The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 2 May 2019

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու ծննդյան 160-ամյակի առթիվ


 


Պատմական  նշանակալի իրողություններն ու դեպքերը, պատմաճարտարապետական եզակի կոթողներն ու կառույցներն ավելի  հաճախ վերագրվում են տվյալ ժամանակաշրջանի պետական ու կրոնական  առաջնորդների մտքի ու գաղափարի արգասիքին, մինչդեռ լինում է, որ դրա առանցքում  նախաձեռնողական ու  կազմակերպչական աշխատանքների ողջ բեռն ընկած է լինում առանձին ազդեցիկ անհատների  ուսերին: Բացառություն չէ Օշականի եկեղեցու, նրա գմբեթի, իշխան Վահան Ամատունու հուշաքարի ու միջնադարյան նոր դպրոցի կառուցման աշխատանքների իրագործումը, որոնց նախձեռնողներն ու իրականացնողները եղել են Ամատունիները: Օշականում  գտնվող այս հուշարձանների կառուցման ու  դրանց ավարտի ժամկետներին գահակալել են վեց կաթողիկոսներ`Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցի (Չուհաճյան, 1858-1865), Գևորգ Դ. Կոնստանդնուպոլսեցի (Քերեստեճյան,1866-1882), Մակար Ա Թեղուտցի(Տեր-Պետրոսյան,1885-1891),Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ, 1893-1907), Մատթևոս Բ Կոնստանդնուպոլսեցի (Իզմիրլյան, 1908-1910),Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի, 1911-1930): Եթե մի գահակալի օրոք այն ծրագրվել ու նախագծվել է, ապա մյուսների օրոք այն  կառուցվել ու ավարտվել է: Նաև շատ կարևոր է հաշվի առնել` թե ինչպիսի բարդ ու  դժվարին պատմական ժամանակաշրջանում է դրանք կյանքի կոչվել: Նիդերլանդական օրագրի ազնվական տոհմերից Ամատունիներին նվիրված այս բացառիկ նախագծում, փաստերի ու ականատեսների վկայությունների լեզվով առաջին անգամ մեր ընթերցողը հնարավորություն կունենա մոտիկից ծանոթանալու պատմական այս իրողություններին:
Անգամ Օշական գյուղում, որն հայտնի է որպես Ամատունիների շառավիղների բնակատեղի, այդ մասին ոչ մեկը չի պատմի:

Օշականի դպրոցը` որպես թանգարան,բայց Ամատունիների մասին ոչինչ չես գտնի այստեղ:

 Հենց Ամատունիների վերակառուցած դպրոցում, որն այսօր թանգարան է ծառայում` չկա Ամատունիների  մասին որևէ պատմական ժամանակագրական տեղեկություն, կամ որևէ մասունք: Այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալի Օշականի երկու ավագ քահանաները  Ամատունիների շառավիղից են և Առաքելական եկեղեցու միաբան, հայագետ` մեծն Կոմիտասի ուսուցիչ Սահակ Վարդապետ Ամատունու, և անմահ Մեսրոպ Մաշտոցի աշակերտ` մեծն իշխան,  Վահան Ամատունու  հետ միասին թաղված են Օշականի սուրբ հողում: Այդ մասին քչերը գիտեն, ինչպես որ քչերը գիտեն Ամատունիների տոհմի կոչումով վերջին իշխանի` Նիկոդիմոս Ամատունու հայանպաստ գործունեության մասին:
Ցավոք  վերջերս Օշականի  մասին լույս տեսած գրքերը ևս զուրկ  են նրանց մասին տեղեկություններից, քանզի դրանք գրվել են այլ շահեր հաշվի առնելով` անտեսելով Օշականի հետ Ամատունիների  անքակտելի կապը:

Ամատունիները և Օշականը


Նիկոդիմոս Ամատունի
Նիկոդիմոս Ամատունին և նրա ընտանիքի անդամները հսկայական ավանդ ունեն Օշականի եկեղեցու և դպրոցի վերակառուցմանը և շինարարության օժանդակությանը: Դա տարիներ տևած քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Եթե սկզբնական շրջանում՝ եկեղեցու (1879) և զանգակատան (1884) կառուցման հսկայածավալ աշխատանքի գրեթե ողջ հոգսը բաժին էր ընկել Նիկոդիմոս Ամատունու հորը՝ Օշականի եկեղեցու ավագ քահանա Տեր Եսայի  Ամատունուն (1829-1913), ապա դրանց հիմնավոր վերանորոգումից հետո և մեծն իշխան  հայոց Վահան Ամատունու գերեզմանին 1880թ. հուշաքար տեղադրելուց  հետո, Մեսրոպ Մաշտոցի անունը կրող դպրոցի կառուցման թույլտվության ու նյութական աջակցությանը անգնահատելի ծառայություն մատուցեց  նրա որդին՝  Ցարական Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, մարդկանց շրջանում Նիկոլայ 2-րդի մտերիմ ընկերը  համարվող` Նիկոդիմոս Եսայի Ամատունին: Գևորգ Դ կաթողիկոսի 1872թ գրված կոնդակից հետո` 1875թ. սկսվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցմանը նախատեսվելիք դրամահավաքի ու միաժամանակյա վերանորոգման աշխատանքները: Այդ պահից ի վեր, իր մտահաղացումը կյանքի կոչելու համար, Տեր Եսայի քահանա Ամատունին մինչև կյանքի վերջը ձեռնամուխ եղավ հարազատ եկեղեցու, ապա և դպրոցի վերակառուցման գործին: Նա քուն ու դադար չուներ և այս նվիրական գործի իրականացման համար ներգրավում է բոլորին` համագյուղացիներին, ընկերներին,  բարեկամներին ու ծանոթներին,  անգամ  Թիֆլիսում գտնվող իր բարեկամներին է այցելում`  օգտագործում  է  նրանց բոլոր հնարավոր  կապերը: Հայտնի է, որ այդ թվականների մի քանի եկեղեցիներ պատկանել, կամ հովանավորվել են տեղի Ամատունիների կողմից:Ահա նա այնտեղ դրամահավաք էր կազմակերպում,  միայն  թե հասներ իր  նվիրական  երազանքին :

Եսայի Տեր Ամատունի


Թիֆլիսում լույս տեսնող «Նոր Դար» թերթի 154 համարում(1890 թ.հոկտեմբերի 10),  արդեն վերակառուցված եկեղեցու  մասին  հետևյալն  ենք կարդում. «Օշական այցելելով, աւելորդ չենք համարում տեղիս նորակառոյց եկեղեցու պատվին մի քանի խօսք ասելու: Այս եկեղեցին սրբատաշ և մեծադիր մի շինութիւն է, որ մի մեծ քաղաքի էլ պատիւ կարող է բերել:Եկեղեցին նոյնպէս սրբատաշ և մեծադիր մի զանգակատուն ունի: Թէ եկեղեցին և թէ զանգակատունը շինուած է տեղիս Ամատունի աւագ-քահանայի աշխատանքով.գուցէ թիֆլիսեցոց յայտնի լինի, որ 1879 թուին յիշեալ քահանան դրա համար ժողովարարութիւն էր անում այդ քաղաքում...»

1879 թվականին եկեղեցու օծման արարողությունից հետո էլ շարունակվել են նվիրատվությունները: 1884 թվականին ավարտվում է զանգակատան կառուցումը: Սա ևս բացառիկ գեղեցիկ կառույց է, որը տաս ամսում ավարտին հասցվեց: Սինոդի օրագրությունում պահպանվել է Օշականի եկեղեցու ավագ քահանա Եսայի Տեր Ամատունու և Մկրտիչ Մորիկյանցի կողմից ստորագրված հետևյալ արձանագրությունը (ՀԱԱ ֆ. 56, ց. 5, թղթ. 122, վավ. 33, բնագիր, ձեռագիր): « Ի 28 սեպտեմբերի 1884 ամի, ըստ Հրամանի Նորին Կայսերական Մեծութեան ինքնակալին ամենայն Ռուսաց ի լուսաւորչական հայոց Սինօդի սրբոյ Էջմիածնի լուան զյայտարարութիւն հոգաբարձուաց շինութեան կաթուղիկէի ս. Մեսրովբ եկեղեցւոյ Օշականայ Եսայ աւագ քահանայի Ամատունւոյ և Մկրտչի Մօրիկեանցի 10 ամսոյս յորում գրին ողորմութեամբն Աստուծոյ շինութիւն զանգակատան ս. Մեսրովբ եկեղեցւոյ մերձ է յաւարտուն, մնամք պարտք վարպետաց կրատեայց, երկաթատեարց և այլ զանազան նիւթոց, վասնորոյ խնդրիմք Սրբազան Ատենիդ որքան գտանի ի մէջ գանձարանի Աթոռիդ յանուն շինութեան ս. Մեսրովբ եկեղեցւոյ գումար ինչ տալ հոգաբարձութեանս առ ի տալոյ նշանակեալ պարտատիրաց: Տեղեկութիւն. Սինօդս ի վերայ հիման յայտարարութեան վերոյիշեալ հոգաբարձուաց ի 12-ն յուլիսի տարւոյս հրամանագրեաց գանձապահի Սինօդիսյ 30 նոյն ամսոյ № 2042,գրել ի ծախս ի գումարի աւանդապահութեան յինն հարիւր ութսուն երկու րուբլի քառասուն երկու կոպէկ: Գումարաց ժողովելոց յանուն ս. Մեսրովբ եկեղեցւոյ Օշականայ զհինգ հարիւր րուբլիս, զորս և յանձնեալ հոգաբարձուաց այնր շինութեան: Ուստի ըստ այսմ հաշուոյ մնայ ի գանձարանի Աթոռոյս ի գումարաց անտի չորս հարիւր ութսուն երկու րուբլի քառասուն երկու կոպէկ: Հրամայեցին.հրամանագրել գանձապահի սորին հանձնել ի ծախս ի տումարի աւանդապահութեան զվերոյգրեալ չորս հարիւր ութսուն երկու րուբլի քառասուն երկու կոպէկ յանձնել հոգաբարձուաց շինութեան զանգակատան ս. Մեսրովբ եկեղեցւոյ Օշական գեղջ ընդ ստորագրութեամբ նոցա ի ներքոյ»:


Եկեղեցին (1879)

Ակնհայտ է, որ եկեղեցու նորոգման թույլտվությունը վերցված է ռուսական ցարից, իսկ այդ տարիներին Թիֆլիսում բնակվող ազնվական Ամատունիների ազդեցությունն այս գործում աներկբա է, օրինակ Ջիգրաշենի և Թիֆլիսի Ս.Աստվածածին եկեղեցիները այդ տարիներին ու ավելի վաղ գտնվել են ամատունիների հոգածության և խնամակալության ներքո: Այսպիսով թույլտվության համաձայնությունից հետո՝ 1872 թվականի Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու կոնդակով հայ ժողովրդին կոչ է արվել՝ նյութապես սատարել եկեղեցու վերակառուցմանը: 1873–1879 թվականներին օշականցիների մասնակցությամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին հիմնովին վերակառուցվել է : 1884թ.կառուցման ավարտին է հասցվում զանգակատունը:

Փոքրիկ պատմական ակնարկ. 440թ. մահանում է Մեսրոպ Մաշտոցը: իշխան Վահան Ամատունու նախաձեռնությամբ 441թ. հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա՝ 3 տարի անց, Վահան Ամատունին մատուռ է կառուցում, որը դառնում է ուխտատեղի: Այնուհետև հիշատակվում է, որ 17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր վիճակում: Ինչպես Առաքել Դավրիժեցին է հիշատակում՝ «տաճար-հանգստարանի ողջ տանիքը վաղ ժամանակներից փլվել, նստել էր, միայն Ավագ խորանն էր մնացել ծածուկ»: 1639–1645 թվականներին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին նորոգում է ժամանակի հետքը կրող, գրեթե ավերված, սակայն դեռ պահպանված եկեղեցին:

19-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին կրկին կարոտ է եղել նորոգման, ուստի 1850 թվականին, Եսայի քահանա Ամատունու միջամտությամբ, Ներսես Ե Աշտարակեցին կոնդակով դիմել է Սինոդին՝ եկեղեցին նորոգելու առաջարկով:1668–1672 թվականներին եկեղեցու վերակառուցման համար Գրիգոր վարդապետի ղեկավարությամբ կրկին որոշ աշխատանքներ կատարվել են՝ մինչև 1875թ սկսված այս նոր հիմնական բարենորոգումը, երբ նոր հիմքեր են փորվել եկեղեցու կառուցման համար: Այսպիսով 1884թվականին ամբողջությամբ վերակառուցված ու բարենորոգված էր Օշականի եկեղեցին: Փաստը չափազանց ոգևորել էր եկեղեցու ավագ քահանա, միառժամանակ ծխական դպրոցի ուսուցիչ Տեր Եսայի Ղազարի Ամատունուն և իր համակիրներին, այլապես նա չէր ձեռնարկի հաջորդ , ոչ պակաս համարձակ քայլը: Նա իր 3 որդիների և մյուս իրեն հավատարիմ մարդկանց ու բարեկամների հետ ձեռնամուխ է լինում Օշականի նոր դպրոցի կառուցման դրամահավաքի աշխատանքներին:

Զանգակատունը (1884)


Ռուսական պետական քաղաքականությունը և ազգային դպրոցները:Իշխան Նիկոդիմոս Ամատունին:Օշականի դպրոցի կառուցման  համարձակ նախաձեռնությունը


Այդ տարիների վտանգավոր ձեռնարկներից  մեկը` Օշականի  դպրոցի կառուցման նախապատրաստությունն էր:
1885 թվականից ուժգնացավ ռուսական ցարի ազգահալած,  բացահայտ գաղութատիրական քաղաքականությունը : Պետք է նկատել, որ այդ տարիներին ռուսական կայսերությունը քաղաքականություն էր վարում հասնելու ոչ միայն իր տիրապետության կազմում գտնվող ազգերի հպատակեցմանն ու ռուսական ազդեցության գերիշխանության ամրապնդմանը, այլ նաև սեփական ժողովրդի մեջ ռուս ազգային գիտակցության ու հայրենասիրության խթանմանը: Այդ տարիներին ռուսական  քաղաքականության մեջ սկսեց իր դերակատարությունն ունենալ Եսայի Քահանա Ամատունու որդիներից ավագը` Նիկոդիմոսը, որը ցարական Ռուսաստանում վերականգնել էր իր ազնվական տիտղոսը  և   պետական պաշտոնական սանդուխքներով վեր էր սլանում` զբաղեցնելով ազդեցիկ պաշտոններ: Ինքը` Նիկոդիմոս Ամատունին, այդ տարիներին որպես  արդարադատության աշխատակից` լծված էր պետական քաղաքականության մշակման գործին: Որպես ցայտուն օրինակ նշենք, որ նույն այդ ռուսական իրականության մեջ գոյություն ուներ ըմբոստ հասարակական խավ, որի քաղաքական մշակութային գիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ իշխանությունները լուրջ աշխատանքներ պետք է կատարեին,   դա վերաբերվում էր բոլոր ազգերին ու խավերին, այդ թվում` կազակներին: Ցարական կառավարությունը Կուբանում սկսեց ստեղծել մշակութային լուսավորչական զանազան հաստատություններ` կազակ մտավորականների կամավորական կազմակերպություններ` փորձելով ներգրավել երկրամասի բնակչությանը: Դրանով լուծվում էր կազակներով բնակեցված տարածքների և մասնավորապես այդտեղ բնակեցված ողջ ազգաբնակչության զբաղվածության ու կրթության խնդիրները: Կազակների մասով  նման  բացառիկ հանձնարարություն կատարում էր Նիկոդիմոս Ամատունին (ГАКК. Ф. 396. Оп. 1. Д. 6700. Л .4.), նրա 1895 թվականի ցարին ուղարկած միջնորդագրով հայտնի  ատաման, ռազմական գործիչ Յակով Դմիտրևիչ Մալաման (1841—1912) հնարավորություն ստացավ կազակների պատմության վերաբերյալ  կիրակնօրյա բացատրական, դաստիարակչական, հայրենասիրական թեմաներով ընթերցումներ  անցկացնել  Կովկասի երիտասարդ կազակների շրջանում:
Ամատունու այս  նախաձեռնությունը ողջունվում է բարձրաստիճան հրամանատարության կողմից` արժանանալով ցարի հավանությանը: Հետագայում Ամատունուն ավելի ու ավելի բարձր պաշտոններ ու պարտավորություններ է վստահվում:
Երբ խոսքը վերաբերվում է այնպիսի տարածքի կազմավորմանը, որտեղ «հայերը կօգտվեին բացառիկ առավելություններից» պետք է, որ անընդունելի լիներ ցարական իշխանությունների համար, ըստ այդմ փակվեց Անդրկովկասում գործող շուրջ 300 հայկական դպրոց: Ամենից առաջ սահմանափակվեցին հայոց կաթողիկոսի և Էջմիածնի Մայր աթոռի իրավունքները:
Սա պետական քաղաքականություն էր և դա լավ էր հասկանում Նիկոդիմոս Ամատունին: Այդ պատճառով նա ներքին հրահանգով հորդորեց շտապ քայլեր չձեռնարկել հայրենի ծննդավայրի դպրոցի կառուցման աշխատանքների ուղղությամբ, այլ միայն այդ նպատակով գումարներ հավաքագրել: Սա մի հանդուգն քայլ էր, երբ ազգային կրթական հարցեր բարձրացնող յուրաքանչյուր ոք արժանանում էր ցարական իշխանությունների համարժեք արձագանքին: Առաջին հարվածը հասցվեց ազգային ու կրթական ծրագրերը կարևորող հայ գործիչներին, որոնց թվում էր Եսայի Ամատունու մտերիմ ընկերն ու բարեկամը՝ Սինոդի անդամ, արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանը:

Արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանը, լուս.նվիրել է Նիկոդիմոս Ամատունուն

 Պարզյանը զորավիգ էր հայ դպրոցական կյանքի բարելավմանը, պայքարել է Հայ եկեղեցու ինքնուրույնության ու ներքին գործերին չմիջամտելու դեմ, եկեղեցական գույքի բռնագրավման, հայկական դպրոցները փակելու՝ ցարական կառավարության քաղաքականության դեմ։  Այս դիրքորոշման համար Պարզյանին երկու անգամ աքսորել են, նախ՝ Օրյոլ (1891-1893), ապա և Օրենբուրգ (1903-1905)։ Պատկերացրեք, մի կողմից ազգային կրթական  հարցերով հետամուտ լինողներին են հետապնդում,  մյուս կողմից էլ նախապատրաստվում է ազգային կրթության դպրոցի կառուցման նախապատրաստական աշխատանքներ: Այդ տարիներին (1890թվականից մինչև 1903թ) Եսայի Ամատունու որդին՝ Նիկոդիմոսը աշխատել է դատական մարմիններում (уголовно кассационный департамент)՝ կոլեգիալ քարտուղարի պետական 10-րդ դասի պաշտոնեայից՝ հասել տիտուլյար խորհրդականի, այնուհետև պետական կոլեգիական խորհրդականի աստիճանի: Աշխատել է Ռուսաստանի մի քանի նահանգների մարզային դատարաններում: Կարողացել է օժանդակել և կապ պահպանել աքսորում գտնվող Սուքիաս Պարզյանի հետ: Մեզ է հասել Արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանի Օրենբուրգում՝ աքսորի վայրում արված և Նիկոդիմոս Ամատունուն հանձնված բացառիկ լուսանկարը: Արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանը մինչև կյանքի վերջ շարունակել է մնալ Ամատունիների լավագույն բարեկամը: Հայտնի է նրա Սահակ վարդապետ Ամատունու հետ ունեցած մտերիմ հարաբերությունները: Նրա օժանդակությամբ հրապարակվել է  Սահակ վարդապետ Ամատունու «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» (1911) գիրքը: Սահակ Ամատունին  և Նիկոդիմոս Ամատունին հորեղբոր տղաներ  են:

Արքեպիսկոպոս Սուքիաս Պարզյանի աքսորից վերադառնալուց հետո ջերմ ու  ավելի սերտ բարեկամական կապեր են հաստատվում 1894 թվականից Վրաստանի թեմի առաջնորդ, ապա 1907 թ. կաթողիկոսական տեղապահ նշանակված Գևորգ Ե-ի, արքեպիսկոպոս, «Արարատ» ամսագրի խմբագրապետ (1897-1899) Սուքիաս Պարզյանի և Օշականի եկեղեցու քահանա Եսայի Ամատունու միջև: 1897թ. «Արարատ» ամսագրի խմբագրական ժողովը իբրև մատենադարանապետ է հաստատում Սահակ վարդապետ Ամատունուն («Մշակ», №5, 14 հունվարի, 1897): Վերջինիս դերն ու շահագրգռվածությունը ևս զգալի էր Օշականի դպրոցի կառուցման նախապատրաստությանը: Օշականի դպրոցի կառուցման համար
Սահակ Ամատունի
հանգանակություններն արվել են վաղուց: Այդ մասին տարբեր առիթներով հիշատակել է այն ժամանակվա մամուլը: 1890թ. «Նոր Դարը» գրել է («Նոր Դար», № 154, 10 հոկտեմբերի, 1890)«...Սեպտեմբերի 25-ին մեզ հետ մի խումբ քահանաներ և վաճառականներ Էջմիածին գնալիս այցելելով այդ գիւղը (Օշական-Ծանոթ.՝ Նիդ.օրագիր) զանազան գումարներ նուիրեցին Վահան Ամատունու մատռան և ուսումնարանի վերանորոգութեան համար...»: 1895թ. հունվարի սկզբին նշվել է, որ Երևանից Գևորգ Խանազատյանցը «Մշակի» մի օրինակ է նվիրել Օշականի հայոց դպրոցին («Մշակ», № 1, 1 հունվարի, 1895): 1904թ. Արշակ Կայծունին «Լումա» հանդեսում («Լումա», № 1, 1904, էջ 151-154) գրել է «Դեպի Օշական» վերնագրով հոդված: Ներկայացված է Մեսրոպ Մաշտոցի ու իշխան Վահան Ամատունու նշխարներին այցի գնալու հակիրճ պատմությունը:

