The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday 1 December 2021

Երեխաների շահերի պաշտպանության նվիրյալը

ՄԻՐԱ ԱՆՏՈՆՅԱՆ

Միրա Անտոնյանը Երեխաների պաշտպանության ցանցի ստեղծման մտահղացման հեղինակն ու հիմնադիրներից մեկն է։ Դեռ 2005թ․ Տիկին Միրան հիմնադրեց և ղեկավարեց Երեխաների պաշտպանության ցանցը՝ երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետներին հրավիրելով գործելու միասնական հարթակում և տարիներ շարունակ առանց կազմակերպությունը գրանցելու և կամավորական ուժերով զբաղվեց ցանցի կարողությունների զարգացման, գործընկեր կազմակերպությունների հետ միասին պաշտպանության կարիք ունեցող երեխաների շահապաշտպանությամբ և համակարգային բարեփոխումներին ուղղված առաջարկությունների մշակմամբ:

Տիկին Անտոնյանը ԵՊ ցանցը ղեկավարել է 10 տարուց ավելի, Նա ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենն է, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահը։ Մեր կողմից հավելենք, որ Նիդերլանդական բարեգործական Dear angel կազմակերպությունը  «Նիդերլանդական օրագրի» հետ  այդ տարիներից  սերտ համագործակցության մեջ են Մ․ Անտոնյանի ղեկավարած ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնի» հետ և մեկ անգամ չէ, որ աջակցել ու մասնակցել են բարեգործական ծրագրերին ու միջոցառումներին։

Միրա Անտոնյանը հմուտ մասնագետ է՝  սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է, դոցենտ, դասավանդում է ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնում։ Հրավիրյալ դասախոս է Եվրոպայի, հետխորհրդային մի շարք երկրների և Ամերիկայի համալսարաններից մի քանիսում։

Իր թիմի հետ միասին մշակել է սոցիալական պաշտպանության ծառայությունների նոր մոդելներ` խնամատարություն, ճգնաժամային միջամտություն, ճգնաժամային փոքր տուն, Համայնքային ցերեկային երեխաների պաշտպանության ծառայություն, Արտագնա, կանխարգելման ծառայություն, իրավախախտ երեխաների սոցիալական ինտեգրման կենտրոն և այլն: Նա սոցիալական պաշտպանության համակարգային բարեփոխումների բազմաթիվ նախագծեր է մշակել և հեղինակել մի շարք հետազոտություններ` նվիրված ոլորտի հիմնախնդիրների բացահայտմանն ու հեռանկարային զարգացման ուղղությունների բացահայտմանը:

Որպես երեխայի պաշտպանության միջազգային փորձագետ՝ օգնել է Աբխազիային` հիմնադրելու երեխաների և ընտանիքների սոցիալական պաշտպանության համակարգ և համապատասխան ծառայություններ` անձամբ ներգրավված լինելով նաև տեղի կադրերի վերապատրաստման ու ծառայությունների դիզայնի գործընթացում: Նա որպես փորձագետ ներգրավված է եղել նաև Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող տարբեր ծրագրերում և տեղի սոցիալական աշխատողների վերապատրաստման ծրագրերի համար մոդուլների պատրաստման գործընթացում:

Արցախյան վերջին պատերազմից հետո իր թիմի հետ միասին սկսել է լայնածավալ գործունեություն Արցախում: Նախ կազմակերպել է շուրջ 23.000 ընտանիքների կարիքների, մտադրությունների, կորուստների և տրավմաների վերաբերյալ մեծածավալ հետազոտության իրականացումը, ապա մշակել Արցախի սոցիալհոգեբանական աջակցության համակարգային միասնական մոտեցում-հայեցակարգ, որը հաստատվել է Արցախի կառավարության կողմից: Թիմի հետ միասին կազմակերպել է շուրջ 75 սոցիալական աշխատողների պատրաստման գործընթացը Արցախում և երկու համալսարաններում Սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրերի ներդրման աշխատանքները, որոնք դեռևս ընթացքի մեջ են: Ներկայումս նրա ջանքերով ներդրվում են ընտանիքների աջակցության, մարդկանց ակտիվացման, խթանման տարբեր ծրագրեր` համագործակցելով բազմաթիվ կազմակերպությունների հետ: Այս ջանքերը ընթացքի մեջ են և շարունակական: Նա 64-ից ավելի գիտական հոդվածների, մեթոդական ձեռնարկների, ուղեցույցների հեղինակ է։

Ստացել է համապետական մի շարք կոչումներ և պարգևատրումներ` կառավարության, ԵՊՀ-ի և ԱՍՀՆ կողմից:

Հավատացած է, որ Երեխաների պաշտպանության ցանցը հզոր ներուժ ունի, քանի որ միավորում է երկրում գործող գրեթե բոլոր` խնդրով մտահոգ կազմակերպությունների ջանքերը: Այն կարող է իրական փոփոխություններ բերել երկրում` երեխաների պաշտպանությունը գրագետ, մասնագիտական մոտեցումների վրա կառուցված սոցիալական մեխանիզմներ առաջ քաշելու, պրակտիկ գաղափարներ առաջ մղելու և հասարակական կարծիք ձևավորելու միջոցով: Այն լավագույն պրակտիկայի փոխանակման հարթակ է, փոխօգնության, փոխուսուցման, առաջավոր պրակտիկայի տարածման մեծ հնարավորություններով: Այն հզոր ուժ է` միավորված երեխաների պաշտպանության խնդրի շուրջ և հրաշալի գործընկեր` երեխաների համար` հանրությանն ու կառավարությանը լսելի դարձնելու համար երեխաների ձայնը:

Ցանցը, հավատացած է, բոլոր տվյալներն ունի իրականություն դարձնելու երեխաների մասնակցությունը իրենց վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում ապահովելու կարևոր առաքելությունը:


Երեխաների պաշտպանության ցանցը երեխաների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան 37 ՀԿ-ների ազգային կոալիցիա է:

ԵՊՑ-ն հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել դժվար վիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասցեականության ապահովմանը, ինչպես նաև առաջարկել պետությանը երեխայի պաշտպանության դաշտի կանոնակարգման նոր մեխանիզմներ՝ այդպիսով նպաստելով համակարգի բարեփոխմանը:

2012թ հունվարին ԵՊՑ-ն գրանցվել է` որպես «Երեխաների պաշտպանության ցանց» ոչ առևտրային իրավաբանական անձանց միություն, իսկ 2018 թվականի օրենքի պահանջով վերագրանցվել է «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի:

2012թ.-ից ԵՊՑ-ն անդամակցում է ՉայլդՓեքթ-ին՝ Երեխաների պաշտպանության տարածաշրջանային կոալիցիային, որը համախմբում է 10 երկրներից երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող 600 հասարակական կազմակերպությունների:

------------------

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնի» կազմակերպած բարեգործական միջոցառումներից մեկը.
Արխիվային լուսանկար` «Նիդ օրագրի»















ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնի» անձամբ Միրա Անտոնյանի կողմից, Dear Angel-ին և «Նիդ օրագրին» տրամադրած հավաստագրերից. 





No comments:

Post a Comment