The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 25 January 2026

2026թ հունվարի 2-րդ կեսը

 Հայաստանի ֆուտզալի հավաքականը պատմական հաջողության շեմին


Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլում տարավ իր երկրորդ հաղթանակը՝ 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի նկատմամբ։ Երկու տուրից հետո Հայաստանի թիմը ունի 6 միավոր և վստահորեն գլխավորում է խումբը։

Լիտվան և Չեխիան ունեն մեկական միավոր և երկու խաղ անցկացրած, իսկ Ուկրաինան դեռ առանց միավորի է։ Այսպիսով, Հայաստանը արդեն  ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը՝ անկախ վերջին խաղի արդյունքից։

Սա պատմական ձեռքբերում է հայկական ֆուտզալի համար․ հավաքականը ոչ միայն առաջին անգամ է նման մակարդակի մրցաշարում, այլ նաև հանդես է գալիս բարձր արդյունքով՝ հաստատվելով որպես մրցունակ թիմ եվրոպական ասպարեզում։

Վերջին խմբային խաղը Հայաստանի համար կունենա արդեն ձևական բնույթ՝ պահպանելով առավելապես մրցանակային և պատրաստության նշանակություն առաջիկա փլեյ-օֆֆի հանդիպումներից առաջ։

Մադելին Շարաֆյանը երկրորդ անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի

22.01.2026/Նիդ.օրագիր

Disney/Pixar-ի ELIO անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Մադելին Շարաֆյանը ստացել է իր երկրորդ առաջադրումը Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը, այս մասին տեղեկացնում է ORER Armenian European Magazine  ամսագիրը։ ELIO-ն Մադլենի  առաջին լիամետրաժ ֆիլմն է , որպես ռեժիսոր նա ֆիլմը իրականացրել է Դոմի Շիի և Ադրիան Մոլինայի հետ համատեղ։

Ֆիլմը պատմում է 11-ամյա Էլիոյի մասին՝ տիեզերքով տարված, հարուստ երևակայությամբ մի տղայի, որը հայտնվում է միջգալակտիկ արկածի մեջ։ Էլիոն ստիպված է նոր կապեր ստեղծել այլմոլորակային կյանքի ձևերի հետ, հաղթահարել տիեզերական մասշտաբի ճգնաժամ և բացահայտել իր իրական ինքնությունը։

ELIO-ն Մադելին Շարաֆյանին դարձնում է առաջին հայ ռեժիսորը և Pixar-ի պատմության մեջ ընդամենը երրորդ կինը, ով ռեժիսորել է լիամետրաժ անիմացիոն ֆիլմ։ Նա իր առաջին «Օսկար»-ի առաջադրումը ստացել է 2021 թվականին՝ Pixar-ի BURROW կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար։

Շարաֆյանը միացել է Pixar ստուդիային անմիջապես քոլեջն ավարտելուց հետո՝ 2015 թվականին, և կարճ ժամանակում անցել է կարճամետրաժ ֆիլմերից դեպի լիամետրաժ կինո՝ ձևավորելով տպավորիչ ստեղծագործական ուղի։

2025 թվականին նա արժանացել է Armenian Film Society Gala-ի պատվո մրցանակին, որը նրան հանձնել է նրա գործընկերուհի Քեթրին Սարաֆյանը։

2026 թվականի Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 15-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։


Ալմելոյում կայացավ հոլանդահայ համայնքի պատմության մեջ առաջին ֆուտբոլի առաջնությունը

22.01.2026/Նիդ.օրագիր

Հունվարի 17-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցավ հոլանդահայ համայնքի պատմության մեջ նշանակալից և նախադեպը չունեցող իրադարձություն․ առաջին անգամ կազմակերպվեց համահամայնքային ֆուտբոլի առաջնություն, որը մեծ խանդավառությամբ և լայն մասնակցությամբ համախմբեց երկրի տարբեր բնակավայրերից ժամանած հայ երիտասարդներին։

Մրցաշարը հաջողությամբ անցկացվեց Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու տարածքում՝ եկեղեցու հովանավորությամբ և ՀԲԸՄ Ալմելոյի ու Հոմենթմեն Ալմելո միությունների համագործակցությամբ։ Նախաձեռնությունը միտված էր ոչ միայն սպորտային մրցակցության, այլև համայնքային կապերի ամրապնդմանն ու երիտասարդների միջև հաղորդակցության խթանմանը։