Օշականի մեսրոպյան դպրոցի կառուցման մեկնարկը. Նիկոդիմոս Ամատունու Հայաստան այցելությունները

Գևորգ Ե-ն
1911 թ. Գևորգ Ե-ն ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս։ Հենց այդ ժամանակից հասունանում է Օշականի նոր դպրոցի շինարարության հարցը: Մինչ այդ , որպես նախապատրաստական փուլի աշխատանք, այն ժամանակվա համար բացառիկ մի երևույթ է տեղի ունենում: Նիկոդիմոս Ամատունու ներքին միջնորդությամբ, գյուղի պայմաններին անսովոր  միջավայրում, հիմնվում է Օշականի տարածաշրջանային «ամենականոնավոր և օգտագործ» բանկը («Բաքվի ձայն», № 24, 30 հունվարի, 1913) : Այդ ժամանակ իշխան Նիկոդիմոս Ամատունին,  արդեն հայտնի էր Պարսից ծոց կատարած իր առևտրային ճանապարհորդությամբ և լավ էր հասկանում  առևտրային, բանկային գործերի նրբությունները: բացի այդ հենց նույն ՝ 1911 թվականին բարձրացվում է նրա պետական ծառայողի աստիճանը՝ իսկական խորհրդականի դասի: Պարտադիր պայման էր պաշտոնական և այլ շրջանակներում նրան դիմել՝ «Ձերդ գերազանցություն» արտահայտությունը: Իսկական պետական խորհրդականի կարգավիճակն իր մեջ ներառում էր ցարական Ռուսաստանի պաշտոնյաների 1- 4-րդ վարկանիշային դասերը, ովքեր հիմնական դերակատարություն են ունեցել ձևավորելու պետական քաղաքականությունը: Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ հիշյալ թվականին Նիկոդիմոս Ամատունին Թուրինում (Իտալիա) մեծ հաջողությամբ որպես ռուսական միջազգային ցուցահանդեսի ռուսական բաժնի կոմիսար ներկայացնում է ռուսական արտադրության կարևոր ապրանքատեսակները և մեծ արդյունքներ գրանցում: Այս ցուցահանդեսին մեծ կարևորություն էր տվել Նիկոլայ երկրորդ ցարը, որն անձամբ էր այցելել այդ նպատակով հանդերձավորվող նավը և հանդիպել Իշխան Նիկոդիմոս Ամատունու անձնակազմին (Այդ մասին առանձին հոդված կլինի,-ծ. Ն.Օ):

Թուրինի ցուցահանդեսի հաջողություններից հետո Ն.Ամատունին լիակատար վայելում էր ռուսական ցարի վստահությունը և գործուղվում էր այնտեղ, որտեղ պետք է շտկվեր իրավիճակը, բարեփոխում կատարվեր: Այդ նկատառումներով հենց նույն՝ 1911 թվականին Ամատունին արդեն, որպես պետական իսկական խորհրդականի աստիճան ստացած բարձր պաշտոնյա գործուղվեց Դանուբ և Պրուտ գետերին հարող Բուլղարիայի, Սերբիայի և Ռումինիայի նավահանգիստներ` Մերձդանուբյան երկրերի միջև առևտրային փոխհարաբերությունների մակարդակը բարելավելու համար: Նույն նպատակով ավելի ուշ գործուղվում է Մերձավոր Արևելքի նավահանգիստներ, այդ երկրների առևտրային շուկային ծանոթանալու, ուսումնասիրելու և ռուսական շուկային համադրելու նպատակով: Մինչ այդ էլ իշխան Ն.Ամատունին մեծ հաջողությամբ առևտրական նպատակներով գաղտնի արշավանք էր կատարել Պարսից Ծոց`  Պարսկաստանում նպաստելով ռուսական ներկայության գերակայությունը:

 Այս առթիվ Անգլիայի հետախուզությունը հատուկ զեկույց է պատրաստում արտաքին գերատեսչությանը` հատուկ նշելով Նիկոդիմոս Ամատունու անունը (Фируз Казем-Заде.«Борьба за влияние в Персии. Дипломатическое противостояние России и Англии»):

Ահա այսքան հագեցված ու լարված գործունեությունից հետո Իշխան Նիկոդիմոս Ամատունուն հաջողվում է 1912 թվականի ամռանը կարճ ժամանակով այց կատարել Հայաստան: Ստեղծված բարենպաստ պայմաններից ելնելով, Նիկոդիմոս Ամատունին հորը՝ արդեն վատառողջ Տեր Եսայուն, ապա և Գևորգ Ե կաթողիկոսին հասկացնում է, որ  եկել է  բուն ժամանակը  ձեռնարկելու Օշականի դպրոցի կառուցման գործը:

 Նա ուներ անձամբ ցարի թույլատրությունը՝ մնում էր կարգավորել կառուցման  հետ  կապված աշխատանքները: «1912թ. հուլիսի 12-ին Օշականի Ս. Մ. Դպրոցը շտապ զարդարւում էր դիմաւորելու հայոց Վեհափառ կաթողիկոս Գէորգ Ե-ին,-այդ մասին կարդում ենք 1912թ. «Հորիզոն» հանդեսի, հուլիսի 17-ի № 152-րդ համարում: Տեղիս ուսանողները եկեղեցու արևմտեան  աւագ դռնից մինչև դպրոցի բակը զարդարել էին կանաչ ուռենու ճիւղերով, դպրոցի մուտքը նոյնպէս պատուած էր ճիւղերից հիւսած կամարներով և զանազան անուշաբոյր ծաղիկներով: Ժամի մօտ 9-ին երևաց Վեհափառի կառքը վարդապետների և եպիսկոպոսների կառքերի հետ միասին. եկեղեցու աւագ դրան մօտ վեհին դիմաւորեցին եկեղեցական կազմը և գիւղի նշանաւոր մարդիկ:Վեհափառը իջաւ կառքից և աղ ու հաց ընդունելով ժողովրդի բուռն կէցցեների և զանգակների ղողանջիւնի տակ մտաւ եկեղեցի, որտեղ սպասում էր հօծ բազմութիւն: Վեհափառը օրհնելով իր հօտը մի գեղեցիկ ճառ արտասանեց ուսման նշանակութեան և Ս. Մեսրովբի մասին...»:
Այդ ժամանակ բարձրաստիճան հյուրերի թվում էր իշխան Նիկոդիմոս Ամատունին, որն իր համեստ ներկայությամբ առանձնապես, հասկանալի պատճառներով ու պաշտոնի բերումով աշխատել  էր աչքի չնկնել, մինչդեռ ժամանակի ականատեսների վկայություններով, բավական երկար կարմիր գորգը փռվել է նաև ցարական բարձրաստիճան չինովնիկի պատվին:

Բուռն, ու դեպքերով հարուստ տարի էր 1913 թվականը: Օշականի դպրոցի կառուցման համար արագ և գործնական քայլեր են ձեռնարկվում: Հունվարի 22-ին տեղի է ունենում Օշականի «Ժամհարեան» բանկի ընդհանուր ժողովը՝ «ինսպեկտոր պ. Զիլֆիանի նախագահութեամբ»: Բարձր է գնահատվում բանկի վարչութեան և անդամների աշխատանքը, միևնույն ժամանակ բանկի արդյունավետ գործելու համար անելիքներն էլ շատ էին հասարակության ավելի լայն խավերի ներգրավման համար՝ ինչը նպաստելու էր մի շարք ցանկալի խնդիրների ու ծրագրերի կատարմանը: Բանկի ընդհանուր ժողովը «ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ տառերի գիւտի 1500 և տպագրութեան 400 ամեակի առթիւ ամեն մի հասարակական հիմնարկութիւն մի բարեգործութիւն է անում, և որ այդ օգուտը ժողովրդի կոպէկներից է առաջացել, միաձայն որոշեց 44 ր. 28 կ. յատկացնել Օշականի «Ս. Մեսրովբեան» դպրոցին, դպրոցի վարչութեան յայտարարութեան համաձայն յարմարաւոր շէնք շինելու և դպրոցը չորսդասեան դարձնելու համար: Մեծ Տօնի առթիւ, որի մասին արդէն յայտնւած է ամենքին»:

Այս մասին գրված է «Բաքվի ձայն» հանդեսի հիշյալ համարում (№ 24, 30 հունվարի, 1913) Բանկի օգուտներից առաջացած 694 ռ. 28 կոպեկ գումարից մնացած մյուս անհրաժեշտ ծախսերն անելուց հետո՝ ահա այսպիսի համեստ գումար է ավելանում նոր կառուցվելիք դպրոցի համար: Այն ժամանակվա գյուղական միջավայրում ստեղծված եզակի բանկում, ներգրավված են եղել 508 անդամ: Հիշարժան է, որ «բանկի Վարչութեան նոր անդամ ձայների բացարձակ մեծամասնութեամբ վերընտրւեց պ. Վահան Ամատունի, որը միևնոյն ժամանակ կատարում է հաշւապահի պաշտօն: Եւ յայտնի է իր բարեխիղճ գործունէութեամբ»:

Վահան Ամատունին`աջից

 Հավելենք, որ Վահան Ամատունին Տեր Եսայի քահանայի կրտսեր որդին է՝ Նիկոդիմոս Ամատունու եղբայրը: Ընդհանուր առմամբ Տեր Եսային ունեցել է ևս չորս եղբայր` իրենց զավակներով, ովքեր իրենց ներդրումներն են ունեցել տարբեր բնագավառներում:
Տեր Եսայու Գևորգ եղբոր տղան՝ Սահակ Վարդապետ Ամատունին էլ 100 օրինակ իր հեղինակած «Հայոց բառ ու բան» գրքերից է նվիրում Օշականի դպրոցին: 1913թ. հունվարի 28-ին ավագ ուսուցիչ Ա. Աղաջանյանցը 1913 թվականի հունվարի 31-ի «Հորիզոն» հանդեսում (№ 24) գրում է.«Ինչպէս յայտնի է Օշականի «Ս. Մեսրովբեան» դպրոցի հոգաբարձութիւնը տառերի գիւտի 1500 և տպագրութեան 400 ամեայ յոբելյանի առթիւ որոշել է Օշականի երեքդասեան դպրոցը դարձնել չորսդասեան, շինել մի նոր յարմարաւոր շէնք և դպրոցի գաւթում կանգնեցնել Ս. Մեսրովբի կիսանդրին: Այդ առթիւ յայտնւած է Նորին Վեհափառութեան, Էջմիածնի և Տփխիսի յոբելեանական յանձնաժողովին և հասարակական շատ հիմնարկութիւնների ու անհատների, որոնցից օգնութիւն է սպասւում: Էջմիածնի միաբան բարձրապատիւ Սահակ վարդապետ Ամատունի նախանձախնդիր լինելով այդ նպատակների իրականացմանը, Օշականի դպրոցին է նւիրել 100 օրինակ իւր աշխատութիւնից «Հայոց բառ ու բան», որը պիտի վաճառւի յօգուտ վերոյիշեալ նպատակների»:

