The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Tuesday 22 May 2018

ՍՓՅՈՒՌՔԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՀԻՆԳ ՕՐԸ

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ նորանշանակ նախարարների երդման արարողությունը։

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»։


Հայաստանի նորաստեղծ կառավարության կազմը


Մյուս նորանշանակ նախարարների հետ, ահա այսպես  երդվեց նա` սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, որին էլ  «Նիդերլանդական օրագիրը» շնորհավորում է պաշտոնն ստանձնելու, իսկ ավելի վաղ ծննդյան տարեդարձի առթիվ:
Մինչ այդ ՀՀ սփյուռքի նախարարության ԵՎրոպայի հայ համայնքների վարչության   աշխատակիցներից, ում հետ ունենք աշխատանքային գործնական հարաբերություններ, պարզեցինք, թե օրըստօրե որքան պարզ, մարդկային  ու  անկեղծ, ամենակարևորը՝ աշխատանքային գերազանց փոխհարաբերություններ են հաստատվում կոլեկտիվում:
Նորանշանակ նախարարն իր աշխատանքային առաջին հինգ օրերն ամփոփել է  ֆեյսբուքյան էջում: Այս կարճ ժամանակահատվածում նույնիսկ եղել են չարախոսներ, ովքեր  փորձել են ստվերոտ գնահատականներ  հնչեցրել իր պարտականությունները նոր ստանձնած նախարարի հասցեին, սակայն մենք կանգ կառնենք լույսի դրական այն լիցքերին, որի հինգ օրերը ամփոփել է երիտասարդ նախարարը:


ՕՐ ԱՌԱՋԻՆ
Գիտեմ` շատերն արդեն քնած են, բայց խոստացել եմ հակիրճ ամփոփել առաջին աշխատանքային օրս: Եվ ուրեմն` Նախ, առավոտյան հանդիպեցի ու ծանոթացա լրագրողների հետ, և միասին այցելեցինք իմ աշխատավայր:Անցկացվեց Սփյուռքի նախարարության առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Իրենց դիմումի համաձայն` աշխատանքից ազատվեցին ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավարը և 2 խորհրդականներ:Բոլորին հայտնի պատշգամբում հանդիպեցի իմ հարևան` մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին. այս անգամ գործերից չխոսեցինք ))):



Կեսօրին հարցազրույց տվեցի ՍիվիլՆեթին` անգլիախոս լսարանի համար:Որոշ «չգրված կանոնների» շուրջ խիստ ցուցումներ տվեցի. մեր նախարարությունում անձի պաշտամունքը մերժվում է:Առանձին խորհրդակցություններ ունեցա փոխնախարարների, որոշ վարչության պետերի հետ:Ողջ օրվա ընթացքում նախարարության հետագա գործունեության, ծրագրերի, տեսլականի շուրջ զրույցներ ունեցա մի շարք քաղաքացիների հետ:
Դե իսկ աշխատանքային ժամի ավարտից հետո` 19:00-22:30-ը, ՆՓԱԿ-ում մասնակցեցի Սփյուռքի նախարարության անհրաժեշտության շուրջ չափազանց օգտակար քննարկմանը, որն նախաձեռնել էր «Հոդված 3» ակումբը. արդյունքները շատ հուսադրող էին:

