The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 7 December 2020

ՈՒղիղ 32 տարի առաջ Հայոց Աշխարհը պատուհասեց մեկ այլ արհավիրք` 1988 թվականի ավերիչ երկրաշարժը

Փլատակների ճեղքից դուրս էր եկել փոքրիկ աղջիկը ու կանգնել, զարմանքով նայել էր աշխարհին` փոքրիկ իր հասակով ավետել, որ կյանքը շարունակվում է...

ՈՒղիղ 32 տարի առաջ Հայոց Աշխարհը պատուհասեց մեկ այլ արհավիրք` 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ,ուժգնությունը կազմեց է 6,8-7,2 մագնիտուդ: Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվեց հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ ։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։ 300-ից ավելի բնակավայրեր զգացին ավերիչ երկրաշարժի ծանրությունը: Ընթերցողին ենք ներկայացնում այդ օրերի վավերագիր պատմություն, որը կարդացվում է մեկ շնչով ու արտացոլում է այդ օրերի ճշմարիտ պատկերը:
ՏԱՍԵՐԵՔԵՐՐՈՐԴԻ ճակատագիրը
(ՏԽՈՒՐ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ)






















Լենինական, Շիրակացու փողոց: Այն թաղամասերից մեկն է,որտեղ վերջին տարիների ընթացքում կառուցվել են բազմահարկ շատ շենքեր: Մարդիկ այդ ընթացքում բնակարանամուտ են տոնել և ուրախացել…
Այսօր այդ փողոցի բոլոր բարձրահարկերն ավերակույտերի են վերածվել: Երբեմնի անցուդարձով աշխույժ այս փողոցը դարձել է անճանաչելի: Աչքերիդ դժվար է հավատալ:Ձգվող շենքերի տակ խանութներ են եղել,կենցաղային ծառայության օբեկտներ…ՈՒ՞ր են չքացել:
Մի կերպ երևացող խանութի տապալված ցուցանակից ճանաչում եմ,որ սա փողոցի 13-րդ շենքն է եղել:Շենք, որտեղ ինձ սրտամոտ,հարազատ մարդիկ են ապրել: Մարդիկ, որոնք ժամանակ առաջ կիսել են ինձ հետ իրենց խոհերն ու տրամադրությունները, մի կտոր հացը:
…Փղձուկը խեղդում է կոկորդս, աչքերս արցունքներ են հայտնվում, սարսռում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչպես փլատակներն ուղղակի լափել են մարդկանց: Ո’չ, դա հավատալու չէ…
Մի կախարդանքով հանկարծ ամեն բան պատկերացնում ես իր տեղում: Մշուշոտ աչքերիդ մեջ շենքը հառնում է վեր, ստանում իր նախկին տեսքը:Սպասում ես , ահա մուտքից դուրս կգան քեզ ծանոթ մարդիկ: Ցավո’ք սա տեսիլք էր միայն…Շուրջդ գորշություն է, իսկ աչքերդ անընդհատ ավերակների են հառնում; Սա է իրականությունը և այն էլ այդքան դաժան:Կենդանի մարդկանց գտնելու հույսեր այնուհանդերձ պահպանում ես: Մարդ չի կարող անհույս ապրել, քանզի կարող է խելագարվել:Դա այդպես, է նոր հույսը ծնվում է ճիշտ այն պահին,երբ հինն է մեռնում: Ամենևին էլ ուշ չէ, կենդանի մարդիկ կգտնվեն:Պետք է ամուր կանգնել երերված այս հողին, արիանալ, սրբել արցունքները և ինչ որ բան անել:Վայրկյանները թանկ են, այն հիմա կյանք արժե, հապաղելն անօգուտ է: Միանում եմ մի խումբ երիտասարդների, փորձում ենք շրջել բետոնի մի սալ:Չի ստացվում: Նորից ենք փորձում, ուժ տալիս, չի հաջողվում: Ստիպված փլատակների գլխից ցած ենք նետում բետոնի ավելի փոքրիկ կտորները, որը ծովի մեջ գդալով ջուր վերցնելու է հավասար: Մենք` մարդիկս, որ գիտեինք մեր հզորության մասին և հավատում էինք դրան, մնացել էինք դեմ հանդիման արհավիրքի հետևանքներին: Կանգնած էինք հսկայական բետոնակույտերի առջև, մերկ ձեռքերով…: Անզորության ինչպիսի՜ զգացում: Դեռևս ուշանում էր նույն մարդու ձեռքերով ստեղծված հզոր տեխնիկան:
Սակայն համառությունն ու արիությունը, սրտերում անթեղված հույսը, ոչ մի րոպե չէին լքում մարդկանց: Լուռ, գլխիկոր աշխատող մարդիկ, երբեմն դադար էին առնում: Հենց մի այդպիսի պահի փլատակների մի անցքից ձայներ են լսվում: ՈՒրեմն,իրոք, ամեն բան կորած չէ: Ողջեր կան: Այս անգամ մարդկանց աչքերում ուրախության արցունքներ են երևում: Գոտեպնդված մարդիկ արագ ձեռքերի շարժումով մաքրում են անցքը փակած հողը ու…Ա՜յ քեզ հրաշք, բացված անցքից դուրս է ելնում նապաստակ: Շլդիկը վախվորած նայում է չորսբոլորը:
«Յոթերորդ հարկի հարևանինն է»,-ասում է մեկը, գրկում ու սրտանց համբուրում հնազանդ, փախչելու փորձ չանող, փրկված կենդանուն: ՈՒրեմն, այնուամենայնիվ, հույսերը չեն մարում, հսկա կույտերի խավար թագավորությունում գոյություն ունի կյանք…
Հաջորդ օրը շենքի փլատակների մոտ հանգրվանեց առաջին ամբարձիչ կռունկը: Դա այստեղ բերեցին երկրաշարժից զոհ գնացած մարդկանց մերձավորները: Ավտոկռունկը դժվարությամբ էր աշխատում: Հազվադեպ էր հաջողվում մի տեղից մյուսը տեղափոխել բետոնի ծանր սալերը: Համարյա բոլոր դեպքերում մետաղե ամրանները կռունկի բռնիչին հպվելիս անմիջապես մերկանում էին, վրայի բետոնը` ասես հող, փշուր-փշուր էր լինում: Աղետի պահին ցեմենտի ամրության ինչպիսի՜ կարիք են ունեցել այս ամրանները` շենքը կանգուն պահելու համար:
Փրկիչ աշխատանքներ կատարելու համար մեկ շենքի համար, մեկ ամբարձիչն իհարկե բավարար չէր, թեև ավտոկռունկն աշխատում էր շուրջօրյա` առանց դադարի: Հսկա փլատակների կույտը դժվարությամբ էր նահանջում: Փլատակված շատ շենքերի մոտ էլ ընդհանրապես որևէ տեխնիկա չկար: Ի՞նչ անեին այս շենքերի մոտ խմբված մարդիկ,երբ ճար չունեին…
Դեկտեմբերի 10-ի առավոտյան ավերակների մոտ երևացին ֆրանսիական առաջին փրկիչ ջոկատները: Ժամանեց նաև տեխնիկա: Արդեն, որպես կանոն, փլատակ եղած յուրաքանչյուր շենքի մոտ կանգնած էր մեկական ավտոկռունկ : Մինչդեռ օպերատիվ, արդյունավետ աշխատանքի համար բավական կլիներ 4-6 ավտոկռունկը, 2-3 բուլդուզերը, փրկարարներն իրենց տեխնիկայով: Ընդ որում, եթե այս օգնությունը հասներ աղետի առաջին ժամերին և ոչ թե ուշացումով:
