The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 26 January 2026

Հավատքի ճանապարհ՝ Արթիկից Դորն

 

Նիդերլանդական Reformatorisch Dagblad թերթի անդրադարձը Էդգար Չոփիկյանի կյանքին և ծառայությանը

Նիդերլանդներում լույս տեսնող հեղինակավոր քրիստոնեական Reformatorisch Dagblad օրաթերթը հոդված է հրապարակել Հայ Ավետարանական «Աստծո Տուն» եկեղեցու հովիվ Էդգար Չոփիկյանի (40) մասին։ Հոդվածի հեղինակը լրագրող Միխիել Բակկերն է, ով ներկայացնում է Չոփիկյանի կյանքի, հավատքի և ծառայության ճանապարհը՝ Հայաստանից մինչև Նիդերլանդներ։

Հոդվածում նշվում է, որ Էդգար Չոփիկյանը ծնվել է Հայաստանի հյուսիսում՝ Արթիկ քաղաքում։ Նրա մանկության և պատանեկության տարիները համընկել են խորհրդային շրջանի հետ, երբ եկեղեցական կյանքը խիստ սահմանափակված էր։ Չնայած դրան՝ նրա տատիկը տանը պահում էր սրբապատկերներ և սուրբ գրքեր, որոնք առաջին հոգևոր տպավորություններն են թողել նրա վրա։ Յոթ տարեկանում ստացած մանկական Աստվածաշունչը դարձել է նրա հավատքի որոնման սկիզբը։

Պատանեկության տարիներին Չոփիկյանը ցանկացել է քահանա դառնալ և երկու անգամ փորձել է հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների հետ, սակայն անհաջող փորձերից հետո հիասթափվել է և որոշ ժամանակ ապրել աշխարհիկ կյանքով։

2005 թվականին, քաղաքական պատճառներով, նա լքում է Հայաստանը և ապաստան խնդրում Նիդերլանդներում։ Ապաստանյալների կենտրոնում նա շփվում է հոլանդացի քրիստոնյաների հետ և առաջին անգամ այցելում է ավետարանական եկեղեցի։ Այդ փորձառությունը, ինչպես նշվում է հոդվածում, նրա համար շրջադարձային է լինում․ նա սկսում է խորությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը, հատկապես Սաղմոսները, որոնք մեծ ազդեցություն են թողնում նրա վրա։

Չնայած այն հանգամանքին, որ նրա ապաստանի դիմումը մերժվում է և նա հայտնվում է արտաքսման կենտրոնում՝ նույնիսկ կալանքի պայմաններում, Չոփիկյանը շարունակում է իր հավատքի ճանապարհը։ Այդ ընթացքում նա ձեռքով արտագրում է ամբողջ Նոր Կտակարանը և ստանում հարյուրավոր նամակներ ու բացիկներ քրիստոնյաներից, որոնք քաջալերում են նրան։ Ի վերջո, նրան ազատ են արձակում, քանի որ հնարավոր չի լինում արտաքսել Հայաստան։

Հետագա տարիներին Էդգար Չոփիկյանը բնակվում է Դորն քաղաքում գտնվող «Էլիմ» քրիստոնեական համայնքում, ստանում աստվածաբանական կրթություն, մկրտվում է Հայ Ավետարանական եկեղեցում և ներգրավվում ակտիվ ծառայության մեջ։ Նա նաև ժամանակավորապես ծառայել է Հայաստանում և Բելգիայում՝ օգնելով  համայնքի Հայ Ավետարանական եկեղեցու հիմնադրմանը։

2024 թվականին նա ձեռնադրվում է որպես Դորնում գործող Հայ Ավետարանական «Աստծո Տուն» եկեղեցու հովիվ։ Եկեղեցին ծառայում է հիմնականում հայերեն և ռուսերեն խոսող հավատացյալներին և ունի երեք հիմնական ուղղություն՝ հոգևոր աճ, քրիստոնեական ընտանիքների ամրապնդում և համայնքային ծառայություն։

Հոդվածում ընդգծվում է նաև Չոփիկյանի կարևոր դերակատարությունը եկեղեցիների միջև հարաբերությունների և աղոթքի միասնության ոլորտում։ Նրա ղեկավարած եկեղեցին մասնակցում է Նիդերլանդներում անցկացվող Աղոթքի շաբաթվա ազգային բացման ծառայությանը, ինչը նա բնութագրում է որպես պատմական իրադարձություն, հատկապես այն պատճառով, որ միջոցառմանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին։

Էդգար Չոփիկյանի խոսքերով, որոնք մեջբերվում են հոդվածում.

«Որտեղ երկու կամ երեք հոգի հավաքվում են Նրա անունով, այնտեղ Հիսուսը նրանց մեջ է։ Տարբեր եկեղեցիներից միասին աղոթելը կարևոր է և օրհնություն է»։


 

No comments:

Post a Comment