 Սահակ վարդապետ Ամատունին մեծ ցանկություն է ունեցել գրելու Օշականի դպրոցի ու եկեղեցու պատմությունը: Այդ մասին նա նյութեր է հավաքել: Ցավոք, անցյալ ու ներկա ժամանակների պատմությունները թղթին հանձնելու մտահաղացումը Սահակ Ամատունին չի հասցնում իրագործել: Այս մասին տեղեկությունը պահպանվում է Սահակ Ամատունու մատենադարանում պահվող արխիվում (թղթ. 39-40)

Եսայի քահանայի մահը, նրա երազանքը այլևս իրականություն է` դպրոցը կառուցված



 Օշականի երեքդասյան դպրոցը, որ նոր հարմարավետ շենքում արդեն լինելու էր չորսդասյա, իսկ նախասրահում դրվելու էր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին՝ ոգևորության մեծ ալիք էր բարձրացրել գյուղացիների շրջանում: Գյուղացիներից յուրաքանչյուրն օգնում էր ինչով կարողանում էր: Նիկոդիմոս Ամատունին, որը մինչ այդ Սանկտ Պետերբուրգից այդ նպատակի համար գումարներ էր ուղարկում, որոշում է 1913թ. դեկտեմբեր ամսվա վերջերին օրերին լինել  հայրենի Օշական  գյուղում, անձամբ ներկա լինել դպրոցի կառուցման աշխատանքներին և կրկին գումար բերել իր հետ: Ցավոք իշխան Նիկոդիմոս Ամատունու այցը հայրենի Օշական մթագնում է ցավալի իրողությամբ: Նրա գալուստը համընկնում է հոր՝ Օշականի եկեղեցու ավագ քահանա Եսայի տեր Ամատունու մահով: Մինչ այդ էլ անհայտ պատճառով գյուղում սպանվել էր նրա եղբոր՝ Գարեգինի 4 որդիներից մեկը՝ Ասատուրը (ավելի ուշ` 1918 թ. Սարդարապատի ճակատամարտի ժամանակ հերոսական մահով պետք է զոհվեին Նիկոդիմոսի եղբոր` Գարեգինի ևս երկու զավակներ` Արամը և Եսային, վերջինս կադրային սպա էր): Նիկոդիմոս Ամատունին հոր` Օշական գյուղի ավագ քահանա Եսայի Ամատունու մահը, շատ ծանր է տանում : ՈՒստի նա մանրազնին կատարում է հոր վերջին գրավոր և բանավոր պատգամները:

Սլաքով ցուցադրված է Տեր Եսայու գերեզմանը

Եսայի Ամատունու կենդանության օրոք ու  նրա  ջանքերով 1880 թվականին, եկեղեցու կառուցմանը զուգընթաց՝ հարավային կողմում, Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել էր հուշակոթող: Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը, Ղևոնդ Ալիշանը հաստատում են, որ մեծն իշխան Վահան Ամատունի հազարապետը թաղված է Մեսրոպ Մաշտոցի դամբարանից 40 կանգուն, կամ 15 ոտնաքայլ դեպի ձախ: Հավանաբար այս պատմությունից ելնելով  Եսայի քահանան, որին այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնել նոր կառուցվող դպրոցը, խնդրել էր իրեն թաղել եկեղեցու բակում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի և Վահան Ամատունու գերեզմանների ճիշտ միջնամասում՝ այսինքն Մաշտոցի դամբարանից 20 կանգուն, կամ 7,5 ոտնաքայլ դեպի ձախ, Վահան Ամատունու դամբարանից ճիշտ նույնքան հեռավորության վրա: Եսայի քահանայի նվիրական այս ցանկությունը՝ կաթողիկոս Գևորգ Ե-ի թուլտվությամբ և մասնակցությամբ իրականություն են դարձնում նրա 3 որդիները: Ցավոք Տեր Եսայու տապանաքարի փորագրություններն այսօր լավ չեն կարդացվում: Հասկացվում է, որ նշված են նրա որդիների` Գարեգինի, Նիկոդիմոսի և Վահանի Անունները... Արդեն  այդ ժամանակ՝ 1913 թվականին, Վահան Ամատունու հուշակոթողից մոտ 1 մետր դեպի ձախ  փորվել էին Եսայի քահանայի այդքան փափագած դպրոցի շենքի հիմքերը...

Դպրոցը և եկեղեցին


Վկայություններ դպրոցի  ու  էլի Նիկոդիմոս Ամատունու  մասին


Այնուհանդերձ Ամատունիների գլխավոր նվիրական գործը Օշականի նոր դպրոցի կառուցումն էր, որն էլ ավարտին հասցվեց 1914 թվականին: 1913 թվականի  վերջերին, երբ Նիկոդիմոս Ամատունին այցելեց հարազատ գյուղ և անձամբ ծանոթացավ դպրոցի շինարարության ընթացքին ու ծախսերին, հասկացավ, որ չնայած իր կողմից տրամադրված գումարին ու այլոց բազմաթիվ նվիրատվություններին, էլի զոհողություններ են անհրաժեշտ գործը մինչև վերջ ավարտին հասցնելու, շենքը պահպանելու և ուսումնական պրոցեսն ապահովվելու համար: Նա խոստացավ, որ Պետերբուրգ այցելելուն պես հետամուտ կլինի անհրաժեշտ՝ դեռ մի բան էլ ավելի, գումարի հայթայթմանը:
 Այդպես էլ լինում է: Այդ տարիներին հայ իրականության մեջ  նոր դպրոցի շենքի շահագործումը՝ ազգային ինքնագիտակցության լավագույն դրսևորումներից էր:


Պահպանվում է Նիկոդիմոս Ամատունու հորեղբորը՝ Գևորգին, ուղարկած իր մի լուսանկարը, որի հետևում մակագրություն է թողել Գևորգի թոռը՝ Տաճատ Հարությունի Ամատունին (1894-1974): Ի դեպ, նա ժամանակակից է Նիկոդիմոս Ամատունուն,  մասնակից է՝ առաջին աշխարհամարտին: Մակագրության մեջ, որն արվել է 60-ական թվականներին, նշում է, որ Նիկոդիմոս Ամատունին իր պապի եղբոր տղան է և ավարտել է Պետերբուրգի համալսարանը: Արժեքավոր են նրա մյուս տեղեկությունները, այն, որ Նիկոդիմոսը վերջին անգամ Օշականում է եղել 1913-14թթ  ու «հին դպրոցը նրա խնդրանքով է քանդվել ու նորը հիմնվել» , դպրոցի կառուցման համար «առաջին լուման» էլ ինքն է նվիրաբերել (Նիկոդիմոսը): նաև նրա հանգանակությամբ է 12.000 ռուբլի հավաքվել 1914 թվականին կառուցված դպրոցի համար: 

Մինչ այդ տեղի էր ունեցել նոր դպրոցի հիմքի օրհնությունը:  «Արարատ» հանդեսի 1914թ ապրիլ համարում կարդում ենք. «Մարտի 29-ին Օշականի պատմական գյուղի նոր դպրոցի հիմքի օրհնությունը կատարվեց մեծ շուքով մասնակցությամբ փոխթեմակալ Տ. Խորեն եպիսկոպոսի Տ.Բագրատ եպիսկոպոսի և Տ.Բաբգեն վարդապետի: Վեհափառ Հայրապետի կողմից ներկայացուցիչ էր նշանակված Տ.Բագրատ եպիսկոպոսն, որն ս.Մեսրոպի եկեղեցում ս.պատարագից յետոյ  Վեհափառի կողմից օրհնեց ժողովրդեան և քաջալերեց իրենց ձեռնարկած գեղեցիկ գործի համար: Իսկ հիմքի օրհնութեան ժամանակ  խոսեց  Տ. Խորեն եպիսկոպոսն` յայտնելով` որ վերջապես կիրականանայ այն  մեծ ցանկությունը, որ վաղուց ամենքս սպասում էինք տեսնել ս.Մեսրոպի դամբարանի մոտ մի յարմավավոր պատշաճ դպրոցական գեղեցիկ շինություն: Հանդիսին ներկայ էին ժողովրդոց մեծ բազմություն և այլ պատվավոր ներկայացուցիչներ: Նախատեսված է նոր շինության համար ծախսել մինչև 20 հազար ռուբլի, որից 8 հազարն հոգացել է տեղական ժողովուրդը, իսկ մնացածն  յոյս ունեն ստանալ դրսից»:

Չի ուշանում «դրսից» օգնությունը: Արդեն նույն թվականի մայիսի 19-ի թիվ 210 կոնդակով Մայր Աթոռի Սինոդը շնորհակալական թուղթ է գրել իշխան Նիկոդիմոս Ամատունուն Պետերբուրգից ուղարկած 11,264ռ. 25կոպ. համար


 Այս փաստերի անմիջական հաստատմանը հանդիպեցինք 1914 թ. «Արարատ» ամսագրի հունիս ամսվա համարում: 488-րդ էջում՝ քաղվածներ սինոդի օրագրերից վերտառության ներքո, բառացի հետևյալը կարդացինք` Սինոդը ստանալով Պետերբուրգից իշխան Նիկոդիմոս Ամատունու միջոցով ուղարկած Պետերբուրգի հայ գաղութի մեջ հանգանակած 11,264ռ 25կոպ., որոշեց. համաձայն Ն.Ամատունու գրության այդ գումարի կեսը 5632ռ 12,5կոպեկ հանձնել Օշական գյուղի «Մեսրոպեան» դպրոցի շինարարական հանձնաժողովին, իսկ մնացած կեսը ընդունել հօգուտ դպրոցական ֆոնդին,որի համար՝ 19 մայիսի 210 թվագրված Սինոդի բարձրագույն հոգևոր ժողովը շնորհակալական թուղթ է գրել իշխան Նիկոդիմոս Ամատունուն:
07.1914 թ. «Արարատ» ամսագիr 488-րդ էջ

 Ամատունին իր խոսքի տերն է լինում: Ի վերջո մեկնելով Պետերբուրգ նա  այնքան գումար է ուղարկում, որ փակվում են շինարարական բոլոր ծախսերը , գումարի կեսն էլ նա կարգադրում է տրամադրել դպրոցի գույքի ու  պիտույքների ծախսերին:


Այսպիսով ավարտին է հասցվել՝  այն ժամանակների համար նույնիսկ « մի մեծ քաղաքի էլ պատիւ  բերող» նույնքան գեղեցիկ, ճարտարապետական լուծումներով, եկեղեցուն համահունչ դպրոցի շենքը:



Օշականի դպրոցը (1914)

