The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 27 December 2020

"Մի բուռ ժպիտ" Ձմեռ պապի և Ձյունանուշիկի հետ

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր ժամը մեկին մեկնարկեց անգլիական բանասիրության ամբիոնի կազմակերպած " Մի բուռ ժպիտ" պատերազմում կորուստներ ունեցած 11 ընտանիքների բալիկներին Ձմեռ պապի և Ձյունանուշիկի հետ  ցերեկույթ հանդեսը։   Ի դեպ ասեմ, որ մասնակից երեխաների ու ընտանիքների ընտրությունը կատարելիս չենք բաժանել հային արցախցու ու հայաստանցու։ Մեր արժեքը մեկն է ՝ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐՅԱԼ ՀԱՅ ՍՊԱ ՈՒ ԶԻՆՎՈՐ։  

 

Տեղեկացնեմ, որ 300 դոլլար նվիրատվություն է եղել մեր ամերիկահայ ազգական հայոց ամեն ինչով հետաքրքրվող, ջերմ հոգու տեր George Ovasapyan -ի կողմից, 30000 դրամ Արդարադատության նախարարության մեր սիրելի բարեկամ Նանե Մելքոնյանի և իր ընկերների կողմից, 110000 տրամադրել են ամբիոնի աշխատակիցները, նվերները՝ 35000 դրամի, Ձմեռ պապին օգնել է ձեռք բերել ամբիոնի դոցենտ Նաիրա Գասպարյանը։ Երեխաներին հանձնվեցին նվերներ, իսկ մայրիկներին փոքրիկ գումարներ, քանի որ չգիտեինք փոքրիկներին ինչ հագուստ նվիրեինք։  ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՅՐԻԿՆԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՆ և սիրով կօգնեն մեզ։ Հմայիչ  Ձյունանուշն և Ձմեռ պապը, ովքեր պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստանում են հայտնվել Արցախից, օգնեցին իրականացնել մեր լուսեղեն բալիկներին ժպիտ պարգևելու միջոցառումը բարեգործական հիմունքներով։ Շնորհակալություն՝ ամբիոնի լաբորանտներ Սեդային, Ասյային և Ռիմային լսարանը երեխաների այցին նախապատրաստելու համար։ Ասեմ, որ միջոցառման ընթացքում հրաժարվեցինք բոլոր տեսակի երաժշտական  համարներից և այլ տոնական տրամադրություն ստեղծող երգուպարից՝ որպես հարգանքի տուրք զոհված և անհայտ կորած մեր հայրենակիցների, նաև որովհետև ոչ մեկը, առավել ևս տուն, ծնող ՀԱՅՐԵՆԻՔ կորցրած հայությունն ու բալիկները, ովքեր ամեն բան հրաշալի գիտակցում են, դրա տրամադրությունը չունեն։ Մեր կոլեկտիվին հաջողվեց  փոքրիկներին պարզապես արևոտ ժպիտ պարգևել։ Կորսվածն անդառնալի է։ Ուժեղ պիտի լինենք, այլ ելք չունենք։ Մեր հոգեկան տառապանքը բալիկների երջանկության վրա չպետք է ազդի։ Նրանց պետք է վերադարձնենք  իրենցից խլված մանկությունը․․․ հենց սրանով էլ առաջնորդվեցինք միջոցառումը կազմակերպելիս։

 Եկավ սպասված պահը։  Անկեղծորեն հուզվում էի։ 18 տարի շարունակ ամեն Նոր տարվա նախօրեի կազմակերպել եմ միջոցառում․ այդ ամենը սկսվեց դասի ժամին լրագրային հոդվածի քննարկումից։ Խնդիրը ՀՀ-ում որդեգրման դժվարությունների հետ էր կապված։ Ուսանողների հետ որոշում կայացրեցինք գնալ մանկատուն և ժպիտ պարգևել մանկատանն իրենց մայրիկներին ու ընտանիքներին սպասող փոքրիկներին։ Ուզում էի, որ ուսանողները նաև միակ որդիս, ով այսօր Հայոց բանակի կազմում իբրև սպա հայրենքի պաշտպանության գործով է զբաղված,  հասկանան, թե որքան մեծ է երեխայի կյանքում ընտանիքի և մոր դերը, ուզում էի , որ հասկանան, որ ավանդական հայ ընտանիքը իրավունք չունի լուսափայլ դեմքերով իր բալիկներին պետության խնամքի ներքո թողնելու, որքան էլ, որ խնամքը հրաշալի կազմակերպվի․․․ Տարիներ անց մեր հոգածությունը ուղղեցինք ազատամարտիկներին և վիրավոր զինվորներին, ովքեր բուժում էին ստանում հոսպիտալում․․․ Ուսանողը պետք է գնահատի այն արժեքները, որ փոխանցվում են ավանդաբար․․․  Ունեցանք նաև միջոցառումներ ֆակուլտետում, պատվոգրերի արժանացանք։ Ջերմ բարեկամական կապեր հաստատվեցին ֆակուլտետի և ՊՆ-ի միջև։ Մեր ֆակուլտետի ուսանողուհիները բուռն ցանկություն դրսևորեցին հայրենիքին ծառայելու Հայոց բանակի շարքերում․․․  


