The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Saturday 11 June 2022

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆ-2022 ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 


Մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը:

Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը՝ նոր գիտելիքների և հմտությունների փոխանցման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների, նաև Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև կապերի ստեղծմանը:

Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ. ներառում է մի շարք դասախոսություններ, աշխատաժողովներ և հանդիպումներ: Երիտասարդները կայցելեն պետական, գիտակրթական, մշակութային, տեխնոլոգիական հաստատություններ, հիշատակի վայրեր, կմասնակցեն մշակութային միջոցառումների:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։

Ծրագիրը մեկամյա է. մասնակիցները Հայաստանում կգտնվեն շուրջ 2 շաբաթ. մնացյալ ժամանակահատվածը նախատեսված է իրենց բնակության երկրներում միջոցառումների իրականացման համար, ինչպես՝ համայնքային հանդիպումներ, մասնակիցների միջև միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, սոցիալական հարթակներում և լրատվական միջոցներում գրասենյակի, հայաստանյան այլ ծրագրերի վերաբերյալ հրապարակումներ և տեղեկատվական նախաձեռնություններ:

Ծրագրի լեզուն հայերենն է. այն հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագրեր։

Ծրագրի մասնակիցները հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերելու ճամփորդության ապահովագրություն։

Ծրագրի շրջանակներում ապահովվում են մասնակիցների կեցությունն ու սնունդը Հայաստանում, մուտքը թանգարաններ, մշակութային և հասարակական վայրեր/հաստատություններ, ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում տեղափոխման ծախսերը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր`

առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում, Սփյուռքի հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել՝ համայնքում իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար, ունեն սոցիալական հարթակների կամ լրատվամիջոցների հետ աշխատանքի որոշակի փորձառություն (ցանկալի է)։

Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի անմիջական գործընկերները համայնքներում, ինչպես նաև իրենց ներգրավմամբ ընդլայնել Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հայտադիմումներն ընդունվում են 2022 թ. մայիսի 16-ից: Դիմելու համար սեղմեք այստեղ:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է (Երևանի ժամանակով` ժ.00:00-ին):

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտադիմումին պետք է կցված լինեն դիմողի ինքնակենսագրականը (CV) և ծրագրին մասնակցելու մոտիվացիոն նամակը, ինչպես նաև պետք է տրամադրվեն երկու երաշխավորի կոնտակտային տվյալներ, ովքեր համայնքային կառույցների ղեկավարներ են, հոգևոր առաջնորդներ, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներ և քաջածանոթ են դիմողի գործունեությանը:

Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն հարցազրույցի:

Խնդրում ենք բոլոր նյութերը, այդ թվում և հայտադիմումը լրացնել և ներկայացնել մեկ լեզվով (հայերեն/ռուսերեն/անգլերեն)։

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+374) 10 515525 և (+374) 41879453 (WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներին:


2021թ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներից էր Նիդերլանդների Ամստերդամ քաղաքից Հայկ Խանամիրյանը, ով ներկայացրել է իրեն:

Ավարտել եմ Թիլբուրգի համալսարանը և Հարվարդի բիզնես դպրոցը: Ավարտելուց հետո միացել եմ «Աքսենչըր»-ին, որտեղ աշխատել եմ որպես կառավարման խորհրդատու Ամստերդամի, Բրյուսելի, Լոնդոնի, Էսսենի և Ժնևի ամենախոշոր 500 ընկերությունների հաճախորդների համար (Fortune 500): Ներկայումս ղեկավարում եմ Ամստերդամում գտնվող խորհրդատվական կենտրոն, որտեղ մենք սպասարկում ենք թվային փոխակերպումների ոլորտի հաճախորդներին հետևյալ ուղղություններով՝ էներգետիկա, հեռահաղորդակցություն և լոգիստիկա:

Ես ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր անդամներից եմ, որի շրջանակներում աջակցում եմ առաջնորդության զարգացման ծրագրերի կազմակերպմանը: Որպես կամավոր՝ երիտասարդ մասնագետների համար Բրյուսելում, Բարսելոնայում և Երևանում կազմակերպում եմ առաջնորդության դասընթացներ՝ նրանց հմտությունները զարգացնելու նպատակով: Բացի այդ՝ ես «Երիտասարդ մասնագետներ Ամստերդամ» (YP Amsterdam) խորհրդի անդամ եմ. մի կազմակերպություն, որը ձգտում է կապել և միավորել հայկական ծագմամբ երիտասարդ մասնագետներին Ամստերդամում: Նախկինում ես իրականացրել եմ համայնքային ազդեցության նախագծեր «ԻԴԵԱ» հիմնադրամի, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Հայաստանի նախագահի գրասենյակի համար: Իմ արմատների հետ ունեցած կապի և տեխնոլոգիաների ու նորարարության հետ ունեցած իմ կապվածության արդյունքում ձևավորվել են իմ ինքնությունն ու նպատակը: Հետևաբար, սա ինձ մղում է աշխատելու ազդեցիկ նախագծերի վրա այնպիսի ոլորտներում, որոնք վերաբերում են բիզնեսին, տեխնոլոգիաներին և հասարակությանը:



No comments:

Post a Comment