The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 27 September 2026

Նիդերլանդներում արևի էներգիայից օգտվողներն այլևս նախկինի պես չեն շահի

 

2027 թվականից ավարտվում է արևային վահանակների տերերի համար գործող salderingsregeling-ը․ ի՞նչ է փոխվում և ինչո՞ւ է սեփական արտադրած էլեկտրաէներգիան անմիջապես օգտագործելը դառնալու ավելի կարևոր

Նիդերլանդներում արևային վահանակներ ունեցող ընտանիքների համար 2027 թվականի հունվարի 1-ից սկսվում է նոր փուլ։ Տարիներ շարունակ գործող salderingsregeling-ը՝ արևային էներգիայի հաշվանցման համակարգը, ամբողջությամբ դադարեցվում է։

Պարզ ասած՝ մինչև 2026 թվականի վերջը արևոտ օրերին ցանցին տված ձեր էլեկտրաէներգիան կարող եք հաշվանցել այն էլեկտրաէներգիայի հետ, որը հետագայում վերցնում եք ցանցից։ 2027-ից այդ հնարավորությունը վերանում է։

Սա չի նշանակում, որ պետությունը վերցնելու է ձեր արևային էներգիան։ Դուք շարունակում եք այն արտադրել և կարող եք ավելցուկը վերադարձնել էլեկտրացանցին։ Բայց փոխվում է այդ էլեկտրաէներգիայի ֆինանսական արժեքը սպառողի համար։

Մինչև 2027 թվականը՝ «տվեցիր ամռանը, վերցրիր ձմռանը»

Պատկերացնենք՝ ձեր տան տանիքին կա 10 արևային պանել։

Տարվա ընթացքում դրանք արտադրում են, օրինակ, մոտ 3,600 կՎտ/ժ։

Դուք այդ էլեկտրաէներգիայի մի մասը օգտագործում եք անմիջապես, իսկ մնացածը, երբ արևային արտադրությունը գերազանցում է տան տվյալ պահի սպառումը, վերադարձնում եք ցանցին։

Ենթադրենք՝ տարվա ընթացքում ցանց եք վերադարձնում 2,600 կՎտ/ժ։

Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը գործում է հետևյալ պարզ տրամաբանությունը.

Արևոտ ժամանակ՝
☀️ դուք ցանցին տալիս եք 2,600 կՎտ/ժ։

Մյուս ժամանակ՝
🌙 դուք ցանցից վերցնում եք 2,600 կՎտ/ժ։

Արդյունք՝
⚡ այդ քանակները հաշվանցվում են։

Կառավարության պաշտոնական օրինակում 2,500 կՎտ/ժ ամռանը ցանցին վերադարձնող ընտանիքը կարող է ձմռանը նույն 2,500 կՎտ/ժ-ը օգտագործել առանց այդ քանակի համար էլեկտրաէներգիայի, ցանցի և էներգահարկի վճարելու։ Հենց սա է salderen-ը։

2027 թվականից՝ նույն համակարգն այլևս չի գործում

Այժմ նույն ընտանիքը կարող է շարունակել արտադրել 3,600 կՎտ/ժ և ցանց վերադարձնել 2,600 կՎտ/ժ։

Բայց այլևս չի կարող ասել.

«Ես ցանցին տվել եմ 2,600 կՎտ/ժ, ուրեմն հետագայում կարող եմ նույն 2,600 կՎտ/ժ-ը հաշվանցել»։

Այդ իրավունքը վերանում է։

Փոխարենը էներգամատակարարը ձեզ վճարում է վերադարձված էլեկտրաէներգիայի համար սահմանված վերադարձի փոխհատուցում։

Ընդ որում, մինչև 2030 թվականի հունվարի 1-ը օրենքը սահմանում է, որ այդ փոխհատուցումը պետք է լինի առնվազն էլեկտրաէներգիայի մատակարարման «մաքուր» գնի 50 տոկոսը՝ առանց էներգահարկի և ԱԱՀ-ի։

Իսկ տարբերությունն ինչքա՞ն կարող է լինել

Վերցնենք պարզ, պայմանական օրինակ։

Եթե ընտանիքը ցանց է վերադարձնում 2,600 կՎտ/ժ, և այն էլեկտրաէներգիան, որը ընտանիքը գնում է ցանցից, պայմանականորեն արժե €0.35 մեկ կՎտ/ժ-ի համար, ապա նախկին հաշվանցման տեսական արժեքը կարող էր հասնել.

