The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday 6 December 2020

Հայաստանի «ԻՆՏԵՐԿԱՊ» բարեգործական կենտրոնի հայտարարությունը

 

Հայաստանի «ԻՆՏԵՐԿԱՊ»  բարեգործական կենտրոնի  հայտարարությունը
Լրացավ կազմակերպության գործունեության 30 տարին:
 Հիշեցնենք, որ դեռ 90-ականներից կենտրոնը բազմաթիվ նախաձեռնություններ է իրականացրել Եվրոպայի սփյուռքի հետ, մասնավորապես նրանց ջանքերով Հայաստանից Նիդերլանդներ է տեղափոխվել  Հայոց Ցեղասպանության հիշատակի առաջին հուշաքար-խաչքարը, որի 20-ամյակը լրացավ այս տարի:

Ստորև հայտարարության տեքստը.

 «Ձեր ձայնը կօգնի փրկել արցախահայությանը…» Ռուսաստանում, Վրաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Բուլղարիայում, Հունաստանում, Լիբանանում, Շվեդիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Իսպանիայում բնակվող` Հայաստանի «ԻՆՏԵՐԿԱՊ բարեգործական կենտրոնի» սիրելի գործընկերներ, համակիրներ ու բարերար-բարեգործներ. Մենք միասին ենք եղել և կանք բարեգործական ու հայրենասիրության, մարդուն ու մարդասիրությանն ուղղված, մշակույթի և մարդկային արժանապատվության պաշտպանությանը միտված, արժանապատիվ համակեցությանը միտված մեր գործողություններում և ավելի քան երեք տասնամյա մեր գործունեության ընթացքում շատ հաջողություններ ենք արձանագրել /ԱՌԱՆՑ դրամաշնորհների/։ Սիրելի բարեկամներ. Մեր օրերում հայ ժողովուրդն ապրում է վերջին 100-ամյակի իր դժվարագույն պատմության ողբերգական էջերից մեկը, երբ հարցականի տակ է դրված նրա պետականությունը և ֆիզիկական գոյությունը։ Թուրքիան և Ադրբեջանը, շարունակելով XX դարի սկզբին իրականացրած Արմենոցիդը, շարունակում են զրկել հայ ժողովրդին կենսական տարածքից, իրագործում էթնիկ զտում և յուրացնում մեր ժողովրդի հարստությունները ու դրա վրա ապահովում իրենց պետությունների բարեկեցությունը։ Այսօր ևս, սանձազերծելով լայնամասշտաբ ագրեսիա հայերի բնօրրան վերջին հողակտոր դարձած Արցախի ինքնորոշված հանրապետության դեմ, կիրառելով պատերազմական հանցագործություններ որակվող նույն ցեղասպան մեթոդներն ու միջոցները, ոչնչացնում են Արցախի ավտոխտոն բնակչությանը։ Լրջորեն ապակայունացնելով Հարավային Կովկասի տարածաշրջանը, Թուրքիան հեռահար նպատակներով Արցախ է տեղափոխում սիրիական և լիբիական վարձկաններ, նրանց բնակեցնում հայերի բնակավայրերում, դրանով իսկ լրջորեն փոխում ԼՂՀ դեմոգրաֆիկական պատկերը։ Ինչպես Նախիջևանի բռնակցված տարածքի Ջուղայի խաչքարերի դեպքում, Ադրբեջանն Իսլամական պետության օրինակով իրականացնում է նաև մշակութային ցեղասպանություն, ոչնչացվում են Արցախի տարածքում հայ ժողովրդի մի քանի հազարամյա ներկայության հետքերը, եզակի հուշարձանները, քաղաքներն ու գյուղերը, պղծվում և ավերվում են գերեզմանատները, եկեղեցիներն ու վանքերը։ Բազմահազար հայեր դարձել են փախստական, տասնյակ զինվորական և քաղաքացիական անձինք հայտնվել են գերության մեջ և ենթարկվում են անմարդկային կտտանքների ու ստորացման։ Ադրբեջան պետության մեջ պետական մակարդակի է բարձրացված հայատյացությունը, եվրոպական մամուլը և այլ զլմ-ներ ևս այդ մասին բազում սահմռկեցուցիչ փաստեր են արձանագրվել։ Դրանք, ըստ էության, վկայություն են մեկ պետության մեջ հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու անհնարինության, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի 1988-92թթ. հայկական ջարդերը, Շուշիի 1920թ. սարասփելի կոտորածն իրականացնողների, Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարողների ձեռագիրն անփոփոխ է։ Վերջին պատերազմը լիովին հաստատում է դա։ Ըստ այդմ, իրականացնելով կյանքի իր իրավունքը, պաշտպանելու իր մշակույթը և ինքնությունը, Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է՝ հռչակելով իր պետականությունը։ Անջատվում ենք ապրելու համար, և սա աներկբա իրողություն է, այլընտրանքը` բնաջնջումն է։ Արդ, սիրելի բարեկամներ, այս ծանր ժամին դիմում ենք դարձյալ Ձեզ՝ խնդրելով առավել ուժգին բարձրացնել Ձեր բողոքի ձայնն ընդդեմ էթնիկ զտման և հայրենազրկման, ընդդմեմ Թուրքիայի և Ադրբեջանի՝ գենոցիդագեն պետությունների, մարդու և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների։ Օգնեք սանձահարել «Գորշ գայլեր» և Իգիլ ստեղծած ուժերին, բռնել ագրեսորների ձեռքը և կանչել պատասխանատվության։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի սենատին, Ֆրանսիայի ժողովրդին այս ծանր ժամին մեր կողքին կանգնելու և Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բարձրաձայնելու համար։ Խորապես երախտապարտ ենք նաև Բելգիայի խորհրդարանին ջերմ աջակցության համար։ Սիրելի բարեկամներ. Դուք Յոհան Լեփսիուսի, Ֆրիտյոֆ Նանսենի, Արմին Վեգների, Յոզեֆ Մարկվարտի, Ժան Ժորես, Վալերի Բրյուսովի, Իլյա Էրենբուրգի, Ֆրանց Վերֆելի, Բոգդան Գեմբարսկի և Շառլ Ազնավուրի մարդասիրական գաղափարների կրողն ու շարունակողն եք, Ձեր ձայնը կօգնի փրկել արցախահայությանը, Արցախի մշակույթը, կօգնի ծանր ճգնաժամում հայ ժողովրդին վերստին ոտքի կանգնելու և ժողովուրդների բարեկամ ընտանիքում կառուցելու իր ապահով ապագան։ Երախտապարտ կլինենք հայանպաստ յուրաքանչյուր քայլի համար։ «Ինտերկապի» Վարչության անդամների անունից հավաստիացնում ենք, որ համագործակցության նոր քայրեր են ձեռնարկվելու և դեռ բարեկամության նոր կամուրջներ կկարողնանք կառուցել։ 

«ԻՆՏԵՐԿԱՊԻ» նախագահ` Նորայր Զուլոյան

No comments:

Post a Comment