Ֆրանսիացիների մի խումբը աշխատանքի անցան հենց 13-րդ շենքի փլատակներում: Մարդիկ մեծ հույսեր էն կապում նրանց հետ: Եվ չսխալվեցին: Իրենց փոքրիկ, բայց ամենակարող գործիքներով, վարժեցված շների օգնությամբ` նրանք գտան առաջին կենդանի մարդուն: Մեծ ջանք պահանջվեց ռուս այդ կնոջը ազատելու քարե գերությունից: Տեղում անդամահատվեց նրա պանելի տակ սեղմված ձեռքը: Փոխարենը Նինային (այդպես էր նրա անունը) վերադարձվեց ամենաթանկագինը` կյանքը:
Ֆրանսիական փրկարար ջոկատի անդամներից մեկը ցույց տվեց ձեռքի երկու մատները, հասկացրեց, որ այդքան օր կարող էին ավելի շուտ օգնության հասնել, եթե Մոսկվայում այդքան չձգձգեին իրենց ժամանումը: Նրանք, անխտիր բոլորը աշխատում էին անձնազոհ, համերաշխ ու համախմբված: Ժամանակ էին գտնում անգամ մարդկանց սրտապնդելու, սփոփելու:Հավաստիացնում էին, որ ոչ մեկին չեն թողնի պանելների հետևում: Մարդիկ, որ հաշտվել էին կորստյան ցավին, այժմ մտածում էին գոնե մերձավորին գտնելու մասին: Առաջին հերթին մարդկանց դա էր հարկավոր: Որքան կյանքեր կփրկվեր, եթե փրկարար խմբերը տուժված վայրերում լինեին արհավիրքին հաջորդած առաջին ժամերին: Բնականաբար խուճապն ու անկազմակերպվածությունն էլ իր կնիքը թողեց: Իրադրության շատ վճռորոշ պահերին տեղացիները չէին կարողանում համագործակցել այլազգի մասնագետների հետ, որովհետև չկար…թարգմանիչ: Ամեն անգամ` ձեռքով դիմախաղով խոսելու, հասկանալու համար, կորչում էր թանկարժեք ժամանակը: Տուժածներին օգնելու գործը բարձր մակարդակով կազմակերպելու պրոֆեսիոնալ մղումով ֆրանսիացի փրկարարներն իրենց հետ Հայաստան էին բերել անգամ ջուր: Նրանց մտքով չէր անցել, որ մեր մեծ երկրում թարգմանիչներ այդ դժվարին պահին չեն գտնվի: Մարդիկ, որ պատրաստ էին հրաշքներ գործելու բառիս բուն իմաստով, բախվել էին անտարբերության ու անկազմակերպվածության գորշ պատնեշին: Մի օրինակ ևս, զինվորագրված մի քանի կամավոր տղաներ , որոնք ունեին տեխնիկա վարելու հմտություն, մնացել էին անգործ, քանի որ զինվորական հավաքակայանում տեխնիկայի զգալի մասը մարտական պատրաստ վիճակում չէին, այսինքն գտնվել էին անսարք վիճակում: Սարքին վիճակում գտնվող մի մեքենա էլ հռնդոցով մի քանի պտույտ գործելուց հետո լռեց: Սա էլ փչացավ: Դժվարին այդ օրերին նյութական և բարոյական մեծ օգնություն, օժանդակություն էին ցուցաբերում հարևան վրաց ժողովրդի զավակները: Վրացի կամավորների մի մեծ խումբ զգուշությամբ հողից մաքրում էին սալիկները, հնարավորություն տալով հետախույզ շներին հոտոտելու բացված անցքերը:
Գիշերները խառնվում էին ցերեկներին, ցերեկները` գիշերներին: Օրերը չէին բաժանվում: Աշխատանքն անընդմեջ էր, համառ: Օրն անցնում էր ինչպես րոպե: Գիշերները փլատակների շրջապատում վառվող բազմաթիվ խարույկները շողեր էին տալիս անլույս քաղաքին: Մշտապես ժպիտ ունեցող քաղաքը տխուր ու անտրամադիր էր: Գիշերային խավարում լուսավորված փլատակների կույտերը վերքեր էին կնճռոտ ու մռայլ քաղաքի դեմքին: Յուրաքանչյուր խարույկ իր շուրջն էր համախմբել բախտակից ու սգացող մարդկանց խմբերին: Գյումրին որբացել էր, Գյումրին ողբում էր: Սովորական էր դարձել մարդկանց այսպիսի հարցուփորձը. «Ձեզանից քանիսը՞ չկան» , «Գոնե մեկին էլ չգտա՞ք»: Անցնող օրվա հետ նվազում էր հարազատներին կենդանի գտնելու հույսի հատիկները: Խարույկներում օրնիբուն բոցկլտացող կրակը, ասես ընդհատված կյանքի շարունակությունն էր, զոհվածների մշտաբորբոք բագին-ատրուշանը:
Ճնշող մղձավանջային ևս մի գիշեր այլևս ետևում էր, դեկտեմբերի 11-ի առավոտյան 13-րդ շենքի փլատակներում ձեռքս ընկավ «Մահից դեպի կյանք» խորհրդանշական վերնագրով մի փոշեթաթավ գիրք: Մտածում էի, որ երանի այն ուղղակի իմաստով համապատասխաներ իրականությանը: Մահը հաղթահարողները շատ լինեին: Ավաղ: Այդ օրվա ընթացքում փլատակներից առանձնացվեցին միայն դիակներ : Կրկին գիշեր: Խարույկի լույսի տակ թերթեցի գտածս գիրքը, և զարմանք, հենց կազմին` աչքիս զարնեց բարեկամիս հոր` Անդրանիկ պապի ստորագրությունը: Նա միշտ էր ստորագրում իր գրքերին, գրքի նկատմամբ` հայ մարդու սիրով, պահում ու փայփայում էր հայատառ գրքերը: Չարքաշ ու ծանր կյանքով է ապրել Անդրանիկը:Դարասկզբին թուրք բարբարոսները սպանել են նրա ծնողներին:Որբ է մեծացել: Ակամա ականատեսն է եղել 1915 թվականի անլուր տառապանքների ու ջարդերի: Սովետական իշխանության տարիներին մասնակցել է հայրենի Լենինականի ծաղկմանն ու բարգավաճմանը:Ղազանչիից իր ձեռքով խմելու ջուր է հասցրել Լենինական: Շենացրել է իր օջախը: Գիրքը հենց վերաբերվում էր դարասկզբի բարբարոսությունների նկարագրմանը: Ճակատագրի դաժան խաղով ավերվեց հայրենի Լենինականը, Անդրանիկ պապի օջախը:
Հաջորդ օրը` դեկտեմբերի 12-ի վաղ լուսաբացին, նրա ծուխը շարունակող որդիներից մեկը` Արտաշեսը, որը ողջ էր մնացել հանգամանքների բերումով, հավերժ քնած գտավ իր միակ տղային ու աղջկան` պապի Անդրանիկ և Արմինե թոռներին, Մարո հարսին, Ամալյա մայրիկին:
Գիրքն իմ հոգին կրկին ալեկոծեց, տխուր մտորումներ արթնացրեց` դարավերջի ու դարասկզբի ճակատագիրը տարբեր կերպ նույնացել էր:
Բարեբախտաբար, տխրահռչակ 13-րդից գտնվեց մի ընտանիք, որի բոլոր անդամները հրաշքով փրկվել էին արհավիրքից: Ամուսինները մի դիպվածով կենդանի էին մնացել աշխատատեղերում: Նրանց տղան եղել է դպրոցում, որին աղետը խնայել էր: Փոքրիկ աղջնակը գտնվել էր փլվող շենքում: Հետո փլատակների մի ճեղքից դուրս էր եկել չորեքթաթ,կանգնել, և զարմանքով նայել աշխարհին` փոքրիկ իր հասակով ավետել, որ կյանքը կա և այն չպետք է ընդհատվի:
ՎԱՀԱՆ ԱՄԱՏՈՒՆԻ
Լենինական
9-13 դեկտեմբերի, 1988թ.

No comments:

Post a Comment