Օշականի դպրոցը՝ կառուցման օրվանից, հայտնվում է հոգացության կենտրոնում: Օշականի ավագ քահանա Եսայի Տեր Ամատունու մահից և նոր դպրոցի շենքի շահագործումից հետո, կազմավորվում է դպրոցի նոր հոգեբարձուների խորհուրդը, որի նախագահ է ընտրվում  Նիկոդիմոսի եղբայրը՝ Գարեգին Եսայու Ամատունին: Ավելի ուշ նա նշանակվում է նաև գյուղի տանուտեր, այսպես ասած՝ Գլավնի, որն իր մեջ ներառում է ևս մի քանի գյուղերի վարչական
Գարեգին Ամատունի
ղեկավարումը: 1916թ. հունիսի 2-ին դպրոցի հոգաբարձու-նախագահ Գարեգին Ամատունին (նաև գանձապահ՝ Հայրապետ Գրիգորյանը), «Հորիզոն» թերթում (5 «Հորիզոն», № 126, 8 հունիսի, 1916) խորին շնորհակալություն է հայտնել Տիգրան Աֆրիկյանին, որը նորակառույց դպրոցին նվիրել է 1000ռ. և խոստացել, որ առաջիկա ուսումնական տարվանից մշտապես տրամադրելու է 500ռ. նպաստ: «Թող պ. Տիգրան Աֆրիկեանը օրինակ լինի այլոց՝ այս լքման օրերում փրկելու վերահաս վտանգի ենթարկւած գաւառական դպրոցների գոյութիւնը» : Դպրոցը կրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը: Մեկ դարից ավելի այստեղ սերունդներ են կրթվել ու դաստիարակվել: Խորհրդային շրջանում մի քանի տասնյակ տարիներ հանվել էր դպրոցի անվանակոչությունը, այնուհետև կրկին այն վերականգնվել է հայ գրերի ստեղծող՝ Մեսրոպ Մաշտոցի անունը, որի աճյունը ամփոփված է դպրոցից բառացիորեն մի քանի քայլի վրա:

Եվս մեկ պատմություն կապված Նիկոդիմոս Ամատունու  հետ:Թե ինչպես է Նիկոդիմոս Ամատունին ապտակում Երևանի փոխնահանգապետին:


 Հայտնել էինք, որ  իշխան Նիկոդիմոս Ամատունու 1913-14 թթ.  այցը հայրենի Օշական վերջինն է լինում նրա կյանքում, այն համընկել էր հոր՝ Օշականի եկեղեցու ավագ քահանա Եսայի տեր Ամատունու մահով:
 Այնուհանդերձ, դպրոցի կառուցման հանձնառությունը ամբողջովին իշխան Նիկոդիմոս Ամատունին պատվով է կատարում: Այստեղ ըստ արժանվույն պետք է մատուցել բոլոր-բոլոր բարերարներին, ովքեր սատար  եղան այս լավ  գործը ավարտին  հասցնելու:

  Հետո ժամանակները պետք է փոխվեին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նիկոդիմոս Ամատունին հավատում էր, որ ցարական Ռուսաստանը թուրքերից հետ էր վերցնելու  Հայաստանի մնացյալ մասը: Այդ ուղղությամբ, ցարի  ու նրա բարձր շրջապատում, միշտ շոշափվում էր այդ հարցը: 1916 թվականի ռուսական և հայկական ուժերի հաղթանակը Երրորդ թուրքական դաշտային բանակի դեմ կասկած չէր հարուցում: Այդ ժամանակ իշխան Նիկոդիմոս Ամատունին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավարի պաշտոնից՝ 1916 թվականին նշանակվել էր Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, ավելի սերտ հարաբերություն ուներ ցարական ընտանիքի հետ և հետևում էր իրադարձությունների զարգացմանը: Ցավոք, ժամանակները բարենպաստ չդասավորվեցին: 1917 թ. ձմռանը Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկների հեղափոխությունը գլխիվայր շուռ տվեցին բոլոր ծրագրերը: Նրա հորեղբոր մի քանի տղաները մասնակցել են Սարիղամիշի մարտերին և հայ-ռուսական ջոկատների հետ շարժվել Թուրքիայի խորքերը: Լենինը հայկական վերագրավված տարածքները կամովին զիջեց թուրքերին: Նիկոդիմոս Ամատունին մինչև վերջ` 1920թ. պայքարեց բոլշևիկների դեմ, գեներալ Վրանգելի և մյուսների հետ  Ռուսաստանի հարավում հակաբոլշևիկյան Սպիտակ շարժման մասնակիցներից էր, Հարավային Ռուսաստանի կառավարության անդամը: 1920 թվականի նոյեմբերին բոլշևիկների վերջնական հաղթանակից հետո ընդմիշտ թողեց խորհրդային տարածքը` արտագաղթելով Ֆրանսիա: Վրանգելը  Նիկոդիմոս Ամատունու  մասին հարգանքով է նշել իր  հուշերում:

Այժմ վերադառնանք Նիկոդիմոս Ամատունու  1914 թվականին  Հայաստանում եղած  ժամանակ  մի դեպքի:

Դժբախտաբար այս մասին վավերագիր փաստաթղթեր չենք կարող ներկայացնել, բայց հենվում ենք Նիկոդիմոս Ամատունու  իր հարազատներին պատմած բանավոր վկայություններին` որը պակաս  արժանահավատ չէ,  վերջիններս  էլ այն  փոխանցել են իրենց սերունդներին: Նժարին դնելով ու համեմատելով փաստացի պատմական իրողությունները միանշանակ հանգում ես այդ եզրակացությանը: Հայտնի է , որ Նիկոդիմոս Ամատունին չորս հորեղբայր է ունեցել, նրանց որդիներն ու թոռներն այս պատմությունը բերնից-բերան շրջանառել են: Հոդվածիս հեղինակն (Վահան Ամատունին-ծանոթ. Նիդ. Օրագիր) , օրինակ այն լսել է հորից՝ Վարդան Գառնիկի Ամատունուց (1915-1976) , որի պապը՝ Ավագը  եղել է Եսայի քահանայի հարազատ եղբայրը: Այս մասին պատմել է Նիկոդիմոսի եղբոր`Գարեգինի չորս որդիներից ողջ մնացած Հայկը( 1885-1960),վերջինիս տղան ու թոռը: Գրեթե նույն այս պատմությունը պատմել է նաև Ավագի մյուս թոռը՝ խորհրդային շրջանում Օշական գյուղի երկարամյա քահանա Վազգեն Արմենի Ամատունին (1905-1991):

Քահանա Վազգեն Ամատունին (1960-70թթ.լուսանկար )Օշական

 Նա պատմություններ պատմելու հրաշալի վարպետ էր և նրան ճանաչողները դա կհաստատեն: Պատմությունն այսպես է եղել. Օշականի դպրոցի կառուցման հարցերը կարգավորելուց և հորը՝ Տեր Եսայուն, եկեղեցու բակում պատվով հուղարկավորելուց հետո՝ Նիկոդիմոս Ամատունու մոտ ցանկություն է առաջանում այցելել Երևանի Նահանգապետին՝ Իսկական խորհրդական, կոմս Վլադիմիր Տիզենհաուզենին: Նրան զեկուցում են, որ նահանգապետը տեղում չէ:   Ընդառաջ է գալիս  նոր նշանակված փոխնահանգապետ՝ Կոլեգիալ խորհրդական, իշխան Ալեքսեյ Չեգոդաևը: Փախնահանգապետի պաշտոնում 38-ամյա Չեգոդաևը իր դիմաց տեսնելով իրենից մի քանի ծառայողական աստիճանով բարձր ցարական պաշտոնյային, փոքր ինչ շփոթվում է: Նա Նիկոդիմոս Ամատունու վրա տեսնում է նույն ծառայողական ուսադիրները , ինչ  նահանգապետինն էր, սա նշանակում  էր, որ փոխնահանգապետը պատշաճ դիմելաձևով՝ (Ваше превосходительство-Ձերդ գերազանցություն) պետք է դիմեր  նրան: Այդպես  էլ  սկսվում է նրանց շփումը: Փոխնահանգապետը ողջունում ու հրավիրում է թեյի: Նիկոդիմոս Ամատունին չի մերժում  առաջարկը և սիրով համաձայնում է: Մինչ թեյը ինքնաեռով կպատրաստվեր Չեգոդաևը զրույցի շարունակման թեմա է փնտրում ու պարծենում իր ազնվացեղ շնով` Նշյուլ անգամ չկասկածելով, որ իր դեմ կանգնած ցարական կայսերության բարձրաստիճան պաշտոնյան կարող է ազգությամբ հայ լինել: 
- Իմ գեղեցկուհուն գիտե՞ս ինչպես  եմ կոչում,-պարծենում է փոխնահանգապետը և ապա նույն  վայրկյանին կանչում` «армя́шка, армя́шка...» (արմյաշկա) :
 Շունը պոչը խաղացնելով մոտենում է տիրոջը: Նիկոդիմոսը հանկարծակի է գալիս և մտածում ՝ գուցե՞ այնպես չի լսել շան անունը: Հարցնում է.
 -Իշխան, ինչպե՞ս է ձեր շան անունը: 
-Ձերդ գերազանցություն, հայերի մեջ, հայերի պատվին,  իմ սիրելի, իմ լավ շնիկ՝ արմյաշկան է:
 Այս խոսքերը լսելուց հետո, առանց բացատրության, Ցարական իշխանության Իսկական խորհրդական, ազգությամբ հայ Նիկոդիմոս Ամատունին՝  մի շառաչուն ապտակ է  հասցնում նույն երկրի կառավարության Կոլեգիալ խորհրդական, իշխան Չեգոդաևին, ապա շրջվում և արագ քայլերով հեռանում:
Կարմիրով նշված է Չեգոդաևի Երևանի փոխնահանգապետ աշխատանքիընդունվելու և ավարտելու ժամկետները


Նախկին ծովային զինվորականը բնականաբար չհասկանալով ինչ տեղի ունեցավ, ինքն է բողոքողի դերն  ստանձնում` զեկուցագիր  գրելով վերադասին: Միջադեպը հանգուցալուծում է հենց ցարը՝ Նիկոլայ երկրորդը: Վերջինս իրողության  մասին իմանում է  Պետերբուրգում  իրեն տեսակցության եկած Նիկոդիմոս Ամատունուց և լուծում այս հարցը: Արդեն մի քանի ամիս հետո ՝ 1914 թվականի առաջին ամիսներից, դեռ պաշտոնը լիակատար չստանձնած Չեգոդաևը զրկվում է Երևանի փոխնահանգապետի պաշտոնից և անգործ մնում: Որոշ ժամանակ անց ցարը ըստ երևույթին մտածելով, որ ամեն բան արդեն  հարթված-մոռացված կլինի  կրկին «հիշում»  է  պատերազմերի բովով անցած իր կադրին` կրկին վերանշանակում է նույն պաշտոնին,  այս անգամ բոլորի «աչքից հեռու»՝ Լյուբլինի նահանգում (ներկայումս Լեհաստան):
Հատկանշական է, որ ինչպես Նիկոդիմոս Ամատունին, այնպես էլ Չեգոդաևը բոլշևիկների իշխանության գալուց հետո արտագաղթում են Ֆրանսիա ու երկուսն էլ թաղված են Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝ բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին:

Վ.Ամատունի
Hay Azian
«Նիդերլանդական օրագիր»




Իր նախնիների պատվին Օշականի եկեղեցու բակում Գարեգին Իշխանի Ամատունու պատրաստած խաչքարը:
(Տեր Եսայի քահանայի թոռան թոռը, կամ Նիկոդիմոս Ամատունու եղբոր` Գարեգինի թոռան տղան:)



Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝  «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
ՈՒշադրություն
Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող այս նախագծը նպատակ ունի սփյուռքի և Հայաստանի մեր ընթերցողներին ծանոթացնել հայ ազնվական դասին, բացահայտել նրանց մասին գրված ու ավելի շատ չգրված էջերը, վեր հանել հայ ժողովրդի պատմության պայծառ էջերն ու պատմել մեր անվանի զավակների մասին: Նախագծի իրականացման համար պահանջվում է ժամանակ և միջոցներ` տեղային ու արխիվային ուսումնասիրությունների համար: Առանձին ուսումնասիրություններ ծախսատար են (օրինակ` Նիկոդիմոս Ամատունու մասին, ծնվել է Օշականում, ապրել և աշխատել է Վրաստանում, Ռուսաստանում : Նրա աճյունը գտնվում է Փարիզում` ամփոփված է ռուս նշանավոր գործիչների կողքին:



Ամատունիների իշխանական տոհմի մասին  «Նիդերլանդական օրագրի» նախագծի այլ հոդվածները

Ամատունիների շառավիղները

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Իշխան Նիկոդիմոս Ամատունու կենսագրությունից (1903-1913)

Օշականի Ամատունիները և նրանց ավանդը տեղի դպրոցի ու եկեղեցու կառուցման գործում

Իշխան Նիկոդիմոս Ամատունու առնչությունը ռուսական ազգագրական թանգարանի հետ

Ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը և Իշխան Նիկոդիմոս Ամատունու մասին նրա աշխատությունը

Նիկոդիմոս Ամատունին Բենուայի հուշերում

Հայ ազնվական Ամատունի տոհմի մասին պատմող մեր նախագծն արդեն արձագանք ունի Սանկտ Պետերբուրգից 
https://www.nidoragir.com/2024/08/blog-post.html

Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված

Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ

Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին

Սերունդներն այլևս կհիշեն որտեղ է թաղված Կոմիտասի առաջին ուսուցիչ Սահակ Ամատունին


Թեմային առնչվող այլ նյութեր`
Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին

Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է
Հոդվածի այլ հղումներ.

ԺԱՄ (ռուս.)











Monday, 29 April 2019

FAON-ը դատապարտել է Էրդողանի ելույթը և կոչ հղել Նիդերլանդների կառավարությանը



Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) մամլո հաղորդագրություն է տարածել` կոչ անելով Նիդերլանդների կառավարությանը եւ խորհրդարանին   մեկնաբանել ապրիլի 24-ին Էրդողանի հայտարարությունները, ով կրկին իր ելույթով խեղաթյուրել է Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող փաստերը` դահիճներին տալով զոհի կարգավիճակ, այսպիսով անարգելով Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության փաստերի աղավաղումն ու ժխտումը տասնյակ  տարիներ դրված են եղել թուրքական քաղաքականության հիմքում: Շատերը, այդ թվում հոլանդական կառավարության շրջանակները, վերջին տարիներին Թուրքիայի կողմից թվում է կարծես նշմարում են «հայերի նկատմամբ համակրանքի» արտահայտում, որ ցեղասպանության ճանաչումը դրական միտում  է ապրում: Սակայն Էրդողանի վերջին հայտարարությունը ցույց տվեց, որ  ոչինչ  չի փոխվել թուրքական  ժխտողական քաղաքականության մեջ ,  բացի  նրանից, որ այս երկրի ղեկավարը անարգում է զոհվածների  հիշատակը և ատելություն սերմանում նրանց սերունդների նկատմամբ:
«Սա վտանգավոր է և անթույլատրելի»` ասված է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ուղերձում:
Այն դեպքում, երբ Նիդերլանդներում հայ համայնքը խաղաղ ու արժանապատիվ կերպով հիշելով անմեղ զոհերին, նաև հարգալից ու հավասարակշիռ դիրքորոշում ունի` այդ թվում թուրքական համայնքի հետ, ու  դրա լավագույն դրսևորումը  անցյալ չորեքշաբթի Ասեն քաղաքում Հայոց Ցեղասպանության 104-ամյա տարելիցին հայ, թուրք եւ քուրդ երիտասարդների միասնական երթն էր Ասենի խաչքար-հուշարձանին և այնտեղ  ծաղկեպսակներ զետեղելն ու ոգեկոչման հավաքին մասնակցելը:
FAON-ը իր ուղերձում Թուրքիայի եւ Նիդերլանդների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների վերհաստատման ֆոնին հույս ունի, որ արտգործնախարար Բլոկը  խստորեն կդատապարտի Թուրքիայի նման կեցվածքը
FAON- ը նշում է, որ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը դեռևս 2004 թ. Կառավարությանը հանձնարարել է  ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկել Թուրքիայի հետ բանակցությունների օրակարգում:
«Պատասխան պահանջելն հիմա համընկնում է պահի ճիշտ նշանակության հետ: Սա այն պահն է, երբ կառավարությունը չի կարող լռել: Նա, ով լռում է, համաձայն է»- իր կոչ-ուղերձը եզրափակել է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների (FAON) ֆեդերացիան`հղում կատարելով  ANP լրատվական գործակալության  2019թ. ապրիլի 24-ի «Էրդողանը պաշտպանում է հայերի տեղահանությունը» (Erdogan verdedigt deportatie Armeniërs) հոդվածը:

«Նիդերլանդական օրագիրն» ամբողջությամբ  ընթերցողին է ներկայացնում Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON)ապրիլի 29-ի տարածած մամլո հաղորդագրությունը, դրան կցված  ANP լրատվական գործակալության  2019թ. ապրիլի 24-ի «Էրդողանը պաշտպանում է հայերի տեղահանությունը» (Erdogan verdedigt deportatie Armeniërs) հոդվածը:

Մեր կողմից հավելել ենք այդ  մասին Էրդողանի ելույթը («Ազատություն»  ռադիոկայան)

• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
Մամլո հաղորդագրություն
Էրդողանի հայտարարությունները վտանգավոր են և անընդունելի
Զգուշացի՛ր Հոլանդիա. Լռությունը հավասարազոր է համաձայնության
Հաագա, 29 ապրիլի 2019 թ. –  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կոչ է արել Նիդերլանդների կառավարությանը և խորհրդարանին խստորեն դատապարտել ս.թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունները։

Ապրիլի 24-ին Էրդողանը հանդես է եկել աննախադեպ մեծադղորդ ճառով։ Նա խոսել է 1,5 միլիոն հայ նահատակների` երեխաների, կանանց և տարեցների մասին, որպես «հայկական հրոսակախմբերի կողմից մուսուլման բնակչության կոտորած», որի պատճառով հայերի տեղահանումը եղել է «խելամիտ գործողություն»: Նա ատելությամբ լի դիմել է Ֆրանսիային, որտեղ այս տարվանից ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Հայոց ցեղասպանության փաստերի կեղծումը և ժխտումը տասնամյակներ շարունակ եղել է Թուրքիայի ժխտողական քաղաքականության առանցքը։ Շատերը, Նիդերլանդների կառավարության նման վերջին տարիներին ենթադրաբար հավատացել են «հայերի հանդեպ կարեկցանքի» թուրքական աղոտ հայտարարություններին, որպես դրական զարգացում, սակայն վերջին մեկնաբանությունները ոչ միայն բացահայտեցին ժխտողականության քաղաքականության անփոփոխ ընթացքը, այլ Էրդողանը չտատանվեց անմեղ զոհերի հաշվին ատելություն սերմանել: Սա վտանգավոր և անընդունելի փաստ է։

Նիդերլանդներում հայ համայնքը փորձում է խաղաղ և արժանավայել հարգել և ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը: Հետևաբար հայկական կազմակերպությունները հաշվի են առնում թուրքական համայնքի ներկայությունն այս երկրում և հնարավորության դեպքում, երկխոսության գնում գիտակից թուրքերի ու քուրդերի հետ։ Այդպիսով այս տարվա ապրիլի 24-ին հնարավոր դարձավ Ասեն քաղաքում կազմակերպված հիշատակի արարողության ընթացքում հայ, թուրք և քուրդ երիտասարդների միասնական ծաղկեպսակի զետեղումը Մեծ Եղեռնի հուշարձանին։

Թուրքիայի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսման ժամանակ Նիդերլանդների Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բազմաթիվ սյուների վրա: Ուստի մեր ակնկալիքն է, որ Հոլանդիան խստորեն դատապարտի Էրդողանի վերոհիշյալ ժխտողական խայտառակ հայտարարությունը և այդ հարցով դիմի Թուրքիային։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) նշում է, որ 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանը հանձնարարել է կառավարությանը Թուրքիայի հետ յուրաքանչյուր բանակցությունների ժամանակ օրակարգում մտցնել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հոլանդիայի հակադարձ արձագանքը Էրդողանին կհամապատասխանի այդ հանձնարարությանը: Սա այն պահն է, որ կառավարությունը չի կարող լռել: Լռությունը հավասարազոր է համաձայնության:

PERSBERICHTUITSPRAKEN ERDOGAN GEVAARLIJK EN ONTOELAATBAARLet op Nederland: Wie zwijgt, stemt toe! 

Den Haag, 29 april 2019  – De Federatie Armeense Organisaties Nederland (FAON) heeft regering  en parlement opgeroepen de uitspraken, die president Erdogan op 24 april j.l. maakte over de Armeense genocide, sterk te veroordelen.

In een speech op 24 april ging Erdogan op ongekende wijze tekeer. Hij sprak over de 1,5 miljoen slachtoffers, o.a. Armeense kinderen vrouwen, bejaarden, in termen van “Armeense bendes die moslims vermoordden”, waardoor de deportaties van de Armeniërs “een zinnige maatregel” waren. Hij richtte zich vol haat tot Frankrijk, waar dit jaar 24 april tot een nationale dag van herdenking van de Armeense genocide werd uitgeroepen.

Omkering en ontkenning van de feiten van de Armeense genocide zijn reeds decennia de kern van de Turkse ontkenningspolitiek. Velen, zoals de Nederlandse regering meenden de afgelopen jaren in enkele onduidelijke uitlatingen van “medeleven met Armeniërs” vanuit Turkije, een positieve ontwikkeling te kunnen zien, maar de recente uitlatingen laten niet alleen zien dat er aan de ontkenningspolitiek niets is veranderd, maar bovendien dat Erdogan er niet voor terugdeinst om over de hoofden van onschuldige slachtoffers heen haat te zaaien. Dit is gevaarlijk en onaanvaardbaar.

In Nederland tracht de Armeense gemeenschap juist op een vreedzame en waardige wijze de herinnering aan de slachtoffers van de genocide levend te houden. Hierbij wordt rekening gehouden met de Turkse gemeenschap, en waar mogelijk wordt deze hier zelfs zoveel mogelijk betrokken, zoals bij de landelijke herdenking afgelopen woensdag in Assen, waar bij het genocide monument ook een gezamenlijke kranslegging plaatsvond van Armeense, Turkse en Koerdische jongeren.

Bij de hervatting van de diplomatieke betrekkingen tussen Turkije en Nederland werd recent door Minister Blok gesproken over de vele pilaren waar deze op rusten. Aangenomen mag worden dat Nederland de flagrante ontkenning in genoemde uitspraken op krachtige wijze zal veroordelen en Turkije hierop zal aanspreken.

De FAON wijst erop dat de Tweede Kamer al in 2004 de regering opdracht heeft gegeven de erkenning van de genocide telkens in de besprekingen met Turkije  te agenderen. Een reactie op dit moment is in lijn met deze opdracht. Dit is een moment dat de regering niet kan zwijgen. Wie zwijgt, stemt toe!

