The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 16 December 2020

Միայն Հայաստանը կարող է համախմբել աշխարհասփյուռ հայերին. Մաթո Հախվերդյան

 


Ներկայացնում ենք miasin.am-ի հարցազրույցը Հաագայի հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության վարչության և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանի հետ:

– Պատերազմի օրերին Սփյուռքը միանգամից ինքնակազմակերպվեց ու հնարավոր բոլոր եղանակներով (քաղաքական, մարդասիրական, տեղեկատվական և այլն) ջանաց օգնության ձեռք մեկնել հայրենիքին. Ձեր համայնքը/կառույցը ո՞ր ուղղություններով էր այդ օրերին աշխատում և ինչպե՞ս կարողացավ օգտակար լինել Հայաստանին ու Արցախին:

– Նախ ասեմ, որ ինքնակազմակերպման առումով, դա հնարավոր էր միայն մարդասիրական, դրամահավաքի ասպարեզում։ Ավելի դժվար են քաղաքական և տեղեկատվական բնագավառները, որոնց համար հարկավոր է տարիների մեծ փորձ, փոխադարձ կապեր և կազմակերպված և բանիմաց աշխատանք։

Պատերազմի օրերին կատարված աշխատանքների մասին ես կարող եմ խոսել միայն Նիդերլանդների և մի փոքր էլ Բելգիայի հայերի մասին։ Պատերազմի առաջին օրն իսկ, երբ ես մտա Հաագայի «Աբովյան» մշակութային միության կենտրոն, այնտեղ հավաքվել էին սովորականից ավելի շատ հայեր, բոլորն էլ անհանգիստ, մտահոգված և պատրաստակամ ինչ-որ բանով օգտակար լինելու հայրենիքին։ Եղան բազմաթիվ առաջարկներ, որոշվեց կազմակերպել հավաքներ և մասնակցել տարբեր ակցիաների։

Թե՛ «Աբովյան» միությունը և թե՛ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) լծվեցին աշխատանքի` հոլանդահայ այլ կազմակերպությունների հետ միասին կազմակերպելով հանրահավաքներ, ցույցեր, Նիդերլանդների խորհրդարանին ներկայացնելով հանրագիր՝ ղարաբաղյան հիմնահարցի և ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ։ Հոլանդահայ կազմակերպություններն ակտիվորեն մասնակցեցին Բրյուսելում կազմակերպված Եվրոպայի հայության ցույցին։

Պատերազմի ընթացքում «Աբովյան» միության և հոլանդահայ այլ կառույցների անդամները միասնաբար ամեն օր լուռ հերթապահության կարգով ցույց անցկացրեցին Հաագայում Նիդերլանդների խորհրդարանի մուտքի մոտ։ Նրանք կրում էին Հայաստանի և Արցախի դրոշներ և պաստառներ՝ պահանջելով դադարեցնել ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ, ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել պատերազմական hանցագործությունները։ Նրանք շարունակաբար շփվում էին հոլանդացի պատգամավորների, նախարարների, վարչապետի, լրագրողների և այլ մարդկանց հետ՝ տեղեկացնելով Արցախի հիմնահարցի և պատերազմական իրավիճակի մասին։

FAON-ն համագործակցելով ՀՀ դեսպանության հետ, բուռն աշխատանք ծավալեց դիմելով նիդերլանդական իշխանություններին և հատկապես՝ խորհրդարանի պատգամավորներին՝ նրանց իրազեկելով ադրբեջանա-թուրքական դաժանությունների և պատերազմական հանցագործությունների մասին։ FAON-ին հաջողվեց կազմակերպել խորհրդարանական ունկնդրումներ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ (հեռավար)։ Այդ աշխատանքների շնորհիվ, Նիդերլանդների խորհրդարանը ընդունեց մի շարք բանաձևեր՝ առաջարկելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործություններ իրագործած պատասխանատուների նկատմամբ։

Մարդասիրական օգնությունը և դրամահավաքը թե՛ Նիդերլանդներում և թե՛ Բելգիայում ինքնակազմակերպվեց շատ արագ և հավաքված գումարների հիմնական մասը փոխանցվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղին։ Հավաքվեց և Հայաստան ուղարկվեց դեղորայք, բժշկական սարքեր, հագուստ, բանակի համար որոշ պարագաներ և այլն։ Տեղի ունեցան նաև ինքնաբուխ ակցիաներ, ինչպես օրինակ՝ մի քանի ժամով դեպի Բելգիա տանող մայրուղիների փակումը։

