The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday 22 February 2018

Նիդերլանդների խորհրդարանը կրկին ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

 (Փաստաթուղթ 34775-V, nr.56)
Որոշմանը  կողմ են քվեարկել պատգամավորների ճնշող մեծամասնությունը' 136 կողմ, դեմ են քվեարկել Նիդերլանդների ազգությամբ թուրք երեք պատգամավորներ Ֆարիդ Ազարկան, Տունահան Կուզուն. Սելչուկ Օզթուրքը (բոլորն էլ DENK կուսակցությունից) ևս 5 պատգամավոր ձեռնպահ են մնացել:
Այսպիսով Նիդերլանդների խորհրդարանը 2-րդ  նգամ 2004 թվականից ի վեր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
 Լուսանկարում' քվեարկության ժամանակ
Հիշեցնենք, որ Ջոել Ֆորդևինդի առաջարկներից մեկը  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու  Նիդերլանդների խորհրդարանի 2004 թվականի որոշումը վերհաստատելն էր, մյուսը ​այս տարվա ապրիլի 24-ին, ապա  ամեն  կլոր հինգ տարին մեկ   Նիդերլանդների նախարարներից մեկի Երևան   Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին  մասնակցելն է:
Առավոտյան  Նիդերլանդների  խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի  նիստում, մինչ Արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կագի ելույթն  ու հարցուպատասխանը, նիստը վարեց Պիա Դայկստրան (D66), ով  ձայն տվեց Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող առաջարկությունների հեղինակ Ջոել Ֆորդևինդին (CU): Նա հստակ ներկայացրեց Հայոց Ցեղասպանությանը վերաբերող իր փաստարկները, ապա պատասխանեց իրենից աջ կողմում գտնվող ազգությամբ թուրք պատգամավորին: Առաջարկությունը սվիններով դիմավորեց Թունահան Կուզուն (DENK) ; Մյուս բոլոր պատգամավորները խոսեցին առաջարկության օգտին:
Այնուհետև Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի  անդամների  և նախարարի միջև ծավալված հարց ու պատասխանը պարզաբանում էր թե, կոնֆլիկտներում «գենոցիդ» բառը որտեղ կարելի է օգտագործել: Որոշ խմբակցությունների ներկայացուցիչներ առաջարկեցին «հայոց ցեղսապանությանը» որակել «գենոցիդ» բառով , այլ ոչ թե կիրառել «Հայոց Ցեղսապանության հարց» եզրույթը։ Արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կագը Կառավարության «հայոց ցեղասպանության հարց» արտահայտության կիրառությունն արդարացրեց նրանով, որ ոչ մի պաշտոնական միջազգային արդարադատության ատյան այս որակումը դեռ չի ընդունել և կառավարությունը ևս  կաշկանդված չպետք է լինի  այս հարցում:
Առավոտյան  նիստին (Ժ.11-14-ը), որպես ունկնդիրներ մասնակցում էին հայ և թուրք համայնքի ներկայացուցիչներ, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը (Mato Hakhverdian) և Ինգա Դրոստը:
Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդի Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող երկու առաջարկությունները  հանձնաժողովում  քննարկելուց  հետո, խորհրդարանի մյուս հանձնաժողովների մշակած  յոթ  այլ առաջարկների թվում դրվեցին  երեկոյան խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը, որտեղ էլ  ձայների 136 կողմ, 3 դեմ  և 5 ձեռնպահ գերակշիռ մեծամասնությամբ այն ընդունվեց:
Ինչպես հայտնում է նիդերլանդական մամուլը, միայն  մի քանի հոգի' այն էլ ազգությամբ  թուրք պատգամավորներ են դեմ քվեարկել  այս  նախագծին: Անգամ նիստից հետո թուրք պատգամավոր Սելչուք Օզթուրքը  բարձր աղմկելու համար անվտանգության ծառայության աշխատակիցների  կողմից իր  համախոհների հետ դուրս է հրավիրվել շենքից:
Այսուհետ կառավարության ներկայացուցիչը ապրիլի 24-ին լինելու է  Երեւանում ' մասնակցելու հայերի դեմ թուրքերի կողմից ցեղասպանությունների հիշատակման արարողությանը: Առաջին անգամն է, որ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը  պարտադիր ամեն հինգ  տարին մեկ ներկա կլինի  Հայոց զոհերի հիշատակման արարողությանը:
Մյուս  բանաաձևով  վերհաստատվում է 2004 թվականին  Նիդերլանդների խորհրդարանի  ընդունած Հայոց Ցեղասպանության մասին որոշումը:

«Նիդերլանդական Օրագիր»

Հեռալուսանկարները ' Նիդ.օրագրի

Լուսանկարում' Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդը քվեարկության ժամանակ



No comments:

Post a Comment