Ֆուտբոլային առաջնությանը մասնակցեցին շուրջ 16 թիմեր Նիդերլանդների տարբեր շրջաններից, այդ թվում՝ 12 տղաների և 4 աղջիկների թիմեր։ Մրցաշարը դարձավ բացառիկ հարթակ, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեցան ոչ միայն ցուցադրելու իրենց մարզական հմտությունները, այլև ճանաչելու միմյանց, շփվելու և վերարժևորելու ազգային ինքնության ու համայնքային միասնականության պահպանման կարևորությունը։

Միջոցառման պաշտոնական բացումը կատարեց Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը՝ հանդես գալով օրհնության աղոթքով և ողջույնի խոսքով։ Իր խոսքում Սրբազան Հայրը կարևորեց նման նախաձեռնությունների դերը սփյուռքյան իրականությունում՝ ընդգծելով, որ սպորտային և մշակութային ծրագրերը կարևոր միջոց են երիտասարդների ակտիվ ներգրավման և հայապահպանության գաղափարի արդիականացման համար։

Ֆուտբոլային հանդիպումների ավարտից հետո եկեղեցու սրահում կազմակերպվեց մրցանակաբաշխություն, որի ընթացքում պարգևատրվեցին բոլոր մասնակիցներն ու հաղթող թիմերը։ Օրը եզրափակվեց պարահանդեսով, որը ջերմ ու ուրախ մթնոլորտում ամփոփեց միջոցառումը՝ վերածելով այն համայնքային հիշարժան տոնի։

Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է իր կարևոր դերակատարությունը որպես նիդերլանդահայ համայնքի հոգևոր, մշակութային և հասարակական կենտրոն։ Եկեղեցին ոչ միայն ապահովում է համայնքի հոգևոր կյանքը, այլև ակտիվորեն աջակցում է սոցիալ-մշակութային, երիտասարդական և սպորտային նախաձեռնություններին՝ նպաստելով համայնքային կյանքի զարգացմանն ու սերունդների միջև կապերի ամրապնդմանը։

Այս ֆուտբոլային առաջնությունը ևս մեկ անգամ փաստեց, որ միասնական նախաձեռնությունների միջոցով հնարավոր է պահպանել և զորացնել համայնքային ոգին՝ անկախ աշխարհագրական տարածությունից։

Ստորագրվել է Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը

22.01.2026/Նիդ օրագիր

Շվեյցարիայում ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Կանոնադրության ստորագրման ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության ընթացքում մի շարք պատերազմներ դադարեցվել են։ Այդ համատեքստում նա անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով, որ այդ երկրների առաջնորդներից շատերը դարձել են իր բարեկամները։

Թեև Հայաստանի վարչապետի աշխատակազմը ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին, վարչապետը այսօր մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու ամերիկյան նախաձեռնությանը։

Ըստ հաղորդումների՝ «Խաղաղության խորհրդին» հրավիրվել են ավելի քան հինգ տասնյակ երկրների ղեկավարներ։ Հրավերներ են ստացել նաև Ռուսաստանի և Բելառուսի նախագահները, որոնք Ուկրաինայի դեմ պատերազմի մեկնարկից հետո Արևմուտքի կողմից քաղաքական մեկուսացման մեջ էին հայտնվել։

Սկզբնապես հայտարարվել էր, որ նախաձեռնությունը նպատակ ունի վերահսկել Գազայի վերականգնման գործընթացը։ Սակայն այժմ Թրամփը հայտարարել է, որ խորհրդի առջև դրված խնդիրները ավելի լայն են և ընդգրկում են գլոբալ հակամարտությունների կարգավորումը։

Մի շարք փորձագետներ կարծում են, որ այս նախաձեռնությունը կարող է դիտարկվել որպես ՄԱԿ-ի դերի սահմանափակման փորձ։ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է կազմակերպության արդյունավետությունը։

Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցների շրջանում նախաձեռնությունը միանշանակ աջակցություն չի ստացել։ Ֆրանսիայի նախագահը, որը ՆԱՏՕ-ի անդամ երկրի ղեկավար է, հրաժարվել է միանալ խորհրդին։ Հայաստանը, սակայն, օրեր առաջ հայտարարել էր, որ կմասնակցի նախաձեռնությանը։

«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», — ավելի վաղ հայտնել էր վարչապետի մամուլի քարտուղարը։