– Այսօր, դժբախտաբար, ունենք մի իրականություն, որի հետ դժվար է համակերպվել: Որո՞նք են այն առաջնային նպատակակետերը, որոնց ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել: Եվ ո՞րը պետք է լինի Սփյուռքի դերակատարումն այդ հարցում:

– Ինչպես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հայտարարության մեջ է նշված՝ այս դժվարին պահին հարկավոր է երկրում պահպանել կարգ ու կանոն՝ համաձայն ՀՀ սահմանադրության և օրենքների, և ցուցաբերել միասնականություն, համերաշխություն և համախմբվածություն հանրապետության հրատապ հարցերին գոհացուցիչ լուծումներ տալու համար։

Մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակումը, վիրավորված զինծառայողների բուժօգնությունը, զոհվածների ընտանիքների խնամքը, Արցախից տեղահան եղած ընտանիքներին մարդասիրական օժանդակության ցուցաբերումը և այլն։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ՀՀ դեսպանության հետ համատեղ աշխատում է, որպեսզի Նիդերլանդների խորհրդարանը բանաձև ընդունի Արցախի ճանաչման և Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկներով։ Սփյուռքը կարող է բացի մարդասիրական և մասնագիտական օգնությունից, աշխատել զանազան երկների իշխանությունների և արդյունաբերական հիմնարկների հետ՝ հօգուտ Հայաստանի և հայ ժողովրդի շահերի։

– Նշեցիք, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակումը Ձեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն: Ի՞նչ քայլեր է կառույցը ձեռնարկո՞ւմ այս ուղղությամբ:

– Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի հատուկ հանձնախումբը զբաղվում է ռազմագերիների հարցով։ Ցավոք, այդ հարցի լուծումը կախված է միջազգային կառույցներից և ձեռք բերված պայմանավորվածությունից։ Մենք փորձում ենք Կարմիր Խաչի հոլանդական գրասենյակի միջազգային բաժնի միջոցով ազդել, որպեսզի հարցը լուծվի հնարավորինս շուտ։

Մենք նրանց ենք ներկայացրել ՀՀ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցները և Ադրբեջանի կողմից գերիների խոշտանգումներին վերաբերող նյութեր։ Մենք հետևողականորեն հոլանդացի պատգամավորներին ենք ներկայացնում ռազմագերիների մասին տեղեկություն և փորձում նրանց միջոցով ազդել գերիների անհապաղ փոխանակման գործընթացի վրա։

Աշխատանքներ են տարվում նաև HRW և Amnesty International կազմակերպությունների հոլանդական մասնաճյուղերի հետ այդ ուղղությամբ։

– Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հայց է ներկայացրել սոցիալական ցանցերի թուրք-ադրբեջանական օգտատերերի և «Գորշ գայլերի» դեմ հայերի նկատմամբ ինտերնետում մի շարք վիրավորական և ատելության խոսքի, խտրականության և բռնության կոչերի կապակցությամբ։ Ի՞նչ փուլում է դատական գործն ու ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Սոցցանցերում թուրքերի և ադրբեջանցիների հակահայ գրառումները թափ առան հայ-ադրբեջանական հուլիսյան բախումների ժամանակ և ավելի ծայրահեղ բնույթ ստացան սեպտեմբերի 27-ի՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում։ Ի շարս այլոց, հայերի հասցեին վիրավորական և ատելության գրառումներ է կատարել «Թուրք-ադրբեջանական մշակութային միության» նախագահ Իլհամ Աշկինը, որին հոլանդական դատարանը դատապարտել է հայերի նկատմամբ բռնություն հրահրելու մեղադրանքով։

Այս նոր հայցը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ներկայացրել է հոլանդական իրավական մարմիններին նոյեմբերի 27-ին։ Եթե դատախազությունը ներկայացված փաստերը բավարար համարի դատ բացելու համար, կսկսվի դատական գործը և այս անգամ ևս հավանաբար պարոն Աշկինը կհայտնվի դատարանի առաջ և կպատժվի որպես կրկնահանցագործ (ռեցիդիվիստ)։

