16.06.2026/Nid.oragir
Հունիսի 13-ին Վառնայում տեղի ունեցավ ՀՕՄ-ի «Արաքս» մասնաճյուղի հիմնադրման 35-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցեց «Միասին» համահայկական ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանը։
Իր խոսքում Գևորգ Չիչյանը ՀՕՄ-ի մեկդարյա գործունեությունը որակեց որպես ազգային նշանակության սխրանք՝ ընդգծելով, որ կազմակերպությունը հայ ժողովրդի նվիրումի և մարդասիրության վառ օրինակ է։ Որպես գործընկեր կազմակերպության ղեկավար՝ նա բարձր գնահատեց ՀՕՄ Վառնայի «Արաքս» մասնաճյուղի դերը համայնքային կյանքի ակտիվացման, երիտասարդների ազգային ինքնության պահպանման, ինչպես նաև մշակութային, կրթական և բարեգործական ծրագրերի իրականացման գործում։
«ՀՕՄ Վառնայի երկարամյա ատենապետ Շողիկ Սիմոնյանի անմնացորդ ջանքերն ու ազգանպաստ գործունեությունը մեծապես նպաստել են կառույցի զարգացմանն ու կայացմանը»,- ասաց Գևորգ Չիչյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև Վառնայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետ Մասիս Բաղդադյանին և փոխատենապետ Պերճ Վարժապետյանին վառնահայ համայնքի պահպանման ու ամրապնդման ուղղությամբ իրենց հետևողական աշխատանքի համար։
Միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց «Միասին» (Միասին ՀԿ/Miasin NGO) համահայկական ՀԿ-ի և ՀՕՄ Վառնայի «Արաքս» մասնաճյուղի միջև համագործակցությանը, որը սկիզբ է առել 2023 թվականին։ Երկու կողմերն էլ ընդգծեցին, որ այս գործընկերությունը դարձել է փոխադարձ վստահության, բարեկամության և արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ։ Շողիկ Սիմոնյանը ներկայացրեց համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացված մշակութային և սոցիալական ծրագրերը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում ևս կյանքի կկոչվեն նոր համատեղ նախաձեռնություններ։
Միջոցառման ավարտին Գևորգ Չիչյանը «Միասին» ՀԿ-ի անունից պատվոգիր և հուշանվեր հանձնեց Շողիկ Սիմոնյանին՝ ի գնահատանք ՀՕՄ Վառնայի «Արաքս» մասնաճյուղի հայապահպան անուրանալի գործունեության։
Միջոցառման հատուկ հյուրն էր Հայաստանից ժամանած երգիչ Մավր Մկրտչյանը, ում կատարումները ջերմ մթնոլորտ ստեղծեցին և ոգևորեցին վառնահայ համայնքին։
ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղի 35-ամյակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ սփյուռքի հայկական կառույցների միջև ամուր գործընկերությունն ու համատեղ ջանքերը կարևոր դեր են խաղում հայկական ինքնության պահպանման և համայնքային կյանքի զարգացման գործում։



No comments:
Post a Comment