Հայոց այբուբենի հուշարձան՝ Եվրոպայի խորհրդարանի հարակից տարածքում

22.01.2026/Նիդ.օրագիր

Հայաստանի կառավարությունը 2026 թվականի հունվարի 22-ին կայացած նիստում որոշում է ընդունել Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ Եվրոպայի խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում, հայոց այբուբենին նվիրված հուշարձան տեղադրելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացվում է պաշտոնական աղբյուրներից, նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդարանի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։ Այն նպատակ ունի ընդգծելու հայոց լեզվի և գրերի դերը համաշխարհային մշակութային ժառանգության մեջ՝ ներկայացնելով դրանք Եվրոպայի կարևորագույն քաղաքական և խորհրդանշական կենտրոններից մեկում։

Կառավարության որոշմամբ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ձեռք բերել համապատասխան գեղարվեստական քանդակ՝ մեկ անձից գնման ձևով։ Քանդակի համար սահմանվել է շուրջ 16 միլիոն դրամ արժողություն, որից 60 տոկոսը կվճարվի որպես կանխավճար՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ապահովելու նպատակով։

Նշվում է, որ տվյալ ծախսը նախապես ներառված չի եղել պետական բյուջեում, ինչով էլ պայմանավորված է պահուստային ֆոնդի օգտագործման որոշումը։ Հուշարձանի կոնկրետ տեսքը, ավարտի ժամկետներն ու տեղադրման տեխնիկական մանրամասները առաջիկայում կհստակեցվեն։

Հայոց այբուբենի հուշարձանի տեղադրումը Ստրասբուրգում դիտարկվում է ոչ միայն որպես մշակութային նախաձեռնություն, այլև որպես խորհրդանշական քայլ՝ ուղղված հայկական ինքնության, լեզվի և պատմական ժառանգության միջազգային ճանաչման ու արժևորման խորացմանը եվրոպական հանրային տարածքում։

Հիշողության և լռության այգի Ռոտերդամի հիվանդանոցում

21.01.2016/Նիդ.օրագիր

Ռոտերդամում գտնվող   Maastad հիվանդանոցում` Tuin van Herinneringen անունով այգի  կա, որը ծառայում է հոգևոր հանգստի, հիշողության և ներքին լռության համար։

Այս այգին նախատեսված է հիվանդների, նրանց ընտանիքների, բուժանձնակազմի և այցելուների համար՝ որպես խաղաղ միջավայր, որտեղ կարելի է կանգ առնել առօրյա աղմուկից, նստել, մտածել, սգալ կամ պարզապես շնչել։ Այգին ունի խորհրդանշական արվեստային լուծումներ, կանաչ տարածքներ և նստատեղեր, որոնք հրավիրում են լռության ու ներքին կենտրոնացման։

Հատկապես կարևոր է այգու այն հատվածը, որտեղ այցելուները կարող են մոմ վառել՝ ի հիշատակ սիրելի մարդկանց, կորուստների կամ կյանքի կարևոր պահերի։ Մոմի լույսը այստեղ դառնում է ոչ միայն հիշատակի նշան, այլ նաև հույսի ու կապի խորհրդանիշ՝ անցյալի, ներկայի և ապագայի միջև։

Այգին բաց է բոլորի համար և ընդգծում է նիդերլանդական առողջապահական համակարգում մարդու հոգեկան և էմոցիոնալ բարեկեցության կարևորությունը։ Այն հիշեցնում է, որ բուժումը միայն ֆիզիկական չէ․ երբեմն լռությունը, բնությունը և հիշողությունը նույնքան անհրաժեշտ են, որքան բժշկական խնամքը։

Այս այգին  վկայում է, որ նույնիսկ հիվանդանոցային միջավայրում կարելի է ստեղծել տարածք, որտեղ մարդը կարող է մնալ իր զգացումների հետ՝ արժանապատիվ, հանգիստ և ընդունված։

📍 Վայր՝     Rotterdami Maastad Ziekenhuis` Tuin van Herinneringen.