– Պատերազմի օրերին մեկ անգամ ևս փաստեցինք, որ Սփյուռքը զորեղ ուժ է, մեր ամենամեծ հարստությունը՝ պատրաստ միշտ կանգնելու հայրենիքի կողքին: Այսօր ունենք նոր մարտահրավերներ. ինչպիսի՞ն ենք պատկերացնում Հայաստան-Սփյուռք հետագա հարաբերությունները: Որո՞նք պետք է լինեն այն առաջնային հանգրվանները, որոնց շուրջը պետք է զարգանան այդ հարաբերությունները՝ փոխադարձաբար:

– Ինչպես հայտնի է, Հայկական սփյուռքը բազմաշերտ է և բազմաբղետ։ Առ այսօր չկան հավաստի վիճակագրական և թարմացվող մարդահամարի տվյալներ։ Դրանց բացակայության պայմաններում հնարավոր չէ լիարժեք խոսել Սփյուռքի առարկայական ներուժի մասին։ Առհասարակ, մեծ աղետների ժամանակ մարդիկ համախմբվում են և պատրաստ են աննախադեպ զոհողություններ անել։ Օրինակ՝ դա տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի, Սումգայիթի և ադրբեջանական այլ քաղաքների ջարդերի ժամանակ։

Պատերազմի արհավիրքը համախմբեց մեծ թվով հայերի, որոնք ոչ միայն պատրաստ էին նյութական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին, այլ փորձեցին միջոցներ գտնել Հայոց բանակին օգնելու համար։ Չպետք է մոռանալ, որ վերջին տասնամյակներում արմատապես փոխվել է սփյուռքահայության կազմը։ Խորհրդային Միության փլուզումից հետո, դասական կամ «հին» սփյուռքահայությունը համալրվել է հիմնականում Հայաստանից արտագաղթած հայությամբ։

Փոխվում են նաև սփյուռքահայ կառույցների աշխատանքների բնույթը և նախասիրությունները։ Հայաստանից արտագաղթած հայերից շատերը ներգրավված չեն գոյություն ունեցող հայկական կրթական, մշակութային և հասարակական կառույցներում, սակայն նրանք փորձում են ստեղծել նոր, հիմնականում բարեգործական կազմակերպություններ։

Վերջին պատերազմի ընթացքում Հայաստանից արտագաղթած հայերը չափազանց աշխուժացան, ակտիվորեն «ինքնակազմակերպվեցին» և կատարեցին հիմնականում մեծ նվիրատվություններ համահայկական հիմնադրամի տեղական մասնաճյուղին։ Նրանցից շատերն արդեն իսկ սկսել են հեռանալ հայկական համայնքային կյանքից։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացումը կախված է առաջին հերթին Հայաստանից։ Միայն Հայաստանը կարող է համախմբել աշխարհասփյուռ հայերին, ներգրավել նրանց հայրենաշեն աշխատանքներում։ Դա նշանակում է, որ Հայաստանը նախևառաջ պետք է քարտեզագրի տարբեր երկրներում ապրող հայերին, մարդահամար իրականացնի, որպեսզի կարողանա ճիշտ պատկերացում կազմել տարբեր համայնքների հայության մասին և կարողանա համապատասխան փոխադարձ հարաբերություններ զարգացնել։ Այդպիսով, ամուր և իրատեսական հիմքերի վրա կդրվեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Դա պահանջում է լուրջ և հետևողական աշխատանք։

Այդ գործին կնպաստի Հայաստանում սոցիալ-տնտեսական արդար համակարգը, ժողովրդավար կառավարությունը և հոգատար իշխանությունը։ Արտերկրում ապրող հայերը պետք է զգան, որ իրենք մաս են կազմում հայկական մեծ ընտանիքին, և իրենց առօրյան ինչ-որ կերպ նպաստում է հայրենիքի բարգավաճմանը։ Վերջին հաշվով հայության գոյատևման առհավատչյան և ապահով հանգրվանը Հայաստան աշխարհն է։



No comments:

Post a comment