Մայիսի 31-ին Բրյուսելի Իքսել համայնքում անցկացված ամենամյա հայկական տոնավաճառը վերածվեց հայկական մշակույթի, ավանդույթների, խոհանոցի և ձեռնարկատիրական ներուժի տպավորիչ տոնի՝ համախմբելով հազարավոր այցելուների Բելգիայից և եվրոպական այլ երկրներից։
Օրվա ընթացքում Ժ. Բրյուգմանի հրապարակը ստացել էր հայկական շունչ՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, ազգային երաժշտությունն ու պարարվեստը, ավանդույթները, ինչպես նաև հայկական արտադրողների և ձեռնարկությունների բարձրորակ արտադրանքը։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Բելգիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվող տոնավաճառը կարևոր հարթակ դարձավ հայկական ընկերությունների, արտադրողների և ձեռներեցների համար՝ եվրոպական սպառողներին ներկայացնելու իրենց գործունեությունը, հաստատելու նոր գործարար կապեր և բացահայտելու համագործակցության նոր հնարավորություններ։ Մասնակիցների թվում էին բազմաթիվ հայկական և բելգիական կազմակերպություններ, այդ թվում՝ «Բելգահայ» հարթակը, «Արման Գրուպ»-ը և այլ կառույցներ, որոնք զգալի ներդրում ունեցան միջոցառման հաջողության ապահովման գործում։
Տոնավաճառի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը, Իքսել համայնքի քաղաքապետ Ղոման Դը Ղոզմը և փոխքաղաքապետ Ժուլի դե Գրոտը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Եվրոպական միության և Բելգիայի գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ, դիվանագետներ և բազմաթիվ հյուրեր Բելգիայից ու հարակից երկրներից։
«Բրյուսելում հայկական տոնավաճառի անցկացումն արդեն ավանդույթ է դառնում՝ ապացուցելով, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Եվրոպայում շարունակաբար աճում է։ Սա ոչ միայն հայկական մշակույթի և ավանդույթների տոն է, այլև կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու հայկական արտադրողների, ձեռնարկատերերի և ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների ներուժը։ Հայաստանյան որակյալ ապրանքների արտադրողների առջև ծառացած մարտահրավերների պայմաններում յուրաքանչյուր նոր կապ, գործընկերություն և շուկայական հնարավորություն կարևոր ներդրում է Հայաստանի տնտեսական զարգացման և եվրոպական ներկայության ամրապնդման գործում»,– իր ելույթում նշեց ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
Միջոցառման հաջողությունը հնարավոր դարձավ Հայաստանի դեսպանության գործընկերների՝ Իքսելի համայնքապետարանի, Հայ-բելգիական առևտրային պալատի, «Բելգահայ» ռադիոյի, հայ համայնքային կառույցների, կամավորների, ցուցահանդեսի մասնակիցների, արվեստագետների և հազարավոր այցելուների համատեղ ջանքերի շնորհիվ։
Հայկական տոնավաճառը հերթական անգամ հաստատեց իր նշանակությունը որպես Բելգիայի հայկական համայնքի և Հայաստանի մշակութային ու տնտեսական ներկայացվածության կարևորագույն միջոցառումներից մեկը՝ նպաստելով հայ-բելգիական կապերի խորացմանը, նոր համագործակցությունների ձևավորմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը Եվրոպայում։















No comments:
Post a Comment