The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 5 December 2020

ԽԱԺԱԿ ԱՐՔԵՊՍ. ՊԱՐՍԱՄԵԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՏԻԿԱՆԻ ՄՇԱԿՈԻՅԹԻ ՊԱՊԱԿԱՆ ԽՈՒՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՐԴԻՆԱԼ ՌԱՎԱԶԻԻ ՀԵՏ



-----------------

Գերշ․ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ, սույն թվականի դեկտեմբերի 3-ին հանդիպեց Մշակույթի Պապական Խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի եւ գործադիր տնօրեն եպիսկոպոս Պոլ Տայի հետ: Մշակույթի Պապական Խորհուրդը Հռոմեական Կուրիայի բաժին է, որ զբաղվում է Կաթոլիկ եկեղեցու եւ այլ եկեղեցիների ու մշակույթների միջեւ հարաբերությունների զարգացմամբ: 

Հանդիպման ընթացքում Սրբազան հայրը իր խորը մտահոգությունը հայտնեց Արցախի հայ քրիստոնեական ժառանգությանը եւ այլ պատմամշակութային հուշարձաններին սպառնացող վտանգի կապակցությամբ։ Նա տեղեկացրեց Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի կողմից՝ մշակութային ցեղասպանությունը կանխելու համար հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի ստեղծման մասին՝ ի պատասխան Արցախի վերջին պատերազմի ընթացքում եկեղեցիների եւ այլ հուշարձանների կանխամտածված ոչնչացմանը:

Նա նշեց, որ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանումը Հայ Եկեղեցու առաջնահերթ խնդիրներից է՝ նկատի ունենալով ոչ հեռու անցյալում Նախիջեւանում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում, հազարավոր խաչքարերի, եկեղեցիների եւ այլ հուշարձանների համակարգված կերպով ոչնչացման փաստը։ 

Այնուհետեւ, արքեպիսկոպոս Պարսամեանը հայցեց Սուրբ Աթոռի աջակցությունը` Արցախի համար այս կենսական եւ հնագույն եկեղեցիների ու վանքերի, ինչպես նաեւ քրիստոնեական ժառանգության եւ ավանդույթների պահպանման գործում:

Կարդինալ Ռավազին շնորհակալություն հայտնելով հիմնախնդիրների մասին իրեն իրազեկման համար՝ ընդգծեց նրանց հրատապությունը եւ կարեւորեց օպերատիվ արձագանքը ստեղծված իրավիճակին։  Կարդինալը պատմեց նաեւ Հայաստան կատարած իր երկու այցերի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ ունեցած հանդիպումների մասին: Նա արքեպիսկոպոս Պարսամեանին  վստահեցրեց, որ Մշակույթի Պապական Խորհուրդը շատ ուշադիր հետեւում է զարգացումներին եւ իրենք պատրաստ են իրենց փորձը եւ ազդեցությունն առաջարկել Մայր Աթոռի ջանքերին աջակցելու համար, շեշտելով Վատիկանի պատրաստակամությունը` հայոց քրիստոնեական ժառանգության պահպանման խնդիրը ներկայացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությանը:

No comments:

Post a Comment