ՏԵՍԱԿԵՏ
03,06.2026/Նիդ.օրագիր/Գր.Հովսեփյան
Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը վերջին ամիսներին ավելի ու ավելի բացահայտ է դառնում։ Եթե նախկինում ճնշումները հիմնականում քաղաքական և տեղեկատվական դաշտում էին, ապա այսօր դրանք ակնհայտորեն տեղափոխվել են նաև տնտեսական ոլորտ։ Ընդ որում, այդ քայլերը տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած է կարևոր քաղաքական գործընթացների և արտաքին քաղաքական վերադասավորումների առաջ։
Վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց։ Նա նշեց, որ Ռուսաստանը դժգոհ է Հայաստանում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունից և, իր գնահատմամբ, կցանկանար, որ գործող իշխանությունը պարտվեր առաջիկա ընտրություններում։ Ռուբիոն ընդգծեց, որ ԱՄՆ-ն չի պահանջում Հայաստանից խզել հարաբերությունները որևէ երկրի հետ, այլ պարզապես ցանկանում է խորացնել համագործակցությունը տնտեսական, քաղաքական և խաղաղարար ոլորտներում, այդ թվում՝ աջակցելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
Ռուբիոյի խոսքերը կարևոր են ոչ միայն որպես արտաքին դիտարկում, այլ նաև որպես գնահատական այն գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի շուրջ։ Եթե աշխարհի ամենահզոր պետություններից մեկի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հրապարակայնորեն խոսում է Ռուսաստանի՝ Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ հետաքրքրվածության մասին, ապա դա արդեն միջազգային մակարդակի քաղաքական ազդակ է։
Միևնույն ժամանակ Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումները շարունակվում են։ «Ռոսսելխոզնադզոր»-ի հերթական սահմանափակումները հայկական արտադրանքի նկատմամբ արդեն դժվար է բացատրել միայն տեխնիկական կամ սանիտարական պատճառաբանություններով։ Նախ արգելվեցին որոշ ձկնամթերքներ, ապա՝ «Ջերմուկ» հանքային ջուրը, այնուհետև տարբեր բանջարեղեններ, իսկ այժմ սահմանափակումների ցանկում հայտնվել են կարտոֆիլը, սմբուկը, չրերը և կորիզավոր մրգերը։ Տուժում են ոչ թե քաղաքական գործիչները, այլ հազարավոր գյուղացիներ, արտահանողներ, բեռնափոխադրողներ և նրանց ընտանիքները։
Բեռնափոխադրողները բացեիբաց հայտարարում են, որ քաղաքական պահանջներ չունեն։ Նրանք պարզապես ցանկանում են աշխատել, կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները և չկորցնել իրենց եկամուտները։ Սակայն ստեղծված իրավիճակը նրանց կանգնեցրել է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։ Երբ մարդիկ ստիպված են խոսել վարկերի սառեցման անհրաժեշտության մասին, դա արդեն տնտեսական ճնշման իրական հետևանք է։
Այս ամենի ֆոնին առանձնահատուկ նշանակություն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը։ Նա Ռուսաստանի սահմանափակումները բնութագրել է որպես սխալ քայլեր, որոնք մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ։ Փաշինյանը փաստացի արձանագրում է այն, ինչ արդեն զգում են շատ քաղաքացիներ․ տնտեսական համագործակցության միությունը չի կարող հեղինակություն վայելել, եթե դրա շրջանակներում մեկ անդամ պետություն քաղաքական կամ այլ նպատակներով սահմանափակումներ է կիրառում մյուսի նկատմամբ։
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը սխալ հունով տարավ այն պահից, երբ կանգնեց Ադրբեջանի և Թուրքիայի կողքին` հեռանալով իր դաշնակցից։
Հատկանշական է նաև, որ սահմանափակումների խորացմանը զուգահեռ ակտիվանում են Հայաստանի հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են տնտեսական համագործակցության խորացման և ապրանքաշրջանառության ավելացման հնարավորությունները։ Սա պատահական զուգադիպություն չէ։ Երբ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսական կապերը և նվազեցնել կախվածությունը մեկ շուկայից, Մոսկվան այդ գործընթացին հաճախ արձագանքում է որպես ազդեցության կորստի վտանգի։
Հատկանշական է նաև, որ տնտեսական սահմանափակումները համընկնում են ներքաղաքական ակտիվ շրջանի հետ։ Այդ հանգամանքը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եթե Ռուսաստանը իսկապես ցանկանում է պահպանել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ, ապա դժվար է հասկանալ, թե ինչու են հենց այժմ ուժեղանում այնպիսի քայլերը, որոնք վնասում են Հայաստանի տնտեսությանը և դժգոհություն առաջացնում հասարակության տարբեր շերտերում։ Այդ համատեքստում Ռուբիոյի հայտարարությունը նոր իմաստ է ստանում. տնտեսական ճնշումները շատերի կողմից ընկալվում են ոչ միայն որպես առևտրային սահմանափակումներ, այլ նաև որպես քաղաքական ազդակներ։
Սակայն Ռուսաստանը կարծես չի հասկանում մի պարզ ճշմարտություն․ ճնշումները չեն կարող վերադարձնել վստահությունը։ Ընդհակառակը, յուրաքանչյուր նոր արգելք, յուրաքանչյուր նոր սահմանափակում ավելի շատ մարդկանց է համոզում, որ Հայաստանի տնտեսությունը չպետք է կախված լինի մեկ կենտրոնից։ Եթե հայկական ապրանքների առաջին խմբաքանակներն արդեն ուղևորվում են Եվրոպա և այլ շուկաներ, ապա դա ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեցող գործընթաց է։
Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ խնդիրը միայն առանձին ապրանքների արտահանման կամ առևտրային վեճերի մեջ չէ։ Խնդիրն ավելի խորն է։ Ռուսաստանը սովոր է տեսնել Հայաստան, որը կախված է իրենից քաղաքական, տնտեսական և անվտանգային առումներով։ Իսկ ինքնիշխան Հայաստանը, որը փորձում է բազմակողմ հարաբերություններ կառուցել, նոր գործընկերներ գտնել և սեփական շահերից ելնելով որոշումներ ընդունել, ակնհայտորեն չի տեղավորվում այդ պատկերացման մեջ։
Հետևաբար այսօր հարցը միայն տնտեսական սահմանափակումների մասին չէ։ Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը և ազատ ընտրել զարգացման իր ուղին՝ անկախ արտաքին ճնշումներից։ Իսկ վերջին իրադարձությունները վկայում են, որ հենց այդ ինքնիշխան ընտրության իրավունքն է դարձել տարածաշրջանային պայքարի գլխավոր թեման։
Ռուսաստանին, ըստ երևույթին, հարմար է կախյալ Հայաստանը։ Սակայն Հայաստանի ապագան պահանջում է ոչ թե կախվածություն, այլ ինքնուրույնություն, ոչ թե ճնշումների ենթարկվող պետություն, այլ պետություն, որն ինքն է որոշում իր տնտեսական և քաղաքական առաջնահերթությունները։ Հունիսի 7֊ի ընտրությունները այս հարցերին որոշակի պատասխան կտան։

No comments:
Post a Comment