07.01.2026/Nid.oragir
Սոնա Սահակյանը ինքնատիպ և յուրահատուկ գեղանկարիչ է, հայտնի արվեստագետ Ալիկ Ասատրյանի դուստրը, ով վերջին տարիներին ակտիվ ու հաջող ճանապարհ է անցնում միջազգային արվեստի դաշտում։ Անցած տարում նա իր ստեղծագործությունները ներկայացրել է Նիդերլանդների տարբեր քաղաքներում անցկացված ցուցահանդեսների շրջանակում՝ արժանանալով մասնագիտական ու հանրային բարձր գնահատականի։
2025 թվականը Սոնան ամփոփել է սեփական նախաձեռնությամբ և ստեղծագործական մոտեցմամբ պատրաստված տեսանյութով, որտեղ ութ րոպեում ներկայացված են տարվա ամենանշանակալի ցուցահանդեսները, արվեստի հետ կապված նախագծերը, անվանակարգերն ու մրցույթները։ Նշելով, որ տարին իր համար եղել է հատկապես գեղարվեստական և ներշնչող, Սոնան ընդգծում է, որ իր աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ թանգարաններում, պատկերասրահներում և արվեստի տարածքներում, ինչպես նաև հրապարակվել են մի շարք արվեստի ամսագրերում։
«Շատ շնորհակալ եմ, որ ընտրվել եմ իմ արվեստը ավելի մեծ մասշտաբով ներկայացնելու և գեղարվեստական իրականության մեջ ընդգրկվելու համար։ Ուրախալի է, երբ մարդիկ գնահատում են իմ արվեստը և կարողանում են նույնանալ դրա հետ»,– նշում է Սոնա Սահակյանը՝ հույս հայտնելով, որ նոր տարին կբերի նոր արկածներ, համագործակցություններ և ստեղծագործական հուզմունք։
Նա վստահ է, որ արվեստը լիակատար նվիրում է պահանջում. «Արվեստը հոգի է պահանջում, և դու կարող ես այն տալ միայն այն ժամանակ, երբ իսկապես ապրում ես դրա համար»։ Այդ հավատով ու նվիրվածությամբ Սոնան մտնում է 2026 թվական՝ շարունակելով իր ստեղծագործական հոսքը կրքով ու նպատակասլացությամբ։
Գեղանկարչուհին հրավիրում է արվեստասերներին իր առաջիկա ցուցահանդեսին, որը կմեկնարկի հունվարի 5-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ը, իսկ պաշտոնական բացումը կկայանա հունվարի 10-ին՝ ժամը 16:00-ին, Հաագայի արվեստի ցուցասրահում՝ The Haagse Kunstkring։ Այստեղ նա կներկայացնի իր նոր ստեղծագործությունները։
Սոնա Սահակյանի (S-Art) նոր տեսանյութը ևս մեկ անգամ բացահայտում է նրա արվեստի աշխարհը՝ լի զգացմունքներով, խորությամբ և ժամանակակից արտահայտչաձևերով։

No comments:
Post a Comment