Anahit Aghabekyan

Պետրոս Դուրյան․ 21  տարվա կյանք` շարունակական  անմար պոեզիայի համար

21.01.2026թ/Նիդ.օրագիր

Հունվարի 21-ը հայ գրական հիշողության մեջ նշանավորվում է որպես Պետրոս Դուրյանի մահվան տարելից։ Այդ օրը մենք կրկին կանգնում ենք մի անունի առաջ, որը թեև կարճ կյանք է ունեցել, սակայն թողել է խոր ու անջնջելի հետք հայ պոեզիայի պատմության մեջ։

Պետրոս Դուրյանը ծնվել է 1851 թվականին Կոստանդնուպոլսում և ապրել ընդամենը 21 տարի։ Սակայն այդ կարճ ժամանակահատվածում նա հասցրեց ստեղծել մի պոեզիա, որն այսօր էլ հուզում է, տագնապեցնում ու ոգեշնչում։ Նրա բանաստեղծություններում համադրվում են երիտասարդական բորբոքումը, կյանքի ու սիրո նկատմամբ անսահման կարոտը, ինչպես նաև մահվան գիտակցումը, որը կարծես մշտապես ուղեկցել է նրան։

Դուրյանի պոեզիան առանձնանում է իր անկեղծությամբ։ Նա չէր ձգտում բարձրագոչ ձևերի կամ զարդարուն լեզվի․ նրա խոսքը պարզ է, բայց՝ խոր, անձնական, բայց՝ համամարդկային։ Սերը, տառապանքը, հայրենիքի զգացումը, մարդու ներքին պայքարը նրա բանաստեղծություններում դառնում են կենդանի և շոշափելի։ Դուրյանը գրում էր այնպես, ասես յուրաքանչյուր տող իր վերջին խոսքն է աշխարհին։

Հիվանդությունը՝ թոքախտը, որը վաղ տարիքից խլեց նրա ուժերը, չկարողացավ խլել նրա ստեղծագործական կրակը։ Ընդհակառակը, մահվան մոտիկությունը նրա պոեզիային հաղորդեց յուրահատուկ լրջություն և ճշմարտություն։ Նրա «Լճակ», «Իմ մահը», «Սիրո երգեր» և այլ ստեղծագործություններ այսօր էլ ընթերցվում են որպես երիտասարդ հոգու վկայություն, որը չհաշտվեց կյանքի անարդար կարճության հետ։

Սփյուռքի, այդ թվում՝ Նիդերլանդներում ապրող հայ համայնքի համար Պետրոս Դուրյանը ոչ միայն գրական դեմք է, այլ նաև հիշեցում է մեր մշակութային արմատների, լեզվի և հոգևոր ժառանգության մասին։ Նրա գործերը կամուրջ են անցյալի և ներկայի միջև՝ միավորելով սերունդներին նույն զգացմունքների ու հարցադրումների շուրջ։

Դուրյանը հեռացավ վաղ, բայց չմարեց։ Նրա խոսքը շարունակում է ապրել, քանի դեռ կա ընթերցող, ով կկանգ առնի նրա տողերի առաջ և կզգա այն նույն ցավն ու գեղեցկությունը, որոնք ապրում էին երիտասարդ բանաստեղծի սրտում։

Հիշելով Պետրոս Դուրյանին՝ մենք ոչ միայն հարգում ենք մեծ տաղանդի հիշատակը, այլ նաև վերահաստատում ենք հայ պոեզիայի անմահությունը։


«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը շարունակվում է: Սփյուռքահայ 600 պատանիներ իրենց ամառը կվայելեն հայրենիքում: 

Այս տարի «Քայլ դեպի տուն»-ը կանցկացվի հունիսի 12-ից օգոստոսի 19-ը` 5 փուլով:

Ծրագրի մասնակից դառնալու, Հայաստանը ճանաչելու, և նոր ընկերներ ու հիշողություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել հայտադիմումը՝  https://forms.gle/UsZrTMzLg2Wsjo3o8 ։

Դիմումների վերջնաժամկետը՝ փետրվարի 25:

Մանրամասները՝ տեսաֆիլմում։

 Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակ – 2026

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակը հայտարարել է 2026 թվականի մրցանակակիրներին։

 Մրցանակի հանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը՝ այն դիտարկելով որպես խաղաղության, երկխոսության և հակամարտության լուծման շարունակական գործընթաց։

 «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ խաղաղության հաստատման և ամրապնդման ուղղությամբ։

 Մրցանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի փետրվարին՝ Աբու Դաբիում։

 Հանձնաժողովը շեշտում է․ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ երկարաժամկետ և հետևողական ուղի։


Հունվարի 16-ից 18-ը Նիդերլանդների մի քանի եկեղեցական համայնքներում տեղի ունեցան կարևոր միջոցառումներ՝ նախագահությամբ և օրհնությամբ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի

