(Մեկնաբանություն)
04.06.2026/Գր Հովսեփյան/Նիդ.օրագիր
Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները, որոնք պաշտոնապես բացատրվում են «որակի» խնդիրներով, ավելի ու ավելի են դառնում քաղաքական ճնշման գործիք։ Ընտրությունների նախաշեմին Մոսկվայի գործողությունները ոչ միայն տնտեսական վնաս են հասցնում հայկական տնտեսավարողներին, այլև ավելի խորացնում են հայ հասարակության մոտ Ռուսաստանից հեռացման զգացումը։
Երկու օր առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացահայտ հայտարարեց, որ եթե «եվրոպամետ ուժերը» հաղթեն ընտրություններում, Ռուսաստանը «համապատասխան միջոցներ» կձեռնարկի։ Այսպիսի հայտարարությունները, զուգակցված ելակի, ծաղիկների ու բանջարեղենի արտահանման արգելքների հետ, ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատժում է ոչ միայն այն տնտեսավարողներին, ովքեր ավանդաբար աշխատել են ռուսական շուկայում, այլև փորձում է ճնշում գործադրել ամբողջ հայ ժողովրդի վրա։
Պատժում են նրանց, ովքեր վստահել են հենց Ռուսաստանին: Տարիներ շարունակ հայկական գյուղատնտեսական արտադրողները Ռուսաստանը համարում էին իրենց հիմնական և կայուն շուկան։ Հիմա նույն այդ շուկան փակվում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական պատճառներով։ Այսինքն՝ Ռուսաստանը պատժում է հենց այն մարդկանց, ովքեր երկար տարիներ փորձել են պահպանել և զարգացնել հարաբերությունները ռուսական գործընկերների հետ։ Սա ոչ միայն տնտեսական հարված է, այլև վստահության խախտում։ Շատ գյուղացիներ և արտահանողներ այսօր զգում են, որ իրենց ջանքերը, ներդրումներն ու ռիսկերը, որոնք արվել են «ռուսական ուղղությամբ», այլևս անիմաստ են դառնում։ Այդ զգացումը տարածվում է ոչ միայն բիզնեսի, այլև շատ ընտանիքների վրա։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նման ճնշումները հաճախ հակադարձ արդյունք են տալիս։ Փոխարենը, որ Հայաստանը «վերադառնա» ռուսական ուղեծիր, ռուսական գործողությունները միայն արագացնում են դիվերսիֆիկացիան և հոգեբանական հեռացումը։
Այս օրերին Եվրամիությունը ցույց է տալիս բոլորովին այլ մոտեցում՝ արագ, կոնկրետ և գործնական։ Ավելի քան 50 մլն եվրո անհապաղ աջակցություն, հայկական ծաղիկների արտահանում դեպի Լատվիա, նոր շուկաների բացում, համատեղ աշխատանքային խումբ։ Այս հակադրությունը շատ խոսուն է։
Երբ մեկ կողմը պատժում և սպառնում է, իսկ մյուսը՝ օգնում և նոր հնարավորություններ է առաջարկում, հայ հասարակության ընտրությունը դառնում է ավելի պարզ։ Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ Ռուսաստանի այս քայլերը «վանում են հայ ժողովրդին» ոչ թե իշխանությունից, այլ իրենցից։
Ռուսաստանի ներկայիս գործելաոճը Հայաստանի նկատմամբ ցույց է տալիս ոչ թե ուժ, այլ թույլ դիրքերից բխող վարք։ Փորձելով պատժել ամբողջ ժողովրդին՝ Մոսկվան ռիսկի է դնում վերջնականապես կորցնել վստահությունը, որը տարիներ շարունակ կառուցվել է։
Հայաստանը այսօր կանգնած է ընտրության առաջ՝ ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական։ Եվ այդ ընտրության վրա Ռուսաստանի վերջին քայլերը, ցավոք, ոչ թե օգնում, այլ խոչընդոտում են իր իսկ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ շահերին։ Այդպես մեկ անգամ արդեն եղել է ԵՐԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 44 օրյա ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՆԳՆԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԸ:

No comments:
Post a Comment