ԵԿԵՔ ԽՈՐՀԵՆՔ
Հայաստանում այսօր լռության օր է ԲԱՅՑ ՊԱՐՏՔ ԵՆՔ ՀԱՄԱՐՈւՄ ԽՈՍԵԼ
06.06.2026/Նիդ.օրագիր/ Խմբագրի սյունակ
Այսօր Հայաստանում լռության օր է։ Օր, երբ քաղաքական ուժերը դադարեցրել են քարոզչությունը, և քաղաքացիները հնարավորություն են ստացել հանգիստ ու առանց ավելորդ աղմուկի ամփոփել իրենց ընտրությունը։
Մենք հարգում ենք այս օրվա նշանակությունը։ Սակայն կա մի թեմա, որի մասին լռել չենք կարող, որովհետև այն վերաբերում է ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին, այլ մեր ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, մեր հանրությանը և մեր ապագային։
Մի քանի ժամից Հայաստանի քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր՝ իրենց ձայնը տալու այն Հայաստանի օգտին, որը պատկերացնում են։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի իր համոզմունքը, իր ակնկալիքները, իր նախընտրությունը։ Դա ժողովրդավարության բնական և առողջ դրսևորումն է։
Մեր խնդրանքն ու հորդորն է Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ մասնակցել ընտրություններին և կատարել իրենց ընտրությունը։ Չմնալ անտարբեր, որովհետև պետության ապագան ձևավորվում է մասնակցությամբ, ոչ թե հեռվից դիտելով։
Բայց մեր կոչը վերաբերում է ոչ միայն ընտրության օրվան, այլև այն ժամերին ու օրերին, որոնք հաջորդելու են ընտրություններին։
Ժողովրդավարությունը չի ավարտվում քվեատուփի մոտ։ Այն շարունակվում է արդյունքների ընդունմամբ, օրենքի գերակայության հարգմամբ և հանրային համերաշխությամբ։ Անկախ նրանից, թե ով կհաղթի, անկախ նրանից, թե ում օգտին ենք մենք քվեարկել, պետք է պատրաստ լինենք հարգել ժողովրդի մեծամասնության կամքը։
Բնական է, որ բոլոր քաղաքացիները չեն կարող ունենալ նույն քաղաքական նախընտրությունները։ Բնական է նաև, որ շատերը կարող են հիասթափություն կամ դժգոհություն զգալ արդյունքներից։ ՍԱԿԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԸՆԴՀԱՏ ԱՊՐԵԼ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ՓՈԽԱԴԱՐՁ ԹՇՆԱՄԱՆՔԻ ԵՎ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ։
Ընտրություններից հետո Հայաստանի առջև կանգնելու է ավելի կարևոր խնդիր՝ միասին ապրել, միասին աշխատել և միասին կառուցել մեր պետությունը ու դիմակայել արտաքին մարտահրավերներին։
Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց չունենք տարբեր հայրենիքներ։
Այս ընտրությունների գլխավոր հաղթանակը պետք է լինի ոչ թե որևէ կուսակցության կամ դաշինքի հաղթանակը, այլ Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը։ Եթե ընտրությունները լինեն ազատ ու օրինական, ապա յուրաքանչյուրիս պարտքն է հարգել դրանց արդյունքը և ընդունել ժողովրդի կայացրած որոշումը։
Այսօր լռության օր է, բայց պարտք ենք համարում խոսել մի բանի մասին, որը վեր է քաղաքական մրցակցությունից՝ ազգային միասնության, պետական մտածողության և ժողովրդավարական մշակույթի մասին։
Վաղը մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել հաղթողի կամ պարտվողի կողմում։ Բայց ընտրություններից հետո բոլորս պետք է լինենք Հայաստանի կողմում։
Թող մեր ընտրությունը լինի ազատ, մեր վերաբերմունքը՝ արժանապատիվ, իսկ մեր միասնականությունը՝ ավելի ուժեղ, քան մեր տարաձայնությունները։
Որովհետև պետությունը հաղթում է այն ժամանակ, երբ քաղաքացիները հարգում են միմյանց, հարգում են օրենքը և հարգում են ժողովրդի կամքը։
Hay Azian
Իմ Հայաստան, իմ հայ ժողովուրդ,
Վաղը քեզ խաղաղ, անցնցում և արժանապատիվ ընտրություններ եմ մաղթում։
Թող յուրաքանչյուր քաղաքացի իր ձայնը տա ազատ, գիտակցված և բարձր պատասխանատվությամբ, իսկ ժողովրդի կամքը լիարժեք արտահայտվի ու հարգվի։
Թող հաղթեն արդարությունը, օրենքը և ազգային շահը, իսկ մեր երկիրը շարունակի առաջ շարժվել խաղաղության, կայունության և զարգացման ճանապարհով։
Մաղթում եմ, որ ձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող, ազնիվ, պատասխանատու և հայրենանվեր կառավարություն, որը կծառայի պետության ու ժողովրդի բարօրությանը։
