Սա հարցազրույց է քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ
Հրայր Մանուկյանը Նիդերլանդներում բնակվող քաղաքագետ է, Ուտրեխտի համալսարանի հետազոտող։ Նա պատասխանել է «Նիդերլանդական օրագրի» հարցերին՝ կապված վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ծագած իրավիճակի հետ։
1․ (ՀԱՐՑ) Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին խորհրդարանական ընտրությունները: Արդյո՞ք դրանք դեմոկրատական էին՝ ազատ ու արդար։
(ՊԱՏԱՍԽԱՆ)- Այո՛, ընտրությունները եղել են ազատ ու արդար։ Դրանք ազատ էին, քանի որ քաղաքացիության ու ռեզիդենտության ցենզը բավարարողներից բոլորը կարողացել են առաջադրվել որպես թեկնածու։ Դրանք արդար էին, որովհետև հիմնական ընդդիմադիր ուժերը իշխանության համեմատ մրցակցային հավասար պայմաններում էին՝ կարողանում էին իրենց ասելիքը լիարժեք հասցնել հանրությանը՝ մեդիայի, հանրահավաքների ու այլ ձևերով։ Նաև՝ կեղծիքներ չեն եղել, ի տարբերություն մինչ 2018 թ․ եղած ընտրությունների։
Ավելին, հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» և, ավելի քիչ չափով, նաև՝ «Հայաստան» դաշինքը, շարունակաբար ու մասսայական ընտրակաշառք էին բաժանում, ինչը փաստում են Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գրեթե ամենօրյա հաղորդագրությունները։ Ընտրակաշառքը ապահովում էր հիմնական ընդդիմադիր ուժերի համար մրցակցային առավելություն՝ այլ ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Բայց այդ ոչ հիմնական ընդդիմադիր ուժերը, բացառությամբ երևի 1-2-ի, նախընտրական շրջանում առանձնապես դժգոհ չէին ընտրակաշառքների պրակտիկայից։ Փոխանակ պաշտոնական հայտարարություններով ու ցույցերով պահանջեին ԿԸՀ-ից չեղյալ համարել ընտրակաշառք բաժանողների գրանցումը, ոչինչ չարեցին նախընտրական շրջանում ու միայն ընտրություններից հետո սկսեցին դժգոհել ընտրակաշառքներից։ Սա ազնիվ չէ։ Հետին թվով արդարությունից նրանց դժգոհությունները անտեղի են։
Գրեթե բոլոր ընդդիմադիրները դժգոհում են նաև «վարչական ռեսուրսի» ենթադրյալ չարաշահումից, ինչը բացարձակ հիմնազուրկ է։ Ընդամենը մի քանի դեպք է եղել, երբ ինչ-որ տնօրեն աշխատակիցներին ՔՊ հանրահավաքի է տարել, և եթե անգամ սա համարենք վարչական ռեսուրսի չարաշահում, չենք կարող անգամ վստահ լինել, որ հրահանգով հանրահավաքի գնացածները քվեարկել են ՔՊ օգտին։
Կարճ ասած՝ այս ընտրություններով լիարժեք արտահայտվեց մեծամասնության կամքը՝ ունենալու կառավարություն, որը կշարունակի խաղաղության, դեմոկրատիայի ու եվրոպական տիպի պետություն կառուցելու ուղին։
2․(ՀԱՐՑ)- Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ընտրակաշառք բաժանող ուժերի ղեկավարները պետք է բանտարկվեն և ունեզրկվեն՝ «Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի» արտահայտությամբ։ Արդյո՞ք այս մոտեցումը իրատեսական է և ինչպե՞ս կարող է իրականացվել:
(ՊԱՏԱՍԽԱՆ)- Այո՛, իրատեսական է, թեև հեշտ չէ։ Կան մի քանի ուղիներ։ Առաջին՝ ընտրակաշառքի գործով արդեն բռնվածների ցուցմունքների հիման վրա այդ ուժերի ղեկավարներից ոմանք կկալանավորվեն։ Առաջին դեմքերի դեպքում՝ Քոչարյան, Ծառուկյան և Կարապետյան, կան նաև քրեական այլ հոդվածներ։ Երկրորդ՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հիման վրա և այդ մարդկանց սեփականություններում խիստ ստուգումների միջոցով հնարավոր է նրանց ունեզրկել այնքան, որ հաջորդ ընտրություններին պարզապես փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն։ Կարծում եմ՝ այլ տարբերակներ էլ կան։ Կարևոր է, որ մոտեցումը ճիշտ է ընտրված։ Նախկինում՝ նույնիսկ 2021-ից հետո, ՔՊ-ն ավելի մեղմ մոտեցում է ունեցել․ համարել է, որ նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի ներկայացուցիչները, ի վերջո, կընդունեն դեմոկրատական ու իրավական երկրի խաղի կանոնները։ Եվ ոմանք, իսկապես, ընդունեցին այդ կանոնները, բայց խորհրդարանական ընդդիմությունն այդպես էլ չընդունեց։ Հիմա ՔՊ-ն արդեն ակնհայտորեն որոշել է, որ փողով պետությունը զավթելու հետագա փորձերը կանխելու միակ տարբերակը նման փորձ անողներին ունեզրկելն ու բանտարկելն է։
