalaydjian) հետ։
Բայծիկ Քալայճյանը սփյուռքահայ հասարակական գործիչ, լրագրող, հոդվածագիր, թարգմանիչ և մանկավարժ է։
Նա սերտորեն կապված է Բոստոնի «Պայքար» շաբաթաթերթի հետ, որտեղ ներկայումս հանդիսանում է թերթի խմբագիրներից մեկը՝ Հակոբ Վարդիվարյանի հետ միասին։
Նրա գործունեությունը տարիների ընթացքում ընդգրկել է մի քանի կարևոր ուղղություններ։
Բացի «Պայքար» շաբաթաթերթից, նա որպես սյունակագիր և թղթակից ակտիվորեն աշխատակցում է սփյուռքահայ տարբեր պարբերականների։
Տարիներ շարունակ դասավանդել է հայոց լեզու և պատմություն։ Եղել է Կիպրոսի նշանավոր Մելքոնյան կրթական հաստատության սան ու նվիրյալ։ 2016 թվականին Բեյրութում հրատարակել է «The Eternal Lantern of Hope» («Հույսի մշտավառ կանթեղը») գիրքը՝ նվիրված Մելքոնյան վարժարանի պատմությանը։
Բարեգործություն և ակտիվիզմ։ Լիբանանահայ համայնքի ակտիվ անդամ է։ 2020 թվականի Բեյրութի նավահանգստի աղետալի պայթյունից հետո ներգրավվել է «DAFA» կազմակերպության կամավորական աշխատանքներում՝ օգնելով տուժած ընտանիքներին։
Մեր զրույցում հատկապես հետաքրքիր էր նրա դիտարկումը մեդիայի մասին։
Նրա համոզմամբ՝ մեդիան, որպես հզոր ուժ, պետք է անպայման վայելի իր ընթերցողների հարգանքը։ Մամուլի նկատմամբ մոտեցումներն այսօր երբեմն հակասական են և նույնիսկ անհարգալից, ինչը, նրա կարծիքով, կարելի է կապել որոշ լրագրողների կամ լրատվամիջոցների՝ աղմուկի միջոցով լսարան գրավելու միտման հետ։
Միևնույն ժամանակ նա կարևորեց այն հանգամանքը, որ առանձին լրագրողներ կամ թվային լրատվամիջոցներ չեն կարող ընդհանուր վերաբերմունք ձևավորել ամբողջ մեդիադաշտի նկատմամբ։
Բայծիկ Քալայճյանի հետ մեր ամբողջ հարցազրույցը կներկայացնենք առանձին հրապարակմամբ։
Նաիրա Գասպարյանը հանդիպեց ևս երկու հետաքրքիր զրուցակիցների՝ արևելագետ, լրագրող, մեդիափորձագետ և ՀԿ ղեկավար Տիրուհի Բայբուրդյանին, ինչպես նաև հանրային կառավարման և իրավունքի փորձագետ, քաղաքագետ Սերոբ Անտինյանին։
Տիրուհի Բայբուրդյանի գործունեության առանցքում հանրային իրազեկումն է, քաղաքացիական իրավունքները և հասարակական-մշակութային նախագծերի իրականացումը։
Սերոբ Անտինյանը աշխատել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, այնուհետև զբաղեցրել ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնը Սփյուռքի նախարարությունում, որն այսօր ներկայացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով։
Նա եղել է Սփյուռքին առնչվող տարբեր ծրագրերի և հասարակական-քաղաքական հետազոտությունների փորձագետ և ակտիվորեն հանդես է գալիս որպես պետական կառավարման ու իրավական հարցերով մասնագետ՝ վերլուծելով ՀՀ պետական համակարգի, սահմանադրականության և օրենսդրական դաշտի խնդիրները։
Մեր զրույցի առանցքում Հայաստանի համար խիստ արդիական մի հարց էր՝ ինչպիսի՞ գործուն բանաձև է անհրաժեշտ Հայաստան–Սփյուռք հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։
Որովհետև ազգապահպանության գործում Հայաստանը և Սփյուռքը փոխկապակցված են և լրացնում են միմյանց։
![]() |
| Տիրուհի Բայբուրդյան |
Թեև այս խնդրի լուծմանն այսօր փորձում են ներգրավվել բազմաթիվ կառույցներ, մեր երկու զրուցակիցներն էլ առանձնահատուկ կարևորեցին կնոջ գործոնը։
Խոսքը, սակայն, միայն կնոջ՝ որպես առաջնորդի կամ որոշում կայացնողի դերի մասին չէ։ Զրույցում շեշտվեց պետական աջակցության և նպատակային ծրագրերի անհրաժեշտությունը՝ ուղղված մոր գիտակցված դերի արժևորմանը՝ որպես սերունդ դաստիարակող և կրթող անձի։