Zie ANP bericht van 24 april 2019:
https://www.dvhn.nl/buitenland/Erdogan-verdedigt-deportatie-Armeniërs-24392774.html

Erdogan verdedigt deportatie Armeniërs


De Turkse president Erdogan is fel uitgevaren tegen Frankrijk over de erkenning van de Armeense genocide die in het toenmalige Ottomaanse Rijk op 24 april 1915 begon. Frankrijk heeft dit jaar voor het eerst 24 april als een officiële gedenkdag voor de volkerenmoord benoemd.
Erdogan herhaalde in een toespraak het Turkse standpunt dat die volkerenmoord nooit heeft plaatsgehad. Het was in de oorlog die woedde een deportatie van de vijandige ,,Armeense bendes'' en hun achterban en ,,in die tijd een zinnige maatregel'', aldus Erdogan. Hij herinnerde eraan dat Frankrijk ,,dat onrust stookt en anderen de les wil lezen'' zelf de dood van miljoenen Algerijnen op haar geweten heeft (1954-1962).
Een poging Armeniërs in het Ottomaanse Rijk uit te roeien begon in april 1915 met als dekmantel de Eerste Wereldoorlog, zo stelt de Armeense bevolking. Het rijk had in de oorlog partij gekozen tegen onder meer Rusland, dat aan het front in het noordoosten van het huidige Turkije op Armeniërs als bondgenoten kon rekenen. Voorts groeide in Istanbul (de toenmalige hoofdstad) het idee dat een etnisch puur Turkse staat de plaats moest innemen van al die volkeren in het Ottomaanse Rijk.
Kwade brein
De destijds machtigste figuren in Istanbul, de ministers Talaat Pasha, Enver Pasha en Djemal Pasha, gelden als het kwade brein achter de gruwelen. Van de Armeniërs in het rijk, in 1913 ergens tussen de 1,3 en 2 miljoen mensen, is volgens verschillende bronnen een kwart tot driekwart omgekomen. Armeniërs spreken van 1,5 miljoen doden. De Turkse republiek die in 1923 is uitgeroepen, spreekt van 300.000 doden onder de Armeniërs.


Saturday, 27 April 2019

Շառլ Ազնավուրին նվիրված համերգ Երևանում

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՖԻՇԱ Երգիչ Սլիման. «Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու»



Ֆրանսիացի հայտնի երգիչ Սլիմանը վստահ է՝ Հայաստանում Շառլ Ազնավուրին նվիրված համերգը հրաշալի է անցնելու: Հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին հանդես կգա նաև The Voice-ի հաղթողը:
Մինչ Հայաստան ժամանելը Սլիմանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Բարև, Հայաստա՛ն, ես Սլիմանն են: Հույս ունեմ, որ լավ եք: Կհանդիպենք մի բացառիկ համերգի ժամանակ մայիսի 26-ին, Երևանում: Շնորհակալ եմ նախապես, որ գալու եք մեզ տեսնելու: Իսկապես հիանալի ժամանակ ենք անցկացնելու, վստահ եմ: Փորձեմ ձեզ հայերեն ասել՝ «համբուրում եմ», կարծում եմ, որ այսպես են ասում ՝«պաչիկներ»: Դե, ջերմ համբույրներ»:
Տեղեկացնենք, որ բացի Սլիմանից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Այս մեծամասշտաբ գլխավոր հովանավորը, կազմակերպիչը և աջակիցը ArmCenter ընկերությունն է, աջակիցներն են Աննա Կարոլինա պրոդաքշնը, Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը, vorak.am-ը: Համերգի տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:
Սլիմանը ծնվել է 1989 թ.: 2016-ին դարձել է ֆրանսիական The Voice հեռուստաշոուի 5-րդ եթերաշրջանի հաղթողը, և դրանից հետո հանրությանը ներկայացրել մեծ հաջողություն վայելող դեբյուտային ալբոմ և 9 սինգլ:
Մինչ The Voice-ում հաղթանակը՝ մասնակցել է մի շարք այլ հեռուստաշոուների, սակայն հենց այդ ձևաչափի շնորհիվ է մեծ ճանաչում ձեռք բերել: Հանդես է եկել նաև մյուզիքլներում:

ՍԼԻՄԱՆԻ ՏԵՍԱՈՒՂԵՐՁԻ ՀՂՈՒՄԸ
https://www.facebook.com/tomsarkgh.am/videos/1219426788210237/



Հարավային Հոլանդիայի նահանգի լրատվամիջոցը անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը, մեջբերել է հայազգի գործադիր պատգամավորի գրառումն ու մեր ուղիղ եթերի տեսաերիզը

Omroep West-ը` Հարավային Հոլանդիայի մարզի հանրային հեռուստատեսության ու ռադիոյի միացյալ կայքը անդրադարձել է Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունների (SAO) կողմից Հայոց Ցեղասպանության կազմակերպած ցույցին` զետեղել նահանգային խորհրդի պատգամավոր Արմինե Ստեփանյանի թվիթերյան գրառումն ու «Նիդերլանդական օրագրի» Դարիո Կրամերի արված ուղիղ ռեպորտաժներից մեկը: Omroep West-ը հեռարձակում է Radio West-ը եւ TV West-ը, այդ թվում `WestText հեռուստատեսային էջը: Բացի այդ` Omroepwest.nl միացյալ կայքում հրապարակվում են Omroep West-ի կարևոր հոդվածները: Ամեն շաբաթ ռադիոկայանի հաղորդումներն ունկնդրում են 182 հազար մարդ, ավելի քան 601 հազարը դիտում են հեռուստահաղորդումները: Omroepwest.nl միացյալ կայքի այցելության միջին ամսական թիվը կազմում է 4,4 մլն: Հավելենք, որ Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանվել է թե ռադիոյով և թե հեռուստատեսությամբ: Համագործակցող Հոլանդական կազմակերպությունների (SAO) կողմից անցկացված միջոցառումը լուսաբանել է նաև Նիդերլանդների հանրային հեռուստատեսությունը, այլ թերթեր ու կայքեր:

300 betogers op de been voor erkenning Armeense genocide

DEN HAAG - Ruim driehonderd betogers zijn dinsdag op initiatief van de Samenwerkende Armeense Organisaties (SAO) in Den Haag bijeengekomen om te pleiten voor de erkenning van de Armeense genocide 104 jaar geleden. Dat meldt de organisatie.
De bijeenkomst begon rond het middaguur op het Plein. Daar hielden enkele Kamerleden, onder wie Zihni Özdil (Groenlinks), een toespraak. Daarna werd aan het ministerie van Algemene Zaken een petitie aangeboden, waarin de regering wordt opgeroepen de massamoord op de Armeniërs als volkerenmoord te erkennen.




Afbeelding weergeven op TwitterAfbeelding weergeven op TwitterAfbeelding weergeven op TwitterAfbeelding weergeven op Twitter

Vandaag demonstratie voor de erkenning van de . Partijgenoot en rolmodel @ZihniOzdil sprak namens @groenlinks: “We dienen voor de slachtoffers en nakomelingen de Armeense Genocide te erkennen. En voor onze democratische waarden.”

Vervolgens trok de stoet naar het Malieveld. Daar volgde een protest tegen de ontkenning door Ankara van de georganiseerde volkerenmoord op de Armeniërs door het Ottomaanse Rijk, de voorloper van het huidige Turkije. Bij de Turkse Ambassade deden de betogers vervolgens een petitie in de brievenbus.

Jongeren leggen gezamenlijk een krans

Woensdag volgt op begraafplaats de Boskamp in Assen vanaf 12.30 uur een herdenking van de genocide. Jongeren van Armeense, Turkse en Koerdische afkomst leggen gezamenlijk een krans. Ook zijn er toespraken.
De Armeense genocide vond plaats in 1915 en 1916. De Ottomaans-Turkse autoriteiten vervolgden en vermoordden tussen de 800.000 en 1 miljoen Armeniërs.

Friday, 26 April 2019

Հիշում ենք և պահանջում

 Հայոց Ցեղասպանության 104-ամյակի թեմայով մանուկների կատարած այս Երգը միանգամից սիրվեց մեծերի և երեխաների կողմից:
Երգի նրանց այս հուզիչ կատարումը արժե հավանել ու տարածել մեր բոլորի կողմից:
Այն հնչում է ամենուր`տներում, դպրոցներում, տարբեր միջոցառումների ժամանակ ու...Մարդկանց սրտերում:
Երգի հեղինակն է ուսուցիչ, «Մանուկների Մոլորակ» կենտրոնի ղեկավար, մանկական երգերի հեղինակ Զառա Սարիբեկյանը: «Հիշում ենք և պահանջում» երգը ստեղծվել է Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ: Այդ տարի որոշվեց, որ որպես խորհրդանիշ պետք է լինի անմոռուկը: Այդ պատճառով էլ երգի հիմնական գաղափարը կառուցվել է հենց այդ խորհրդանշի շուրջ: Երգը կատարում են «Մանուկների Մոլորակ»- ի սաները: Երգի հիմնական ասելիքն այն է, որ հայը պետք է դադարի լաց լինլուց ու սգալուց: Հայն այլևս վերածնվել է ու հենց այս սերունդն է, որ ստիպելու է ու պահանջելու է հատուցում:
ՈՒշադիր լսեք կրկներգը, որտեղ ասվում է` «Բայց մենք կանք` մի նոր կյանք, ու չենք նահանջում: Մենք ենք տերը մեր երկրի , հիշում ենք ու պահանջում»:
 Զառա Սարիբեկյան- Մանուկների Մոլորակ



Երգը տեղադրված է նաև Յութուբում և մեկ օրում 10.000-ից ավելի մարդ է դիտել.
https://www.youtube.com/watch?v=XsGYVXopDIM


Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Բալայանը այցելել է Մաաստրիխտ

Ապրիլի 25-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Մաաստրիխտ, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Անմարի Պեն-տե Ստրակեի (Annemarie Penn-te Strake) հետ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ԱԳ նախարարության և դեսպանության կայքերը:  Ավելի վաղ`  դեսպան Տիգրան  Բալայանի ֆեյսբուքյան էջին հղում կատարելով, այդ մասին հակիրճ հայտնել էր «Նիդերլանդական օրագիրը»:



 Դեսպան Բալայանը քաղաքապետ Պեն-տե-Ստրակեին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը։

Մաաստրիխտի քաղաքապետը նշեց, որ իր ղեկավարած քաղաքը պատմականորեն կապված է Հայաստանի և հայ ժողովրդի հետ, քանի որ քաղաքի հովանավորն է համարվում հայազգի Սուրբ Սերվանտիուսը, ում անունն է կրում քաղաքի գլխավոր վանքերից մեկը։ Անմարի Պեն-տե Ստրակեն բարձր գնահատեց Մաաստրիխտի հայ համայնքի կարևոր ներգրավվածությունը և օրինակելի դերակատարությունը քաղաքի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում։ Այս համատեքստում դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին հայ համայնքի նկատմամբ մշտական ուշադրության, նրանց ազգային ինքնության պահպանման համար նպաստավոր պայմանների ստեղծման և նրանց նախաձեռնություններին աջակցության համար։



