The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Wednesday, 14 October 2026

Ո՞վ է այս կինը․ Նիդերլանդներում 20 տարի առաջ մահացած անհայտ կնոջ ինքնությունը դեռ չի պարզվել

Նիդերլանդների ոստիկանությունը հանրության օգնությունն է հայցում Ասենում հայտնաբերված կնոջ ինքնությունը պարզելու համար։ Հնարավոր է՝ նա Հայաստանից էր։ Ո՞վ էր նա, որտե՞ղ էր նրա ընտանիքը, և ինչպե՞ս էր հայտնվել Նիդերլանդներում։

2006 թվականի հունվարի 1-ին՝ Նոր տարվա առաջին օրը, Նիդերլանդների հյուսիսում գտնվող Ասեն քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում հայտնաբերվեց ծանր ֆիզիկական վիճակում գտնվող մի կին։ Նրան շտապ տեղափոխեցին հիվանդանոց, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը։ Հունվարի 14-ին կինը մահացավ՝ այդպես էլ չհայտնելով իր անունը կամ ծագման մասին տեղեկություններ։

Անցել է ավելի քան երկու տասնամյակ, բայց նրա ինքնությունը դեռևս անհայտ է։

Մեր կոլեգաները Nieuws Armenië, նաև հոլանդական այլ կայքեր ուշադրության կենտրոնում են պահում  ցավոտ խնդիրը:

https://www.moordplekken.nl/blog/wie-is-de-onbekende-vrouw-assen-parkeerplaats-2006

https://www.coldcasezaken.nl/ongeidentificeerde-doden/jane-doe-assen

Նիդերլանդների ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված գործի տվյալների համաձայն՝ կնոջ հնարավոր ծագումը կարող է կապված լինել Հայաստանի հետ։ Սակայն այս վարկածը հաստատված 

https://www.politie.nl/vermist/ongeidentificeerde-personen/2006/januari/07260288

փաստ չէ։ Ոստիկանությունը դիմում է հանրությանը՝ հույս ունենալով, որ որևէ մեկը կճանաչի կնոջը կամ տեղեկություն կհայտնի նրա անցյալի մասին։

Արտաքին տեսքը և առանձնահատուկ նշանները

Ոստիկանության գնահատմամբ՝ կինը մահվան պահին 31–41 տարեկան էր։ Նրա հասակը մոտ 1,59 մետր էր, կազմվածքը՝ միջին։

Նա ուներ շագանակագույն աչքեր և մոտ 15 սանտիմետր երկարությամբ, ալիքավոր մազեր։ Մազերը ներկված էին մուգ շիկահեր, իսկ արմատներում նկատելի էր բնական մուգ, ճերմակող մազերի աճը։

Նրա արտաքինի առանձնահատուկ գծերից էր ատամնաշարը․ վերին ատամների մեծ մասը պահպանված էր և ուներ պսակներ, մինչդեռ ստորին ատամները բացակայում էին։ Կնոջ ձախ անրակի շրջանում հայտնաբերվել էր նախկինում ստացած և արդեն ապաքինված կոտրվածքի հետք։

Այս մանրամասները կարող են էական նշանակություն ունենալ նրա ինքնությունը պարզելու համար։ Հատկապես կարևոր կարող են լինել ատամնաբուժական տվյալները և նախկին վնասվածքի մասին տեղեկությունները, եթե դրանք պահպանվել են որևէ բժշկական հաստատության կամ ընտանիքի արխիվում։

Ի՞նչ էր հագել կինը

Հայտնաբերման պահին կինը հագել էր մուգ գույնի սինթետիկ տաբատ, բաց կապույտ՝ բրդանման փափուկ գործվածքից պատրաստված սվիտեր և մուգ կարմիր, մինչև ծնկները հասնող վերարկու՝ աչքի ընկնող ոսկեգույն կոճակներով։

Նրա մոտ եղել է նաև պլաստիկե տոպրակ՝ անձնական իրերով։ Դրանց թվում էին սև, առանց կապիչների կոշիկներ, նարնջագույն պայուսակ և տնային հողաթափեր։ Վերջիններս սև էին՝ սպիտակ ձյան փաթիլի պատկերով։

Կարող է պատահել, որ հենց այս իրերից մեկը հիշվի որևէ հարազատի, ծանոթի կամ այն մարդու կողմից, որը տարիներ առաջ տեսել է կնոջը։