Հունվարի 16-ին, Սրբազան Հայր ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ հանդիպում ունեցավ մի խումբ երիտասարդների հետ, որոնք Մեծ Պահոց շրջանին կազմակերպում են  տեղաբանակ երիտասնարդների համար մի քանի օրյա առնձնացում։ 

Երեկոյան Սրբազան Հայրը երիտասարդների և համայնքի այլ անդամների հետ Սուրբ Հոգի եկեղեցում մասնակցեց Խաղաղական և Հանգստյան ժամերգության: 

Հաջորդ օրը Խաժակ Սրբազանն այցելեց ԱՄԵՐՍՖՈՐՏ քաղաք, ուր նախագահեց Սուրբ և Անմահ Պատարագը, որը մատուցեց Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քհն. Թադևոսյանը: 

Նույն օրը կեսօրից հետո, Սրբազան Հայրն այցելեց ԱԼՄԵԼՈ քաղաք, ուր տեղի էր ունենում ֆուտբոլի առաջնություն, որի մասնակիցները Նիդերլանդների հայ եկեղեցական համայնքների երիտասարդ և երիտասարդուհիներն էին: Մրցումները մեկնարկեցին Սրբազան Հոր աղոթքով և բացման խոսքով:

Երեկոյան Սրբազան Հայրը մեկնեց ՈւՏՐԵԽՏ քաղաք՝ մասնակցելու   Նիդերլանդների Եկեղեցիների Խորհրդի  կողմից կազմակերպված Քրիստոնեական միասնության համար աղոթքի։

Ժամերգությունը կատարվեց Նիդերլանդներում գործող տարբեր քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Միջեկեղեցական  ժամերգությանը Խաժակ Սրբազան Հոր հետ մասնակցեցին նաև Տեր Տարոն քհն. Թադևոսյանը և Գրիգոր սրկ. Այվազյանը:

Իսպանիայում տեղի է ունեցել ծանր գնացքային աղետ. տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ

Նիդ.օրագիր/19.01.2026

Կորդոբա, Իսպանիա — 2026 թվականի հունվարի 18-ին Իսպանիայի հարավում՝ Կորդոբա նահանգի Ադամուս քաղաքի մերձակայքում, տեղի է ունեցել երկու արագընթաց գնացքների միջև խոշոր բախում, որը դարձել է վերջին տարիների ամենածանր երկաթուղային աղետներից մեկը երկրում։

Պաշտոնական տվյալներով՝ վթարի հետևանքով առնվազն 39 մարդ զոհվել է, ավելի քան 150 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնց մի մասը գտնվում է ծանր վիճակում։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։

Վթարի հանգամանքները

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մալագայից Մադրիդ ուղևորվող Iryo ընկերության արագընթաց գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից, ինչի հետևանքով կազմը հայտնվել է հակառակ ուղղությամբ ընթացող գնացքի ուղու վրա։ Դրանից անմիջապես հետո տեղի է ունեցել ճակատային բախում Renfe ընկերության՝ Մադրիդից Հուելվա ընթացող գնացքի հետ։

Վթարը տեղի է ունեցել ուղիղ և վերջերս վերանորոգված երկաթուղային հատվածում, ինչը, ըստ Իսպանիայի տրանսպորտի նախարարության, դեպքը դարձնում է առանձնապես մտահոգիչ։

Փրկարարական աշխատանքներ

Արտակարգ իրավիճակի վայրում ողջ գիշեր աշխատել են հրշեջ-փրկարարական ջոկատներ, բժշկական խմբեր և զինվորական ստորաբաժանումներ։ Վիրավորները տեղափոխվել են Կորդոբայի և հարակից քաղաքների հիվանդանոցներ։ Տարածքի բարդ ռելիեֆը և վնասված վագոնների ծանր վիճակը զգալիորեն դժվարացրել են փրկարարական աշխատանքները։

Քննություն և հնարավոր պատճառներ

Դեպքի առնչությամբ սկսվել է լայնածավալ քննություն։ Նախնական տվյալները վկայում են, որ հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել երկաթգծի տեխնիկական անսարքությունը, մասնավորապես՝ գծի միացնող հատվածներից մեկի վնասվածքը։ Միաժամանակ իշխանությունները հայտնում են, որ այս փուլում մարդկային սխալի կամ արագության գերազանցման վարկածը առաջնահերթ չի դիտարկվում։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ իրականացվելու է «լիարժեք, անկախ և թափանցիկ հետաքննություն»՝ պարզելու ողբերգության իրական պատճառները և պատասխանատվության հարցը։