Այս տարի թագաժահրի համավարակի հետ կապված՝ մտորում էի ինչպես կազմակերպել մեր ավանդական ֆակուլտետային ձեռնարկումը․․․ Եկավ պատերազմն ու արցունք բերեց հայոց աշխարհին․․․ մեր բալիկների ժպիտն ու ապագան, ասես, գողացավ թշնամին, կոտրեց հավատը։ Սակայն այն խորին համոզմունքը, որ հայ սպայի ու զինվորի զավակը իրավունք ունի լուսաշող ժպիտի, որովհետև, որքան էլ որ անվերադառնալի կորուստ է ունեցել, հայրենի հող, հարազատի մխացող կորստյան ցավ, միևնույն է նա շարունակում է մնալ հերոս  հոր զավակ, հերոսի քույր ու եղբայր։ Որքան էլ որ սգավոր մայրեր ու անհայտ կորածների ու գերիների խենթացնող ցավը շարունակի հայ հասարակության հավասարակշռությունը դժվարությամբ պահել, մեր բալիկները արժանի են, որ մի բուռ արեգակ լինի նրանց հայացքում ու մի բուռ ժպիտ՝ նրանց դեմքին․․․  Այս բալիկների մայրերը, ովքեր անասելի ցավ ունեն դրոշմված իրենց դեմքերին ու պիտի ողջ կյանքը ապրեն  անմահացած սիրելիի կսկիծն ու տառապանքը սրտում, արժանի են, որ տեսնեն իրենց բալիկի՝  հեքիաթն իրականացած․․․ Ու այսպես ծնվեց անգլիական բանասիրության ամբիոնի փոքրիկ ձեռնարկումը, որը մեր հերոսների բալիկներին, իրոք, ժպիտ պարգևեց։

  Եվ այսպես, դեկտեմբերի 26-ին  հեքիաթը եկավ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոն՝ շնորհիվ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանի և անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանի։ Մեր հրաշալի կոլեկտիվի միասնական ջանքերով դարձանք այդ հեքիաթի մասնակիցը։ Մեր հեքիաթն իրականացրին  Ձյունանուշ Անի Հայրապետյան ու Ձմեռ պապ Գևորգ Հայրապետյան ամուսինները, ովքեր, անտեսելով սեփական կորուստները, բարեգործական հիմունքներով եկան ուրախացնելու փոքրիկներին։


Բալիկները այնպես երջանիկ էին թռվռում, որ մենք էլ վարակվեցինք նրանց մաքուր երջանկությամբ՝ մի պահ կտրվելով դաժան իրականությունից` ասես կորուստներ չէին ապրել։ Տանջված մայրիկների դեմքին ժպիտ շողաց՝ բալիկները երջանիկ էին։ Շնորհակալություն մեր արհեստավարժ Ձյունանուշին ու Ձմեռ պապիկին, որ չզլացան հայրիկների կարոտից դառնացած ընտանիքներին ժպիտ պարգևել։ Հրաշք էին ուղղակի։ Ամեն ջանք գործադրեցին, որ փոքրիկները տեղափոխվեն երջանիկ հեքիաթի աշխարհ։ Շնորհակալություն փոքրիկ Սուրենին, որն իր ներկայությամբ մեծ աշխուժություն ու կյանք հաղորդեց մյուսներին։ Շնորհակալություն Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Գևորգ Բարսեղյանին, անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սեդա Գասպարյանին և ամբիոնի առանձնապես ակտիվ անդամներին  մեր բոլոր նախաձեռնություններին  աջակցելու և  մասնակցություն ցուցաբերելու համար։ 

Զոհի՛ նման չընկան նրանք:

Ընկան նրանք իբրև մարտի՛կ,

Որ փուլ չգա էլ ապարանք,

Խաղաղ մնա ամեն երդիկ,

Եվ ծխանի ծուխը բարակ

Վե՛ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,

Քամուց թերթվի լուրթ երկնքում.

Որ էլ ոչ մի ընտանիքում

Անտերացած ոչ մի աթոռ

Չաղաղակի դատարկությամբ

Թեյի ժամին, ճաշի պահին.

Որ արկերի դղրդոցին

Ու հրդեհի ահեղ բոցին

Փոխարինեն արծաթ բահի

Զրնգոցը երկնքի տակ

Եվ կարոտի շշուկը տաք:

Պ.Սևակ

Հայրենիք, տուն, ամուսին կորցրած երիտասարդ մայրերին աստված թող զորավիգ լինի։ Նրանց բալիկներն են ապագա Հայաստանի տերերը։ Աստված մեր ազգին պահապան։ Թող գալիք նոր տարին աշխարհին խաղաղություն բերի ու առանց մարդկային  ու տարածական կորուստների լինի Հայոց աշխարհի համար։

ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

No comments:

Post a Comment