Այնուհետև դեսպան Բալայանը հանդիպեց Մաաստրիխտի համալսարանի ռեկտոր Ռիան Լետշերտի (Rianne Letschert) հետ։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին գիտակրթական բնագավառում Մաաստրիխտի համալսարանի և հայաստանյան բուհերի միջև համագործակցության ուղիների շուրջ։ Հայաստանի դեսպանն ու Մաաստրիխտի համալսարանի ռեկտորն անդրադարձան ցեղասպանագիտության ոլորտում փոխգործակցության հաստատմանը։ Այս առումով Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն հանդիսացող կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ գործադրվող ջանքերը, միջազգային ասպարեզում առաջնորդող դերակատարությունը։

ՀՀ դեսպանը Մաաստրիխտի համալսարանի գրադարանին նվիրեց շուրջ երկու տասնյակ գրքեր՝ Հայաստանի պատմության, հայկական մշակութային ժառանգության մասին։
Ինչպես  Մաստրիխտից հայ  համայնքից Նիդերլանդական օրագրին տեղեկացրեցին, նույն օրը Տիգրան Բալայանը Մաաստրիխտի Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցում կարճ ժամանակով հանդիպեց քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


ԱՆԻ  հայ  համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը դեսպանին է հանձնել Մաստրիխտում լույս  տեսած  2017-2018 թթ նշանավոր իրադարձությունների Տարեգիրքը:  Նման տարեգիրքը Լիմբուրգի նահանգում հրատարակվում է արդեն 62 տարի և վստահություն է վայելում ընթերցողների  շրջանում: Այս տարվա տարեգրքում, որ  աչքի է ընկնում մշակութային թեմատիկայով, ընդգրկված են հայ համայնքին  ու եկեղեցուն նվիրված հոդվածներ:
Հիշեցնենք, որ նախորդ օրը դեսպանը եղել էր Նիդերլանդների  մի շարք բնակավայրերում և մասնակցել Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին:
Նույն օրը դեսպանը մեկնել է  նստավայր` Դեն Հաագ:


Thursday, 25 April 2019

Նիդերլանդների տարբեր քաղաքներում հարգանքի տուրք է մատուցվել Ցեղասպանության անմեղ զոհերին


 Ալմելո
Շարունակում ենք  Հայոց Ցեղասպանության միջոցառումներին նվիրված տեղեկություններ  ստանալ Նիդերլանդների  տարբեր  բնակավայրերից:
Մաստրիխտում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունն սկսվեց երեկոյան ժամը 18-ին: Թեև անձրևին Սուրբ Կարապետ եկեղեցուց (Potterieplein 50, 6216 VB Maastricht) տեղի ունեցավ քայլերթ դեպի Սուրբ Սերվանտիուսի տաճարի մոտ տեղադրված հայկական խաչքար: Աղոթքից և լռության րոպեից հետո հայկական դրոշը  խոնարհվեց  անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ դրվեցին խաչքարի պատվանդանին:

 Մաստրիխտ
Մինչև ամսվա վերջ շարունակվելու են ոգեկոչման արարողությունները, մասնավորապես երիտասարդական կազմակերպությունը քաղաքի փողոցներով ջահերով երթ է անելու, կինոթատրոններում ցուցադրվելու են ցեղասպանության թեմաներով ֆիլմեր,  անց են կացվելու ցերեկույթներ:


Ալմելո
Հայաշատ ամենամեծ քաղաքում Ալմելոյում ևս բուն միջոցառումը երեկոյան է տեղի ունեցել: Մեծ թվով մարդիկ էին եկել իրենց խոնարհումի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի Եվրոպայում ամենամեծ հուշհամալիր, որոնց թվում Ալմելոյի քաղաքապետ  Eugène Van Mierlo-ն, Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը (ի դեպ դեսպանը մասնակցել է նաև Ամստերդամում և Ասենում տեղի ունեցած ոգեկոչման արարողություններին), Արևմտյան Եվրոպայի պատվիրակ, գերաշնորհ Խաժակ Պարսամյանը, քույր եկեղեցիների առաջնորդներ, Նահանգային ու տեղական խորհրդի պատգամավորներ,այլ հյուրեր: Նախօրեին Ալմելոյի փողոցներով հայ երիտասարդները ջահերով երթ էին  կազմակերպել:


 Ամստերդամ

Արդեն  իսկ անդրադարձել ենք Ամստերդամում և Ասենում տեղի  ունեցած ոգեկոչման արարողություններին: Տեղական մամուլը մեծ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ առաջին անգամ այս տարի հայ,թուրք, արամեացի, ասորի և քուրդ երիտասարդները միասին ծաղիկներ են խոնարհել  Նիդերլանդներում տեղադրված ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձաններին:




Ասեն 


Երիտասարդ թուրք պատմաբանը հակառակ իր սպասածի ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակին:


Տայֆուն Բալչիկը
Մասնավորապես Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների (SAO) նախաձեռնությամբ Ասենում՝  տեղի ունեցած Նիդերլանդներում առաջին Հայոց ցեղասպանության խաչքար-հուշարձան է այցելել և իր հայ ու քուրդ ընկերների հետ ծաղկեպսակ է զետեղել երիտասարդ նիդերլանդացի թուրք պատմաբան Տայֆուն Բալչիկը: Նրա  գիտական թեզը` գրված դեռ տաս տարի առաջ, նվիրված է եղել  Հայոց ցեղասպանությանը: Այդ թեզը «բացել են նրա աչքերը»: Նա թուրքական ազգայնական միջավայրից էր և կարծում էր, որ իր թեզով պատմելու է   ցեղասպանության ժխտման մասին պատմությունը:
 Բայց, երբ Բալչիկը խորը ուսումնասիրություններ է կատարել` փոխվել է նրա դիրքորոշումը: «Ես կարդացի ավելի ու ավելի շատ աղբյուրներ, և արդյունքում հակառակ պատկեր  ստացա, քանի որ ես շատ ազգայնական ձեւով եմ մեծացել,  ինձ համար ինքնության ճանաչման ճգնաժամ ստեղծվեց, բայց ճշմարտությունն ավելին էր ու հանկարծ սկսեցի պաշտպանել թշնամու պատմությունը»-ասել է նա:

Ասեն 
«Նիդերլանդական օրագրին» տված հարցազրույցում, պատմաբանը բացատրեց, որԹուրքիան այսօր  ցեղասպանություն բառը իր հասցեին սադրանք է ընդունում: Թուրքական կառավարության պաշտոնական տեսակետը նա է, որ տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ և շատերն են  զոհվել, այդ պատճառով առանձնացնել հայ քրիստոնյաներին`նրանց համար ընտրողական տեսակետ է:
Նիդերլանդների հանրային հեռուստատեսության ծրագրերից մեկին էլ տված հարցազրույցում Բալչիկն ասել է. «Հայոց ցեղասպանության ժխտումը կոլեկտիվ թուրքական ինքնության մի մասն է, որը շատ քիչ տեղ է թողնում  այն թուրքերին, որոնք  ցանկանում են ճանաչել Ցեղասպանությունը, բայց չեն ուզում դավաճանել իրենց ընտանիքին»:
 «Ծաղկեպսակ դնելը առաջին քայլն է, մենք իսկապես երկխոսության սկզբին ենք»- գտնում է երիտասարդ թուրք պատմաբանը և ավելացնում.
«Կան բազմաթիվ թուրք հոլանդացիներ, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, բայց  դեռեւս չեն համարձակվում դա անել հասարակության մեջ: Այլևս չպետք է լինի կոլեկտիվ ժխտում, այլ կոլեկտիվ ճանաչում»:



Նիդերլանդների պատգամավորը Ցեղասպանության թեմայով շապիկ է կրել ու այն մեկնաբանել են



Մեկ այլ Հետաքրքիր նախաձեռնություն են հանդես բերել Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներից` Բարեփոխված քաղաքական կուսակցության (SGP) ղեկավար, խորհրդարանական խմբակցության նախագահ Կես վան դեր Ստայը (Kees van der Staaij)և նախկին դատախազ, ներկայումս արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող Ազատություն կուսակցությունից Ռայմոնդ դը Ռունը ((Raymond de Roon (PVV) : Վերջինս Հայոց Ցեղասպանության թեման արտացոլող շապիկ էր հագել և միասին մեկնաբանում էին 1915թ. իրադարձությունները`ճանաչելով ու դատապարտելով ոճրագործությունը: Կադրերում երևում են` թե ինչպես Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու խաչքարին ծաղկեպսակ են դնում Գրիգոր Նարեկացի հիմնադրամի անդամներն  ու Հայաստանի Հանրապետության դեսպանը : Հիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարանը երկու անգամ (վերջինը`2018թ) ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Տեսաերիզը տեղադրել է tpo.nl կայքը , մեկնաբանելով, որ չորեքշաբթի միջազգային մակարդակով նշվել է հայերի ցեղասպանությունը (1915 թ.): Այն անցյալ տարի չի ճանաչել ազգությամբ թուրք պատգամավորներ ունեցող ԴԵՆԿ կուսակցությունը,  իսկ կառավարությունը նախընտրում է օգտագործել «Հայոց ցեղասպանության հարցի» եզրույթը: Ցեղասպանության ճանաչումը դեռեւս զգայուն է թուրքերի հետ,-գրել է կայքը:

Nid.Oragir




-----------------------------------------------------------------

Նիդերլանդներում ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 24-ին Նիդերլանդների տարբեր բնակավայրերում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ։
Ամստերդամի Սուրբ Հոգի Հայ առաքելական եկեղեցու մոտ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցած արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Նիդերլանդների օրենսդիր մարմնում ներկայացված տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ Սադեթ Քարաբուլութը (Sadet Karabulut), Ջոել Վորդևինդը (Joel Voordewind), Կեես վան դեր Ստայը (Kees van der Staaij), Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ։
Ասենում կայացած հիշատակի արարողությանը հայ, թուրք և քուրդ երիտասարդները համատեղ ծաղկեպսակ զետեղեցին Եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։ Այնուհետև, սգո հավաքին ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը (Inge Drost), Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, Ասենի քաղաքային վարչության անդամ տիկին Յաննա Բոյ-Վենակամպը (Janna Booij-Venekamp) և Հայոց ցեղասպանության պատմության հետազոտող-ուսուցիչ Դիրք Ռոդզանտը (Dirk Roodzant)։
Ալմելոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կայացած ոգեկոչման արարողությանը նախորդեց Արևմտյան Եվրոպայում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից մատուցված Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը, որին ներկա էին դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը (Arjen Gerritsen) Օվերայսելի նահանգային և Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամներ, ասորական և ղպտիական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Այնուհետև, Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ Նիդերլանդների և Հայաստանի օրհներգերի կատարումից հետո, տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։
Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու միջոցառումների սրահում կայացած ոգեկոչման երեկոյին ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը, եկեղեցական խորհրդի նախագահ Օնիկ Գելիջյանը, հայկական մշակույթը ներկայացնող կատարումներով հանդես եկան եկեղեցուն կից գործող մշակութային խմբակները։

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են հոլանդական մամուլում։