15.06.2026/Նիդ.օրագիր
Այսօր նշում ենք հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ, նորարար արվեստագետ և ազգային մշակույթի բացառիկ ներկայացուցիչ Երվանդ Քոչարի ծննդյան տարեդարձը։ Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին Թիֆլիսում և վախճանվել 1979 թվականի հունվարի 22-ին Երևանում։ Նրա անունը վաղուց արդեն դարձել է հայկական կերպարվեստի խորհրդանիշներից մեկը, իսկ ստեղծագործական ժառանգությունը շարունակում է ոգեշնչել սերունդներին՝ միավորելով ազգային ավանդույթն ու ժամանակակից գեղարվեստական մտածողությունը։
Երվանդ Քոչարը հայ կերպարվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից է, որի արվեստում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ազգային պատմությանը, հերոսական անցյալին և ժողովրդի հոգևոր արժեքներին նվիրված ստեղծագործությունները։ Նրա կերտած կերպարները վաղուց անցել են արվեստի սահմանները՝ դառնալով ազգային ինքնության և հիշողության խորհրդանիշներ։
Դրանցից ամենահայտնին, անկասկած, «Սասունցի Դավիթ» արձանն է, որը ոչ միայն Երևանի, այլև ողջ Հայաստանի ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկն է։ Տասնամյակներ շարունակ այն դիմավորում է մայրաքաղաք ժամանող հազարավոր մարդկանց՝ մարմնավորելով հայ ժողովրդի ուժը, ազատասիրական ոգին, տոկունությունն ու աննկուն կամքը։
«Սասունցի Դավիթ» արձանը տեղադրվել է 1959 թվականին։ Քանդակի հեղինակը Երվանդ Քոչարն է, իսկ ճարտարապետը՝ Միքայել Մազմանյանը։ Արձանի բնորդն է եղել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի պարող Վանուշ Խանամիրյանը։ Հուշարձանը տեղադրված է Երևանի Սասունցի Դավթի հրապարակում և այսօր համարվում է մայրաքաղաքի այցեքարտերից մեկը։
Արձանը պատրաստված է կոփածո պղնձից և բազալտից, սակայն նրա յուրահատկությունը միայն նյութական լուծումների մեջ չէ։ Քոչարը յուրաքանչյուր դետալի մեջ ներդրել է խորը գաղափարական և խորհրդանշական իմաստ։ Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է Հայաստանը, իսկ ձիու ոտքերի տակ պատկերված թասը՝ ժողովրդի համբերությունը, որը լցվում է և հորդում արդարության ու ազատության պայքարի պահին։
Հետաքրքիր է նաև, որ «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսները ժողովրդական պատկերացումներում համարվում են ջրածիններ։ Այդ պատճառով Քոչարը արձանը տեղադրել է ջրավազանի մեջ՝ գեղարվեստական յուրօրինակ լուծմամբ անդրադառնալով էպոսի ծագումնաբանությանը և ջրի խորհրդանշական նշանակությանը։
Քանդակի պատմությունը սկսվել է ավելի վաղ։ «Սասունցի Դավիթի» առաջին գիպսե տարբերակը Երվանդ Քոչարը ստեղծել է դեռևս 1939 թվականին՝ էպոսի հազարամյակի առթիվ։ Հատկանշական է, որ այդ աշխատանքը նա կատարել է ընդամենը 18 օրում՝ ստեղծելով մի կերպար, որը հետագայում պիտի դառնար հայկական քանդակագործության գլուխգործոցներից մեկը։
Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը, սակայն, չի սահմանափակվում միայն քանդակագործությամբ։ Նրա արվեստը նշանակալի հետք է թողել նաև գրքի ձևավորման և նկարազարդման ոլորտում։ Քոչարի նկարազարդումներով է լույս տեսել Մանուկ Աբեղյանի խմբագրությամբ «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին համահավաք հրատարակությունը։ Այդ պատկերազարդումները առանձնանում են իրենց արտահայտչականությամբ, հերոսների հոգեբանական խորությամբ և ազգային էպոսի ինքնատիպ գեղարվեստական մեկնաբանությամբ։
Երվանդ Քոչարի ծննդյան օրվա առթիվ Հայաստանի ազգային գրադարան ում բացվել է «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների և գրականության ցուցադրությունը։ Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 30 հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ, ինչպես նաև էպոսի տարբեր տարիների արժեքավոր հրատարակություններ։ Մեկ ամիս շարունակ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայ ազգային էպոսի հարուստ գեղարվեստական և գրական ժառանգությանը, ինչպես նաև գնահատելու այն կարևոր ավանդը, որը Երվանդ Քոչարը թողել է հայկական մշակույթի պատմության մեջ։
Երվանդ Քոչարի ծննդյան տարեդարձը ևս մեկ առիթ է արժևորելու արվեստագետին, որի ստեղծագործությունները վաղուց դարձել են ազգային մշակութային ժառանգության անբաժանելի մասը։ Նրա կերտած Դավիթը շարունակում է հսկել մայրաքաղաքը՝ հիշեցնելով, որ հերոսությունն ու ազատության ձգտումը հայ ժողովրդի հավերժական արժեքներից են, իսկ Քոչարի արվեստը շարունակում է խոսել սերունդների հետ՝ պատմելով ինքնության, ստեղծագործական ուժի և ազգային ոգու մասին։


No comments:
Post a Comment