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար, զգացված եմ, ուրախ եմ, սիրում եմ բոլորիդ: Իսկ հիմա հակիրճ ամփոփեմ երկրորդ աշխատանքային օրս: Եվ ուրեմն`Իմ կողմից առաջին նշանակումը. թուրքագետ, «Եփրատ» մերձավորարևելյան ուսումնասիրություններիր կենտրոնի տնօրեն, թուրքագիտական պորտալի հիմնադիր, հայտնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այլևս իմ խորհրդականն է (հասարակական հիմունքներով):
Ամբողջ օրվա ընթացքում ընդունեցի նախարարության տարբեր վարչության պետերի, որոնք ինձ տեղեկություններ հաղորդեցին Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ընթացիկ նախագծերի մասին:
12:00-ին Սփյուռքի նախարարությունում դիմավորեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ինձ ներկայացրեց մեր աշխատակիցներին: Հանդիպեցի նաև նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին. նա ինձ իր մակագրությամբ գիրք նվիրեց ու բարի երթ մաղթեց:
Իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվեց փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը:
Երկու տարբեր բաժինների մի քանի աշխատակիցներից ձևավորեցինք օպերատիվ խումբ, որի հիմնական գործառույթն է իրականացնել մամուլում և սոցիալական ցանցերում Սփյուռքի նախարարության վերջին շրջանի գործունեության վերաբերյալ առողջ` թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների մոնիթորինգը (քննադատական մտածողության ներդրումն ու զարգացումը խմբի կարևորագույն խնդիրներից մեկն է):
Հեռախոսազրույց ունեցա Գլենդելի քաղաքապետ, իմ լավ բարեկամ Զարեհ Սինանյանի հետ. զրույցի մանրամասները դեռ չեմ հրապարակի, սակայն շատ կարևոր մի հարցի անդրադարձ եղավ ու, կարծես, այն շուտով լուծում կգտնի:
Կարճ, բայց բովանդակալից ու արդյունավետ խորհրդատվական հանդիպում ունեցա Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ներկայացուցչի հետ. պայմանավորվեցինք կրկին հանդիպել:
Աշխատանքային ժամի ավարտից անմիջապես հետո գնացի ՀՀ կառավարություն: Դե իսկ օրվա վերջում հանդիպում ունեցա Վարդան Մարաշլյանի հետ:

ՕՐ 3. ԱՄՓՈՓՈՒՄ
Առավոտը սկսեցինք կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային քննարկումով:Հանդիպեցի ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ. ինչից ասես, որ չխոսեցինք:Հեռախոսազրույց ունեցա Հրանուշ Հակոբյանի հետ. Սփյուռքի նախկին նախարարն ինձ աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում:
Ողջ օրվա ընթացքում ընդունեցի արտասահմանից ժամանած մի քանի բարերարների: Հիմնական քննարկվող թեմաներն էին ներդրումներն ու հայրենադարձությունը:
Ընդունեցի նաև Նաթան արքեպիսկոպոսին:
Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:
Հանդիպեցի մոնիթորինգի նորաստեղծ խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները:
Դե իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ 19:00-ին, մասնակցեցի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:

ՕՐ 4, ԱՄՓՈՓՈՒՄ.
Առավոտը սկսեցինք ավանդական դարձած կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային քննարկումով:
Ժամը 11:00-13:00 մասնակցեցի կառավարության նիստին, որտեղ կառավարությանը ներկայացրի Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից իր իսկ դիմումի համաձայն ազատելու մասին որոշումը: Կառավարությունը հաստատեց:
Ընդունեցի Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանին: Քննարկեցինք ինչպես մեր լրագրողների առաջիկա համաժողովի հետ կապված հարցեր, այնպես էլ, առհասարակ, Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունները:
Ընդունեցի Մոնակոյից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից ժամանած գործարարներին: Օրակարգի հիմնական հարցը ներդրումներն էին:
Հանդիպեցի լեգենդար ռոք-խումբ «Ոստան Հայոցի» վոկալիստ Հովհաննես Կուրղինյանին: Վերջինս Սփյուռքի նախարարության հետ համատեղ մի շատ հետաքրքիր նախագիծ իրականացնելու առաջարկով հանդես եկավ:
Հանդիպեցի Deem Communications ընկերության հիմնադիր Րաֆֆի Նիզիբլյանի հետ: Կրկին խոսեցինք լրագրողների համաժողովին առնչվող թեմաների շուրջ:
Մարտա Սանդոյան
Իմ թիմի շարքերը համալրեց ևս մեկ խորհրդական, խոսքը Մարտա Սանդոյանի մասին է, որն ուսանել է Վիեննայի միջազգային համալսարանում` "Դիվանագիտություն և ռազմավարական հետազոտություններ" ծրագրով` ստանալով մագիստրոսի աստիճան, ինչպես նաև ավարտել Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հանրային քաղաքականության դպրոցի "Մարդու իրավունքներ" մագիստրոսական ծրագիրը:
Ավանդույթի համաձայն` հանդիպեցի մոնիթորինգի խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները:
Օրվա վերջում կարճ հեռախոսազրույց ունեցա իմ լավ բարեկամ, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանի հետ: Պայմանավորվեցինք վաղն ավելի մանրամասն զրույց ունենալ:
                                                                                                                                                                                                                                   
