The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 23 February 2019

Համահայկական հարցերի շուրջ քննարկում հոլանդահայ երիտասարդների հետ




Փետրվարի 21-ին Նիդերլանդների ՀՅԴ կառույցի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության նախաձեռնությամբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ շուրջ երեք տասնյակ հոլանդահայ երիտասարդների հետ՝ քննարկելու համահայկական օրակարգի մի շարք հարցեր։ Այդ մասին տեղյակ են պահում դեսպանատան և ՀՅԴ կառույցի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության կայք-էջերը:

Մտքերի փոխանակման ձևաչափով տեղի ունեցած հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին Եկեղեցի-պետություն-հասարակություն հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր տեղի տեղի ունեցող զարգացումների և հայ երիտասարդությանը հուզող մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ։

Դեսպան Բալայանը երիտասարդներին ներկայացրեց Հայաստանի իշխանությունների մոտեցումները քննարկվող հարցերի վերաբերյալ։

Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպումը նախաձեռնելու համար՝ կարևորեց նման քննարկումների պարբերական կազմակերպումը, միմյանց կարծիքը լսելու և ծառացած հարցերի լուծումներին ծանոթանալու տեսանկյունից։

«Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության կայք-էջում էլ կարդում ենք.

Արդեն երրորդ անգամ Նիդերլանդների երիտասարդ դաշնակցականները կազմակերպում են քննարկում և բանավեճ հայ ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ։ Երեկ Ուտրեխտում հերթական հանդիպման օրն էր, որտեղ շատ հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան մի շարք արդիական հարցերի շուրջ։ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամների հետ այս հանդիպմանն էին եկել բազմաթիվ ունկնդիրներ, և Նիդերլանդներում ՀՀ լիազոր դեսպան պարոն՝ Տիգրան Բալայանը, ինչպես նաև Ամստերդամի «Սուրբ Հոգի» Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը։

Ստացվեց չափազանց հետաքրքիր և ուսանելի զրույց։ Երիտասարդները հատկապես օգտվեցին պարոն դեսպանի գիտնական-դիվանագետի հանգամանքից և բազմաթիվ հարցեր ստացան իրենց լիարժեք պատասխանը։ Դեսպանի համար էլ անակնկալ էր երիտասարդների մեծ նվիրվածություն և հետաքրքրությունը Հայ Դատի և հայաստանյան խնդիրների վերաբերյալ։ Տեր Տարոն Թադևոսյանը նույնպես սպառիչ և ամբողջական տեղեկություններով լուսավորեց երիտասարդներին։ Հրաշալի հաջողված երեկո էր՝ ձեր վարձքը կատար։

No comments:

Post a Comment