Թող մեր հայրենիքում միշտ գերակշռեն միասնությունը, փոխադարձ հարգանքն ու սերը։
Իմ Հայաստան, թող վաղվա օրը լինի ժողովրդավարության, հույսի և նոր ձեռքբերումների սկիզբ։ Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին։ 🇦🇲❤️
Սվետլանա ԱՆԴՐԵՍՅԱՆ
Ալմելո, Նիդերլանդներ
Հայաստանաբնակ իմ սիրելիներ, ՀՀ քաղաքացիներ,
Վաղը կարևոր և վճռորոշ օր է Ձեզ համար: Այդ օրը ոչ թե ղեկավար ընտրելու հարցն է որոշվելու, այլ Հայաստանի Հանրապետության գոյութենաբանական հարցը: Ես բնավ չեմ ուզում ասել՝ գնացե՛ք սրան կամ նրան ընտրեք, ոչ: Բնակվելով արտասահմանում ես իրավունք չունեմ ձեզ թելադրելու ձեր անելիքը և որոշելու ձեր ճակատագիրը, բայց իրավունք ունեմ հայտնելու իմ կարծիքը: Կարող եք դրա հետ համաձայն լինել կամ չլինել: Ես միայն կասեմ կատարեք ձեր ընտրությունը ըստ ձեր խղճի և հասկացողության, ինչպես ճիշտ կգտնեք և ես պարտավոր եմ դա հարգել: Բայց լավ իմացեք, որ դուք եք վաղը որոշելու, թե ո՞վ է այսուհետ որոշելու մեր երկրի ապագան՝ ՀՀ քաղաքացին, թե՞ ուրիշները:
Երկրորդ նկարում՝ ՀՀ քարտեզն է Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից ճանանչված և ընդունված:
Ուզենք դա, թե՝ ոչ, սա է Հայաստանի ինքնիշխան և իրավական սահմանները: Սրանք գծել են ոչ՝ ներկայիս, ոչ՝ առաջին, ոչ՝ երկրոդ և ոչ էլ՝ երորդ իշխանությունները: Սա հաստատվել է 1991 թվականին Ալմաթիի հռչակագրով երբ Հայաստանը անկախացավ ԽՍՀՄ-ից՝ դառնալով Հայաստնի Հանրապետություն: Ու Հայաստանը, որպես պետականություն, միջազգայնորեն ճանաչվեց այդ սահմաններով, համաձայն լինենք դրա հետ, թե՝ ոչ: Եվ այդ սահմանների ներսում Հայաստանն ունի լիիրավություն՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, ունենալու մեր կրոնը դավանելու իրավունք, խոսելու մեր լեզվով, կիրառելու մեր գիրն ու գրականությունը, ստեղծել, արարել, կերտել, բազմանալ, տիրապետել, կրթել, զարգացնել, շենացնել և այլն... Իսկ այդ սահմաններից դուրս՝ ոչ, թեև դրանք պատմական հայկական հողեր են: Դեռ մի բան էլ դրանք ետ բերելու նպատակը կհամարվի ագրեսիա մեր կողմից:
Ձեր վաղվա քվեով դուք որոշելու եք պահել եղածը, թե սա էլ կորցնել հանուն անհեռատես երազանքների և նպատակների: Խնդրո՛ւմ եմ, նախընտրե՛ք եղածը պահել: Որովհետև եթե ընկնենք նոր քարտեզներ գծելով և կորցրածը ետ բերելով, սա էլ չենք ունենա, սրանից էլ կզրկվենք, այս 29.743-ն էլ չի մնա: Սա ես չեմ ասում, սրա մասին բազմիցս վկայել է պատմությունը: Ուզենք, չուզենք՝ սա է, ՍԱ Է: Ուստի տեր կանգնե՛ք եղածին, փայփայեք, սիրեք ու հզորացնենք:
Երորդ նկարում՝ Հայոց ցեղասպանության հուշամատյանն է, որտեղ թողել եմ կարևոր պատգամ երկու լեզուններով: Եվ կարծում եմ, որ այդ պատգամի հիման վրա պիտի առաջնորդվենք:
Բա Արցա՞խը, բա մեր եկեղեցինե՞րը, բա տեղահանվածնե՞րը... Դրա համար հաղթանակը պետք էր ամրագրել և իրավականացնել, ծաղկեցնել ձեռք բերվածը, հզորացնել, չզբաղվել ինքնախաբեությամբ, կրթել, քաղաքացի դաստիարակել ու զարգանալ: Չարեցինք՝ ստացանք սա: Դասեր քաղելով անցյալի անփույթ սխալներից,՝ այժմ պիտի ճիշտ որոշում կայացնենք:
Ես ընդամենը մեկ անգամ եմ եղել Հայաստանում, այնտեղ ապրել, սովորել, դուրս եկել տաբրեր մասսաներ ու շփվել տաբրեր մարդկանց հետ: Այդուհանդերձ ես համոզվեցի, որ մենք կարող ենք և ամենինչ լավ է լինելու:
Արեն ՆԱԳՈՒԼՅԱՆ
Նիդերլանդահայ երիտասարդական կազմակերպության անդամ
Սիրելի' հայրենակիցներ,
անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում ենք, մեր հայացքն ու աղոթքը միշտ ուղղված են եղել և այսօր էլ ուղղված են դեպի Հայաստան։
Ժողովրդիս մաղթում եմ իմաստնություն ու տոկունություն։ Թող ձեր կատարած ընտրությունը այսուհետ ևս խաղաղություն, բարօրություն ու կայունություն բերի մեր հայրենիքին։
Սվետա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նեյմեխեն




No comments:
Post a Comment