23.06.2026/Նիդ.օրագիր
ՍՈՖԻԱ: Հայ-բուլղարական բարեկամության պատմության մեջ արձանագրվել է հերթական նշանակալի իրադարձությունը. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Պեյո Յավորով թաղամասում պաշտոնապես անվանակոչվել է «Հայաստան ճեմուղի»-ն (Aleya „Armenia“ / Алея „Армения“):
Որոշումը 2026 թվականի հունվարի 15-ին միաձայն ընդունել է Սոֆիայի քաղաքային խորհուրդը՝ 54-րդ նիստի ընթացքում։ Նախաձեռնության հեղինակն էր Սրեդեց շրջանի ղեկավար Տրայչո Տրայկովը՝ մի խումբ քաղաքային խորհրդարանականների աջակցությամբ։ Քվեարկության արդյունքներով որոշումն ընդունվել է 33 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։
Նորանվանակոչված ճեմուղին գտնվում է Յավորով թաղամասի «Երրորդ արտաքաղաքային մաս» կոչվող տարածքում։ Մինչ այդ այն հանրային տարածք էր և չուներ պաշտոնական անվանում։
Բուլղարական կողմի ներկայացրած հիմնավորումներում ընդգծվում է հայ և բուլղար ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, ինչպես նաև Սոֆիայի և ընդհանրապես Բուլղարիայի հասարակական կյանքում հայկական համայնքի կարևոր ներդրումը։
Փաստաթղթերում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Սոֆիայի հայկական համայնքի գործունեությանը՝ կրթության, գիտության, մշակույթի և առևտրի ոլորտներում ունեցած նշանակալի մասնակցությանը։ Նշվել է նաև Բուլղարիայի հետևողական վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։
Որոշման խորհրդանշական կողմերից մեկն էլ կապված է բուլղար մեծանուն բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հետ, որի անունն է կրում թաղամասը։ Յավորովը հայտնի է իր «Արմենցիներ» («Арменци») բանաստեղծությամբ, որտեղ արտահայտել է իր խոր համակրանքը հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի նկատմամբ։
Հայաստանի դեսպանությունն այս քայլը ողջունել է և հայտարարություն տարածել ֆեյսբուքյան պաշտոնական էջում.
«Մեծ ուրախությամբ ցանկանում ենք ձեզ հայտնել մի առանձնահատուկ և հաճելի լուր։ Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում գտնվող ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։ Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է»։
Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Սոֆիայի քաղաքային խորհրդին և Սրեդեց շրջանի վարչակազմին՝ նախաձեռնությունն իրականացնելու համար՝ ընդգծելով, որ այն դարձել է հայ-բուլղարական պատմական բարեկամության մնայուն խորհրդանիշ։
«Հայաստան ճեմուղի»-ի անվանակոչումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն Բուլղարիայի հայ համայնքի, այլև ամբողջ սփյուռքի համար։ Այն փաստում է, որ տասնամյակների ընթացքում համայնքային հետևողական աշխատանքը կարող է հանգեցնել հայկական ներկայության տեսանելի և մշտական ամրագրմանը հանրային տարածքներում։
Հատկանշական է, որ Երևանում արդեն գոյություն ունի «Սոֆիա» փողոցը, իսկ այժմ Սոֆիայի քարտեզի վրա նույնպես պաշտոնապես հայտնվել է «Հայաստան» անունը։ Այս փոխադարձ ճանաչումը խորհրդանշում է երկու ժողովուրդների միջև առկա պատմական կապերի շարունակականությունը և ապագայի համագործակցության հեռանկարները։
Սպասվում է, որ մոտ ապագայում կկազմակերպվի «Հայաստան ճեմուղի»-ի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի առաջիկայում։


No comments:
Post a Comment