The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Sunday, 21 June 2026

Բելգիայի հայ ուխտավորները Մաստրիխտում․ հավատքի, պատմության և ինքնության վերարժևորման օր

 

ՄԱՍՏՐԻԽՏ (Նիդ.օրագիր) – Հունիսի 21-ին Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքը հյուրընկալեց Բելգիայիայից երկու ավտոբուսներով եկած հայ ուխտավորներին, այդ մասին տեղեկացնում են Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդից։
Բրյուսելից ժանանած հյուրերի օրվա կենտրոնական հանգրվանը Մաստրիխտի Սուրբ Կարապետ Հայ Առաքելական եկեղեցին էր, որտեղ ուխտավորներին դիմավորեց եկեղեցու վարչությունը։ Այստեղ տեղի ունեցավ աղոթքի արարողություն Գրիգոր Մարտիկյանի գլխավորությամբ։ Համատեղ աղոթքը դարձավ ոչ միայն հոգևոր զորացման, այլև  Բելգիայում և Նիդերլանդներուն ապրող հայերի միջև եղբայրական կապերի ամրապնդման առիթ։
Ուխտավորների համար առանձնահատուկ ջերմ մթնոլորտ էին ստեղծել եկեղեցու համայնքի անդամները։ Սեղանների շուրջ ծավալված զրույցներն ու շփումները վկայում էին, որ Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող հայերը շարունակում են իրենց ուժը գտնել եկեղեցու և համայնքի մւասնության մեջ։
Եկեղեցու վարչության նախագահ Լևոն Սարգիսը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց, որ նման այցելությունները կարևոր դեր ունեն հայ քրիստոնեական արժեքների պահպանման և սերունդներին փոխանցելու գործում։

Հայկական հետքը Մաստրիխտում

Ուխտագնացության մշակութային և պատմական հատվածը սկսվեց Մաստրիխտի պատմական կենտրոնում։ Վազգեն Սարգիսի և Արմանդ Կարաողլյանի ուղեկցությամբ ուխտավորները ծանոթացան քաղաքի պատմությանը, այցելեցին հնագույն պարիսպները, քաղաքային զբոսայգին և կարևոր պատմամշակութային վայրերը։
Հատկանշական կանգառներից մեկը Տիրամոր բազիլիկան էր, որտեղ ներկաները մոմեր վառեցին և աղոթեցին խաղաղության ու բարօրության համար։
Սակայն օրվա ամենախորհրդանշական կանգառը Սուրբ Սերվատիոսի բազիլիկայի հարևանությամբ գտնվող հայկական խաչքարն էր։ Այն հայ համայնքի նվերն է Մաստրիխտ քաղաքին և խորհրդանշում է հայ ժողովրդի ու քաղաքի միջև առկա պատմական և հոգևոր կապը։
Ըստ եկեղեցական ավանդության՝ Սուրբ Սերվատիոսը, որը համարվում է Մաստրիխտի հովանավոր սուրբը, ծագումով հայ էր և IV դարում Հայաստանից հասել էր այս տարածաշրջան։ Թեև պատմական աղբյուրները տարբեր մեկնաբանություններ են տալիս նրա ծագման վերաբերյալ, հայ ժողովրդի համար Սուրբ Սերվատիոսի անունը վաղուց դարձել է Հայաստան-Եվրոպա քրիստոնեական կամուրջի խորհրդանիշ։

Ջերմ ընդունելություն Սուրբ Սերվատիոսի բազիլիկայում

Ուխտավորներին Սուրբ Սերվատիոսի բազիլիկայում ընդունեց դեկան Յոհան Դաուցենբուրգը, որը ներկայացրեց բազիլիկայի պատմությունն ու սրբավայրի նշանակությունը եվրոպական քրիստոնեական ժառանգության մեջ։
Հանդիպման ամենահուզիչ պահերից մեկը դարձավ դեկանի խորհրդանշական ժեստը․ նա հայկական խմբին հանձնեց բազիլիկայի բանալին՝ ընդգծելով, որ հայ ուխտավորները միշտ ցանկալի հյուրեր են այստեղ։
Այս քայլը ներկաների կողմից ընկալվեց ոչ միայն որպես հյուրընկալության նշան, այլև որպես քրիստոնեական համերաշխության և փոխադարձ հարգանքի արտահայտություն՝  բարեկամ եկեղեցիբերւ ավանդույթների միջև։

Հայկական շարականներ՝ սրբավայրի լռության մեջ

Այցի ընթացքում ուխտավորները հնարավորություն ունեցան այցելելու նաև Սուրբ Սերվատիոսի մասունքների պահպանման վայրը՝ հայտնի Նուդկիստը։ Այստեղ հնչեցին հայկական շարականներ, իսկ ֆրանսերենով ընթերցվեց Սուրբ Սերվատիոսի աղոթքը։
Հոգևոր այդ մթնոլորտը յուրահատուկ ազդեցություն ունեցավ մասնակիցների վրա։ Շատերի համար սա դարձավ հիշեցում, որ հայ ժողովուրդը, լինելով աշխարհի տարբեր երկրներում սփռված, շարունակում է իր ինքնության առանցքում պահել քրիստոնեական հավատքն ու մշակութային ժառանգությունը։
Ուխտագնացություն, որը միավորում է համայնքները։
Օրվա ավարտին մասնակիցները շրջեցին Մաստրիխտի կենտրոնում, մասնակցեցին քաղաքային շրջայցի և նավարկեցին Մաաս գետով։ Սակայն ուխտագնացության գլխավոր արդյունքը ոչ թե այցելած վայրերն էին, այլ այն հոգևոր և ազգային զգացողությունը, որը միավորեց Բելգիայի և Հոլանդիայի հայերին։
Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու նախաձեռնությամբ կազմակերպված այս այցելությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Եվրոպայի հայկական համայնքները շարունակում են պահպանել իրենց եկեղեցական, մշակութային և ազգային ինքնությունը՝ միաժամանակ կառուցելով բարեկամություն ու համագործակցություն  հասարակությունների հետ, որոնց մաս են կազմում։
Բելգիայի հայ ուխտավորների այցը Մաստրիխտ դարձավ ոչ միայն մեկօրյա ուխտագնացություն, այն կմնա որպես ջերմ հիշողություն:






No comments:

Post a Comment