3․(ՀԱՐՑ)- Ընդդիմությունը խոսում է փողոցային գործողությունների և անկարգությունների հնարավորության մասին։ Որքանո՞վ է վտանգավոր այս սցենարը Հայաստանի համար այսօրվա պայմաններում:
(ՊԱՏԱՍԽԱՆ)- Խաղաղ ցույցերն ու երթերը պաշտպանված իրավունք են, եթե գնան դրան՝ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Վստահ եմ, որ նման ցույցեր, եթե անգամ լինեն, չեն կարող համեմատվել մինչհեղափոխական շրջանի հուժկու հանրահավաքների հետ՝ մի պարզ պատճառով՝ ընտրությունները չեն կեղծվել և ցույց են տվել, որ մեծամասնությունը սատարում է գործող իշխանություններին։ Փողոց փակելով բողոքելն էլ, քանի դեռ լիարժեք խաղաղ է, առանձնապես վնաս չի տա Հայաստանին, ինչպես որ չտվեց 2020-2023 թթ․-ին, երբ ընդդիմությունը նման բաներ էր անում։ Իսկ եթե ընդդիմադիր ցուցարարները գնան բռնության կամ անկարգությունների, կբանտարկվեն։ Ինչքան ուզում է Ռուսաստանը խրախուսի փողոցային բռնություններն ու անկարգությունները՝ Հայաստանի դեմ իր վարած հիբրիդային պայքարի շրջանակներում, եթե ընդդիմադիր գործիչները գնան բռնությունների ու անկարգությունների (կազմակերպման), ավելի վատ կլինի իրենց համար, որովհետև իրավապահ մարմինները նրանց բանտարկելու ևս մի լրացուցիչ հիմք ձեռք կբերեն։
4․ (ՀԱՐՑ)Ինչպե՞ս կարող է այս ներքին քաղաքական պայքարը ազդել Հայաստանի միջազգային դիրքերի վրա, հատկապես ԵՄ-ի և Նիդերլանդների հետ հարաբերությունների համատեքստում:
(ՊԱՏԱՍԽԱՆ)- Չեմ կարծում, թե Հայաստանի առաջիկա ներքաղաքական զարգացումները և ընդդիմադիրների սպասվող ձերբակալությունները լուրջ ազդեցություն են թողնելու ԵՄ-ի ու Նիդերլանդների հետ ՀՀ հարաբերությունների վրա։ Արևմտյան կառավարական կազմակերպությունները շատ լավ են տեսնում ու հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Իհարկե, սահմաններ կան, որ չի կարելի անցնել։ Օրինակ՝ եթե ընդդիմադիրների ձերբակալությունները լինեն ակնհայտ շինծու մեղադրանքներով, արևմտյան կառավարական կազմակերպությունները դրան կարձագանքեն։
Իսկ արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունները, ասենք՝ դեմոկրատիայի կամ ազատությունների ինդեքս հրապարակող փորձագիտական շրջանակները, բոլոր դեպքերում խոսելու են Հայաստանի ավտորիտարացման մասին։ Բայց դրանց պետք չէ լուրջ վերաբերվել։ Նախ՝ դրանք չեն ազդում կառավարական մակարդակում որոշում կայացնողների վրա, որովհետև վերջիններս բավականաչափ ինֆորմացված ու խորացած են Հայաստանի հարցում, որ ինքնուրույն դատողություններ անեն։ Բացի այդ՝ ոչ կառավարական կազմակերպությունների գնահատականները հաճախ այնքան էլ արժանահավատ չեն համարվում (ինչպես, օրինակ, V-Dem-ի դեմոկրատական ինդեքսը)։
Եզրափակիչ խոսք «Նիդերլանդական օրագրի» կողմից
Հրայր Մանուկյանի վերլուծությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Հայաստանը կարևոր պատմական պահի է կանգնած։ Ժողովրդի ընտրությամբ ձևավորված իշխանությունը պետք է ստանա հնարավորություն՝ առանց արհեստական խոչընդոտների աշխատելու կայունության, տնտեսական զարգացման և արտաքին անվտանգության ապահովման ուղղությամբ։
«Նիդերլանդական օրագիրը» կոչ է անում աջակցել երկրի միասնությանը։ Միայն միասնական և կայուն Հայաստանը կարող է հաջողությամբ առաջ շարժվել եվրոպական ինտեգրման և երկարաժամկետ խաղաղության ճանապարհով։
Ընթերցողների մեկնաբանությունների համար հարց.
Դուք ինչպե՞ս եք գնահատում ներկա հետընտրական իրավիճակը: Պե՞տք է ընդդիմությունը շարունակի դատական գործընթացներն ու փողոցային ճնշումները, թե՞ բոլոր դեպքերում պետք է ընդունի ժողովրդի մեծամասնության ընտրությունը և թույլ տա իշխանություններին աշխատել երկրի համար: Ո՞րն է ճիշտը. Ձեր կարծիքը գրեք մեկնաբանություններում։

No comments:
Post a Comment