Ազգային սուգ

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է եռօրյա ազգային սուգ՝ զոհերի հիշատակին։ Երկրի տարբեր քաղաքներում կազմակերպվում են հիշատակի միջոցառումներ, իսկ երկաթուղային հաղորդակցությունը որոշ ուղղություններով ժամանակավորապես դադարեցված է։

Հոդվածը հիմնված է պաշտոնական աղբյուրների և միջազգային լրատվամիջոցների կողմից հրապարակված տվյալների վրա։ Տեղեկությունները կարող են թարմացվել՝ նոր մանրամասների հրապարակման հետ մեկտեղ։

Փարաջանովի կինոն Նիդերլանդներում․ տեսողական պոեզիա և մշակութային հիշողություն

Նիդերլանդներում ներկայացվում է հատուկ կինոպրոգրամ՝ նվիրված խորհրդանշական ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությանը և նրա ազդեցությանը խորհրդային ու հետխորհրդային արվեստի վրա։ Ծրագիրը նպատակ ունի լայն հանրությանը ներկայացնել այն կինոլեզուն, որը հատում է ազգային սահմանները և կինոն վերածում է մշակութային ու տեսողական պոեզիայի։ Նախաձեռնությունը մասամբ իրականացվել է կինոյի սիրահար և Հայաստանի պատվավոր հյուպատոս Յան Հուկեմայի ջանքերով։

Ծրագրի կենտրոնում Փարաջանովի առանցքային ֆիլմերն են, որոնցից առանձնանում է «Նռան գույնը»՝ համաշխարհային կինոյի ամենաանհատական և խորհրդանշական գործերից մեկը։ Ֆիլմը մերժում է դասական պատմողական կառուցվածքը՝ փոխարենը առաջարկելով պատկերների, շարժումների և խորհրդանիշների լեզու։ Ծրագրում ընդգրկված է նաև «Սուրամի ամրոցի լեգենդը», որտեղ վրացական ժողովրդական առասպելը վերածվում է խիստ կառուցված, գրեթե նկարչական պատկերաշարի։

Փարաջանովյան գեղագիտությանը հարազատ հայացքով ներկայացվում են նաև Դոն Ասկարյանի «Կոմիտաս» և «Ավետիք» ֆիլմերը։ Այս աշխատանքները ուսումնասիրում են երաժշտության, մշակութային ինքնության և պատմական հիշողության թեմաները՝ շարունակելով այն գեղարվեստական մտածողությունը, որը Փարաջանովը ձևավորեց իր ֆիլմերում։

Կինոպրոգրամի կարևոր բաղադրիչն է նաև Միխայիլ Վարտանովի ստեղծագործությունը։ «Վերջին գարունը», «Հայկական հողի գույնը» և «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով» ֆիլմերը տեղակայվում են վավերագրականի, էսսեի և տեսողական պոեզիայի միջև՝ առաջարկելով խորը և մտորող հայացք հայկական բնապատկերի, պատմության և հոգևոր մշակույթի նկատմամբ։ Վարտանովի կինոն, ինչպես Փարաջանովինը, առանձնանում է պատկերային խտությամբ և մշակութային խորքային շերտերով։

Այս ծրագիրը Նիդերլանդական հանդիսատեսին հնարավորություն է տալիս բացահայտելու մի կինեմատոգրաֆիա, որը հաճախ դուրս է մնում լայն ցուցադրություններից, սակայն ունի նշանակալի տեղ համաշխարհային կինոյի պատմության մեջ։

Փարաջանովին նվիրված այս կինոպրոգրամը իրականացվում է Van den Ende Foundation հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Inge Drost 

Մաստրիխտի Սուրբ Կարպետ եկեղեցին և կիրակնօրյա դպրոցի սաները մասնակցեցին միջեկեղեցական էկումենիկ աղոթքին՝ հանդես գալով հոգևոր և ներշնչող ելույթներով։ Աղոթքը տեղի ունեցավ «Քրիստոնյաների միասնության շաբաթ» (Week van Eenheid van Christenen) միջոցառումների շրջանակում՝ 2025 թվականի հունվարի 18-ին, Մաստրիխտի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Sint Janskerk)։

No comments:

Post a Comment