2,600 × €0.35 = €910

2027-ից այդ 2,600 կՎտ/ժ-ը այլևս չի հաշվանցվում։

Եթե, օրինակ, մատակարարը դրա դիմաց վճարի €0.06 մեկ կՎտ/ժ, ապա ընտանիքը կստանա.

2,600 × €0.06 = €156

Պայմանական տարբերությունը՝

€910 − €156 = €754

Այսինքն՝ այս օրինակում նույն քանակի արևային էլեկտրաէներգիան նախկին համակարգում ընտանիքի համար կարող էր ունենալ մոտ €910 հաշվանցման արժեք, իսկ նոր համակարգում՝ մոտ €156 վերադարձի արժեք։

Սա օրինակային հաշվարկ է, ոչ թե յուրաքանչյուր ընտանիքի կոնկրետ ֆինանսական կորուստ։ Իրական արդյունքը կախված է էներգամատակարարողի պայմանագրից, էլեկտրաէներգիայի գնից, վերադարձի փոխհատուցումից և terugleverkosten-ից։

Եվ այստեղ կա ևս մեկ խնդիր՝ terugleverkosten-ը

Արևային վահանակների սեփականատերերը կարող են վճարել նաև terugleverkosten՝ ցանցին էլեկտրաէներգիա վերադարձնելու ծախսեր։

ACM-ի տվյալներով՝ այդ ծախսերը կարող են տարբեր լինել մատակարարից մատակարար։ Դրանք կարող են հաշվարկվել ֆիքսված գումարով կամ վերադարձված յուրաքանչյուր կՎտ/ժ-ի հիման վրա։

Ավելին՝ ACM-ն զգուշացնում է, որ որոշ դեպքերում վերադարձի այդ ծախսերը կարող են նույնիսկ ավելի բարձր լինել, քան ցանցին վերադարձված էլեկտրաէներգիայի դիմաց ստացվող փոխհատուցումը։

Այս հանգամանքը արևային վահանակ ունեցող սպառողի համար նոր համակարգը դարձնում է ավելի քիչ շահավետ, քան նախկին հաշվանցման համակարգը։

Այսպիսով՝ ի՞նչ է իրականում փոխվում

Մինչև 2027 թվականը

☀️ Արևային վահանակը արտադրում է։
➡️ Ավելցուկը վերադարձնում եք ցանցին։
➡️ Հետագայում ցանցից վերցրած էլեկտրաէներգիան կարող եք դրա հետ հաշվանցել։

2027 թվականից

☀️ Արևային վահանակը արտադրում է։
➡️ Ավելցուկը վերադարձնում եք ցանցին։
➡️ Դրա դիմաց ստանում եք փոխհատուցում։
➡️ Հետագայում ցանցից վերցրած էլեկտրաէներգիան այլևս չի հաշվանցվում այդ քանակի հետ։
➡️ Դրա համար վճարում եք ձեր պայմանագրի գործող սակագինը։

Այսինքն՝ սպառողի համար ամենակարևոր փոփոխությունն այն է, որ նրա արտադրած և ցանցին տված էլեկտրաէներգիան այլևս չունի նախկին հաշվանցման արժեքը։

«Էժան տալիս ես, թանկ գնում»՝ պարզ ասած

Սպառողի տեսանկյունից իրավիճակը կարելի է շատ պարզ ձևակերպել.