Փորձագետների համոզմամբ՝ առողջ վարքագծի ձևավորումն ու խնդիրներին քննադատական մտածողությամբ մոտենալը կարող են կարևոր ձեռքբերում դառնալ հասարակության առողջացման ճանապարհին։
Դրա համար, նրանց կարծիքով, անհրաժեշտ են բազմաշերտ ծրագրեր, որոնք կշեշտադրեն և կարժևորեն մոր լիարժեք դերը՝ որպես հասարակության լիիրավ անդամի և կերտողի։
Այս խոսակցության ընթացքում հնչեց նաև մեկ այլ կարևոր միտք․ ժամանակակից Սփյուռքը փոխվել է։
Փոխվել են նրա խնդիրները, առաջնահերթություններն ու ինքնության ընկալումները։ Նախկինում միավորող գաղափարներն այսօր այլևս նույն ազդեցությունը չունեն, իսկ նորերը դեռ ձևավորման փուլում են։
Եվ այստեղ է, թերևս, Հայաստան–Սփյուռք հարաբերությունների ամենակարևոր հարցերից մեկը․ ի՞նչ նոր գաղափար կամ ընդհանուր օրակարգ կարող է միավորել բազմազան Սփյուռքին՝ ոչ միայն ընդհանուր անցյալի, այլև համատեղ ապագայի շուրջ։
Այս հարցի պատասխանը մեկ հանդիպման կամ մեկ գագաթնաժողովի շրջանակում գտնելը հեշտ չէ։
Բայց նման հանդիպումներն ու զրույցները կարևոր են հենց նրանով, որ տարբեր մարդկանց, տարբեր համայնքների և տարբեր փորձառությունների ձայները բերում են նույն սեղանի շուրջ։
Եվ «Նիդերլանդական Օրագիրն» այստեղ իր փոքր, բայց կարևոր դերն ունի՝ լսել այդ ձայները և փոխանցել դրանք Հայաստանի ընթերցողին։
Որովհետև Սփյուռքի պատմությունը միայն մեծ կազմակերպությունների, պաշտոնական հանդիպումների կամ ամբիոններից հնչող ելույթների պատմությունը չէ։ Այն նաև մարդկանց պատմությունն է՝ նրանց մտքերի, մտահոգությունների, աշխատանքի, նվիրումի և ապագայի հանդեպ ունեցած պատկերացումների մասին։
Իսկ այդ տարբեր ձայներից է, որ աստիճանաբար ձևավորվում է Սփյուռքի ամբողջական պատկերը։
Հենց այդ պատկերն էլ «Նիդերլանդական Օրագիրը» շարունակում է բերել Հայաստանից՝ Սփյուռքի ձայնը լսելի դարձնելու ճանապարհին։
«Նիդերլանդական Օրագիր»
Մամուլը Սփյուռքում․ խոսքը պետք է արժանի լինի վստահության
Նաիրա Գասպարյանի զրույցը Բոստոնի «Պայքար» շաբաթաթերթի խմբագրական կազմի անդամ Բայծիկ Քալայճյանի հետ
«Նիդերլանդական Օրագրի» հատուկ զրույցը՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի ընթացքում
Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի շրջանակում տարբեր երկրների մասնակիցների հետ հանդիպումների ու զրույցների ընթացքում «Նիդերլանդական Օրագրի» թղթակից Նաիրա Գասպարյանն անդրադարձավ նաև մի թեմայի, որն այսօր առանձնահատուկ նշանակություն ունի համահայկական կյանքում՝ Սփյուռքի մամուլի դերին, պատասխանատվությանը և վստահությանը։
Գագաթնաժողովի մեդիաօրակարգի շուրջ զրույց ունեցանք Բոստոնում հրատարակվող «Պայքար» (Baikar Weekly) շաբաթաթերթի խմբագրական կազմի անդամ, լիբանանահայ լրագրող, հոդվածագիր, թարգմանիչ և մանկավարժ Բայծիկ Քալայճյանի հետ։ «Պայքար»-ը իր պաշտոնական ներկայացմամբ ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող հրատարակություն է, որը ներկայում իր առաքելությունը տեսնում է ոչ միայն առանձին համայնքի, այլև Հայաստանից մինչև Սփյուռքի տարբեր հատվածներ ձգվող հայալեզու լսարանի սպասարկման մեջ։
— Տիկին Քալայճյան, ի՞նչ նշանակություն ունի այսօր Սփյուռքի մամուլը, հատկապես այն պայմաններում, երբ տեղեկատվության հիմնական հոսքը տեղափոխվել է թվային հարթակներ։
— Մամուլը, իբրև հզոր ուժ, պետք է անպայման վայելի իր ընթերցողների հարգանքը։ Այսօր մամուլի նկատմամբ մոտեցումները երբեմն հակասական են և նույնիսկ անհարգալից։ Թերևս դա որոշ չափով կարելի է կապել նաև որոշ լրագրողների կամ լրատվամիջոցների՝ աղմուկի միջոցով լսարան գրավելու միտման հետ։