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ 5-ՐԴ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄԸ                                                                              Առավոտը սկսեցինք կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ առանձին աշխատանքային քննարկումներով:
Գնացի կառավարություն, որտեղ վերոնշյալ փաստաթուղթը ներկայացրի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Արդյունավետ այդ քննարկմանը ներկա էին նաև նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Հրաչյա Ռոստոմյանը:
Վերադարձա նախարարություն, որտեղ ծրագրի շուրջ աշխատանքները համակարգելուն զուգահեռ սկսվեց ընդունելությունների փուլը: Մասնավորապես, հանդիպեցի ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության նախագահ Էդմոնդ Ազատյանի, կենտրոնական վարչության ատենադպիր Հակոբ Վարդիվառյանի և միության անդամ Գևորգ Մարաշլյանի հետ: Վերջիններս ինձ առաջարկեցին այցով մեկնել ԱՄՆ և Կանադա: Խոսեցինք նաև սպասվելիք համագործակցության շուրջ:
Այնուհետև ինձ այցելեցին Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության նախկին շրջանավարտների պատվիրակությունը՝ Բյուզանդ և Մարի Ագբաշյանները (Պոլիս), Գրիգոր Մարոնյանը (Մոնրեալ), Մանուկ Յեդըզյանը (Կիպրոս) և Գևորգ Մարաշլյանը (Վաշինգտոն): Քննարկման առարկան ևս ակտիվ համագործակցությունն էր, ինչպես նաև առկա խնդիրների լուծման տարբերակները:
Հանդիպեցի նաև «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլիի և իր թիմի հետ: Երկու կողմերն էլ համատեղ նախագծեր իրականացնելու պատրաստակամություն հայտնեցին: Ի դեպ, Արիանայի ամուսինը շախմատիստ Լևոն Արոնյանն է:
Շատ երկար և ընդգրկուն հեռախոսազրույց ունեցա Արսինե Խանջյանի հետ: Նա ինձ հայտնեց իր աջակցությունն ու ուրախալի լուր ասաց. Արսինեն հունիսին կրկին կայցելի Հայաստան՝ ինձ հետ քննարկելու իր առաջարկները:
Շատ պարզ, ընկերական զրույց ունեցա Սփյուռքի արդեն նախկին փոխնախարար Վահագն Մելիքյանի հետ: Շատ եմ գնահատում նրա՝ ինձ աջակցելու և անհրաժեշտության դեպքում փորձով ու գիտելիքներով կիսվելու պատրաստակամությունը: Շատ ջերմ հեռախոսազրույց ունեցա նաև Վահագնի հոր՝ ավագ ընկեր Գուրգեն Մելիքյանի հետ, որը եղել է իմ դեկանը:


Դե իսկ աշխատանքային օրը եզրափակեցի Շանթ հեռուստաալիքում՝ հյուրընկալվելով Հեռանկարի տաղավարում: Արամ Աբրահամյանի հետ իմ զրույցի տեսագրությունն արդեն հրապարակել եմ»:


Իհարկե սա այն բոլոր օրակարգը չէ, որ ընդգրկված է եղել Մխիթար Հայրապետյանի այս օրերի աշխատանքային գործունեության մեջ: Նա այդ ընթացքում հասցրել է բազմաթիվ աշխատանքային այլ հանդիպումներ էլ ունենալ, հարցազրույցներ  տալ ու կազմակերպչական բավականին աշխատանքներ կատարել:
Իհարկե գրեթե լիահույս ենք, որ առաջին քայլերին զուգընթաց ավելնալու են  լավ գործերը,  բազմաթիվ գաղափարներ կյանքի են կոչվելու: Ինչպես համաժողովրդական ճանապարհով ընտրված մեր վարչապետն է ասում՝ «ժողովուրդ չկասկածե'ք,  լավ է լինելու»:
Հավատում ենք:

No comments:

Post a Comment