Դու արևոտ ժամերին ավելցուկային էլեկտրաէներգիան վերադարձնում ես ցանցին և դրա դիմաց ստանում ես փոխհատուցում, իսկ այն ժամանակ, երբ էլեկտրաէներգիայի կարիք ունես, նույն ցանցից այն գնում ես քո պայմանագրի գործող գնով։

Նախկինում այդ երկու հոսքերը կարելի էր հաշվանցել։

Այժմ՝ ոչ։

Ուստի նոր կարգավորումը նախկին salderingsregeling-ի համեմատ արևային վահանակ ունեցող սպառողի ֆինանսական շահի տեսանկյունից ավելի քիչ նպաստավոր է։

Իսկ 2030-ից հետո՞

Այստեղ փոփոխության հաջորդ փուլն է։

Մինչև 2030 թվականի հունվարի 1-ը օրենքը երաշխավորում է վերադարձվող էլեկտրաէներգիայի համար առնվազն 50 տոկոս փոխհատուցման շեմը՝ առանց էներգահարկի և ԱԱՀ-ի հաշվարկի։

2030-ից այդ 50 տոկոսի նվազագույն երաշխիքը այլևս չի գործում։ Հետևաբար վերադարձի ապագա արժեքն ավելի մեծ չափով կախված կլինի էներգամատակարարողի պայմանագրից և շուկայական պայմաններից։

Այս պատճառով 2030-ից հետո արևային վահանակ ունեցող ընտանիքի համար առավել կարևոր է դառնալու ոչ թե ցանցին հնարավորինս շատ էլեկտրաէներգիա վաճառելը, այլ արտադրված էլեկտրաէներգիան սեփական տանը հնարավորինս շատ օգտագործելը։

Ի՞նչ կարող է անել ընտանիքը

Նոր պայմաններում արևային էներգիայի առավել արդյունավետ օգտագործման պարզ ճանապարհը սեփական սպառումը բարձրացնելն է։

Օրինակ՝ արևոտ ժամերին կարելի է օգտագործել.

  • լվացքի մեքենան,

  • աման լվացող մեքենան,

  • էլեկտրական մեքենայի լիցքավորումը,

  • ջրատաքացուցիչը,

  • ջերմային պոմպը և այլ էլեկտրական սարքեր։

Այն էլեկտրաէներգիան, որը դուք արտադրում և անմիջապես օգտագործում եք ձեր տանը, չի անցնում վաճառքի և հետագայում նորից գնման այս շրջապտույտով։ Այդ ինքնասպառված էլեկտրաէներգիայի համար դուք չեք վճարում էներգահարկ և մատակարարի վճար։

Ամեն ինչ մեկ նախադասությամբ

Մինչև 2027 թվականը՝ «ցանցին տվածս կարող եմ հետագայում հաշվանցել»։

2027-ից՝ «ցանցին տվածս ինձ փոխհատուցում են, բայց հետո ցանցից վերցրածս առանձին եմ վճարում»։

2030-ից՝ նույնիսկ վերադարձի փոխհատուցման ներկայիս 50 տոկոս նվազագույն երաշխիքն այլևս չի գործում։

Այսպիսով, Նիդերլանդներում արևային վահանակներ ունեցող ընտանիքների համար արևային էներգիան շարունակում է մնալ օգտակար, սակայն 2027 թվականից նրանք այլևս նախկինի պես չեն շահի ցանցին վերադարձվող էլեկտրաէներգիայից։ Իսկ որքան մեծ լինի սեփական արտադրած հոսանքը հենց տանը օգտագործելու հնարավորությունը, այնքան փոքր կլինի նոր համակարգի բացասական ֆինանսական ազդեցությունը։

Նիդերլանդների կառավարությունն այս փոփոխությունը հիմնավորում է նաև նրանով, որ ցանկանում է խրախուսել արևային էլեկտրաէներգիայի անմիջական օգտագործումը և նվազեցնել էլեկտրացանցի ծանրաբեռնվածությունը։

No comments:

Post a Comment