The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 29 May 2021

Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ


ՏԵՐ ՏԱՐՈՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ամստերդամի ,,Սուրբ Հոգի,, եկեղեցու հոգևոր հովիվ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: 1918թ. մայիսի 28-ին իրականություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքը: Սեփական ուժերին ապավինելով և համախմբված մղելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը, հայ ժողովուրդը դրեց անկախ, ազատ, ինքնիշխան պետության հիմքերը։ 

Սարդարապատի ոգով դաստիարակված սերունդը տարիներ հետո կարողացավ նույն ոգով մարտնչել ու հաղթանակ տանել Արցախյան հերոսամարտում։ 

Ցավոք սրտի նախորդ տարում Ադրբեջանից սանձազերծած պատերազմի ծանր հետևանքով կորցրեցինք հաղթության բերկրանքի ապրումը, կորցրեցինք հազարավոր մեր եղբայրների, մեր երկրի սահմանները դարձյալ փոքրացան, մեր շատ հայրենակիցներ անտուն մնացին, լարված իրավիճակ է սահմաններին, պատերազմը տակավին ավարտված չէ։

Պարտավոր ենք սթափ գնահատելու մեր առջև ծառացած վտանգը, ընդմիշտ մոռանալ մեր անձնական նեղ շահերն ու նկրտումները և միահամուռ ուժերով, ազգովի լծվել հայրենաշինության սուրբ ու նվիրական գրոծին։ 

Սիրելիներ,

Մայիս 28-ի, Առաջին հանրապետության տոնը, Սարդարապատի, բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, Արցախյան հերոսամարտերը շարունակելու են մեզ համար հանդիսանալ ոգեշնչման աղբյուր։

Այսօր ապրում ենք այն հողի վրա, որի պահպանման համար հազարավոր կյանքեր զոհվեցին։ Այդ սուրբ հողի վրա ապրելու համար բարոյական իրավունք է պետք ունենալ։ Բարոյական իրավունքը հայրենի մեր երկիր շենացնելու և հզորացնելու պարտքի աներեր զգացողությունն է, դժվարությունները հաղթահարելու անկոտրուն կամքն ու վճռականությունն է, ներկա և գալիք սերունդների համար մեր երկիրն անվտանգ ու ապահով, շեն ու կանգուն դրձնելու անշեղ նպատակն է, մեր ինքնությունն անաղարտ պահող մեզ վստահված սրբազան ավանդության և արժեքների պահպանումն անմնացորդ կերպով գալիք սերնդին փոխանցումն է։ Այս ամենը կարող ենք անել միմիայն համազգային միասնական ու միահամուռ ուժերով, պետականության ու ազգային շահն ամեն ինչից վեր դասելով։ 

Դարձյալ շնորհավորում եմ բոլարիս Առաջին հանրապետության տոնի առիթով, թող որ Տիրոջ օգնականությամբ և օրհնությամբ խաղաղության ու ապահովության մեջ մնա մեր Հայրենիքը, նահատակ մեր եղբայրների հոգիներն հանգստություն գտնեն Աստծո Արքայության մեջ, վերադառնան գերության մեջ գտնվող և անհայտ կորած մեր եղբայրները, լիակատար ապաքինվեն վիրավորները և հույսով ու հավատով զորանա մեր ժողովուրդը․ ամեն։



No comments:

Post a Comment