The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 28 January 2026

Արձան, որ լռության մեջ խոսում է ճշմարտության մասին

 ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ ՀՈՒԶՄՈՒՆՔԻ



28.02.2026/ Հ.Ազիան, Ն.Գասպարյան/Նիդ.օրագիր
Կան օրեր, երբ քաղաքը դանդաղեցնում է շնչառությունը։
Երբ աղմուկը լռում է, և ժամանակը՝ մի պահ կանգ է առնում։
Այդպիսի օր էր այսօր։
Երևանի մի սովորական բակում՝ թիվ 147 դպրոցի տարածքում, բացվեց հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Իրականում բացվեց ավելին, քան բրոնզե մարմնավորված կերպարն է։ Բացվեց հիշողություն։ Բացվեց պարտք։ Բացվեց լուռ, բայց անխոս ճշմարտություն՝ այն մասին, թե ինչ արժեք ունի մարդու կյանքը, երբ նա գիտակցաբար այն դնում է հայրենիքի պաշտպանության նժարին։
Ռոբերտ Աբաջյանը չի պատկանում միայն պատմությանը։ Նա պատկանում է ներկային։ Նրա անունը չի հնչում միայն դասագրքերում կամ պաշտոնական ելույթներում․ այն ապրում է բոլորի հայացքներում: Արձանի առջև կանգնած դպրոցականներին դժվար է դեռ հասկանալ ամբողջ ծանրությունը, բայց կա պահի լրջության զգացումը։
Ռոբերտը երիտասարդ էր։ Անսահման երիտասարդ։ Եվ հենց այդ երիտասարդության մեջ էր նրա քաջության ահռելի չափը։
Արձանը պատկերում է Ռոբերտին ոչ որպես առասպելական հերոս, այլ որպես իրական մարդ՝ վճռական հայացքով, ներքին խաղաղությամբ, այնպիսի լռությամբ, որ միայն նրանք են ունենում, ովքեր արդեն ընտրել են իրենց ճամփան մինչև վերջ։ Նրա ձեռքերում պահված դիրքը չի սպառնում, չի գոռում․ այն պարզապես լուռ հիշեցնում է, որ երբեմն կարող է լինել ամենաբարձր գոչյունը։
Արձանի պատվանդանին փորագրված խոսքերը այսօր դարձան ոչ միայն հուշ, այլ հարց՝ ուղղված մեզ բոլորիս։
Ի՞նչ ենք անում մենք այդ զոհողության հետ։
Ինչպե՞ս ենք ապրում այն կյանքի մեջ, որը շարունակվում է ուրիշների չշարունակված կյանքի հաշվին։
Բացման արարողությունը զուսպ էր։ Առանց ավելորդ ճոխության։ Եվ դա էր ճիշտը։ Որովհետև Ռոբերտ Աբաջյանի սխրանքը ճոխության կարիք չունի։ Այն ինքնին ամբողջական է։
Երբ խոսում էին նրա մասին՝ խոսքերը հաճախ ընդհատվում էին լռությամբ։ Իսկ այդ լռությունը ավելի հզոր էր, քան ամենահմուտ ճառը։
Այս արձանը կանգնած է դպրոցում։ Դա պատահական չէ։ Այն կանգնած է այնտեղ, որտեղ ձևավորվում է ապագան։ Որտեղ դեռ ամեն ինչ հնարավոր է։ Որտեղ դեռ կարելի է սովորել ոչ միայն մաթեմատիկա կամ գրականություն, այլ՝ պատասխանատվություն, արժանապատվություն, ընտրության գին։
Ռոբերտ Աբաջյանի արձանը մեզ մահվան չի կոչում։
Այն կյանքի է կոչում է՝ գիտակցված, արժանապատիվ, ազնիվ կյանքին։
Այն հիշեցնում է, որ հայրենիքը գաղափար չէ միայն, այլ մարդկանց անուններ են։ Դեմքեր։ Երազներ։ Կիսատ մնացած երիտասարդություն, որ տրվեց, տրվեց հանուն ապրող կյանքերի...
Եվ երբ տարիներ անց այս բակում կրկին լսվեն երեխաների ծիծաղն ու քայլերի ձայնը, արձանը շարունակելու է լուռ հսկել նրանց՝ որպես հիշեցում, որ ազատությունը միշտ ունի անուն, անուն, որ հիշվելու է հավերժ, հավիտյան, այս անգամ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ։



No comments:

Post a Comment