The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday 20 December 2021

Կյանքը շարունակվում է ․․․

20.12.2021/Նաիրա Գասպարյան/Նիդ.օրագիր

Շատերն են կորցրել հարազատներ 44-օրյա պատերազմում, բայց կորստի ցավը դեռ երկար կտանջի ու գուցե թե չսպիանա։ Հայաստանում դպրոցական կյանքը քիչ-քիչ մտել է հունի մեջ, չնայած սահմանային միջադեպերին, փոփոխվող իրականությանը․․․ 

Դպրոցների ուսուցիչները՝ տնօրենների ղեկավարությամբ անում են ամեն բան, որ երեխաներին վերադարձնեն կյանքի գույները, թեև կորցրածը հետ չես բերի, բայց կյանքը  շարունակվում է՝ հանուն երիտասարդ սերնդի, հանուն մեր երեխաների։ 

 Հրազդանի Հ.Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցն XI դասարանում ՀԵՊ-ի ժամ էր, թեման` «Հայրենիք ու հայրենասիրություն»։ Աշակերտներն ընթերցեցին իրենց գրած շարադրությունները` «Ինձ համար հայրենիքն սկսվում է...» խորագրով։ Աշակերտներից մեկը` Միքայելը, ցանկացավ իր մտքերն արտահայտել իր իսկ վրձնած կտավով, որն անվանել էր  «Իմ սեր...իմ Թալիշ»։  Այդ կտավը շատերի համար յուրովի բացահայտեց Արցախ աշխարհի Գյուլիստանի մելիքության իշխանանիստը, Արցախ աշխարհի դարպասի բանալին` Թալիշը...,որը ցավոք Արցախյան 3-րդ պատերազմի հետևանքով հայաթափվել է ու անցել Ադրբեջանի հսկողությանը։ 

 Մայր ու Աստվածապաշտ Հայրենիքը չի մոռացվել տեղահանված արցախցիների՝ այդ թվում Միքայելի  համար... Այս դասը նաև բացահայտեց արվեստագետ Միքայելին, ով նկարների մի ամբողջ հավաքածու ուներ։ Միքայելի պատմության ուսուցչուհին՝ վաստակաշատ մանկավարժ Լիանա Փիրումյանը, համագործակցելով դպրոցի տնօրինության հետ, որոշեցին կազմակերպել տաղանդաշատ պատանու անհատական ցուցահանդեսը` «Հայրենիքիս կանչը» խորագրով,  նա  այն նվիրեց 44-օրյա պատերազմի մեր անմահ հերոսների հիշատակին։ 

Արդեն մի քանի օր է Հրազդանի Հ.Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցն ապրում է արվեստի շնչով, աշակերտներն ու ուսուցիչները հիանում են Միքայելի վրձնած ստեղծագործություններով։ Վերջինս դպրոցի տնօրենության կողմից արժանացավ պատվոգրի։















No comments:

Post a Comment