Ոտե՞ղ  էր նրա ընտանիքը

Այս պատմության ամենացավալի կողմերից մեկն այն է, որ կինը մահացել է՝ առանց իր անունը հայտնելու, իսկ մինչ օրս հրապարակված պաշտոնական տվյալները չեն պարզաբանում՝ արդյոք որևէ մեկը նրան փնտրում էր, որտեղ էր նա բնակվել նախկինում և ինչ հանգամանքներում էր հայտնվել Ասենում։

Հնարավո՞ր է՝ նա տարիներ առաջ հեռացել էր իր հայրենիքից, բնակվել այլ երկրում կամ կորցրել կապը հարազատների հետ։ Արդյո՞ք նրա անհետացման մասին հաղորդում էր ներկայացվել Հայաստանում կամ մեկ այլ երկրում։

Սրանք կարևոր հարցեր են, սակայն դրանց պատասխանները դեռևս հայտնի չեն։


Հայաստանի հնարավոր հիշատակումը հատկապես կարևոր է դարձնում հայաստանյան ընթերցողների և հայկական համայնքների մասնակցությունը։ Եթե որևէ ընտանիք տարիներ առաջ կորցրել է կապը հարազատի հետ, ապա այս հրապարակումը կարող է օգնել նորից ուշադրություն հրավիրել այդ պատմության վրա։

Միաժամանակ անհրաժեշտ է ընդգծել՝ կնոջ հայկական ծագումը հաստատված չէ, և միայն արտաքին նմանությունը կամ որևէ ենթադրություն բավարար չեն նրան որևէ անձի հետ նույնացնելու համար։

ԴՆԹ-ն՝ ինքնությունը պարզելու հնարավոր միջոց

Նիդերլանդների ոստիկանությունը հաստատում է, որ կնոջ ԴՆԹ-ի պրոֆիլը հասանելի է։ Դա հնարավորություն է տալիս համեմատություն կատարել անհետ կորած անձանց վերաբերյալ առկա տվյալների և հնարավոր հարազատների կենսաբանական նմուշների հետ։

Եթե Հայաստանում կամ այլ երկրում կան մարդիկ, որոնք կասկածում են, որ կինը կարող է իրենց անհետ կորած հարազատը լինել, կարևոր է այդ տեղեկությունը փոխանցել իրավասու մարմիններին։ Հնարավոր նույնականացումը պետք է իրականացվի պաշտոնական ստուգումների և, անհրաժեշտության դեպքում, ԴՆԹ-ի համեմատության միջոցով։


«Նիդերլանդական Օրագիրը» դիմում է ընթերցողներին


Մեր պարբերականը միանում է կնոջ ինքնությունը պարզելու հանրային կոչին։ Եթե ճանաչում եք այս կնոջը, հիշում եք նման արտաքինով որևէ անձի կամ տեղեկություն ունեք նրա հնարավոր բնակության, անհետացման կամ ընտանիքի մասին, խնդրում ենք այդ տեղեկությունը փոխանցել Նիդերլանդների ոստիկանությանը։

Նույնիսկ այնպիսի մանրամասն, որն առաջին հայացքից անկարևոր է թվում, կարող է օգնել հետաքննությանը։

Ոստիկանության գործի համարը՝ 07260288։

Տեղեկություններ հաղորդելու համար՝

Նիդերլանդների ոստիկանության տեղեկատվական գիծ՝ 0800-6070։

Անանուն հաղորդումների համար՝ 0800-7000։

Պաշտոնական գործը և կնոջ լուսանկարներն ու նկարագրությունը՝ Նիդերլանդների ոստիկանության կայքում։

De onbekende vrouw in Assen | politie.nl

Այս պատմության նպատակն է ոչ թե ենթադրություններ տարածել, այլ օգնել պարզել մի կնոջ ինքնությունը, որը մահացել է՝ անանուն մնալով։ Նա ունեցել է անուն, ընտանիք և իր կյանքի պատմությունը։ Գուցե ինչ-որ մեկը դեռ հիշում է նրան։

Երբեմն մեկ լուսանկարը կամ մեկ հաղորդված փաստը կարող է վերջ դնել երկար տարիների անորոշությանը։

No comments:

Post a Comment