«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»
27.01.2026 | Նիդ. օրագիր
Հունվարի 27-ը Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նշվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օր։ Սա լռության ու խոնարհման, հիշողության ու հավերժության օր է, երբ ողջ ժողովուրդը գլուխ է խոնարհում նրանց առաջ, ովքեր սեփական կյանքը դրեցին հայրենի հողի, ազգային արժանապատվության և խաղաղ ապագայի պաշտպանության զոհասեղանին։
Այսուհետ այս օրը պիտի դառնա հավաքական հիշողության խորան, որտեղ հարգանքով ու երախտագիտությամբ կվերահաստատենք մեր պարտքը նրանց հանդեպ, ովքեր առանց երկմտելու ընտրեցին զոհաբերության ճանապարհը՝ հանուն պետության ու ժողովրդի։ Նրանց սխրանքը պարզապես ռազմական հաղթանակի վկայություն չէ․ այն ազգային ինքնագիտակցության, հայրենասիրության և անսահման նվիրումի բարձրագույն դրսևորումն է։
Զոհված հերոսների հիշատակը անմահ է։ Այն ապրում է մեր պատմության էջերում, մեր արժեքների հիմքում և ապագա սերունդների գիտակցության մեջ՝ որպես օրինակ, որպես պատգամ և որպես պատասխանատվություն։ Նրանց կյանքով գրված ուղերձը պարզ է․ անկախությունն ու պետականությունը տրված չեն ի վերուստ, դրանք կերտվում և պահպանվում են միասնականությամբ, կամքով և զոհողությամբ։
Այս օրը մեզ հիշեցնում է, որ խաղաղությունը ունի գին, իսկ ազատությունը՝ անուններ։ Այդ անունները հավերժ գրված են մեր սրտերում։
Դու անմահ ես, Հայրենիքի զինվոր։
Դու մեր սրտում ես՝ որպես հավատ, որպես ուժ, որպես անշեջ լույս։
Քեզ՝ հավերժ փառք և խորին խոնարհում։
Խոնարհվում ենք նրանց լուսավոր հիշատակի առաջ։
Փառք ու պատիվ Հայրենիքի պաշտպաններին։
Տոնդ շնորհավոր, հայկական բանակ
28.01.2026/Նիդ.օրագիր
Դու ծնվեցիր մեր հայրենիքի համար ամենաբարդ ու ճակատագրական օրերին՝ որպես գոյամարտի անհրաժեշտություն, որպես անկախության կամքի մարմնավորում։ Քո կազմավորմամբ սկիզբ դրվեց ազատ ու ինքնիշխան պետականության կերտմանը, և այդ ճանապարհը անցավ ցավով, պայքարով, բայց նաև աննկուն հավատով։
Հայ զինվորն ու Հայոց բանակը տարիների ընթացքում ապացուցեցին, որ հայրենի հողում ապրելու իրավունքը տրվում է ոչ թե խոսքով, այլ արժանապատիվ պայքարով, նվիրումով ու անձնազոհությամբ։ Քո յուրաքանչյուր քայլը, քո յուրաքանչյուր դիրք պահվում է քաջության, պատասխանատվության և հայրենասիրության բարձր գիտակցումով։
Այսօր ևս ակնհայտ է՝ Հայաստանի Հանրապետության խաղաղությունն ու զարգացումը հնարավոր են միայն ուժեղ, կազմակերպված և մարտունակ զինված ուժերի առկայությամբ։ Հայոց բանակը մեր անվտանգության հիմնական երաշխիքն է, մեր պետության ամուր սյունը։
Քո անցած փառավոր ճանապարհը շարունակելու, մարտունակությունը բազմապատկելու և նոր հաղթանակների հիմքը դնելու համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, հստակ ռազմավարություն և համազգային միասնականություն։ Բանակի վերականգնումը, կայունացումն ու արդիականացումը պետք է դառնան առաջնային օրակարգ՝ հիմնված սեփական ռազմարդյունաբերական ներուժի, հզոր տնտեսության և ռազմական գործին տիրապետող մասնագետների վրա։
Բանակը միայն սահմանում կանգնած զինվորը չէ։ Բանակ պետք է դառնանք բոլորս՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը, տիրապետելով նվազագույն պաշտպանակաջ գիտելիքների և ամուր պահելով զինվորի թիկունքը։ Միայն միասնական ուժերով կարող ենք կերտել անվտանգ, խաղաղ և արժանապատիվ ապագա։
Խոնարհում մեր հերոսներին, հավերժ փառք մեր զինվորին, մեր բանակին։
Տոնդ շնորհավո՛ր, հայ զինվոր։
Տոնդ շնորհավո՛ր, հայկական բանակ։
Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրսպետության վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը։



No comments:
Post a Comment