Սակայն առանձին լրագրողներ կամ թվային լրատվամիջոցներ չեն կարող ընդհանուր վերաբերմունք ձևավորել ողջ մեդիադաշտի նկատմամբ։
Լրագրողական աշխատանքի հանդեպ վստահությունը ձևավորվում է прежде ամենայնի անաչառության, փաստերի ճշգրտության և պատասխանատվության հիման վրա։ Լրագրողը պետք է գիտակցի, որ իր հրապարակած խոսքը կարող է ազդեցություն ունենալ մարդկանց, համայնքների և նույնիսկ հասարակական գործընթացների վրա։
— Այսինքն՝ մամուլի նկատմամբ վստահությունը, ըստ Ձեզ, ինչի՞ վրա է կառուցվում։
— Առաջին հերթին՝ փաստերի ճշգրտության, անաչառության և լրագրողական էթիկայի պահպանման։
Իր աշխատանքին պատասխանատվությամբ մոտեցող լրագրողի գործունեությունը պետք է աչքի ընկնի հանրային իրազեկման բարձր գիտակցումով, քաղաքացիական և ազգային խնդիրների օբյեկտիվ վերլուծությամբ և լրագրողական էթիկայի անշեղ պահպանմամբ։
Եթե այս սկզբունքները պահպանվում են, հասարակության վստահությունն ու հարգանքը մամուլի նկատմամբ նույնպես ձևավորվում են։
— Սփյուռքի մամուլի դեպքում պատասխանատվությունը կարծես կրկնակի է։ Համաձա՞յն եք։
— Անշուշտ։ Մամուլն իր էությամբ հզոր ազդեցության ուժ է, բայց այդ դերն ավելի է մեծանում, երբ այն գործում է Հայրենիքից հեռու՝ համազգային մեդիատիրույթում։
Սփյուռքահայ լրատվամիջոցը շատ դեպքերում դառնում է Հայաստանի և Սփյուռքի միջև տեղեկատվական կամուրջ։ Հեռավոր համայնքներում ապրող մեր հայրենակիցները հավաստի տեղեկատվության կարիք ունեն՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, իրենց համայնքներում և ընդհանրապես հայության կյանքում։
Այդ պատճառով լրատվամիջոցը պետք է կարողանա զերծ մնալ ապատեղեկատվությունից, չափազանցված էմոցիաներից և մտաշահարկումից։ Նրա խնդիրը միայն իրադարձությունները փոխանցելը չէ։ Այն նաև նպաստում է հասարակական կարծիքի ձևավորմանը, ազգային տեսլականի պահպանմանը և տարբեր հատվածների միջև կապերի ամրապնդմանը։
— Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այդ մամուլի հարաբերությունը ազգային և հասարակական խնդիրների հետ։
— Խորքային և պատասխանատու։ Ազգային հարցը չի նշանակում հրաժարվել լրագրողական օբյեկտիվությունից։
Ընդհակառակը՝ ազգային խնդիրների նկատմամբ պատասխանատվությունը պահանջում է ավելի մեծ ճշգրտություն, ավելի խորքային ուսումնասիրություն և տարբեր տեսակետների ներկայացում։
Մենք պետք է կարողանանք տարբերել փաստը կարծիքից, տեղեկատվությունը՝ մեկնաբանությունից, և չստեղծել այնպիսի տպավորություն, թե միայն մեկ տեսակետ գոյություն ունի։
— «Պայքար»-ի դեպքում խոսքը պատմական ժառանգություն ունեցող մամուլի մասին է։ Ի՞նչ նշանակություն ունի այդ ժառանգությունը նոր ժամանակներում։
— «Պայքար»-ն ունի ավելի քան մեկդարյա պատմություն և ձևավորվել է որպես հայկական մամուլի կարևոր օջախներից մեկը։ Այսօր նրա առջև դրված է նաև նոր մարտահրավեր՝ պահպանել այդ ժառանգությունը և միաժամանակ խոսել ժամանակակից ընթերցողի լեզվով։
Թվային դարաշրջանը փոխել է լրատվամիջոցների աշխատանքային ձևերը, բայց չի վերացրել որակյալ լրագրության անհրաժեշտությունը։
Այսօր հնարավոր է մեկ նյութով հասնել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ընթերցողներին։ Սա մեծ հնարավորություն է, բայց նաև մեծ պատասխանատվություն։
— Ձեր գործունեությունը միայն լրագրությամբ չի սահմանափակվում․ Դուք նաև մանկավարժ եք, զբաղվել եք հայոց լեզվի և պատմության դասավանդմամբ։ Ինչպե՞ս են այս երկու ոլորտները լրացնում միմյանց։
— Կրթությունն ու մամուլը շատ մոտ են իրար։ Երկուսն էլ աշխատում են մարդու գիտակցության և մտածողության հետ։
Եթե դպրոցը փոխանցում է լեզուն, պատմությունը և արժեքները, մամուլը կարող է այդ գիտելիքը կապել ժամանակակից կյանքի հետ։ Հատկապես Սփյուռքում սա շատ կարևոր է։
Երիտասարդը պետք է ոչ միայն իմանա իր պատմությունը, այլև հասկանա, թե ինչու է այդ պատմությունը կարևոր իր այսօրվա կյանքի համար։
— Ձեր կարծիքով՝ Սփյուռքի մամուլը կարո՞ղ է նաև դեր ունենալ Հայաստան–Սփյուռք հարաբերությունների նոր ձևավորման գործում։
— Այո՛։ Եվ կարծում եմ՝ այդ դերը շատ կարևոր է։
Հայաստանն ու Սփյուռքը պետք է ավելի շատ լսեն միմյանց։ Իսկ մամուլը կարող է ստեղծել այդ երկխոսության հարթակը։
Լրատվամիջոցը կարող է ներկայացնել Սփյուռքի տարբեր համայնքների իրական խնդիրները, ինչպես նաև Հայաստանի փոփոխությունները, հնարավորությունները և դժվարությունները։ Բայց ամենակարևորը՝ այն պետք է հնարավորություն տա, որ տարբեր կարծիքներ լսելի լինեն։
— Եվ ի՞նչ կցանկանայիք տեսնել այս գագաթնաժողովից հետո՝ հատկապես մեդիայի ոլորտում։
— Կցանկանայի, որ գագաթնաժողովի ընթացքում ստեղծված կապերը շարունակվեին նաև գագաթնաժողովից հետո։
Կարևոր է, որ տարբեր երկրների հայկական լրատվամիջոցները ավելի շատ համագործակցեն, փոխանակեն նյութեր, փորձ և մասնագիտական գիտելիքներ։
Մենք ունենք տարբեր համայնքներ, տարբեր իրականություններ, բայց ունենք նաև շատ ընդհանուր խնդիրներ։
Եթե կարողանանք այդ տարբեր փորձառությունները միմյանց հասանելի դարձնել, Սփյուռքի մամուլը կարող է ավելի մեծ դեր ունենալ համահայկական տեղեկատվական տարածքի ձևավորման գործում։
— Վերջում՝ ի՞նչ կասեք այն լրագրողներին, որոնք այսօր փորձում են աշխատել այս բարդ և արագ փոփոխվող մեդիադաշտում։
— Կասեի՝ երբեք չկորցնել պատասխանատվության զգացումը։
Լրագրողի խոսքը պարզապես խոսք չէ։ Այն կարող է ազդել մարդու հեղինակության, համայնքի վերաբերմունքի, հասարակական կարծիքի և նույնիսկ պատմական հիշողության վրա։
Ուստի պետք է միշտ ստուգել փաստերը, պահպանել էթիկան, լսել տարբեր կողմերին և հիշել, որ վստահությունը ձեռք է բերվում երկար ժամանակում, բայց կարող է կորցվել մեկ սխալ հրապարակմամբ։
Նաիրա Գասպարյանի դիտարկումը
Բայծիկ Քալայճյանի հետ զրույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սփյուռքի մամուլի ուժը միայն տեղեկատվություն փոխանցելու մեջ չէ։
Այնտեղ, որտեղ լրատվամիջոցը գործում է Հայրենիքից հեռու, նրա պատասխանատվությունը կրկնապատկվում է․ նա ոչ միայն պատմում է տեղի ունեցողի մասին, այլև հաճախ դառնում է այն տեղեկատվական կամուրջը, որով տարբեր երկրներում ապրող հայերը ճանաչում են միմյանց, Հայաստանը և համահայկական օրակարգը։
Մեր զրույցի ընթացքում հատկապես կարևոր էր Քալայճյանի շեշտադրումը՝ մամուլի նկատմամբ հարգանքը պետք է վաստակել փաստերի ճշգրտությամբ, անաչառությամբ, պատասխանատվությամբ և լրագրողական էթիկայով։
Թվային դարաշրջանում, երբ տեղեկատվությունը տարածվում է վայրկյանների ընթացքում, այդ սկզբունքները ոչ թե կորցնում են իրենց նշանակությունը, այլ դառնում են առավել անհրաժեշտ։
Նաիրա Գասպարյան
«Նիդերլանդական Օրագրի» թղթակից
Երևան, Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողով
-------------------------------












































No comments:
Post a Comment